Դիտողություններ և առաջարկներ Հանրակրթական դպրոցում գրականության ուսումնառության Հայեցակարգի մասին / Պետրոս ԴԵՄԻՐՃՅԱՆ

ՊԵՏՐՈՍ ԴԵՄԻՐՃՅԱՆՊետրոս ԴԵՄԻՐՃՅԱՆ
Գրականագետ, ՀԳՄ քարտուղար

Նախ՝ Հայեցակարգին թռուցիկ ծանոթացումից անգամ աչքի է զարնում շարադրանքում սրբագրական բացթողումների առատությունը, ինչը, մեղմ ասած, հարիր չէ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պաշտոնական էջում հրապարակված ու նաև լեզվի ու գրականության մասնագետների քննարկմանը ներկայացված Նախագծին։
Երկրորդ՝ Նախագծի հրապարակումից հետո անցած օրերին եղել են բազմաթիվ դիտողություններ, առաջարկներ՝ առանձին բացթողումների, թերությունների, դրանք լրացնելու ուղիների և միջոցների մասին (և, ինչպես հայտնի է, դրանց մի մասը նաև ընդունվել է հանձնաժողովի կողմից)։ Բայց մեր կարծիքով, որևէ Հայեցակարգի մասին խոսելիս առավել կարևոր են դիտարկումները հիմնարար ու համակարգային խնդիրների վերաբերյալ, որոնցից և բխում են առանձին հարցերն ու հարցադրումները։
Եվ ուրեմն, ո՞րն է ներկայացված Հայեցակարգի արդիականությունը, այլ խոսքով՝ ստեղծման ազդակը, պատճառը։ Հայեցակարգում այն հիմնավորվում է «Արդի աշխարհում տեխնիկայի և գիտության սրընթաց զարգացմամբ», ինչի արդյունքում «բազմաթիվ մասնագիտություններ, որոնք այսօր հարգի են, շուտով փոխարինվելու են մեքենաների և ռոբոտների աշխատանքով։ Ահա այդ է պատճառը, որ հանրակրթական դպրոցում հայոց (մայրենի) լեզվի և գրականության ուսուցումը և ուսումնառությունը ևս հիմնավոր փոփոխության կարիք ունեն»։
Որ կրթական համակարգն ընդհանրապես և հայոց լեզվի ու գրականության ուսուցումը մասնավորապես կարիք ունեն անընդհատ թարմացվելու՝ ժամանակի մարտահրավերներին համապատասխան, վիճարկելի չէ, բայց անհասկանալի է, թե այստեղ ի՛նչ որոշիչ դեր են խաղում «տեխնիկայի և գիտության սրընթաց զարգացումն» ու որոշ մասնագիտությունների հնարավոր ռոբոտացումը։ Ի դեպ, մեզնից շատերը լավ հիշում են դեռևս անցյալ դարի 60-70-ական թվականներին ծայր առած բուռն քննարկումները, այսպես կոչված, գիտատեխնիկական հեղափոխություն-գրականություն փոխհարաբերությունների շուրջ, բայց դա չբերեց, և իմաստ էլ չուներ, ազգային գրականությունների ուսուցման նոր հայեցակարգի ստեղծման անհրաժեշտություն՝ դրականորեն ազդելով միայն գրողի ստեղծագործական մտածողության զարգացման վրա։ Ուստի՝ չենք կարծում, որ այսօր ևս ազգային լեզու և գրականություն մասնագիտություններին սպառնում է ռոբոտացման վտանգը։ Թեև, անկեղծ ասած, Հայեցակարգում դրան նպաստող որոշ հանգամանքներ կան։
Այնուհետև. գրականության ուսումնասիրությունը առաջարկվում է կառուցել երեք սկզբունքների հիման վրա.
1. Ժողովրդավարական, երբ «սովորողը մասնակցում է ուսումնառության պլանավորմանը և դրա իրականացման գործընթացին»։ Այսինքն՝ ինչպես նշվում է արդեն հետագա բացվածքներում, աշակերտներն իրենք են ընտրում (երբեմն ուսուցչի հետ միասին), թե թեմատիկ առաջարկվող ցանկից ո՛ր հեղինակի ո՛ր ստեղծագործությունն են ուզում ուսումնասիրել (սովորաբար ցանկերում առաջարկվում է դասական ու ժամանակակից հայ և համաշխարհային գրականության մի քանի նմուշ)։ Այս պահին չենք անդրադառնա այդ խնդրին ավելի մանրամասն, քանզի հեղինակների և գործերի ընտրության չափանիշների մասին այստեղ դեռ կխոսվի։ Թեև պարզ չէ, թե որքանով է արդյունավետ այդ կարևոր խնդիրը աշակերտներից յուրաքանչյուրի հայեցողությանը թողնելը (դասարանում կարող են կարծիքները տարբերվել, ուրեմն ի՞նչ՝ քվեարկությո՞ւն պիտի անցկացվի…):
2. Անձնակենտրոն կամ սովորողակենտրոն, որն ուղղված է սովորողի անձնային նկարագրի, կարողությունների, հմտությունների, արժեհամակարգի ձևավորման և զարգացման նպատակին։ Մանավանդ դա ներկայացվում է որպես նորություն՝ «Ավագ դպրոցում նորությունը գրական երկերի ընտրության հնարավորությունն է ոչ թե ըստ գրականագիտական ժամանակագրության, այլ ըստ գրական սեռերի և ժանրերի, աշակերտի տարիքային առանձնահատկությունների և հետաքրքրությունների»։
Այստեղ վտանգն այն է, որ Հայեցակարգից դուրս է մնում ազգային գրականության պատմական զարգացման շղթայի, այսինքն՝ գրականության՝ որպես ժամանակի մեջ ազգային կյանքի ու ճակատագրի երևույթներն արտացոլող համակարգի զարգացման խնդիրը՝ այն փոխարինելով տարբեր դասարաններում գրականության պատմության, տեսության (սեռեր, ժանրեր և այլն), լեզվի ու ոճի առանձին՝ համակարգից պոկված տարրերի ուսուցմամբ, այսինքն՝ տարտղնելով և ցանուցիր անելով բուն նյութը, գրականության մարմինը։
3. Տարբերակված ուսուցում, որով հաշվի են առնվելու «սովորողի անհատական առանձնահատկությունները, պահանջները, կարողությունները, հետաքրքրությունները», ինչն ուղղված է սովորողի անձնային նկարագրի, կարողությունների, հմտությունների, արժեհամակարգի ձևավորման ու զարգացման» նպատակին։ Այս դեպքում ևս պետք է ընդգծել՝ պարզ չէ, թե ինչպես է դա իրականացվելու 20-30 աշակերտ ունեցող դասարանների սովորողների պարագայում։ Ինչպես ասում են, գաղափարը լավն է, բայց իրագործման ուղիները՝ մշուշոտ։
Ինչ վերաբերում է ավելի որոշակի խնդիրներին, ապա նպատակահարմար ենք համարում ուշադրություն հրավիրել հետևյալ մի քանի կետերի վրա.
1. Նախ՝ այս օրերին շատերի կողմից նշված հայ բառի բացակայության մասին։ Հանուն արդարության պետք է ասել, որ Հայեցակարգում կա նաև հայ գրականություն կապակցությունը՝ համաշխարհային գրականության կողքին, բայց միայն «Արժևորում» հասկացության բաժնում, մինչդեռ անհրաժեշտ էր ազգային ինքնության ցուցիչ հայ բառը կիրառել հենց սկզբից և բոլոր դեպքերում, երբ խոսքը հայ գրականությանն է վերաբերում։
2. 7-9-րդ դասարաններում սովորողը պետք է «ճանաչի և արժևորի ժամանակակից՝ իր կողքին ապրող գրողներին»։ Դարձյալ ճիշտ գաղափար է, սակայն ճշգրտված չեն ոչ միայն ժամանակակից, այլև դասական գրողների ու նրանց գործերի ընտրության չափանիշները։ Եվ եթե դասականների հարցում դեռ կարելի է շատ արագ կողմնորոշվել՝ նշելով պարզապես պարտադիր ուսումնառության ենթակա դեմքերին, ապա ժամանակակիցների խնդիրն անհամեմատ բարդ է, մանավանդ որ, բացի Զահրատից, արդի սփյուռքահայ գրողները ներառված չեն։ Կարծում ենք, ելքն այն է, որ առանձնացվեն հայ (արևմտահայ և արևելահայ) դասական գրականություն, արտասահմանյան (այդ թվում՝ ռուս) դասական գրականություն և հայ (ներառյալ սփյուռքահայ) արդի գրականություն և արտասահմանյան (այդ թվում՝ ռուս) արդի գրականություն դասընթացները։
3. Կարծում ենք, ճիշտ չէ, որ շատ դեպքերում գրականությունը, շարադրանքը փոխարինված են իներտ տեքստ հասկացությամբ («տեքստի հետազոտում», «գրական և ոչ գրական տեքստի ստեղծում» և այլն), ինչը աշակերտների համար լրացուցիչ դժվարություններ է ստեղծելու։
4. Առաջարկվում են անհարկի օտար եզրույթներ («Ստեղծի փոթքասթ սիրելի գրքի կամ ստեղծագործության վերաբերյալ», «պատմողի (նորատորի)»…)։ Ընդ որում, եթե պատմողի հայերեն ձևի զուգահեռը տրվում է փակագծում, ապա փոթքասթ-ի հայերենը չի նշվում։
5. Հայեցակարգում կան նաև խրթին, երբեմն անհասկանալի առաջադրանք-ձևակերպումներ (օր.՝ «Հասարակագիտություն. դիտարկել հասարակագիտական նորմերը պատմական ժամանակաշրջանի և տարածաշրջանի համատեքստում», կամ՝ սովորողը «Ինքնուրույնաբար կատարի գրականագիտական դատողություններ՝ հիմնվելով փաստերի վրա»)։
6. Երբեմն նաև անհարկի բարդացվում է ճիշտ խնդիրը (օր.՝ 9-րդ դասարանում առաջարկվում է ուսումնասիրել «Սասունցի Դավիթ» էպոսը, բայց ոչ միայն էպոսի «համահավաք բնագիրը (մանրամասն չորս ճյուղերով)», այլև «կին և տղամարդ ասացողներից» հավելյալ հատվածներով…)։
Նկատի ունենալով ասվածը՝ առաջարկում ենք.
1. Հետաձգել ներկայացված Հայեցակարգի նախա­գծի քննարկման, բնականաբար, նաև այն 2021 թ. սեպտեմբերից կիրառության մեջ դնելու ժամկետները՝ անորոշ ժամանակով, մինչև տվյալ հարցում գրական-գիտական-կրթական հանրության հետ փոխհամաձայնեցված Նախագծի ստեղծումը։
2. Ձևավորել սույն Հայեցակարգի նախագծի մշակման մասնագիտական նոր հանձնաժողով՝ գրական-գիտական, պետական ու հասարակական հաստատությունների և կազմակերպությունների ներկայացուցիչների ընդգրկմամբ՝ թեկնածուների նաև մանկավարժական զգալի փորձի առկայության պայմանով։
3. Արդյունքում ստեղծված Հայեցակարգի նոր նախագիծը դնել հանրային լայն քննարկման՝ լրամշակելու և առավել անթերի դարձնելու նպատակով, ինչը հայ սերունդների ապագա կայուն կրթության ապահովման գրավականն է։

One thought on “Դիտողություններ և առաջարկներ Հանրակրթական դպրոցում գրականության ուսումնառության Հայեցակարգի մասին / Պետրոս ԴԵՄԻՐՃՅԱՆ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.