«ՓԱԿԱԳԾԻՑ ԴՈՒՐՍ»
շարքից
Քայլերս այնտեղ եմ ուղղում,
ուր ամեն ինչ անսովոր է
ինձ համար:
Տարօրինակ է՝
այսքան ժամանակ
լողում ենք անորոշությունում
ու չենք խորտակվում:
Հայրենիք, միակ ձգտումս
կերպարդ աղավաղումից փրկելն է:
Մտքերս կախվում են
հուշերի պարանից` ծայրից ծայր,
իրականում ես ներկայում չեմ,
կամ այնքան եմ այնտեղ,
որքան քեզ համար
ընկած տղաները:
Ուրվական եմ,
թափառում եմ անձավներում,
ուր ասքեր են նիրհում
ընկածների մասին:
Հողը աղակալում է
սպասման ճանապարհին:
Մայրաքաղաքում
բարձրացող շքեղ պալատները
անբնակիչ են, ամեն իրիկուն
նրանց պատուհաններին
մոմեր եմ վառում,
որ բոցավառվի սպասման հույսը:
Խտացող գույներում
ամենաշնչահեղձը ես եմ:
Ամենաշատը ես եմ
սպասում տղաների
վերադարձին:
* * *
Մեղեդին, որ այլևս լսելի չէ,
տեղափոխվել է այլ տարածք,
այնտեղ դու երբևէ չես լինի:
Կինը, որտեղից որտեղ, հիշել է,
որ տարիներ առաջ
ինքը Մեծ Սեր է ունեցել,
ինքը պարզապես
երկրպագվել է:
Երկրպագության հուշը
հիմա չոր ու անհրապույր է՝
ինչպես գրքի դեղնած
թղթերի արանքում
մոռացված երիցուկ,
որ փոշեհամ է արտաշնչում:
Կինը կարկամել է
և չգիտի ի՞նչ ճիգով
շրջի կյանքի փոշեհոտ էջը:
* * *
Ջնջեք պարապուրդը,
որ դատարկության
հոմանիշ է:
Ես շնչում եմ
տրտմությամբ հագեցած
աշնան օդը,
զգում անմարսելիությունը
հորս ծեր մենակության,
որի տերը ես եմ:
Ես եմ տերը
տան պատերի
սառնության,
որ, հերքելով տարածքը,
ներշնչանքի
պարունակություն է դառնում
ու սեպ հիշողության:
Անզորությունը կախաղան է,
որտեղից փակ աչքերով
շոշափվում է հիմնաքարը օջախի,
մանկան ճիչի զուլալությունը՝
ձուլված առաջին կրակի
զվարթությանն ու
արժեքին հավատարմության:
* * *
Գեղեցկությունը ներսում է՝
առանց փայլի:
Նա աշնան մեջ է:
Մրգաթափի հետ իջնում է
հողը բեղմնավորելու:
Ես լսում եմ շրշյունը
երկուսի գրկախառնման,
ու հորինված են թվում
բոլոր տխրությունները:
Վաղն արթնանալու եմ՝
տրամադրություններից
ինձ անկախ հայտարարած:
Նոր իմաստ է ստանալու
հարափոփոխությունը,
գոյի պայմանն այլ է լինելու:
…Բացեմ թևերս, միանամ
կռունկների երամին.
հերիք է արյուն պղտորեմ
մակարդված բառերով:
* * *
Առավոտը հույս է:
Արթնանում ե՜մ,
ու ամեն ինչ
նեղ է գալի՛ս վրաս:
Փողոց եմ ելնում
ու նախանձում եմ
կանաչի վաճառող կնոջը:
Ես նույնիսկ
չեմ կարող նրա նման
հաստատ կանգնել
մի գնի վրա,
թեև կյանքում
որևէ բան
վաճառած չկամ:
Եթե կարգին
վաճառական լինեի,
թանկ գներով
կվաճառեի
ինձ ներսից
տակն ու վրա անող
բոլոր բառերս:
Բառե աշտարակ եմ:
Հոգին կորցրել է
սլացքի թափը:
Միտքը՝ ետ ու առաջի մեջ,
չի գտնում տեղը:
Ժամանակի հոսքի մեջ
ծանոթ դեմք չկա:
Որտե՞ղ մնացին
ժամանակակիցներս:
Անթափանց իրերի ներսում
սմքել է հիշելու կարողությունը:
Այս ասֆալտը ցմրուր մարսել է
ոտներիս հիշողությունը,
նրանք այլևս ինձ
որևէ տեղ չեն տանում:
Գետեզրի մեծ քարը,
որի վրա մայրս իր լվացած
բուրդն էր ջրաքամում,
հարյուր տարի սպասում է
իմ լվացած բրդին:
Ժամանակը խարխլել է դիմագիծս.
ես գետում բուրդ լվանալ չգիտեմ:
Արյունս իր մեջ պահում է
արմատիս հուշաբջիջը,
այն մի օր արթնանալու է
ծոռնեծոռնուհուս մեջ:
…Ամեն ինչ կտայի
մորեմերկ
մանկությանս գետակում
մի անգամ էլ
ճողփալու համար:
Ամեն ի՜նչ:
Եվ այս բառե
աշտարակը.
դժվարացել է շնչել
նրա անթթվածին ներսում:
* * *
Սպիտակ թղթին հառած
հայացքիս մեջ
շարժվող և իրար հակասող
աստղիկներ են:
Չեմ կարող անշարժացնել
ու հաստատել
յուրաքանչյուրի կերպը:
Այս աշխարհը
մարսեց ինքնատիպը
ու վերածվեց
անհրապույր զանգվածի:
Աղջիկը կտրեց ու
աղբարկղ նետեց
իր կյանքի մի հատվածը:
Այն մի ժամանակ
մեծ սեր էր կոչվում:
Ապակիները հալվեցին
շոգ արևից,
և ես հայտնվեցի
միջանցիկ քամու մեջ:
Այսօրը նման չէ երեկին:
Ես փութաջանորեն
դիմագիծս դաջում եմ
ժայռաբեկորին
ու հայտարարում,
թե անտիրակալ
ժամանակներ են սկսվելու:
Մարդը կորցնելու է
գյուտեր անելու
հնարամտությունը:
Պարզից էլ պարզ
այս մոլորակը՝
իր առանցքից դուրս,
գլորվելու է մարդու հորինած
անդունդը:
Բոլոր հոռետեսությունների
հեղինակը ես չեմ,
և ընդհանրապես
այս բառերի
հեղինակը ևս ես չեմ:
Մեկ-մեկ հայտնվում եմ
չեզոք մի պահվածքում,
որից ծանրահոտ է փչում:
Վրա հասած միջանցիկ
քամին անգամ
չի կարող
ինձ դուրս քաշել
այդ վիճակից: