ԾԱՆՐԱՑՈՂ ԱՐՅՈՒՆ
Մեղա՜, մեղա՜ Արարատին…
Շ. Շահնուր
Ասում եմ՝ մենք ենք ծնվել և
մենք պիտի ապրենք կյանքն այս ապօրինի,
Եվ մենք պիտի երգենք՝
մեր երգը մեր վզին օղապարան արած,
Եվ հերն էլ անիծած, թե օղապարանն այդ
մի օր իր երգը ինքը կհորինի՝
Մեր դուրս ընկած լեզվի և
մեր աչքերի մեջ արդեն սառած։
Այս երկիրը զավակ էր ունենալու,
բայց ոչ պարտադիր երգիչ.
Ախր մենք երգում էինք,
իսկ մեզ մերկացնում էին կամաց-կամաց,
Եվ բռնաբարված մեր խեղճությունը
էլ որտե՞ղ ունենար երկիր,
Էլ ինչպե՞ս իր երգը երգեր-աչքերը
նույն պատին գամված։
Ասում եմ՝ մեր արյունը մեր բեռն է,
որի տակ քայլում ենք կքած,
Եվ որը դոփում է մեր մեջ
իբրև թանձրամարմին ամբոխ,
Թեպետ մենք կուզեինք,
որ այն լիներ թեկուզ հեշտաբարո մի քած
Եվ ամեն առավոտ արթնանալ
կարենար կայտառ ու ամբողջ։
Որի համար թքած,
թե ում տրվեց դեռ նախանցյալ գիշեր
Եվ ում պիտի վաղը վատնի
իր անհատնում կրքի թաղիքի մեջ.
Չէ՞ որ կարելի է մեկ-մեկ էլ հանուն
հիշողության թեկուզ և չհիշել,
Եվ չաջուձախել, թե ճիշտը հենց այդ է՝
անընդհատ ու անվերջ։
Ասում եմ՝ ծանր է արյունն այս և
ծանրանում է անվերջ էլի,
Մեկ-մեկ թվում է՝ ոչ թե մեր մեջ է,
այլ մենք ենք միայն շուրջբոլորը նրա,
Ով է ում տանում, դժվար է ասել,
այս անապատում անվերջանալի,
Այս ճանապարհի
միանգամից։
Ասում եմ. «Ետ-ետ նայելով էր երթը մեր,
և մենք ամենքս էինք Ղովտի կին,
Բայց ամենքս գիտեինք և չկամեցանք
այդ երթի վերջում դառնալ աղե սյուն,
Պարզապես մեր միջից ջոկեցինք ետ ու առաջ
վազող խելագարված մեկին,
Որն իր ծանր-ծանր արյան համար
ցայսօր փրկության հրաշք է դեռ աղերսում»։
Ասում եմ. «Մենք ենք ծնվել
և մենք պիտի ապրենք կյանքն այս ապօրինի,
Եվ մենք պիտի երգենք՝ այս ծանր արյունը
մեր վզին օղապարան արած,
Եվ գրողի ծոցը, թե օղապարանն այդ՝
մի օր իր երգը ինքը կհորինի՝
Մեր անարյուն ցավի և
մեր աչքերի մեջ դեռ չսառած»։
Անհայտի և տարածության վախով, երկի՛ր,
անհայտի և տարածության,
իմ մեջ բորբոսնում է ամպրոպը
ընկնավոր ճամփաների,
և դեպի քեզ է վազում
մտահանված մի շող՝
վասն արքայության և վասն ցավի:
Տե՛ս, գալիս է, գալիս է, գալիս է մեկը՝
ինքն իր նման
և նման
չփշրվող կավի:
Եվ ես ասում եմ՝ աղջիկ,
Որ ճոճք ունենա փողոցը թեթևակի,
և ես կին եմ ասում,
որ երեխաներ ծնվեն փաթիլներից,
և ես ասում եմ՝ պառավ,
որ կրկնվի ճոճքը
փողոցի և կնոջ միջև:
Տագնապի և հավերժության միջով, երկի՛ր,
տագնապի և հավերժության,
նորից ելնում-բարձրանում է փղձուկը
ապառաժ քարերի,
և դատարկ քարանձավներ են թվում
իմ աչքերը՝
դրված իմ դեմ,
և իմ ձեռքերը
ուսերս շոյում են
թիկունքից՝
վասն ակնկալի և վասն հուշի:
Տե՛ս, կանգնել է, կանգնել է, կանգնել է մեկը
և չի կարող գալ,
և չի ուզում մնալ
կանգնած:
Եվ ես ասում եմ՝ տերև,
Որպեսզի ձև ունենա անկումը այսօր,
և ես ծառ եմ ասում,
որ գալարներով հաշվես կենսագրությունը
ճանապարհի,
և ես ասում եմ՝ քամի,
որպեսզի հաստատ լինի կապը
տերևի և ծառի միջև:
Հատնումի և հայտնության տենդով, երկի՛ր,
Հատնումի և հայտնության,
Իմ մեջ խլանում է մառախուղը առասպելի,
և նորից լավուվատի ես բաժանում օրերը,
և ոչ ոք չի հարցնում,
թե ինչու է սարդոստայնը ճերմակ,
երբ կապույտ է արյունը սարդի,
և նորից լավուվատի են բաժանվում օրերը՝
վասն տարածության և վասն դողի:
Տե՛ս, ընկնում է, ընկնում է, ընկնում է մեկը,
և հեռու է անկումը մինչև հող,
քանի որ ոտքերը չեն բաժանվում հողից,
և աչքերը չեն բաժանվում երկնքից…
Եվ ես ասում եմ՝…
Տե՛ս, ծնվում է, ծնվում է, ծնվում է մեկը:
***
Ամեն օր,
Ամեն օր,
Ամեն օր,
մենք ծնվում ենք ուրիշ,
մենք դառնում ենք ուրիշ,
մենք փորձում ենք դառնալ ուրիշ…
Ամեն օր,
ամեն օր,
ամեն օր,
մենք կորցնում ենք
մեր դիմակները և որոնում ենք նոր
դիմակներ,
և աղջամուղջի մեջ
քամին մեզ գտնում է
անձայն արտասվելիս։
***
Անհետացող լեգենդների լույսի հետ
Վաղնջական հեքիաթների հետքերով
Մեկը պիտի այսօր քայլի դեպի քեզ,
Մեկը պիտի մենակ ապրի քո կողքին։
Եվ վերստին պիտի օրը մնա օր,
Եվ տագնապը պատառոտի մաշկը իր,
Հեռվում պիտի հանգչի ցավը մենավոր,
որ գոնե դու դեռ հավատաս հրաշքին։
Որ գոնե դու դեռ շշնջաս, թե կա սեր,
Թե կա հեքիաթ, ոչինչ, որ շատ է հեռու,
Անգամ մութի քմայքները ցանկասեր
Մի օր կա՛մ քեզ, կա՛մ քո ցավն են տանելու։
Տանելու են պահեն մտքում իրիկվա,
Պահեն թաքուն, ինչպես կորած մեղեդի,
Որի ղողանջ-արտասուքը անվհատ
Դեռ շատ հետո պիտի ցնդի այս երթից։
Բայց մինչև այդ դեռ հարկավոր է քայլել.
Դու ծնվել ես, որ դո՛ւ սիրես, ոչ թե քեզ.
Այսպես մի օր պիտի այս երգն էլ այրես,
Որ չիմանա, ինչ էր խաղում մութը թեժ։
Անհետացող լեգենդների լույսի հետ
Եվ ոտաբաց հեքիաթների տենդի մեջ
Հենց այս երգն է միշտ քայլելու դեպի քեզ,
Որպես սկիզբ, որպես ընթացք, որպես վերջ։
ԱԼԼԵԵ՜… ՀՈՊ
Նորից բարձրանում,
նորից իջնում է լեգենդը Նոյի,
Ցուրտ-ցուրտ ճոճվում է
տապանը դեմքին լուսաբացի,
Եթե մի բան կա դեռ այս օրերում իմ նախահորից,
Ինչ է կոչվելու ծեր աճպարարի ժպիտից բացի:
Ալլեե՜… հոպ.
Փակի՛ր աչքերդ, բացի՛ր ափերդ, հիշի՛ր երազը,
Երեկն անցյալ է, այսօրը՝ կիսատ,
իսկ վաղը՝ հեռու,
Մի քիչ ափսոս է, մի քիչ հեքիաթ է, եղածը այս է.
Դու շփոթվում ես, նա ձանձրանում է,
երրորդը՝ ներում:
Օրերն իզուր են, էլի իզուր են իրար վազանցում,
Ցավը ցնդում է, հուշը հոգնում է, գինին է ապրում,
Մութը սենյակ է, երգը խռպոտ է, օդը՝ տարփածու,
Դու քրքջում ես, նա հեռանում է,
երրորդը՝ հարբում:
Ոչ ոք չի ասի, թե դա նման է ցավին Հիսուսի,
Ոչ ոք չի ասի, թե այդ ամենը եղել է և կա,
Մեկին դու ես պարտք,
իսկ մեկ ուրիշը պարտք է իր հույսին,
Մի քիչ անցյալ է, մի քիչ երազ է, մի քիչ էլ՝ ներկա:
Ալլեե՜… հոպ.
Կողպի՛ր բառերը, բացիր աչքերդ, նայի՛ր աղջկան.
Եվ դեռ մերկ է նա, և դեռ նման է տաք ելևէջի,
Ուրիշ հնչյուններ այս երգ
աշխարհում չեն լինի, չկան,
Վերջին երգն է սա,
վերջին աղոթքն է ու դարձը վերջին:
Նորից բարձրանում,
նորից իջնում է լեգենդը Նոյի,
Ցուրտ-ցուրտ ճոճվում է
տապանը դեմքին այս լուսաբացի,
Եթե տաք հուշ կա
դեռ այս օրերում իմ նախահորից,
Ի՞նչ է կոչվելու ծեր աճպարարի վախճանից բացի:
Ալլեե՜… հոպ.
Ալլեե՜…
***
Երգ մեր,
որ երկինս ես և երկիր,
և եղիցի անուն քո
ամենուր,
ամենուր
գունավորիր մեր օրերի մերկությունը
անեզրության առասպելով,
ուրցահոտի սարսուռ սփռիր մեր ուսերին
և թռչունի թևաբախում,
մեր խռովքներին եղիր ձայներգու,
մեր երազներին պահապան մնա
և մնա հպարտ։
Տուր մեզ կատաղությունը շեկ արևի,
կապույտ որձաքարի
կարծր երակներում։
Տուր մեզ, մի՛ վախեցիր,
տուր մեզ
տագնապը մեր մատների,
երբ մոտիկ է Լեռը,
կորուստից էլ մոտիկ։
Երգ մեր,
մեր աչքերում խունացած է մնացել
լուսանկարը
մեզանից էլ ջահել մեր պապերի.
մեր հայրերի դեմքին անթաքույց թախիծ կա
մեզ նայելիս.
մեր որդիները դեռ զարմացած են նայում
աշխարհին և մեզ,
դեռ զարմացած են նայում
և…
ԻՆՁԱՆԻՑ ՀԵՏՈ
Կլինի՝
քաղաք, որի շնչառությունը չի լինի ընդհատ,
Պատուհան, որը վարագույրի կարոտ կունենա,
Հեռախոս, որ կզանգի միշտ ուղիղ կեսգիշերին,
Եվ մի տղա կվազի-կվազի դեպի բացվող օրը,
Եվ ոչ ոք չի հասցնի լուսանկարել նրան։
Կլինի՝
անեկդոտ՝ արդեն հազար անգամ ծամծմված-մաշված,
Ծիծաղ՝ ծխախոտից դեղնած ատամների միջից,
Սրճարան՝ ամենքով լեցուն և դատարկ ամենքի մեջ,
Եվ մի տղամարդ կքայլի հոգնած կեսօրվա մեջ,
Եվ լուսանկարն այդ՝ անփույթ ու գեղեցիկ կլինի։
Կլինի՝
Հիշողություն՝ տարեմուտի ամենա-ամենավերջին պահի,
Տոնածառ՝ հիշողության փայլուն խաղալիքներով պսպղացող,
Ձեռք՝ այդ խաղալիքները
մեկ-մեկ սեփական քունքի վրա… փշրող,
Եվ մի ծերունի կմոռանա սենյակում վառել լույսը,
Եվ դեղնած լուսանկարների մի մաշված
ալբոմ կմնա սեղանի վրա…
ՏԱՂ
Ե՛վ ամենքից հեռու,
և՛ մարդկանցից հեռու,
հեռու նույնիսկ քեզնից,
նույնիսկ ինձնից հեռու,
զրկված վերջին հույսի
մակույկներից ցնծուն,
անառագաստ-անափ,
պիտի տոնվեր այսօր
պարտությունից հետո
մի հաղթանակ անդեմ`
լոկ ինձ համար գնված:
Պիտի լիներ այսօր
Մի հարսանյաց հանդես,
և քողի տակ ճերմակ
պիտի կանգներ անխոս
իմ միայնության ուրվականը դալուկ,
իբրև հավերժ արքա,
իբրև գերի հավերժ,
շղթաներով կնքված
իմ ստվերն անգամ,
պիտի կանգներ հպարտ,
իբրև անսուտ պատնեշ
պատրանքների դիմաց…
…Պիտի լիներ, լիներ,
թե չլիներ հանկարծ
բաժանումից առաջ
մի հանդիպում վերջին,
և հիշեցներ կրկին,
որ ամեն մի Սկիզբ
պարզապես անտես շարունակումն է
ինչ-որ Վերջի: