Մարիական
Նուռը լացում է ճեղքն ի վար…
Արյունը հոսում՝ վերքն ի վար…
Մարդը ցնդում է խելքն ի վար…
Աշխարհը սորում` մեղքն ի վար…
ՃԱԿԱՏԱԳԻՐ
Իմ արյան մեջ է
անցյալն իմ ապրում,
Ես արյան գնով
պահում եմ ներկան…
Ներկան է ապրած
օրերն իմ չափում,
Մարդահամարն էլ՝
փաստում, որ դեռ կամ…
Արդար եմ ապրել կյանքն ինձ պատկան.
Եվ չեմ խարդախել ոչ մի ակնթարթ,
Եղեռնազարկ եմ մինչև իսկ եղել
Եվ ցավն իմ հոգում համրորեն կրել.
Սրբություններն այլոց չեմ լլկել,
Ոչ մեկին տնից, հույսից չեմ զրկել.
Թե երկրիս ներսում բազուկ եմ պրկել-
Իմ հայրենիքն եմ միմիայն փրկել…
Ինձ ավերեցին, ինձ ավարեցին,
Ինձ հավատափոխ արին, գերեցին,
Ինձ խողխողեցին, ինձ քրքրեցին,
Մարմնիս վրա խաչե՜ր հանեցին,
Ողջ-ողջ այրեցի՜ն, բռնաբարեցի՜ն,
Անապատներում անթաղ փռեցին,
Աշխարհասփյո՜ւռ արեցին անգամ…
Հետո ետ դարձան իմ հազարամյա պատմության վրա,
Քարե՜ պատմության,
Նաև՝ խաչքարե՜ պատմության վրա
Մի նոր ու վայրագ ջա՜րդ սկսեցին…
Խաչքարերի՜ ջարդ…
Որքան էլ ջարդեք խաչերն իմ քարե,
Եկեղեցիներս, վանքերս ավերեք-
Ես չե՜մ հատնելու, չե՜մ սպառվելու,
Զի՝ որքան հողի վրա եմ կանգնած,
Նույնքան էլ նրա տա՛կ եմ անթեղված…
Որտեղ էլ փորեք – ի՜նձ եք գտնելու,
Ձեր հերսից դուք եք մի օր սատկելու…
Ինձ շա՜տ մաղեցիք, բայց չմանրացա՜
Ինձ շա՜տ դաղեցիք, բայց չչարացա,
Ինձ խաչ հանեցիք – ոգեղենացա՜.
Գլխովս այնքա՜ն բաներ անցկացան…
Հիմա արարքն այդ խորշում եք հիշել,
Քանզի ինձ պարտել չկարողացաք…
Եվ այստե՛ղ եմ ես – կանգուն ու հպարտ.
Որքան էլ լինեք խոժոռ ու դժկամ.
Ո՞ւր են ասորիք, որ այսօր չկա՜ն,
Բաբելոնացիք, որ փոշիացան…
Իսկ ԵՍ այստե՛ղ եմ – կանգուն ու հպարտ,
Եվ մի բան էլ դեռ՝ գալիքն է ինձ պարտ,
Ե՛ս եմ մարդկության պատմության վկան,
Ինձնից տարիքով էլ ոչ ոք չկա:
Ես Ժամանակն եմ – սլացքս՝ անվախճան,
Ես Հա՛յն եմ զորեղ… Ես՝ Հավերժական…
ՀԱՐԲԵԼ ԵՄ ԱՆՇՈՒՇՏ, ՈՐ ԱՅՍՔԱՆ ՎԱՏ ԵՄ…
Չեմ նայել՝ խմել գիտեմ-չգիտեմ –
Բաքոսյան հեղուկը քաշել եմ գլխիս,
Գուցեև վա՞ղը կյանքս ավարտեմ –
Բաքոսյան հեղուկը քաշել եմ գլխիս…
Թվաց՝ քամու պես ես էլ ազատ եմ,
Բայց լոկ դառնության սահմանն եմ հատել,
Սահման, որից դեն վերստին պատ էր,
Գուցե քի՞չ էր ինձ… Էդ է՞լ ինձ շատ էր…
Իմ կյանքն՝ անսովոր ու մի քիչ բարդ էր.
Ինքս ինձ շատ էի… Ինքս ինձ պարտք եմ…
Ես ամբողջ կյանքում հույզ եմ ենթարկել
Եվ ոչ մի հնար, թե կփարատվեմ:
Այս կյանքի Դառը ինձ ներսն է առել,
Ապրել եմ՝ ասես բնավ չեմ ապրել,
Լացս խինդով եմ հաճախ պարտակել,
Երբեմն էլ՝ խոսքի տեղ խորունկ եմ լալկել…
Չսովորեցի՜ ես մարդուն ատել,
Հավերժ էր սերս ու անհատակ էր,
Անհատակ ասածն էլ՝ հավերժ կարոտն էր –
Որքան ինձ հիշում՝ աչքս շաղոտ էր…
Հիմա քամու պես թեև ազատ եմ,
Բաքոսյան հեղուկն էլ քաշել եմ գլխիս,
Բայց վատ եմ, վատ եմ և էնքա՜ն վատ եմ –
Մեկը ջան ասի՝ դարդս կպատմեմ…