Նորեկ ԳԱՍՊԱՐՅԱՆ / ԾԱՆՐ ՇՆՉԱՌՈՒԹՅՈՒՆ

 

ՑՈՒՐՏ ՕՐ
Ինչքան էլ ապրել եմ, հերիք է,
և անհայտ՝ ինչքան եմ լինելու,
կորցրել, թողել եմ շատերին,
եղել է՝ իրենք են հեռացել,
ես ինչ էլ արել եմ՝ խաբկանք է,
մեծ սուտ է այս կյանքն ու ծափերը,
և՛ ինձ են քարկոծել կատաղած,
և՛ ես եմ անիմաստ հալածել։

Ինձ ուր էլ տարել են, եկել եմ, չեմ տրվել օտարի հմայքին,
մի օր լավ, մի օր վատ, եղել եմ,
վերքիս մեջ ծիծաղս ծաղկել է,
ոչ մի տեղ ես ինձ չեմ մոռացել, չեմ կապկել ուրիշի ընթացքը,
իսկ երբ էլ զարկվել եմ մարտերում, ոչ մեկը չի ասել՝ որտե՞ղ է։

Մեկ առաջ, մեկ ետ եմ մնացել, բայց ոչինչ չի փոխվել դրանից,
մեկ հոգնել անպտուղ ամբոխից, մեկ նրան կարոտած դարձել եմ,
թաքնվել եմ անցյալի երախից, ներկան էլ չի բացել ոչ մի դուռ
անհայտն է միշտ զվարթ ուղեկցել, ինձ ծաղրել, հերքել ու անցել է։

Ամեն ինչ կրկնվող ու հին է, նորն էլ հեռու է մեզանից,
ո՞վ եկավ, ո՞վ գնաց, միշտ նույնն է, ո՞վ է ինձ Տիրոջ մոտ կանչելու,
նույն տենդն է, նույն մարդիկ, նույն վազքը, ոչ մեկը չի զատվել մեղքերից,
ինչքան էլ ես ապրեմ, միշտ մեկն է, նույն մեկն է մեզ համար խաչվելու…

ԽԱՂ
Մեկը քեզ անկանգ տանում է, այդ ի՞նչ ես դու էլի մոգոնում,
գալիս են, չեն մնում, խաղում են, բոլորի համար էլ անցյալ ես,
լքել են, դու կրկին մենակ ես, բոլորը քեզանից հեռու են,
չես գտել դու ոչինչ, դատարկ ես, չեղածը եղածից պայծառ է։

Ամեն տեղ, ամենը խաբում է, հեծնում են, ով արդեն ընկած է,
չգիտես այդ ո՞վ է ուժեղը, և ո՞վ է, որ հավերժ արքա է,
ո՞վ գիտի միշտ ում են քարկոծում, ովքե՞ր են պատվիրում մյուզիքը.
չի նայում ոչ մեկը երկնքին, ասում են՝ այն վաղուց դատարկ է;

Չեն տեսնում, որ հավերժ տխուր ես, տիրում է քեզ՝ ով էլ պատահի,
այդ դու ես, ում միշտ էլ խաչում են, ամենուր գոռում են՝ խելառ է,
երբ հանգիստ նստում են ուսերիդ, կարծում ես տերն է կամեցել,
ցնծում ես, ճախրում ես անիմաստ, երբ մեկը ասում է՝ խոնարհ է։

Գնում եմ, հոգնել եմ, փախչում եմ, չեմ ուզում տեսնել այս շփոթը,
մնացի, ես պիտի դատարկեմ կեղծիքի գունավոր պահոցը,
պրծել է, գողերը տարել են, էլ ոչինչ չեմ կարող հորինել,
ծիծաղիր դու ինչքան ուզում ես, ես գնամ, հանձնվեմ տիրոջը։

Մեկը քեզ անկանգառ տանում է, այդ ի՞նչ ես դու էլի մոգոնում,
գալիս են, չեն մնում, խաղում են, բոլորի համար էլ անցյալ ես,
լքել են, դու կրկին մենակ ես, բոլորը քեզանից հեռու են,
չես գտել դու ոչինչ, դատարկ ես, չեղածը եղածից պայծառ է…

2. ՀԻՆ ԽԱՂԻ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ
Դուք ինչ էլ ինձ անեք, կմնամ, իմ դերը կխաղամ մինչև վերջ,
չեմ պաչի ոչ մեկի ձեռքերը, չեմ գնա փողոցում հարբելու,
գայթել եմ, հալածվել, կանգնել եմ, ես արդեն ամեն ինչ տեսնում եմ,
և մեկ է՝ ով է նոր եկողը, և ով է ձեզ վաղը խաբելու։

Ես գիտեմ դժվար է լինելու, առատ է ծաղիկը կեղծիքի,
միշտ մեկը տիրում է բոլորին, ամենուր ընկածի հառաչ է,
ասում են՝ եկել է փրկելու, այդ նա է գլխատել հրեշին,
համբուրեք ճակատը վեհափառ, անցյալը ներկայից առաջ է։

Հետո ի՞նչ, որ վաղը պրծել է, եղածն էլ բաժինն է ուրիշի,
ծեր շունը կծում է տիրոջը, հին սարդը ոստայնում անտեր է,
եկել է զավակը մոլորյալ, եզ չկա ոտքի տակ մորթելու,
ես ո՞վ եմ, որ ասեմ՝ խառնել եմ, չգիտեմ՝ աղոթքը որտեղ է։

Մեկը քեզ, մեկը ինձ… աճուրդ է… ոչ էգ է, ոչ որձ է անհայտը,
դիմակը անտերունչ չի մնում, ի՞նչ անեմ ես այսքան անցյալը,
կնկտիք զավթել են երկիրը, ում ուզում, հանում են վաճառքի,
ծեր ցուլը ծաղկաշոր դաշտերում գուժում է տեսակի վախճանը…

3. ԵՐԵԿՈ
Ես անհույս, անխելք ու անկոչ եմ, ո՛չ կարոտ, ո՛չ սպասում, ոչ էլ՝ ցավ,
ինձնից ինչ ցանկանում, տալիս եմ, չեմ մերժում թաղվելու հին ծեսը,
ոչ մեկը չի ուզում տեսնել ինձ, բոլորը ինձ համար ուրիշ են,
չեն ասում՝ մեռնողը մեռնում է, իզուր ես լքել մեր հանդեսը։

Եկողը ասում է՝ ծիծաղիր և պարիր ցանկասեր փողոցում,
ինչ էլ քեզ տալիս են, գոհացիր, այդ ո՞վ է որոշում շատ ու քիչ,
ասում են՝ շալակիր սարերը և խմիր ծովերը մինչև վերջ,
ոհմակից քաղաքը պաշտպանիր, քեզ կապիր շողշողուն դռներից։

Ես կարգին անխելք ու անկոչ եմ, ոչ մեկին չեմ ասում հիմար է,
ինչքան էլ հոշոտում, ներում եմ, տեսածս ամենուր ծաղիկ է,
իսկ կանայք բոլորն էլ լավիկն են, աշխարհը ճոճում են անկողնում,
սատանան տեղ չունի գնալու, մատուցած պտուղը աղի է։

Չգիտեմ ես ով եմ, որտեղ եմ, ինչու են ինձ այսպես չարչարում,
մեկ սիրում, խլում են իրարից, մեկ ասում՝ ո՞վ է այս անկոչը,
թվում է՝ ինչ-որ տեղ մոռացել, ես ինձ հետ բերել եմ ուրիշի,
ինձ նորից տանում են կախելու, ասում եմ՝ էլի փառք Տիրոջը…

4. ԴԱՏԱՐԿ ՏԱՐԱԾՔ
Այս ո՞վ է կապոտած տանում ինձ, արևը կծոտող թուլա է,
ո՞ր մարտից, զորքից եմ մնացել, որտե՞ղ են հանդիպել զարկված,
չեմ հիշում ովքեր են գլխատել, ում զվարթ մահիճն է ինձ կերել,
ինչու են շղթայել, չգիտեմ, ո՞ւմ է պետք մարմինը իմ ծվատ։

Տեղ չունեմ գնալու, դատարկ է, ամբողջը ձանձրալի ու սին է,
Չգիտես՝ ով գնաց մեռնելու, անհայտ է՝ ողջերը որտեղ են,
ամեն տեղ նույն սուտն են գլորում, ամեն տեղ փափկասունք ավարտ են,
միամիտ փորձեցի փրկել մեզ, քրքիջ էր, ասացին՝ ցնդել է։

գնաս էլ, չգնաս՝ վախճան է, հավերժ է տիրելու մեր կիրքը,
անցյալը, ներկան էլ, քաղցած են. քծնում են, քսմսվում, պառկում են,
միշտ մեկը մոլագար քամել է մեր ծաղկած օրերի նեկտարը,
բոլորն էլ պարտվում են այս խաղում, բոլորը բոլորին կապկում են։

Հետո ինչ, որ ես տարբեր եմ, չեմ վազում ոչ մեկի ետևից,
չգիտեմ որտեղ եմ մոլորվել, ու ես եմ ընտրվել հազարից,
նույնիսկ դու չիմացար ես ով եմ, ինչու եմ հայտնվել քո կողքին,
և թքած՝ ովքեր են նվաճել, և ուր են կապոտած տանում ինձ…

5. ՕՐ
Թույլիկ իմ, գժուկ իմ, լավիկ իմ, մերը չի աշխարհում ոչ մի բան,
մեկը միշտ ամեն ինչ խառնում է, ամեն տեղ արյունի հետքեր են,
դահիճը՝ բերանում «Հայր մեր»-ը, լիզում է տաճարի պատերը,
ո՞վ է այդ խղճուկին փրկելու, դժոխքի դռան մոտ հերթեր են։

Ինչքան էլ արարես, պակաս է, բոլորը ուզում են ավելին,
սիրում ես, չես սիրում, գնում են, չգիտես՝ որտեղ է կանգառը,
ամեն բան, ամեն ինչ անէ է, թվում է՝ շինծու է ամենը,
դու անվերջ տքնում ես երկնքում, ասում են՝ ո՞վ է այս անբանը։

Տուր ձեռքդ, մեկնիր ինձ, ցրտել է, և վաղվան սպասելը կորուստ է,
մեղքերը մեր այնքա՜ն զուլալ են, մեղքերը մեզնից չեն ամաչում,
էլ չկա խորհելու ժամանակ, մի հարցրու՝ մենք ո՞ւր ենք գնալու,
խավար է, ի՞նչ իմաստ որտեղ ենք, և ո՞վ է մեզ այնտեղ ճանաչում։

Թույլիկ իմ, գժուկ իմ, լավիկ իմ, մերը չէ աշխարհում ոչ մի բան,
մեկը միշտ ամեն ինչ խառնում է, ամեն տեղ արյունի հետքեր են,
դահիճը՝ բերանում «Հայր մեր»-ը, լիզում է տաճարի պատերը,
ո՞վ է այդ խղճուկին փրկելու, դժոխքի դռան մոտ հերթեր են…

6. ԷԼԻ ՑՈՒՐՏ ՕՐ
Դու ինչ էլ ինձ անես՝ տեղին է, կարող ես նվիրել ուրիշի,
ինչքան էլ դարձի գամ, չընդունես, մեկ է, միշտ եղածը տանում են,
քեզաբույր հայացքս աքսորիր, ցրիր այս կարոտի ցույցերը,
քշիր ինձ, հալածիր, թող գնամ, ես ո՞վ եմ, որ ասեմ՝ սիրում եմ։

Համարիր ոչինչ էլ չի եղել, այդ ես եմ ամեն ինչ հորինել,
չեմ եղել ես երբեք քո կողքին, ինչ էլ որ արել ենք՝ ծիծաղ է,
ցավը չի շնացել քո շեմին, ցրտերը հայացքդ չեն կծել,
ապրելը կարգին էլ կատակ էր, ես ո՞վ եմ, որ ասեմ՝ սխալ է։

Շինծու է մինչև քեզ եղածը, ոչ մեկը չգիտեր՝ որտեղ եմ,
մեկն էլի ինձ կասի՝ չի կարող, որ ինքը առանց ինձ անզոր է,
մի դատիր ինքդ քեզ, չի լինի, քեզանից հետո էր մեծ սուտը,
բոլորն էլ կերել են պտուղը, ես ո՞վ եմ, որ ասեմ՝ իզուր է։

Հեռու են փրկության օրերը, ո՞վ է, որ փախչում է մեղքերից,
ոչ մեկը ոչ մեկին չունեցավ, հուշերը դեռ ինձ հետ քնում են,
անհայտը բացել է բերանը, եկող կա էլի իմ ետևից,
պահիր ինձ, եթե ուզում ես, ես ո՞վ եմ, որ ասեմ՝ գնում եմ…
7. ԻՐԱՐԱՆՑՈՒՄ
Աշխարհի ցավերը բռնել են, խառնվել են ներկան ու անցյալը,
պտուղը դեռ թթվաշ կերել են, հիշել են էլի հին խաղը,
և մեկի համար դա ոչինչ է, մյուսը գուժում է ավարտը,
չգիտեմ էլ ի՞նչ է լինելու, և ո՞ւմ են զրկելու հենց վաղը:

Ամեն ինչ գլոր-գլոր է, ծեր գամփռը թողել է հաչելը,
լավ ու վատ, լավ ու վատ մեր սանձը մեկի պինդ ձեռքերում փնչում է,
Ինքս ինձ անիմաստ ժխտում եմ, մարմինս հանձնում եմ էգերին,
չեմ հասցնում հայտնվել փողոցում, բոլորը սարսափած փախչում են:

Աշխարհի գլխի մեջ շփոթ է, և հետը ով ուզում, պառկում է,
չես հաչում, ասում են՝ ամուլ է, բոլորը բոլորին մատնել են,
մեկը միշտ բաժինը տանում է, ծերուկը իր տեղը չգիտի,
չի հիշում որտեղ են գնացել, և ինքը անտուն ու անտեր է…

8. ԾԱՂԻԿ
Ինչ էլ որ անես, իզուր է, պրծավ, անցյալ է եղածը,
Ի՞նչ եղավ, ո՞ւր են, որտե՞ղ եմ, բոլորը ինձնից առաջ են,
այնքա՜ն խղճուկ է ամեն բան, ձկները կերել են ծովը,
ինչո՞ւ ընթացքը մատաղել, ավարտը երբ միշտ հառաչ է;

Դուք ինչ կամեցել, տվել եք, քշել եք, քնել եմ շեմին,
ասել եք՝ պարիր, պարել եմ, ծիծաղել, ինձ ուր տարել եք,
չեմ պառկել որտեղ պատահի, մեղքը չի ցնկնել ձեր կողքին,
հիմա փորձում եք համոզել, որ դա միայն ինձ համար է։

Գուցե՞ հերիք է կորուստը, փախուստը փրկիչն է մեր հին,
ինչքան էլ մնամ, նույն վիհն է, չեմ տեսնի իմ նոր տիրոջը,
փառքը խառնածին թուլա է, ամեն ինչ մի տեղ կանգնել է,
Ո՞վ է, որ վերջը տեսել է, ո՞վ է վայելել ամբողջը։

Վաղն էլ դու ես ասելու, նույն բանը, նույն բանը, նույն բանը,
չես մնա դու երբեք մենակ, և ինչ էլ անես, իզուր է,
ծիծաղ է արցունքն ու սուգը, մեկ է, դու չես կորցրել ոչինչ,
նա արդեն գալիս է շուքով, հերթական հպարտ քո զոհը…

9. ՇՈՒՆ
Ես գնամ, փլվեմ փողոցում, կծոտեմ վաճառվող մարմինը,
շտապեմ, քանի ազատ է, չեն զավթել մեր բոլոր տեղերը,
քանի չեն հալածել այստեղից, և կապել ուրիշի դռանը,
ես գնամ, փլվեմ փողոցում, մոռանամ ինչ ինձ հետ եղել է։

Այնտեղ քեզ սպասող էլ չկա, բոլորը մեկմեկու ժխտում են,
ամեն օր մեկը գալիս է, ամեն օր տանում են գիժ մեկին,
չեն ասում՝ ինչո՞ւ ես ժամանել, և ի՞նչ ես կորցրել դու այստեղ,
ինչ ուզես, կարող ես մոգոնել, ոչ պարոն և ոչ էլ՝ տիկին։

Ում հետ ուզում ես՝ վազվզիր, ո՛չ շղթա, ո՛չ դնչկալ, ոչ էլ՝ տեր,
ոչ մեկը քեզ չի նկատում, դու լրիվ անտեր ես, դու չկաս,
հաչես, կաղկանձես, նույն բանն է, գթության հացերը կերել են,
որտեղ էլ ուշանաս, չեն ասի՝ մենք քեզնից հոգնել ենք, էլ չգաս:

Ես գնամ, փլվեմ փողոցում, անեզր հետույքը պաչպչեմ,
հոտոտեմ օտար շների, գլորեմ իմ ծռված անիվը,
քսմսվեմ, ովքեր ինձ ցանկանան, մոլորվեմ այդ կեղտոտ բակերում
ու սպասեմ՝ ե՞րբ են անտարբեր քարշ տալու իմ մեռած մարմինը…

10. ԾԻԾԱՂ
Ես ինչ էլ ասել եմ՝ ունայն է, բոլորին միշտ հերթով խաբել եմ,
ոչ մեկին չեմ սիրել ես կարգին, չեմ եկել խոպանը հերկելու,
ապրել եմ ամենքից շատ հեռու, ամենքից ձանձրացած փախել եմ,
բայց միշտ էլ ծիծաղել, հերքել եմ, ասել եմ՝ եկել եմ փրկելու։

Երբ էլ ինձ հանձնել են խարույկին կամ սպանել պատի տակ անծանոթ,
ասել եմ՝ սա սուտ է նորահայտ, և դա է հեքիաթը մեծերի,
ամբոխը գոչում էր միշտ՝ կեցցե, ամբոխը ցնծում էր խելագար,
կատաղած ստիպում էր կրկնել, պահանջում էլի ու էլի։

Չի փրկվել ոչ մեկը ինձանից, չի տեսել ոստայնս գույնզգույն,
ճոճել եմ, գուրգուրել եմ պես-պես, և ցավը դարձրել եմ անէ,
երբ մեկին տարել են թաղելու, կարծել են՝ ծաղրում են բոլորին,
ոչ մեկը չգիտեր՝ այդ ով է, և իրեն որտեղ են վաճառել։

Ես չկամ, ես վաղուց անհայտ եմ, բայց մեկը սիրում է ձեզ նորից,
նոր սուտ է բողբոջում ամեն օր, դրախտի դռները բացում են,
մեծ ջուրը ծածկել է երկիրը, ասում են՝ սա էլի տեսիլք է,
ամբոխը ստիպում է կրկնել, ամբոխը մորեմերկ ցնծում է…
11. ՍՈՒՏ
Չես գնա, չասեմ էլ, չես գնա, հազիվ ես տեղ հասել, գինի է,
չես հասցրել մատուցել տեսածդ, դեռ գոց են դռները եղածի,
չգիտեմ ճիշտն ու սխալը, և ո՞վ է փսփսում, որ հին է,
կիսատ են, պռատ են օրերը, բարուր է հեքիաթը միածին։

Խառնել եմ կատակն ու հեքիաթը, ինչո՞ւ ենք կրկնում ապրածը,
եկե՞լ ես, մեկը միշտ խաբում է, մենակ եմ, ես նորից մենակ եմ,
ով ուզի կարող է կծոտել, կարող է երկնքից գլորել,
չես գնա, ինձ հետ ես, ձե՜ռքս… և էլի այս սուտը հենակ է։

Սիրում եմ… ովքե՞ր են հորինել, բոլորն այս ոստայնում ճոճվում են,
չի փրկվել ոչ մեկը, հերթեր են, ի՜նչ լավ է… մատնե՜րդ… որտե՜ղ են,
չեմ եղել, սա ես չեմ, ես ո՞վ եմ, որ այսպես անխնա չարչարեն,
ի՞նչ անեմ ես այսքան ծաղիկը, ո՞ւր գնաս, ո՞ւմ ասես եկել եմ։

Ոչ մեկը չի լցնի դատարկը, մեռնելը միշտ այնքա՜ն տխուր է,
բոլորը հալածում, դատում են, մեր շուրջը և՛ ծիծաղ, և՛ կոծ է,
ճգնում են, խարխուլ է իմաստը, ծանոթ է ամեն մի պատկերը,
օտար է պտուղն այս շողշողուն, և կրկին սատանան անգործ է…

12. ԷԼԻ ՍՈՒՏ
Մեզ միշտ էլ, ամենուր խաբել են… աշխարհում ամեն բան ուրիշ է,
ժպիտը չի ծածկում ոստայնը, ո՞ւմ վեջն է, թե ով է մահացել,
ոչ մեկը չի ասում որտեղ է, և ում է հանձնել իր գանձերը,
իմ բաժին խնձորը կերել են, ես էլի նույնն եմ մնացել:

Եղածը փոքրիկ մի քաղաք էր, տների արանքում՝ արևը,
գունավոր աչքերով աղջիկ էր, չեմ տեսել՝ ինչպես է հեռացել,
հուշերը հայացքս քաշում են, ով է ինձ ամեն տեղ հետևում,
ինչ ունեմ ՝ հավաքել, տարել են, ես էլի նույնն եմ մնացել:

Չմնաց ոչ մեկը անաղարտ, տները ամուլ ու դատարկ են,
երկինքը միշտ լիքը ծաղիկ էր, չեն ասում՝ այն ո՞վ է գողացել,
ապրում է՝ ով որտեղ կարող է, կցնդի, ում ասես, սիրում եմ,
բոլորը ինձնից փախել են, ես էլի նույնն եմ մնացել:

Ով էլ կար, սարքեցին ծաղրածու, տխրել էր բեզարած ամբոխը,
ոչ մեկը չգիտի՝ ինքն ով է, և ով է ամենն այս հղացել,
եղածը անիմաստ ընթացք է, օրերի շալակին՝ անհայտը,
մի հազար անգամ ինձ սպանել են, ես էլի նույնն եմ մնացել…

13. ՀԵՌԱՑՈՒՄ
Ո՞վ մնաց կողքիս… էլի սատանան… ձեռքիս ոչ մի քար,
որտե՞ղ է խաչս, այն փայտե Մե՜ծը, մեղքը դեռ խակ էր,
պտուղը չկա, մեզանից առաջ արդեն կերել են,
ոչ ոք չի ասում՝ ո՞վ դրեց գլխիդ այդ փշե թագը:

Գնում-գալիս են… նույնն է մեռնողը, նույնն է դահիճը,
օղա՞կ, թե՞ կրակ, պատի տակ վաղուց ոչինչ չի աճում,
սարդը փախել է, ամբոխը էլի գտել է նոր զոհ,
ծափ ու ծիծաղ է… լացը դրել է ծերուկ ծաղրածուն:

Մեկն էլ ուրացավ… ի՞նչ ենք անելու… դռները բաց են,
ուսում-տանում է՝ ով ում ուզում է, հղի է ցավը,
Իմ ուսինն ի՞նչ է, ինքնասպանվածը չի փրկել հոգին,
անեծքը շուն է… ո՞վ պիտի վաղը բարձրանա սարը:

Ի՞նչ մնաց ինձնից… բերքն առատ է, մարմինը՝ հյութեղ,
մորթ անող չկա… մեր միակ եզը ծնկեց ակոսում,
իսկ երբ խավարը խժռում է օրվա պատառը վերջին,
մեկը չի հարցնում՝այն ո՞վ է ոռնում զարկված քաղաքում…

14. ԿԱՐՈՏԱԽՏ – ԵՐԿԻՐ
Ես ուր գնում եմ – միշտ նույն տղեկն է, և նույն փողոցը,
նախշուն դարպասն է, և նույն աքլորն է տղեկի ուսին,
վարդի բուրմունքն է, նույն կապուտաչն է վազվզում բակում,
նույն Մեծ արևն է, և ծառի վրա՝ նույն պահմտոցին:

Որտեղ թաքնվում եմ – նույն հեքիաթներն են՝ գույն-գույն շալերը,
միշտ նույն խոխեքը՝ նույն դեղնավարսի պատուհանի տակ,
տան շեմին՝ մայրս, ձեռքին՝ շողշողուն երեք խնձորը,
նույն ջրաներկն է, նույն թաց վրձինը և քարերը տաք:

Ինչպես կանգնում եմ – մեր ծուռ լեռների կապույտ թիկնոցն է,
նույն ցայգալույսի զիլ երգչախումբը զվարթ հավքերի,
ժիր ցուլիկներն են՝ կանանց բաղնիքի կարմիր տանիքին,
և ծերուկների սուտլիկ ասքերը՝ չեղած մարտերից:

Ես ինչ անում եմ – միշտ նույն խաղերն են, նույն էտյուդները,
մեր հին թիվանգի փողը փայլփլուն՝ մեր թաքուն արքան
նեղ փողոցներում մոլորվող մահը, ծիծաղը պապիս,
այստեղ դատարկ է, բոլորն այնտեղ են, ես այստեղ չկամ…

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։