Զի խոսքերիս կարգն ստիպում է ինձ,
Որ ավետաբեր ձայնին խառնեմ և գուժկան աղաղակ:
Մատյան ողբերգության Բան ԼԸ, Գ
Գրականությունը զարգանում է արձակ ու չափածո ժանրերի մերձեցումով: Այս տրամաբանության ծիրում ուշագրավ է Հակոբ Հարությունի ստեղծագործություններում պոեզիա և էսսե ժանրերի համադրությունը, ինչը գրական գործը հանգեցրել է մտքի ու զգացումի միահյուս ճառագումով գեղարվեստական յուրահատուկ որակի, որում դիտողունակ բանաստեղծի կրթված աչքը չնչին ու մանրուք թվացողից մինչև երևութական հասնող դրսևորումները վերակերտել է խոսքի պայծառակերպությամբ՝ որպես մշտամնա գեղեցիկի արժևորում, քանզի. «Կյանքն հոսում է տիեզերքում զընգալեն»,//լավ է, որ ես լույսի զանգ եմ՝//Ծովինարաժառանգ պերճ հարություն»:
Աշխարհում, այսպես թե այնպես, ամեն ինչ ասված է, ուստի, ցանկացած նոր բան արդեն ասվածի կրկնաստեղծում է «ինչպես»-ի երանգավորումներով: Պոեզիա – էսսեն մտազգայական ինքնեկ խոսք է` ժամանակով թելադրված, միաժամանակ դեպի իրեն ուղղված իմաստության ցոլանք, իբրև ճշմարիտ աղոթք (արվեստ)՝ գետերի պես խորքով ու մակերեսով ամբողջական հոսող, «Տեքստերս քանդ (ակ) ված ակոսներով//դեմքեր են`//ձմռան անձյուն միջօրեի//երազի պես//տաք ու անուշ,//շուրթերս` ճաղ-ակոսներով մտքեր`//ձ (բ) եռնունայն ծերունու//ոչ մեկի պետք չեկող իմաստությամբ,//երբ տարվա բոլոր եղանակներն//առնվազն մեկ անգամ//մահվան կերպարանքով//անցել են վրայով»:
Հակոբ Հարությունի պոեզիա – էսսեի շարքերի վերնագրերը՝ «Ֆեյսբուքյան գրառումներ», «Նավատոմար», «Օրանշաններ», «Երկբայություն», «Աներկբայորեն», «Խևագրումներ», «Լծորդումներ», խոսուն են ու հուշում են բանաստեղծի ասելիքը: Ամեն շարք իրականությունն արտապատկերելու իր տրամաբանությունն ունի ու ասես կյանքով լեցուն պատումի գեղարվեստականացված պարբերությունը լինի. «Անդրբևեռի ցածր երկնքում//տեսել եմ պաղ հյուսիսափայլը//ու շլացել://Հյուսիսափայլը հիշեցնող//տոնածառերի լույսերի առատությունից//ինձ են նայում արցախուհու աչքերը,//որոնք ասես բարբառում են//Մարինա Ցվետաևայի նման.//«Ես չեմ հոգնել ապրելուց,//Ես դադարել եմ ապրել»://…Ու շլվել եմ կողմնորոշումս կորցրած //անպատասխանատու մեղավորի պես»:
Ուստի հակիրճ, մի քանի դիտարկումներով ու մեկնություններով կարևորենք Հակոբ Հարությունի պոեզիա – էսսեն:
Ներըմբռնողականությամբ կառուցիկ պոեզիա: Հակոբ Հարությունի պոեզիա – էսսեն ներըմբռնողականությամբ իրականության հետ առերեսվող աշխարհաճանաչողություն է, որի փորձությունում իմաստավորվում է անհատ-համայն-բնություն փոխկապակցությունը՝ վերածվելով բազմախորհուրդ միջտեքստայնության, ինչն էլ աստիճանակարգորեն հենվում է բառի, տողի, նախադասության, պարբերության բովանդակային բացահայտման վրա, բանաստեղծությունը դարձնում ասելիքով հագեցած, ներաշխարհով հարուստ, ամուր ու կառուցիկ. «Յուրաքանչյուր ծեգին//հանդիպում ենք//ես ու փողոցի հավաքարարները//(անփոփոխ է ժամը,//տեղը՝ մի քանի քայլ այս կամ այն կողմ է)://Նրանք մայթերն են ավլում,//իսկ ես՝ մտքերս…//Անծրագիր մեր տեսակցությունը//օրագալի ծես է հիշեցնում//իր անզուգական ձոներգով՝ ԲԱՐԵ՜Վ://Ու Խաղասաց ընկերս գրող,//ինձ հետ կիսվելիս խնդում է վրաս.//«Մոգի աստիճան վարպետացել ես,//ինչ որ խոսում ենք,//ավլում, լցնում ես ճերմակ թղթերին»:
Պոեզիա – էսսեն հոգևոր հենքով միջավայր ոգեձևող մտաշարժ է՝ ժամանակի մեջ զգայական տրամադրությամբ պատկերների կառույց «կոնստրուկտիվ» լուծումներով. «Տեսիլքներիս գոլից կաթիլքվող ջրերին//քայլում է բանաստեղծությունս,//դու աչքերով, սիրտ ու հոգով,//անգամ կույրի պես մատներով//կարդում ես//տողերիս աստղանիշերը,//ու չանչում չար աչքին,//որ երբևէ չհնչած խոսքերս//խոնարհվող վայելում լինեն//ժուժկալությանդ»: Հակոբ Հարությունի ստեղծագործություններն ազատ, կյանքից եկող բառահյուս գրեր են՝ ժամանակի մեջ իրենց ճշմարտությունը հաստատած մեջբերումներով և բառային (խոսվածքային) հնարամիտ համակցումներով (նորաբանություններ): Բառ-նյութն ագուցված է բանաստեղծության իմաստ-պատկերի հետ մի տիրույթում, որտեղ հաճախ շրջանցվում են քերականական ու լեզվաբանական օրինաչափությունները: Բառը կոտորակվում է ոչ թե վանկերով, այլ` ակնդրի երևակայությամբ՝ նպատակ ունենալով այն դարձնել ավելի խաղարկուն ու ասելիքով սեղմ (խտագիր). «Խաղ-աղ-ություն բառն//այնքան ծամծմվեց իմ շուրջը//բոլոր, շոռը դուրս տվեց.//նետվեցի Լիլոյի հրուշականոց,//մեղրաժպիտ տիրուհին//աղավնալույս մատները սահեցրեց ուսիս…//…դողս ընդվզեց.// «Ձեռքդ հեռո՛ւ տար, տիկի՜ն…//Նա թե. «Սարդոստայն վերցրի// վրայիցդ, ծերո՛ւկ»://Ոնց մտել էի, այդպես դուրս թռա//ու ինձ գցեցի քամու բերանը,//քամին ինձ սուլեց,//և ժամ-(ավ)անակի խաղը կանգ առավ»: Ներըմբռնողականությունը պոեզիա-էսսեի համար երկրային և երկնային համատիրույթում ժամանակի վկայախոսք է, աշխարհի զարկերակում լուսատրոփող սիրտ-աչք, որոնցով պայմանավորված է հանկարծաստեղծ ճշմարտությունը. «(Հայր-ենիք)//Իմ ձեռքով եմ տնկել//ռուսական եղևնին,//որի արմատներն անհոգաբար//խարխլել են հորս մահարձանի հիմնատակը,//թեքել նրան,//ստվերաքողել նվիրումս տագնապով»:
Խոհաշարերով պատկերաշարժային մտածողություն: Պոեզիա – էսսեն արձակահոս բանաստեղծությունների շարք է` բացուխուփ ենթատեքստերով, ուր կենցաղային մշակույթն ու հոգևորն ամբողջանում են որպես համակեցության փիլիսոփայություն՝ գիր – պատկերաշարժ, ուստի, բանաստեղծությունները, իրավիճակից ու հանգամանքից ելնելով, բարբառային միջավայրում հայտնություն են դառնում՝ չխուսանավելով ոճային զանազանություններից, թեկուզ նրանք ունեն տեսքային ձևաչափի նմանություն՝ հիշեցնելով հայկական խաչքարերի թվացյալ կրկնվող զարդանախշերը, որոնց փորագրված դրվագները պատկերային բովանդակությամբ նույնը չեն և արժեքային յուրահատուկ բաղադրիչներ են, ինչը գեղարվեստի անկեղծ ու մաքուր առհավատչյան է. «Որպես լքված հայրենիքի ճաք տված քար՝//ոռնում է հոգիս կարոտով մի ահարկու.//Կորուստներիս գագաթն է այն` վերջի՜ն արար.-//Մազե կամուրջ ու երկնափեշ լեռներ երկու։//Որպես դավի մութ քամահրանք կամ որպես//Մի հին խոստում բոլորի հետ, դրժած թողի-//Դավաճանի աչքերն ահա երկրիս մեջ//Չռվել են խեթ ու փնտրում են մեղավորի։//Իրար կքած չարն ու բարին կանգնել են լուռ,//Ու մեջտեղում պարում է մեղկ ու երերուն//Մի հույսաթել, ինչպես այս օրերում տխուր//Անբոց մորմոքը հայկական խաբված հոգու://Իջել է հայի հեգ ուսերին իրիկնաժամ,//Ու մի դժգույն մութ տխրություն՝ անդուռ, դոնդող,//Ո՞վ դարձրեց չօրհներգված իրիկնաժամ,//Վարնոց գայլի գորշ մուղամը խաղաղություն։//…Գուցե այդ ե՛ս եմ, որ սրտով իմ լուսնահար՝//ոչ մի փամփուշտ թեկուզ քունքիս չզարկեցի//Ու ցանկացա իբր, իբր միայն մի բան՝//Լուսապսակ, պայծառ գալիքը Նաիրի…»:
Հակոբ Հարությունի պոեզիա-էսսեի պատկերաշարժային մտածողությամբ բանաստեղծական միջտեքստայնությունը, անշուշտ, սցենար չէ, չնայած պարունակում է սյուժետային տարրեր ու դինամիկ զարգացումներ: Այն գեղարվեստական խոհաբանում է, ինչը ոչ թե ուղղորդող է, այլ` խորհրդավոր կերպով կատարսիսի տանող, որի նովելային կիսատ մնացածը լրացվում է հետմտորումների զգացողություններով ընթերցողի համահեղինակության տիրույթում, ուր պոեզիան մտազգային տևականության մեջ վերածվում է ուրույն վերապրողական արժեքի. «Բանաստեղծություններիս փնջով//այցելեցի գերեզմանիս.//անխնամ էր, ու խոտերը չորափշուր//ծեծված էին ներբաններով անցորդների…//Մի հոգնաբեռ վերացումով//նայեցի ես իմ հերթական հանգրվանին՝//մեկ աչքս փակ, մյուսը՝ կլոր//(ասես Կոլումբոսի հեռադիտակ),//և գալիքի ուրվանշույլ պատրանքի մեջ//ինձ զգացի հողմահարվող մի ավարա՝ հեղգ, երերուն,//ում շարունակ վերն ու վարը,//աջն ու ձախը վնասել են ու բորբոքել//հանապազօր կտոր հացով տենդն ուղեղիս,//ինչպես հորդոր՝ իբր տեղդ անտեր թողած՝//իզուր ի՞նչ ես դու չափչփում այլ վայրերում,//երբ շռայլդ ժլատդ է քո նկատմամբ»։
Պոեզիա – էսսեն գրահենիկ է, գերիրական պատկերները չեն խաթարում իսկության զգացողությունը, և բառը ծաղկում է բնական միջավայրին համապատասխան, ինքնավար, արդյունքում ստացվում է խոկումի հանգեցնող տպավորապաշտական տրամադրություն, որը երևակայական անեզրությունը կենտրոնացնում է ասելիքի վրա. «Փողոցի անցուդարձի//ներբանահետքերն են//հոգսերով լեցուն ջրափոսերը.//շրջանցում եմ, քանզի նրանք//արցունքակալներն են//անկար ամպերիս,//ուր ներսիս մանուկի համար//պատեհ է ջրոցի՝ Վարդավառ խաղալը,//բայց հո լավ գիտեմ, որ//Պայծառակերպության տոնն ու ցեխաջուրը//հարիր չեն իրար»:
Լծորդումներով հայտածվող զուգորդումներ: Պոեզիա – էսսեում պատկերների լծորդումներով բանաստեղծը առօրյան գեղարվեստական բազմաշերտ խոսք է դարձնում, որն ընկալման ու մեկնման անձնական մտատարածքում հանգում է համապատասխան զուգորդումների. «Կանաչ հույսի ծվենը,//թե գանգուրների հետ է խաղում//ինչ-որ մեկի,//կամ մեկ ուրիշի լվացքն է չորացնում,//հաստատ,//նույնիսկ ամայի մի տեղ//դրոշ է ծածանում//հատ ու կենտ արծիվների համար,//որ նրանք թևաբախեն//լինելիության դռները»: Հակոբ Հարությունի բանաստեղծություների գլխավոր լծորդվողն ու լծորդողը ԵՍ-ն է. «Ես լեռների ալիքներին նետված բառ եմ,//ցատկահամբույրներով սլանում եմ՝//սուզվելու երկնքում,//որ վերև հոսող ջրերի ոգու//ազնվազարմը լինեմ ամպերին քայլող,//ով անգոսնում է//հատակ ունեցող ամեն Բան»:
Եսը բանաստեղծության մեջ անանձնական է, կերպարների հավաքականություն, որը բառանշանային համակարգից ածանցվող զուգորդումներով է գոյում, ուր փոխաբերություն-պատկերի խորքայնությունը մասնավորից բարձրանում է ընդհանրականի. «(չակերտներից ներս ու դուրս)//Թղթին գրված է «բոբի».//չգիտեմ՝ ո՛վ ինչպես է հասկանում՝//շո՞ւն, թե՞ դերասան…//Ես ավելացնում եմ «կ» վերջնատառը//ու թուղթը որպես խարան`//կպցնում ժամանակի ճակատին://…իսկ մերկությունը շատ սիրուն Բան է»: Լծորդված բառապատկերներն ինքնախմորման հատկություն ունեն, որոնք կարող են մտքի աննյութական լուսաստվերով գոյաձևել նոր բառիմաստ, հետևապես և նոր տպավորություն, զգացում, մտածում, որը հանգույց-հանգույց ասելիքը վերակերտում է համապատասխան սուբեյկտիվ զուգորդումներով. «(ճառագում )//Հավերժությունը թռիչքի պահին//խփվելն է,//երբ երկինքը հողի գույն ունի,//թևաբախումդ էլ հորիզոնն է շոյում,//ինչպես արևային անձրևի կաթիլներ՝//հանց քրտինք ու արյուն»: Մեր օրերի գրականությունը հիմնականում ձևավորվում է քաղաքային չոր ու կոշտ, «սենտիմենտալ», հեշտասեր, «փակ» ապրելու նկրտումներով ցոփ ու մեկուսի խարխափումում, որը շինծու է, թեպետ հարուստ նյութ է պոեզիա – էսսեի համար ու բնականաբար չի շրջանցում այն, այլ` փորձում է մաքրել իր անկեղծությամբ. «Խաղաղ բան է//մեծ քաղաքի բանուկ փողոցով//քայլել աննշմար,//երբ ողողվում ես անցորդ ժխորով//ու աչքով ծավի տնտղում ամենքին//Աբու-Լալայի սուրահների պես//մեկիկ առ մեկիկ,//և քաղցր բառ է//քո մեջ ընդվզող այո-մերժումը,//երբ էությունդ պինդ աքցանել է//սապատավոր չ-ն,//իսկ դու ապրում ես քո մենախաղը//հոգուդ հայելում՝//ներբաններիդ տակ անտարբեր ճզմած//զնգուն արծաթե դրամներ պես-պես»:
Ամեն դեպքում պոեզիա – էսսեն կենցաղավարությունից հոգնած հոգու կանչ է, ինքնապարպումով ազատագրման փորձ քաղաքային (ինչ – որ չափով և գյուղական) հեղձուկ սարկովագից, ուր բացառվում են բնության հետ զրույցն ու կեցությունը, և չի փարատում անգամ քարե աստիճաններով շենքի արևախանձ տանիք բարձրանալը, որտեղ ուսերիդ կիջնի աստղերի հետ երկնքի անսահմանությունը, ու արևահարված, հողագույն աչքերով կնայես ինչպես են՝ «արձանների ճաղատ գլուխներին//մաքրամաքուր աղավնիներն//իրենց պետքերը հոգում»: Հակոբ Հարությունի պոեզիա – էսսեում ուշագրավ են նաև այն զուգորդումները, որոնք առաջանում են «թռիչքային» և «թշվառային» պատկերների լծորդումներով: Լծորդված պատկերներն իրար հակադիր լինելով ներքին ընդհանուր առանցքով ամբողջանում են վերջնական ասելիքում. «Օդում` //խինդ ու ցավի կաթիլներից//բեկված ճառագայթներ,//իսկ մեկը//ճեմում է հայացքը միշտ գետնին,//թշվառականը համոզված է,//որ լույսի խիղճն է//և վերևից է իջել այս անարժան երկիր,//բայց և մունետիկի խանդավառությամբ,//փառավորված փողհարում է//ինչ-որ մեկի գրպանից ընկած//փոշեկոլոլ կոպեկը՝//որպես գտնված շռայլ մուսա»:
Բառի գենային ներըմբռնողականությունը և ձևաիմաստային փոփոխությունը միջտեքստայնությունում: Անկասկած, Հակոբ Հարությունի բանաստեղծության խորքային մտաշարժն ինտելեկտուալ ենթատեքստով է անցնում, որտեղ բառը գենի ներըմբռնողականությամբ է ակտիվացած մտքի և զգայականի փոխհարաբերությունում, որով պայմանավորված էլ փակագծերով ու գծիկներով ունակ է տրոհվելու դեկոր-խորհրդանիշերի՝ հարստացնելով միջտեքստայնության բովանդակությունը. «(կիր-առ(ր)ական պոեզիա)//…երբ աշխարհի «շաքարամանից երկու կտոր շաքար պակասի»,//ճիշտը դուրս նետվելն է//ու որոնելը նրան, որին կորցրել ես//կեռ – մ(կ) ան-ներում ճանապարհի՝//երազներդ իրենով անելու համար,//որպեսզի կեն – ակ – ց(րվ)ես…»:
Ձևաիմաստային փոփոխված բառը հայտնության պես է, որն իր դրոշմն է թողնում միջտեքստայնության վրա՝ կայացնելով բանաստեղծությունը բազմանշանակ տիեզերական փոխճանաչման ծիրում, ուր բառը ոգեղեն պատուհան է, որով ներսուդուրս են անում մարդկայինի լույսն ու օդը. «(ինքնահ(խ)ոսություն)//Ինչքան էլ անեզր թվա երկինքը,//ես արևաԺամի ստվերն եմ//Ժամա(վա)նակի գավակին,//որը հոսում է, հոսում՝ թափվելով//ճակատագրի ծանրության (գ)ուժով//ու ափ նետված ձկան պես//բերանը բացուխուփ է անում՝//վերջնախոսելով իբրև ուշացած կտակ.//Աստվա՛ծ իմ, հրա՜շք,//աչքերիս կլորությունը//անհաղորդ է մնում ցավիս,//ասել է թե` շարունակականությանս»:
Պոեզիա – էսսեն երազանքի մշուշը ճեղքող թռիչքային պարաբոլա չէ, այլ` լայնատարած կյանքի լծորդուն սինուսօիդալ, ուր բառի ձևաիմաստային փոփոխությունը և գենային ներըմբռնողականությունը տալիս են ասելիքին յուրահատուկ ճանաչողության մակարդակ, որտեղ «լուրջ բառախաղ»-երը մտազգայականություն ծնող ու շարժող արժեքներ են: Թերևս «Լուրջ բառախաղ»-երը կարելի է նորաբանություններ համարել, որոնք հանգեցնում են մտքի կենտրոնացմանը, հետևաբար և համառոտագրությանը, որ թեև բարդություն է ընկալվում, սակայն պարզ է ակամա արված գյուտի պես. «(մտ-ածում-ներ)//(գ)ահը՝ ամպ,//անձրև է//երկնքի դեմքից կապույտ.//(շ)ահը՝ ումպ,//թույն է//հողի երեսը պատռող,//(բ)ահը՝ քրտինք,//շաղախաջուր է//տանդ պատերը վեր հանող.//(ջ)ահը՝ լույս,//ներսուզում է//խորհրդում ինքնաճանաչման.//(պ)ահը՝ կետ,//կրկնումում//ծաղկաթերթ ապրեմ-չապրեմի,//(մ)ահը՝ կյանք,//ամեն ինչին//անիրականի շղարշ հագցնող»:
Վերջնախոսք: Հակոբ Հարությունի պոեզիա – էսսեն կյանքի ու երազի հարապտույտ է, համակեցություն՝ առանց ավելորդ պճնանքի ու հորինումի. «Գրկախառնվում եմ շուքիս հետ,//դառնում ծառի պայթող բողբոջ՝//ծաղկի, մեղվի, պտղի հեքիաթը//կյանքի ելևէջներին հյուսող,//և որքան ապահով է//շուքիս հետ գիրկընդխառն գարունվելը՝//իմ իսկ կենսահովով», վավերագրություն, կենսապատում, որտեղ բանաստեղծի ԵՍ-ի հետ հարաբերվողները մտացածին մարդիկ չեն, այլ իրական են, պարզ ու բարդ, հատուկ ու հասարակ, բայց բոլորին կապողը նրանց միֆական էաբնույթն է, «Անավարտ երազով կարոտի» ճակատագիրը. «Հայրս Հարությունն է.//«Դոփո՛ւմ են, դոփո՛ւմ են, դոփո՛ւմ են ձիերը»,//ես Հակոբ Հարությունն եմ.//«Մթի մեջ դոփում են, խփում են պայտերը»,//որդիս ՀԱՐՈՒԹՅՈՒՆ է.//«Պայտերը խփում են, խփում են հողին»,//մենք ՀԱՅ ենք.//«Անծա՜յր է գիշերը, անհայտ է ուղին», թեկուզ որ (ականջդ կանչի, Նյուտոն), //Հայաստանում այսօր//ամենաէժան միրգը խնձորն է,//իսկ խնձորենիների տակ//օձեր են սողում»:
Հակոբ Հարությունն իր առջև պոեզիայով կրթելու խնդիր չի դրել, պարզապես գրում է գեղարվեստական վկայություններ, որոնց ընձեռված է հնարավորություն համահեղինակ – ընթերցողի երևակայությամբ լրացվելու ու նորովի ամբողջանալու: