Լևոն ՍԱՀԱԿՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆ
Ես դեռ հույս ունեմ, որ Տերը կգա,
Փոփոխություններ կանի հիմնավոր,
Ոսոխից վատն է թշնամիդ ներսի,
Ավելի անխիղճ ու վտանգավոր.
Շուրջս ողբալի քաոս է, երկի՛ր,
Ուժի և նյութի անօգուտ վատնում,
Ես քո երգիչն ու զինվորն եմ ես քո
Ու ոչինչ չունեմ քեզանից թաքուն.
Ո՜նց կուզենայի Քեզ իմ գիրկն առնել,
Տանել այլաշխարհ մի դրախտային,
Արդարությունը ուր կառավարեր,
Եվ թուրք, դավաճան տեղ չունենային…
Չէ՛, Տերը կգա, համբերի՛ր, երկի՛ր,
Փոփոխություններ կանի հիմնավոր,
Ոսոխից վատն է թշնամիդ ներսի,
Ավելի անխիղճ ու վտանգավոր:

LIBERTA
Ազատությունը նժույգ է անսանձ,
Ու դեմը դաշտ է, ռունգերում՝ քամի,
Հեռաստանները կանչում են նրան,
Եվ հրդեհում է էգը կրքալի.
Չիկարելիներ ամենուր կյանքում,
Ուղեփակոցներ ճամփեքի վրա,
Ազատությունը խեղդել են ուզում,
Տենչում են ջնջել հետքերը նրա.
Այն շղթա հատող երգ է ինքնաբուխ,-
Ծնված կրակոտ հոգուց գնչուի,
Հով է ծաղկաբույր, բազեի ճախրանք,
Ազատությունը թիկնապահ չունի…

***
Հեքիաթային է անտառը գունեղ,
Ամպերի շարքը՝ կռունկների չու,
Լավատեսության դասեր է տալիս
Եվ հուսադրում մի ուրախ գնչու.
Բառերը գրչիս չեն իջնում այսօր,
Նման են նրանք չգնվող կանանց,
Չեմ իմանում, թե ոնց գայթակղեմ,
Չգիտեմ՝ ինչպես գրավեմ նրանց.
Բաժանման ցավը ծանր է, սիրելի՛ս,
Մղձավանջները հետևում են ինձ…
Իսկ նա ասում է՝ լավատես եղիր
Եվ լռին գնա բախտի ետևից:

***
Ինչե՜ր են եղել ծննդից առաջ,
Ինչե՜ր կլինեն մահվանից հետո՝
Քո չգոյության ժամանակներում՝
Ծննդից առաջ,
Մահվանից հետո…
Մնում,
Մնում է ապրված մի կյանք
Այս երկնի ներքո:
***
Ես չկայի, ոչինչ չկար…
Ու ոչինչ էլ թող չլիներ.
Է՛հ, ոչինչ էլ թող չլիներ,
Թե ողջն այսպես պիտի լիներ:
***
Գոնե մի օր, գոնե մի օր
Չլիներ մահ ու սգավոր.
Չլիներ ահ, զենք ու արյուն
Ու մեղավոր…

***
Հրաշք հոգի է ու չքնաղ մարմին,
Ճարակող կրակ և հմայիչ բոց…
Նա՛ է երջանիկ, այն այրը միայն,
Ով հանդիպել է իսկական կնոջ.
Ո՞ւր է այն ոքը, որ պիտ կարենա
Սրտի քո ողբը փոխարկել երգի,
Կյանքն իրակա՞ն է, թե՞ երազ մի սին,
Եվ սուտը որքա՞ն պիտի հեղեղի.
Բանականությունն այլ բան է հուշում,
Պտուղ են տալիս սերմերն անառողջ…
Նա՛ է երջանիկ, օ՛, միմիայն նա՛,
Ով հանդիպել է իսկական կնոջ:
***
Շքեղատարած խելքահան աշո՛ւն,
Ո՜նց ես հարազատ իմ էությանը,
Քաղցր հաճույքից ես նվաղում եմ
Եվ արժևորում քո մի վայրկյանը.
Ջահել ժամանակ այլկերպ էր լինում,
Ես քամի էի, դու՝ սովորական.
Հիմա տարիքը ասում է՝ նայի՛ր,
Աշունն ինչքան է կին ու դյութական.
Գիտեմ, քիչ այն կողմ ձմեռն է պահված,
Երկյուղալի չեն մրրիկ ու սառույց,
Աշո՛ւն- խելքահան, քո սիրահարն եմ
Ու չեմ հագենում քեզ ըմբոշխնելուց:

***
Եղեգան սրինգ ու շնորհ լիներ,
Երկինք հանեի սրտիս մեղեդին,
Ու ձայնակցեին ծառերը աշնան՝
Կանաչակարմիր և կարմրադեղին.
Հոգիդ ո՞նց, ինչպե՞ս լինի անտարբեր,
Եվ սիրտդ ինչպե՞ս ապրի անզգա,
Երբ որ այս չքնաղ աշուն-աշխարհում
Ոգեշնչում է ամեն բան, ահա.
Հերի՛ք ունկ դնես դու Մորփեոսին,
Գործունյա եղիր և գունավարար,
Քշտիր թևերդ ու վրձինդ առ
Այս հրաշք պահը փրկելու համար…

***
Հյուր եմ անտառին, պառկել եմ մեջքով
Գորգի պես փափուկ խաշամի վրա.
Տե՛ր, չէի ուզի նեղացած գնալ,
Խռով հեռանալ չէի կամենա.
Աշնան ծառերը թախծոտ են ինձ պես,
Սալորը՝ հասուն, մասուրն՝ անտեսված,
Հնարավոր չէ՞, սատանի կամոք,
Անապատ դառնա անտառը հանկարծ.
Ամեն լավի մոտ վախ է ու տագնապ,
Գտածի կողքին՝ կորստյան վտանգ.
Սա ի՞նչ աննորմալ կեցության ձև է
Եվ նեռահնար ի՜նչ հիմար կատակ…
Վերափոխիր, Տե՛ր, կյանքն ու նմանիս,
Ես քեզ կխնդրեմ և մահամնա.
Չէ՛, չէի ուզի նեղացած գնալ,
Խռով հեռանալ չէի կամենա:

***
Դարեր ու գործեր չեն փոխում մարդուն,
Ինչպիսին եղել, նույնպիսին էլ կա.
Եվ ասես զուր են, զուր են հույսերը,
Որ նա երբևէ խելքի պիտի գա:

***
Էլի համբերում, լռում է հողը,
Եվ ազնիվ մարդն է լուծը քաշողը.
Ի՜նչ ծանրածանր ողբերգություն է,
Երբ հանցագործն է օրենք պահողը:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։