Ժամանակակից հայ գրողն ու հայ գրականությունը 21-րդ դարի մարտահրավերների առջև. ՎԱՐԱՆԴ

ԱՐԾՒԱԿՌԻՆՉ…
Սարդարապատից մինչ
Ստեփանակերտ,
Միայն տարածք չէ՛
աշխարհագրական.
Բաշ-Աբարանից մինչ Շուշին ազատ,
Պատմութիւն չէ լոկ՝ երկու թւական.
Հա՛յ Ղարաբաղից՝ Ղարաքիլիսա,
Մռո՛ւնչ է, շառաչ,
Վրէժ եւ ոգի՛,
Արդար պահանջն ու կանչն է
այն ազգի,
Որի միլիոնւա՜ծ նահատակները՝
Ելա՜ծ – ծառացա՜ծ,
Նաւ-ու-Նոյ դարձած,
Յարութի՛ւն առած,
Աստւածաշնչեան
Ազդու շո՜ւնչ առած,
Հաւատամարտո՛վ վերջնականապէ՜ս
ելել են ոտքի,
Ելել պայքարի՛,
Ելել գուպարի՜…:
Հէ՛յ , վիշապասպան Վահագնի ոգի,
Յաւերժ սուրող նետ՝ դիւցազո՜ւն
Հայկի,
Աւարայրի, հէ՛յ, պատերազմ ահեղ՝
Կզակ-կզակի, նիզակ-նիզակի,
Հէ՜յ , Արտաշէսի
Սահման ճշտող զէնք,
Եւ Տիգրան Մեծի բանա՛կ անեզե՜րք,
Ո՜վ Սուրբ Մեսրոպի ԱՅԲ-ը գծած
ձե՛ռք,
Աշոտ Երկաթից մինչեւ՜ Դաւիթ Բեկ-.
Զօրութի՜ւն տւէ՛ք
Գրչին այս եղէ՜գ,
Որ կարողանայ մեր նոր քաջերի,
աննահանջների
խիզախութիւնը դարձնել
էպոս-ե՜րգ:
Ո՜վ , Նարեկացու երկնայի՛ն տարերք,
Մրրկածո՜ւփ երգ,
Դո՛ւ հաւատացրու՝ ազգն այս երբեք
Չի՛ բոնազավթել՝ արտը օտարի, թէկուզ
լեփ-լեցուն՝ ջաղացն օտարի,
Նրան չի՛ գերել հարսը օտարի,
Յաճախ ճորտացել, տարւել է գերի,
Սակայն հարեմում՝ աչքը պաղ պահել,
Երբ մերկացել է… ջերմ հա՜րճն
օտարի…

Եւ ի պատասխան՝ վսեմ կերպարի,
հզօր հանճարի,
Որով ամենուր կերտել է քանդակ,
Կամուրջ է կապել ու բարձրացրել
վանք,
Քարը տաշել է, քաշել թել-բամպակ,
Ճահճից քամել է կարմիրը որդան,
Որով այլ շահեր ներկել են իրենց
Ալ թիկնոցը լայն,
Կամ թագուհիներ ծաղկել են
պատկեր,
Տառ, Աւետարա՜ն…
Ժայթքեցրե՛լ ժայռից ծառը ծիրանի
Ու ստւերի տակ գրել է
մատեան՝
ողբերգութեան,
Հայոց պատմութեա՜ն:
…Վէ՜ս Նարեկացի՝ քո աստղածաւա՜լ
ահեղերգութեա՛մբ,
Յարդագող քերող շքեղ քերթութեամբ.
Ասա՝ շիրիմդ չոլ է հիմա լոկ,
Որտեղ մայում է գա՛ռ
սրտամորմո՜ք,
Կորած գառնուկը Հովիւ Յիսուսի,
Որ կերպարանքով ձիւնեղ Մասիսի,
Փնտրում է գառան,
Չի՛ գտնում սակայն,
Զի յանդիման է նոր Պիղատոսի,-
Շղթայ են խփել ոտքին եւ
շուտով՝
Խաչը պիտ գցեն նկո՜ւն իր ուսին…
…Թիկունքին նրա՝ Մասիս-Յիսուսի,
Միլիոն ուրւական, մէ՛կ՝
Ուսը-ուսին,
Կանգնել կանչում են,
Ո՛չ, աղաչո՜ւմ են,
Ո՛չ, խիստ ճչո՛ւմ են,
Կոչում են Արդար Արեգնալոյսին,
Որ ճամբայ բանայ
Դէպ Արդարութեան ատեանը վերին,
Կապտաերկնային,
Որտեղ դատում են՝
Թէ՛ արդարներին,
Թէ ՛ վիշապ-չարին,
Որ արժանանան դրախտավայրին,
Չարին նստեցնեն իր սե՛ւ աթոռին,
Եւ համաձայն ողջ Սրբին Գրքերի՝ Շամփրեն ու դնեն ալ-այրո՛ղ
հրին՜…:
…Չէ՛, ի՜նչ եմ ասում,
Նահատակները արդէ՛ն իսկ հիւր են՝
Երկնակամարի սրբահոտ
գահին,
Այդ մե՛նք ենք կարօտ՝
Արմէնաքարո՜տ, ամենաքարո՜տ
դրախտավայրին,
Որտեղ թողել ենք՝ գիւղ, արօտ,
սարեր,
Ահից քար կտրած՝ քարեղէն գառեր,
Համբերութիւնից յոգնած, անհովիւ
Գառեղէն սարե՜ր -.
Ցրւած լճերի կապոյտ պռունկին,
Ցցւած խճերի բոսոր բարձունքին,
Անզօր խղճերի բարբարոս վէրքի՛ն,
Լքւած բերդերի վէմ ու երդիկին,
Լլկւած սարսափից, սխմւա՛ծ
երկնքի՜ն…

Ու էլ չե՜ն սպասում գարնան կռունկին,
Որ իջնի բոյնն իր՝
Վանքի տանիքին … :

…Թողեցինք՝ քաղաք, ոստան, շէն,
ապատ,
Կէսս վայր ընկաւ,
Իսկ միւս կէսս՝ մղւեց անապա՜տ ,
Որ աշխարհի չորս խորթ
անկիւններում՝
Կեա՜նք քաշի կիսա՛տ…

***
Եւ ի՛նչ կը լինէր, օ՛, Սարդարապա՜տ,
Թէ վերջին, վերջին մկանը լարած,
Ազգն իմ չկանգնէր՝
Թաթա՛ռ, գարշերե՛ս,
Վիշապի առա՜ջ…

………………………………………………….
………………………………………………..

…Ստեփանակերտից մինչ
Սարդարապատ
Լոկ պատմութիւն չէ՝ երկու թւական,
Ազատ Շուշիից մինչ Բաշ-Աբարան,
Միայն տարածք չէ՜
աշխարհագրական,
Ղարաքիլիսա մինչ Հա՛յ Ղարաբաղ՝
Մռո՛ւնչ է , շառա՛չ,
Վրէ՛ժ եւ Ոգի՛,-
Արդար պահանջն ու կանչն է այն
ազգի,
Որ աննահա՛նջ է
Եւ նրա որդիք դեռ պիտ խիզախե՜ն,
Լինի երբ պահա՛նջ,
Եւ «ծռւեն» պիտի, ինչպէս նախնիքը՝
ոսոխաց առաջ,
Եւ ճզմե’ն պիտի
Ճիւաղին լկտի,
Եւ իբր Զօրավար՝ դէմը Յազկերտի,
Դեռ բոռան պիտի.
– Յառա՛ջ … դէպ յառա՜ջ …

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։