Բեկբեկված ու բոկոտն տողերն անշահ սիրո
ու նվիրումի` հանուն դեռ չիմացած ինչին… գալիս են` թելադրեն, թե ինչն է կարևոր և ինչն է մեզ հասու՝ մեր նորահաս պնչին:
Մեր նորահաս պնչին, ուսման կարոտ շնչին, բերում են խորհելու մի անհատակ հմայք, որ չիմանաս` ինչպես հասնես
կյանքի ճոճքին ու լաս՝ խնդալու տեղ կամ թե խնդաս՝ լալու:
Մենք, որ սովոր ամեն կանոնակարգ բանի, քանի որ բանն է սկիզբ և նոր միայն հետոն, հիմա պիտի շտապենք ամենը մոռանալ, տրվել պատահածին ու ըմբոխշնել
հենց ա՛յն, ինչ որ հյութեղ է շատ… մեր չիմացած մրգից, վարքից-բարքից ու սովահար, դողդող, խոնարհ մեր շլինքով:
Կսովորե՞նք արդյոք, և միրգը միրգ է, թե բանջար ենք մենք ուտում, կամ կմարսե՞նք արդյոք այն, ինչ կերանք հապշտապ սովից, ոգու սովից՝ հպարտ ու գազազած:
Տարակենտրոն մտքին՝ այս քաոսից սերված, կուզե՞նք արդյոք մերվել ու ինչի՞ շուրջ կամ թե ո՞ւմ, աշխարհը՝ մեծ աման, շերեփը մեր՝ տխուր, հատակն է փորփրում՝ դատարկը հատակի:
Ես սիրեցի՛ քեզ, քո՛ւյր, դու ինձ չսիրեցիր,
Ես տրվեցի, սակայն չգիտեցա, թե ո՛ւմ.
Ես կանչեցի.- հասե՛ք, կաղապարներ խաչի, խաչը փախավ միջից, վազո՛ւմ է փողոցով:
Բոկոտն բեկբեկված տողեր անշահ սիրո` հանուն չիմացածի, մենք սիրեցինք ահա ու կմարսենք հետո, բայց շատ հետո միայն ու դեռ երկա՛ր, երկա՛ր:
***
Դուք որտեղի՞ց եկաք, և ո՞ւր եք դուք գնում,
Անթվակիր սերեր, սերեր՝ ճեղքող եթեր,
Դուք լռեցիք այնտեղ, երբ ծերն էր մանկանում,
Եվ խոսեցիք միայն հայացքի մեջ թեթև:
Երբ զառամյալ իմ մոր մաշված գույնին աչքի,
Անթվակիր սերեր, ձեր ողբը խև տեսա,
Նոր հասկացա միայն իմաստը «հրաշքի»,
Բայց, ավաղ, ո՛ւշ էր շատ, ցավին միայն հասա:
Անթվակիր սերեր՝ սիրո, ատելության,
Մոռացումի՛ նվաստ և անտարբե՛ր սերեր,
Անթվակիր շարքով եկաք այցելության,
Եվ փնտրեցի՛ք իմ մոր աչքերի մեջ եթեր:
Ես չեմ հպարտանում պարտվող իմ կեցույթից,
Ես չեմ կարևորում իմ խոսքն առաջնային,
Բայց ես սոսկում եմ լոկ հիշողության նյութից,
Անթվակիր սերեր՝ սոսկ թվացյալ՝ նաիվ:
Ի՛նձ պահապան ոգի, ես քեզ խնդրում եմ լոկ,
Մոռացումի տո՛ւր խեղճ իմ խեղճությունը այս,
Մորս մահվան մահճի այցելուին անհոգ,
Անթվակիր կեցած մահվանը՝ հոտնկայս:
***
Տխրությանս հետ, խինդիս թվացյալ,
Սոսկական օրվա վեր ու վարի շուրջ,
Մեկի անմոռաց մորմոքներն անցյալ,
Խաչաձևվում են մտքերիս անլուրջ:
Այս թելադրանքը` որպես չեղարկված,
Չարչրկված մի իղձ, նո՛րից ու նո՛րից,
Բութ համառությամբ կրկնվում հանկարծ,
Կախվո՛ւմ է մտքիս սրբացած թելից:
Ես բարձրացնում եմ կորը դեպի վե՛ր,
Իրենք դոփում են տեղում վերուվար
ու սպառված մտոք, մահու պես ավեր,
Մի՛ բառ աղերսո՛ւմ ապրելու համար:
Բայց ես չեմ կարող փոխարեն մեկի
Ե՛վ լալ, և՛ խնդալ կաղ մտքերի մեջ,
Ես հոգի՝ նետված նոր ու նորոգին,
Ձեր անցյալ բախտի մորմոքի մեջ խեղճ:
Ու որքան սիրտս ձեր բախտից ցավի
Տիրոջս դռան եզերքին մաքուր,
Մենակ եմ, մենակ` իմ մոռացումի,
Ձեզ՝ հրաժեշտիս աղոթքի մեջ կույր:
***
Եվ այս ճամփեքին՝ խեղճ ու անպտուղ,
Երազանքի մեջ այս վերացական,
դառնում է միտքս կրկին դեպի սուղ
մարդեղեն լույսին, որ կյանքում դեռ կա:
Ինչքան էլ սիրտս ու խոհս խոնարհ
խռոված լինեն աշխարհից տխուր,
ես փնտրում եմ քե՛զ, մարդեղեն աշխարհ,
միայն թե ձայնի՛ր, դառնամ դեպի ո՞ւր:
Միայնությունից հնչում է նվաղ
Չորս պատերիս մեջ պարփակված հոգիս,
վաղուց ետ ընկած երամից, ավաղ,
դողդոջուն ձայնով կանչում,- ամոքի՜ր:
Բայց գուցե հեռվում մի վերացական,
բաբախուն սրտի տըրոփյունի մեջ
մեկը ինձ նման կանչում է,- ես կա՜մ ,-
Ե՛ս կա՜մ ու կգա՜մ, հոգեկից իմ խեղճ:
***
Լաց եղա նորից ոչնչի համար,
ոչնչի համար, որ էլի՛ չեղավ,
Որ սրտիս վրա ծանրություն չկա՛ր,
ու թեթև սրտով չասացի մեղա՛,
որ էլ ոչ մեկից կարոտս չառա,
ու չխոսեցի իմ լուռ հայացքով,
որ չհպվեցին մատերս սառած,
ոչ մեկի ուսին՝ լռին հիացքով:
Լաց եղա նորից իմ դատարկության
և ուրիշների թյուր հիացմունքից,
Որ ճչաց հոգիս խորքերում անձայն,
միայնության մեջ ցամաք արցունքից:
Լաց եղա նորից ոչնչի համար…
***
Անդորրի մեջ այս տխուր, այս գլխիկոր անդորրի,
Կա մի անուշ տրտմություն, որ քո անունը ունի,
Երգ չի դառնա այն երբե՛ք, խոսք չի՛ առնի հնչելու,
պատճառ չունի և առիթ ո՛չ խնդալու, ո՛չ լալու:
Անդորրի մեջ այս տխուր, այս գլխիկո՛ր անդորրի,
Կա մի անուշ տրտմություն, որ քո անունը ունի։
Հեռուներից ինձ անհայտ, հորիզոնից էլ անդին
այլափոխվող պատկերով այն ինձ կանչո՛ւմ է կրկին:
Ես՝ արբեցած իր տեսքով, ամեն անգամ նորովի
Հավերժ սպասման հմայքով, այս տրտմությանը գերի,
Կանչում եմ հա՛ր, մոտեցի՛ր ու նա փախչում է հեռու,
ու հմայում է հոգիս.- Արի՛ ինձ մոտ մեռնելու…
Անդորրի մեջ այս տխուր, այս գլխիկոր անդորրի,
Կա մի անուշ տրտմություն, որ քո անունը ունի…
***
Ափսոսանքով անմիտ ու ցանկությամբ թաքուն,
Ես կորցրի հանկարծ վերադարձի ուղին,
Հետահայաց տեսա իմ գիշերներն անքուն,
Եվ քո հայացքը նուրբ իմ սրբացած տողին:
Արդարացո՞ւմ էր լոկ, թե՞ բուն գլխիս անհամ
Աչքն էր չռել վրաս ու մտքերիս թառել,
Ես տրվեցի նրա բութ հայացքին չարկամ,
Եվ թաղեցի սիրո տողերս անվավեր,
Երբ հասկացա, որ մարդ առանց սիրո ոչինչ,
Մահվան մի զոհ է լոկ, Տերը թող ոչ անի:
Ես հիշեցի անդարձ քո հայացքները ջինջ,
Եվ սուտ մերժումս, որ արդարացում չունի:
Ափսոսանքով անմիտ հետահայաց տեսա
Ժպիտս երջանիկ մեղքամաքուր խորքիս,
Հասնում էր քո սրտին, ինչպես որ ես հասա,
Անլուրջ խոստումներից բեռնաթափված կյանքին: