ԼՅՈՒՄԻՆԵՍՑԵՆՑԻԱ
Արևահարվողների բազմությունը
Հավերժական ծովափերին, և
լուսնահարվողների բազմությունը
պատրանքի հրվանդաններում…
Ով` ինչ է ստանում
աստեղային խորքերից
փչող հոգևոր սյուքից…-
Սարսուռն ինձ դարձնում է
մի լուսակիր որդ
դրախտի պարտեզներում –
բանաստեղծության ժամն է…
Եվ հույս ունենանք, որ
Լույսի տեղատվության հետ
հետ կքաշվենք խորքերը
անհուն Պայծառության…
ԳՈՒՇԱԿՈՒԹՅՈՒՆ ԾԻԾԵՌՆԱԿՆԵՐՈՎ
Հնում փորոտիք են
շուռ տվել մատների մեջ,
հետո եկան ցրված
հայացքով աստղաբաններ…
Սուրճի բաժակներն է՛լ,
անլվա, հանգիստ չունեն –
կանայք սիրել են միշտ
խառնել պղտոր բաներ…
Իմը` ծիծառներն են
հիմա բակում թևող –
աղմկոտ, խառնիխուռն
քաոս հարատևող…
Հարյուր հատ կլինեն:
Այսքանը հասկացա`
զույգերով են թևում
ու չեն կորցնում իրար…
Զույգերով են նաև…,
Քաոսի մեջ դաժան…, –
անբաժան մահ ու կյանք,
մահ ու կյանք անբաժան…
ԱՐԱՐԱՏԻՆ
Միշտ այդպես
դեմքով` դեպի մեզ,
հետույքով` դեպի թուրքը –
(վախենամ` քեզ դատեն
«թրքությունը
վիրավորելու համար»
իրենց այն հոդվածով…):
Դու Աստծո քանդակն ես,
որի հետ դարերով
մրցում են մեր քարգործ
վարպետներն, ամենալավ
գմբեթները կերտելով…
Աշխարհում բարձր լեռ`
ինչքա՜ն ասես, բայց
նոյյան տապանի
սիրտը քեզ կպավ, հա՜..
ԱՇՆԱՆ ԱՐԵՎ
Աշնան արև՜, որ հազիվ ես
ջերմացնում` ինչպես
Ավիսագան` Դավիթ
թագավորին… Շողում ես
թույլ – ոսկե, հանց շեփորը
Գաբրիել հրեշտակապետի,
որի կանչը ծերուկները
չլսելու են տալիս…
Մի հավքի պես, դանդաղ,
անտառների դեղին
խունկը հոտոտելով,
մոտենում ես… թառին
մայրամուտի: – Ասա,
ի՞նչ կա Կողմում Մյուս
(տեսանելի է քեզ
այդտեղից` Սահմանին):
ԹՌԻՉՔ
Ասփոդելը, Վերջին
հանգրվանի
ծաղիկը հայտնի…
Բայց Սկզբի
ծաղիկը ոչ մի
անուն չունի…
Ու այդ անանուն
ծաղկից է, որ
աշխարհ է իջնում
մեղուն հոգվո
և հավաքում է
ծաղկեփոշին
կյանքի – միախառն
խնդուք ու վիշտ…
Եվ կա մի տեղ, ուր –
Վերջից անդին –
դադար է առնում
մեղու հոգին,
ուր որ լուծվում են
խնդուք ու լաց,-
ու աստվածային
աչաց դիմաց
հունցվում է հրաշք
մի Մեղրահաց…
Հանց դանթեական
դրախտի Վարդ`
տեսիլքի մեջ մի
հոգեպարար,
բուրում է ապա
այն հարատև,
Անմեռի մեղրով
իր կենսատու…
ՀԱՐՑ
Մեր ծանրության կենտրոնը
կորցրած դարերի խորքում,
խցանի պես
օրորվում ենք
հիմա
պատմության փրփուրներին… –
Եվ Նոր Բյուզանդիան, որ արդ
հրթիռներով է խաչակնքում,
ոտքերը` Ղրիմից մինչև
Բոսֆորի ափերը մեկնած,
իղձ ունի՞, տեսնես,
մեզ նորից սուզել
խայծի պես – օսմանախռիկ
իր սիրած ձուկը որսալու…
***
Ինչ ձև ստացավ` մեռած է արդեն
(թանգարանները և սրահներն են
խեղդվում ձևերի առատության մեջ) –
ու ճանաչելու ընթա՛ցքը միայն
ջանքի արդյունքում արժի ինչ-որ բան:
Զի այս վազորդից` Օրփեոսից միշտ
ետ է մնում, տես, իր իսկ մեղեդին…
Եվ փառք Աստծո, որ կեսգիշերային
ջրհորն իր խորքում ծվարած աստղին
կպած – զննելով էլ չի՜ սպանի –
արտացոլանք է քանզի այն միայն:
Բնօրինակը հեռվո՜ւմ է մի Այլ…
Ահա պոետն է, վերուստ վիճակված արգելավազքում,
ցատկում գրվածի կույտերից
Այնկողմ`
դեպի Անհայտի մատույցները ջեռ,
հանց խելակորույս գիշերաթիթեռ,
ու գրքերի մեջ թողնելով էջեր`
անցողիկ հրեր`
պիտույքներ ցիտման…
ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆԸ
Կպչանն, ի վերջո,
չարչարվելով կարող ես հիշել`
թե ինչ էր, բայց լուցկին`
հաստատ քո գրպանից
չի լինում երբևէ… Ընթացքով
մի տարօրինակ, սայլապանի
կամքից անկախ, քեղին
թեքվում է ուղով իր կամեցած,-
ու տանում է քեզ` բազմամեղիդ,
հոգևոր սայլն այնտեղ, ուր որ հեծյալ
ու հրեշտակ նույնիսկ չեն երազել…
Խարույկ ասենք,
սայլ ասենք թե անհայտ
ուղիներով` անսթափ` գնալ ասենք –
մեկ է` չիմանալիք մի բան է,
ինչպես աստղը
ծորա սև խոռոչի մեջ…
ու ի՞նչ դառնա..
Այդ դառնալիքը ո՞վ է տեսել…
***
Կա բանատողի մի լարախաղաց,
որի երակներում հենց
արյունը խաղաց`
տողի ճոպանին այնպե՜ս է ցատկում,
որ… մի ուրիշը… կընկներ-կսատկեր…
Ասեմ ապա խոսքի յալանչիներին,
բառուբանի զանազան…
թալանչիներին:-
Հնարքներ բանեցնելը վատ չէ,
անշուշտ,-
հեչ որ չէ` առաջացնում է…
գլխապտույտ
կաղնեփայտե գլուխներում, ուր երբևէ
կոնյակ չի հասունացել պոեզիայի…
Բայց սրբությանը հպվողն
անմաքրությամբ`
թող հիշի Տապանակն ու Ոզիային…
Հոմերոսից մինչև մեր օրերը
և դրանից էլ այնուհետև –
պոեզիան գալիս է Խորքերից
ու ոչ թե սողում է, այլ ճախրում թեթև…
ՄՈՒՍԱՅԻՆ
Եվ իզուր են ասում, թե հորինված ես դու:-
Նուրբ – աստեղնամարմի՜ն,
ահա, քո էջքն այստեղ…
Հակաօդային պաշտպանության
ռադարների
թունավոր – ալիքային պատնեշը
անցնելով,
նորից գալիս ես դու ու շնորհում
ասքեր
(ավաղ, քիչ պոետներ են
հիմա քեզ ընկալում –
շատ են նրանք, ովքեր
իրենց ծնկներին են, լպիրշ, քեզ
նստեցնում,
ստիպում… թմրադեղ…):
Բայց ի՞նչ անենք հիմա,
գեղուհի՜ս շղարշեղ –
այն` ինչ հիմա դու ուզում ես
ինձ հուշել`
էլ ըմբոշխնող չունի՜… (Ախ,
Օվիդիոս Նազոն,
տարաբախտ աքսորյալ,
քո տողերն եմ հիշում.
«Այստեղ չկա մեկը, ում`
քերթվածս կարդամ:
Չկա մեկը, ով իմ լատինը
կընկալեր…»):
Գնա, իմ գեղուհի, դարը սոդոմական
արդեն մերժում է ինձ, և՛ քեզ,
և՛ ամեն երգ…