ԶԳՈՒՇԱՑԵՔ ՀԵՂԵՂԻՑ ԿԱՄ ՓԵԹԱԿԻ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ / Հրաչ ԲԵԳԼԱՐՅԱՆ

Մեր հերոսական երգերը լռել են, մեր «Ես»-ի ու «մենք»-ի գնահատականը աշխարհի ու մեր աչքում, կարծես, հավասարվել է զրոյի… Ինչքա՞ն պիտի պայքարենք, ինչքա՞ն պիտի ճապկտենք այս հուսահատության ու տառապանքի գբից ելնելու համար: Մանավանդ, որ երկրագունդը «փոքրացել» ու ապրելու համար անհարմար է դարձել ոչ միայն մեզ, այլև աշխարհի գրեթե բոլոր ազգերի համար: Նայեք, թե ինչ է կատարվում աշխարհում: Կռիվ, կոտորած, արյուն, մարդկային անփարատ վիշտ ու ողբերգություն… Եվ այս համապատկերի վրա մենք՝ մեր չսպիացող վերքերով, մեր դառն ու դժվար պարտությամբ ու անհեռատես կարճամտությամբ: Սակայն, իմ կարծիքով, այսօր հողի, հայրենիքի, երկրի կորստից պակաս կարևոր չէ մեր հոգևոր հայրենիքի կամ գոնե դրա մեծ մասի կորստի հարցը:
Մեծ խելք և շատ սուր դիտողունակություն պետք չէ հասկանալու համար, որ մեր թշնամին իր չունեցած նյութական արժեքներն ամրագրում է ամեն օր ու ամեն պահ, ուրիշից թռցրածն իրենն է համարում և դա անում է պետական մակարդակով: Իսկ մեզ մոտ, կարծես, բոլորովին հակառակ քաղաքականություն է վարվում: Փորձ է արվում ամեն ինչ ամփոփել մեր փոքրիկ երկրի տարածքի մեջ: Բայց որքան մեծ աճպարար էլ որ լինես, չես կարողանա մեր անհատնելի մշակույթը, մեր պատմական անհաշվելի ժառանգությունը երեսուն հազար քառակուսի կիլոմետրի մեջ ամփոփել: Դժվար է, չի հաջողվում, և առաջանում է մի նոր հակասություն, որ մեր բազում հակասությունների թիվը ոչ թե ավելացնում է, այլ՝ բազմապատկում: Իսկ ինքնարժեզրկման այս քաղաքականությունը վտանգավոր է, եթե չասենք՝ կործանարար:
Աշխարհում պայքար է գնում հայոց ինքնության դեմ: Մեծ մասամբ գաղտնի կամ փայլուն, շողշողուն թղթով փաթեթավորված ու քողարկված պայքար: Պայքար մեր իսկ ձեռքով, պայքար ներսից: Իսկ մենք գիտությամբ թե անգիտությամբ տուրք ենք տալիս դրան, ու սկսվում է առաջին հայացքից նույնիսկ անմիտ թվացող, բայց իրականում իր մեջ բազում ականներ պարունակող մի բանավեճ՝ «Հայո՞ց պամտություն», թե՞ «Հայաստանի պատմություն», «Հայկական լեռնաշխա՞րհ», թե՞ «Հայաստանի Հանրապետություն»…
Այսօր իրական սպառնալիք կա մեր ազգային ինքնության դեմ: Իսկ մեր ինքնության հիմքերը որո՞նք են. Հայոց լեզուն, Հայոց պատմությունը, Հայ Առաքելական եկեղեցին, Հայոց դպրոցը: Թուլացրու, քանդիր դրանցից թեկուզև մեկը, և հայոց ինքնությունը կերերա, կփլվի: Դա շատ լավ գիտեն մեր դեմ պայքարող ուժերը: Այդ ուժերը ոչ միայն մեր բացահայտ թշնամիներն են, այլև իրենց բարեկամ համարողներից շատերը:
Ի՞նչ են անում նրանք՝ համոզելով, խաբխբելով փորձում են մեզ մոռանալ տալ մեր պատմությունը կամ այն շարադրել մի քիչ այլ կերպ: Մեր հերոսական անցյալը այսօր մի քիչ ծուռ հայելու մեջ են ներկայացնում, վաղը այդ հայելին ավելի կծռեն, և մի քանի տասնյակ կամ գուցե ավելի քիչ ժամանակ անց մենք կհամակերպվենք մեր թերի ու կիսատ կենսագրությանը, կսովորենք, կհավատանք, որ մենք այնքան էլ հին ազգ չենք, և հինը, խելացին, պատմություն ունեցողը, այս հողի տերը ոչ թե մենք ենք, այլ՝ մեր հարևան թշնամիները…
Հավատացեք, գույները չեմ խտացնում: Ասացի, որ մեր ազգային ինքնության պատնեշը թուլացնում են ամեն օր՝ այսօր մի փոքրիկ քար են հանում մեր ձեռքով, վաղը մի ուրիշ փոքրիկ քար կհանեն, հետո երրորդը, իսկ հետո արդեն մեր թուլացած պատնեշից իրենք կհանեն ավելի մեծ մի քար, և պատնեշը կխորտակվի… Այդ դեպքում միշտ սելավ է լինում, որի ջրերը սրբում-տանում են ոչ միայն ախտ ու աղարտ, այլև ցորենի արտեր ու խաղողի այգիներ…
Որքան էլ անհավատալի թվա, այս համահարթվող աշխարհում, երբ բոլոր հայտնի ու անհայտ նշանները հուշում են, թե ամեն բան արվում է Նեռի գալուստը նախապատրաստելու համար, մենք դրա դեմ պայքարող պատվարն ենք կամ, գուցե, պատվարի կարևոր մի քարը և առանց դիմադրության՝ հանձնվելու իրավունք չունենք: Այդ պայքարում մեզ օգնական ու պահապան կարող է լինել Աստված ու մեր ազգային գաղափարախոսությունը: Այո, թեկուզև ինչ-որ չափով սրբագրված, խմբագրված, մեր ժամանակներին հարմարեցված ազգային գաղափարախոսությունը, որն անխաթար է պահում մեր ազգային սյուները և առողջ է պահում մեր արմատները:
Կան ուժեր, որոնք լավ գիտեն, որ դրախտը Հայկական լեռնաշխարհում է եղել, և Աստծո օրենքների ավանդապահը հայ ազգն է: Ես չեմ չափազանցնում սա: Է՜, ե՞րբ էր դեռևս, որ Միջագետքում բնակվողները Հայկական լեռնաշխարհը անվանում էին «Սուրբ նախնյաց երկիր», իսկ նրա բնակիչներին աստվածային ծագում էին վերագրում: Պատահական չէ, որ Բելը պատերազմում էր Հայկի դեմ, որը աշտարակաշինությունից առաջ վերադարձել էր Հայոց երկիր և չէր մոռացել իր աստվածատուր լեզուն… Ես չեմ ուզում ավելի խորանալ պատմության մեջ, ավելի քրքրել պատմության ծալքերը: Մանավանդ, որ հիմա այդ ամենը շատերիս աչքին պատմության խորքերում եղած հեքիաթ է թվում և ոչ իրողություն: Սակայն նույնիսկ անզեն աչքով էլ նկատելի է, որ պատահական չէ այսքան մեծ ճնշումն այս փոքր, այս արտաքուստ բարակ մեջք ունեցող ազգի վրա: Այո՛, դարերի ընթացքում թշնամիները կրծել են մեր երկիրը, թողել մի փոքրիկ կղզյակ, բայց կատաղում են, որ այդքան ոչնչացնելուց հետո էլ մեր մշակութային ժառանգությունից այդքան շատ բան է մնացել, և կարծես դա քիչ է, դրա վրա օրեցօր նորն է ավելանում…
Որքան էլ որ անհավատալի թվա, Հայոց աշխարհը դրախտն է, թեկուզև Աստծո ձեռքով փակված դրախտը… Եվ ընդունենք թե չէ, Նոյն այստեղ է իջել տապանից: Նոյը մեր կամքից անկախ իջել է Արարատի վրա ու առաջինը մեր հողի վրա է ոտք դրել: Ցանկանանք թե չէ՝ մենք նրա հետնորդներն ենք և ուզենք թե չէ՝ մենք Աստծո ընտրյալ ժողովուրդ ենք: Ընդունենք թե չընդունենք՝ Աստծո Որդին իջել է մեր երկրում, ու նրա էջքի անունով այդ վայրը Էջմիածին է անվանվել: Չե՞ք մտածել՝ ինչի՞ց է, որ Մաշտոցյան գրերով կարելի է գրել ցանկացած բառ ցանկացած լեզվով՝ շատ քիչ բացառությունները չհաշված: (Չեմ ցանկանում էջեր զբաղեցնել ու խոսել նախամաշտոցյան գրային համակարգերի մասին): Ինչի՞ց է, որ հայը կարողանում է հեշտորեն հարմարվել ու ապրել ցանկացած երկրում, աշխարհի գրեթե բոլոր ազգերի հետ: Չե՞ք մտածել՝ ի՞նչն է պատճառը, որ մենք այդքան շատ հակառակորդներ ունենք, էլ չասենք՝ թշնամիներ: Ի՞նչ ենք մենք՝ մի երեք միլիոն բնակչություն, մի քարքարոտ երկրում: Մենք պատմական առաքելություն ունենք և ուզում ենք թե չէ՝ այդ բեռը պիտի կրենք, ուզում ենք թե չէ՝ մենք պիտի կատարենք պատմական մեր դերը, ինչպես որ դարերի մեջ ենք կատարել՝ հաճախ մեր կամքից անկախ ու մեր կամքին հակառակ…
Մեզ հակառակվող ուժերը մեզ մոռանալ են տալիս մեր էությունը, մեր առաքելությունը, բայց իրենք շատ լավ հիշում են դա: Գիտեն, որ մենք պատմական և աստվածային առաքելություն ունենք, և ուզում են մեզ շեղել դրանից, ուզում են մեզ մոռանալ տալ մեր ինքնությունը: Սա կարող է միամիտ մարդու հեքիաթ թվալ, կարող է պարզունակ սնապարծություն երևալ, բայց ճշմարտությունը միշտ էլ պարզ է լինում և առաջին հայացքից՝ անհավատալի: Ոմանց համար՝ նույնիսկ ծիծաղելի:
Մեր լեզվով մեզ համոզում են, թե մենք դարերի հոլովույթում այնքան էլ ճիշտ չենք գնահատել մեր արժեքները, գերագնահատել ենք դրանք, թե մեր պատմությունը ճիշտ չենք շարադրել, թե մենք պիտի հարմարվենք մեր խղճուկ վիճակին, ու փափուկ ձեռքով ստիպում են հրաժարվել մեր ունեցածից, մոռանալ մեր պատմական ժառանգությունը: Իսկ մենք… Ախր ոտքներս փոխում ենք ու ոտքներիս տակ անընդհատ զգում ենք հողի տրոփյունը, մեր պատմության շունչն ենք զգում, որ մեզ հետապնդել է, երբ շեղվել ենք, ու բերել, մտցրել է մեր հունի մեջ: Ոտքներս դրել ենք գետնին, տրորել, ասենք, հինգ հարյուր կամ հինգ հազար տարեկան մի քար ու բանի տեղ չենք դրել. «Քա՜ր է, էլի»: Մեծ գիտնական Պարիս Հերունին ուսումնասիրեց Քարահունջը, ապացուցեց, որ այն Սթոունհենջից հին աստղադիտարան է, բայց գտնվեցին մարդիկ, որոնք սկսեցին հակառակն ապացուցել. իբր դրանք սովորական քարեր են, իբր պատմական այս ու այն տվյալներն այս ու այն են ասում…
Զարմանալի չէ. մեզանում միշտ գտնվում են մարդիկ, որոնք պապից ավելի կաթոլիկ են երևակայում իրենց: Իբր իրենք ճշմարտության պորտն են, իբր գիտական բարեխղճությունը պահանջում է… Այնինչ՝ մեծ խելք պետք չէ հայի թողած ժառանգությունը տեսնելու համար, ասենք, Մեծամորում, Լճաշենում, Պորտաբլուրում, Թոպրակ Կալեում, Վանում, Էրեբունիում ու… Մի խոսքով, ոտքդ դիր Հայկական լեռնաշխարհի ցանկացած կտորի վրա, ոտքի ծայրով փորփրիր ու կգտնես հայի հետքը, սակայն… Մենք ջուր ենք լցնում մեր երևացող, իսկ ավելի հաճախ՝ չերևացող թշնամիների ջրաղացին: Չգիտես ինչու, մերոնք էլ կրկնում են ուրիշների ասածը՝ իբր Ուրարտուն այնքան էլ հայկական չէ: Հայկական է, բայց…
Չեմ կասկածում այդ գիտնականների հայրենասիրությանն ու հայասիրությանը, բայց ուզում եմ հարց տալ. ախր մեր ունեցածն ուրիշ ո՞վ է պահպանելու: Մեր հարևանները, եթե մի փոքրիկ աթարի կտոր գտնեն, որ իրենց վայրագ նախնիներից մնացած լինի, աշխարհն ի բաց ձայները գլուխները կգցեն: Մերոնք, չգիտես ինչու, ավելի հեռուն չեն նայում, երկար չեն մտածում: Ախր մեր ոխերիմ հարևանը մեր ունեցածը վերցնում, սեփականում է ու աշխարհով մեկ գոռում՝ իմն է: Ինքն ու իր նախնիները միայն աթարի դեզ շարել գիտեն, այն էլ՝ ծուռ ու թեք, բայց ասում է՝ իմ նախնիներն են կառուցել: Նայում է մեր կառուցածի հայերեն արձանագրություններին, չի հասկանում և կատաղած հրամայում է ջնջել: Իսկ մենք, չգիտես ինչու, կույրի տեղ ենք դնում մեզ ու անտեսում ենք այն փաստը, որ մեր թշնամիները քանդել են Նարեկա վանքը, տեղում մի ծուռ մզկիթ կառուցել, իսկ Մեծ Գրիգոր Նարեկացու գերեզմանի վրա գոմ են կառուցել: Ես չեմ տեսել, տեսնողներն են ասել, ու ես հավատում եմ, որովհետև լավ գիտեմ թուրքի ձեռագիրը: Թշնամին առայժմ չի մտածում, թե «Նարե՛կն» ինչպես սեփականի: Ախր «Նարեկի» հեղինակն ամեն օր հայ (և ոչ միայն հայ) հավատացյալ մարդկանց շուրթերով կանչում է երկինքն ի վեր:
Մի մոռացեք, կա մի ձեռք, որ շատ ավելի ուժեղ է, քան երկրավոր ձեռքերը, շատ ավելի չար է, քան մեր երկրավոր թշնամիները, որ ղեկավարում է այս ամենը, ցանկանում է վերացնել, ոչնչացնել այս փոքրիկ հողի կտորը, որի բնաակիչների նախնյաց լեզուն աստվածների լեզուն է, որոնց աղոթքները դարեր ու հազարամյակներ երկինքը պահպանում են փլվելուց: Սա փոքր ազգի զավակի ազգային սնապարծություն մի համարեք: Հավատանք թե չէ՝ այդպես է: Ուզենք թե չէ՝ իրողություն է: Եվ հավատանք թե չէ՝ այդ չար ուժի դեմ պայքարում են մեր աղոթքները, մեր նախնյաց լեզվով գրված աղերսներն առ Բարձրյալը: Ես չէ, որ ասում եմ, ասում են այլազգիները, որոնք ծանոթ են մեր աղոթքների և հատկապես՝ «Նարեկի» զորությանը: Ասում են՝ մի բան է, երբ այն ու մյուս աղերսները կարդում ես, ասենք, ռուսերեն, անգլերեն, իտալերեն… Եվ այլ բան, երբ նրանով աղոթում ես հայերեն, էլ չեմ ասում՝ գրաբար…
Եկեք չմոռանանք, մեծ թիվ ունեցող ազգերի պատմությունն ու մշակույթը մագնիսի հատկություն ունեն՝ ձգում են փոքրերին, իրենցով անում: Վա՜յ է, եթե փոքրերը ինքնապաշտպանական սրված բնազդ չունեցան: Մեր օրին կընկնեն: Դարեր շարունակ մեզ ուծացրել են, ցույց տալով՝ իբր մենք ու իրենք նման ենք իրար: Նույն աստծուն ենք պաշտում իբր, նույն արժեքներն ենք դավանում, ուրեմն… Եվ տվել ենք բյուզանդացուն, հույնին, ռուսին, ամերիկացուն, եվրոպացուն… Նույնն ենք, ուրեմն՝ պարտավոր ենք ձուլվել: Եվ մենք թուլացել ենք, չափից ավելի շատ վստահել նրանց, իսկ երբ վճռական պահ է եղել մեզ համար, իրենց բարեկամ համարողները մեզ մենակ են թողել մեր արյունարբու թշնամու դեմ: Հիմա նույնը չե՞ն անում: Մեկ-մեկ մտածում եմ՝ Աստված գուցե մեր ազգին ստեղծել է նրա համար, որ կամաց-կամաց ներծծվի աշխարհի մարմնի մեջ: Իսկ մեր գլխին եկած փորձանքները մեզ ամեն օր խրատում են, թե պետք չէ այդքան դյուրահավատ լինել, գոռում են անբառ, թե խելացի ազգերի համար իրենց ամեն մի պարտությունը դաս է, մեծ դաս, որ մտածող ազգերի համար պատմությունը ուսուցիչ պիտի լինի և ոչ թե այս կամ այն կառավարողի սնապարծությունն ի ցույց դնելու միջոց: Այստեղ են ասել՝ ասում են, բայց լսողն ո՞վ է…
Ես որքան ուսումնասիրում եմ, այնքան զարմանում եմ մեղուների իմաստնության վրա: Հա՛, մեղուն շատ քիչ է ապրում, բերքի ժամանակ մի ամիս կամ մի քիչ ավելի: Տարվա մեջ մի քանի անգամ փոխվում են փեթակի բնակիչները, բայց այնպես չի լինում, որ մեղուները դադարեն մեղու լինել, այնպես չի լինում, որ մեղուն մեղրի փոխարեն թույն ստեղծի կամ դառնա թեկուզ ուրիշ փեթակի անդամ: Ի՞նչն է պատճառը: Փեթակի հիշողությունը: Այո: Աշխատելու, սերնդագործելու, մեղր և ոչ թե թույն ստեղծելու հիշողությունը… Մեղու լինելու հիշողությունը:
Մեր հայրենիքն, անշուշտ, ունի նման հիշողություն, բայց հիմա ներքին ու արտաքին հանգամանքների բերումով այդ հիշողությոունը թուլացել է, թուլացել է հայրենիքի ձգողական ուժը, և մարդիկ գերադասում են ուրիշների հայրենիքում ապրել: Ինչո՞ւ: Որովհետև տարիներ ու տասնամյակներ շարունակ մեր հայրենիքում պտղատու ծառը ոտնահարվել է, և մարդը մտածել է՝ ավելի լավ է անբար բարդի լինել, քան պտղատու ծառ: Պտղատու եղար, կքաղեն բերքդ, ճյուղերդ կջարդեն, ջարդված ոստերդ գետնին կգցեն, կտրորեն: Իսկ եթե անբար մեկը լինես, կխլես ուրիշի բաժին ջուրը, արևը, սարերից եկող զովը… Ցավալի է, բայց հիմա էլ է այդպես: Քանզի շատ պարզ է ամեն ինչ. ուզում ես փեթակը վերացնե՞լ, վերացրու փեթակի հիշողությունը: Հիմա մեզ հետ ուզում են այդպես վարվել: Հիշողություն չունես, չունես գրեթե ոչինչ, պատմական հիշողություն չունես, ազգ ու հայրենիք էլ չունես:
Ես ուրիշ դեղատոմս չգիտեմ, ազգային գաղափարախոսությունից բացի: Դա էլ նոր դեղատոմս չէ: Մեր հները վաղուց են հասկացել, որ աշխարհի ամենակեր երախին դիմադրելու ամենաճիշտ ձևը սեփական ինքնությանը հենվելն է, սեփական հողում սեփական արմատները զորեղացնելը: Մենք շատ խելոք գլուխներ ունենք, որոնք, անշուշտ, կարող են դարերով փորձված ազգային գաղափարները համապատասխանեցնել ժամանակի պահանջին: «Գլոբալիզացիա» կոչվածի թիկունքին կանգնած են շատ հզոր ուժեր, որոնց ակունքը համաշխարհային չարն է: Բայց պետք չէ մոռանալ նաև, որ կա Բարին, Ամենամեծը, անսահման հեռու թվացող Ամենամոտը, որը միշտ սատար է կանգնում մեզ: Մենակ թե հասկանանք, միայն թե ըմբռնենք: Իսկ մենք, ալեհավաքը կորցրած արբանյակի նման, մեր ուղեծրից դուրս ենք ընկնում ու դեգերում ենք մեզնից մեծ ու հզոր որևէ այլ երկնային մարմին գտնելու հույսով: Եվ չենք հասկանում, որ այս աշխարհում ամեն մեկն իր շահն ունի, և մեզ համար որևէ մեկի աչքերը չեն «ուռել»:
Անկասկած, այս ամենի հովանավորը պետությունը պիտի լինի, բայց չգիտեմ՝ պետական այրերը չե՞ն տեսնում, թե՞ տեսնում, բայց չեն կարևորում այն փաստը, որ մենք ամեն օր եղեռն ենք ապրում, լինի սև թե սպիտակ: Վերջինս, թերևս, ավելի սարսափելի է ու առավել վտանգավոր:
Թշնամին հիշում է, աշխարհը հիշում է՝ մենք ով ենք, իսկ մենք ուզում ենք մոռանալ: Մենք ուզում ենք չհիշել և ասես չենք հասկանում, որ եթե նույնիսկ մոռանանք էլ, մեզ հիշեցնելու են անընդհատ, ու եթե չդիմադրենք, հարվածելու են ավելի ուժեղ: Հարվածելու են էլի, հարվածելու են անընդհատ…
Այո՛, անշուշտ, պետական մտածողություն, այո՛, անշուշտ Հայաստանի Հանրապետություն անունը կրող պետության կարևորության գիտակցում և իրականությունը չկորցնելու անհրաժեշտություն, բայց նաև պատմական հիշողություն, որը մեզ համար նման է փեթակի հիշողության:
Ուրեմն՝ մեր ելակետը պիտի լինի այժմյան Հայաստանի Հանրապետությունը, բայց չպիտի մոռանանք, որ մեծ հաշվով Հայկական լեռնաշխարհն է եղել ու կա մեր արմատները սնողը: Մենք քաղաքական առումով գուցե թե ստիպված ենք հիմա ելակետ ունենալ շագրենի կաշու նման փոքրացած Հայաստանի Հանրապետությունը, բայց չպիտի մոռանանաք մեր պատմական և աստվածային առաքելության մասին:

***
Մեր հերոսական երգերը լռել են, մեր ինքնագնահատականը համարյա զրոյի է հավասարվել, սակայն ես հավատում եմ, որ շուտով, շատ շուտով պիտի վերելք սկսվի, պիտի վերականգնվի ամեն բան, և դեռ ավելին պիտի լինի, քանի որ դեռևս չի ամլացել հայոց արգանդը, և դեռ ծնվելու են նրանք, որոնք քայլելու են իրենց երկրում, քայլելու են գլուխները բարձր, ոչ ոքի ոչինչ պարտք չեն լինելու, բայց ապրելու են աշխարհին համաքայլ, նախնիներից իրենց ավանդված օրենքներով:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։