Բաց նամակ
Արևշատ Ավագյանին՝
նոր գրքի ծննդյան առթիվ
Այն, ինչ որ ուզում եք դուք,
տվել եմ ձեզ արդեն
իմ նախորդ գրքերում,
իմ նկարներում,
փորձել եմ ձեզ տալ
կյանքը ճանաչելու, ընկալելու
լավագույն սիրո դասերը,
որոնք պետք են գալու ամեն օրն
հանգիստ ու խաղաղ խղճով ապրելու,
կյանքի հմայքը զգալու
և վայելելու համար…
Ինքնաբնութագրման, ստեղծագործական ճանապարհի առաքելության այսպիսի ճշմարիտ խոսք ու խոհից հետո ի՞նչ է ինձ մնում հավելելու, գնահատանքի իմ խոսքն էլ ասելու քեզ՝ այս նոր գրքի ծննդյան առթիվ: Ինձ թվում էր, թե քո արարած գրականությանը նվիրված «Արևշատ Ավագյանի տիեզերական աշխարհը» գրքում ես կարողացել եմ ամփոփիչ բնութագիր ներկայացնել քո ընթերցողներին: Պարզվեց, որ դու էլ նրանց «տվել ես արդեն այն, ինչ ուզում էին»՝ քո նախորդ գրքերով ու նկարներով: Երկուսս էլ այս պարագայում, խոստովանենք, այնքան էլ ազնիվ չենք ընթերցողների հանդեպ: Այո՛, պարզվեց, որ քո երկրատիեզերական անընդգրկելի աշխարհում դեռ այնքա՜ն առեղծվածային երևույթներ կան, որոնց անդրադարձը նախորդ քսանինը գրքերում չես սպառել, և այս երեսուներորդը նոր հորիզոններ է բացում ընթերցողների առաջ, և քո գրական դիմանկարը ներկայացնող իմ գիրքն էլ շարունակություն է ունենալու…
«Տիեզերքի սրտխփոցի», «Տոհմածառերի երկրի», «Հայրենատների մոլորակի», «Ծածկագրերով հոգեգույների» ինքնատիպ ու խորհրդավոր իմաստասիրական քո մտորումներն անսպառ են, և այս նոր գիրքն էլ «կյանքը ճանաչելու, լավագույն սիրո դասերով» ընթերցողներին առաջնորդելու, «ամեն օր հանգիստ ու խաղաղ խղճով ապրելու, կյանքի հմայքը զգալու և վայելելու» նույն առաքելությունն ունի՝ ի լրումն նախորդ չափածո և արձակ քո բոլոր գրքերի: Չէ՛, այդ առումով չենք տարակուսելու նոր գրքի «Ժանրերի գուներանգները» խորագրի հարցում, քանզի մեր պոեզիայում առկա բոլոր ժանրերով արարված քո երգերը, ըստ էության, նույն նպատակադրումն ունեն. երկրային-երկնային քո ստեղծագործական աշխարհը բացահայտել-ներկայացնել նոր գուներանգներով՝ իբրև «խոհափիլիսոփայական մտորումների արդյունք»: Եվ ժողովածուի էջերից հնչում են, այո՛, հնչում են գրական ծանոթ ժանրերի ձայները՝ սոնետ, սիրերգ, տրիոլետ, ներբող, էքսպրոմտ, օդա, ակրոստիքոս, ասույթ…, նույնիսկ ինքնահնար ժանրեր՝ մայրերգ, հայրերգ: Իսկ բուն ասելիքը խորքային է, բովանդակային, քեզ հուզող «հին» ու նոր թեմաների պատկերախոս նվագներով:
Ու հիմա, թանկագի՛ն Արևշատ Ավագյան, ես ինչպե՞ս «գլուխ հանեմ» քո այս «գլուխկոտրուկներից», ասելիքի բազմազան-բազմագույն շերտերից, թեև պիտի խոստովանեմ՝ որքան էլ դրանք տարաբնույթ են, բայց, միևնույն է, այդ ամենը «տեղավորում եմ» «Արևշատ Ավագյանի տիեզերական աշխարհը» ընդգրկուն հասկացության ներքո, տիեզերական աշխարհ, որի արմատ-ակունքները երկրում են՝ «բառերի միջից ծլարձակող ծառերի ու ծաղիկների, ավիշ դարձած հողաջրի մեջ»: Ահա այսպես.
Իրար հետ՝ կողք-կողքի//զրուցում են երկնային//ու երկրային տարերքները,//մտնում են ոգեղեն//ու հոգեշունչ գաղտնիքների//բացահայտված աշխարհը…
Այդ՝ քո կողմից «բացահայտված բնաշխարհում» էլ տարաբնույթ երգերի պատկերախոս մեղեդիներ, ամենից առաջ ու ամենից վեր քո քնարերգության արմատ-էությունը կազմող խոհափիլիսոփայական ոգեղեն տարերքով հյուսված մտորումներ «Հայաստան կոչվող սրբազան հայրենատան», «մայր հայրենիքի», «հայախոս երկրի», «հայ մտքի», «հայրենաշունչ պատգամների» մասին: Ու հետո «լույսի պես, սիրո նման կյանք մտնող, երկիր մոլորակին շունչ բերող, աստղաշխարհների երազանքները մարմնավորող մանկանց սերունդներին ձոնված» օրհներգ, ու հետո՝ քնարաշունչ ինքնատիպ տաղեր «աստղային ներշնչանքի ծնունդ» սիրո մասին, այդ սիրո սրբազան խորհրդանիշ ընտանիքի մասին, նաև՝ «սիրո սերմ», «հարահոս սիրո շղթա», «սիրո հոգեհոսքեր», «սիրո ժպիտ»… Այսպես՝ տասնյակ խոսուն խորագրերով տարաժանր բանաստեղծություններ՝ մեր քնարերգությունում միայն քեզ բնորոշ լուսաշաղախ պատկերներով, արտահայտչամիջոցների յուրահատուկ կիրառումով, ռիթմի բնաբուխ հնչողությամբ: Եվ արձակ բանաստեղծության ժանրն էլ, իր բոլոր շքեղություններով, երևակվում է քո բոլոր գրքերում՝ նույնպես եզակի երևույթ ընդհանրապես բոլոր դարերի մեր պոեզիայում, մանավանդ որ՝ այդ ամենը մեզ ներկայանում է տաղանդավոր գեղանկարչի գծանկարներով՝ առավել ընդգծելով քո ինքնատիպ ներկայությունը հայ քնարերգության համաստեղությունում: Բարձրահունչ այս խոսքերը իրապես արտացոլում են այն բոլորանվեր ջերմ մթնոլորտը, որ քո բառ-նշխարքներից փոխանցվում-պարուրում է ընթերցողին:
«Ժանրերի գուներանգներ»-ում նույն ոգեղեն տարերքն է, նույն «տարերքների տարերգը»՝ քո գրքերից մեկի խորագրի հանգույն: Վկա՝ նաև այս գրքի բաժինների խորագրերը՝ ասելիքի բազմախոս շերտերով՝ «Ժանրերի ձայնը», «Աստղային ներշնչանքներ», «Մտաշխարհի լույսը», «Անշրջանակ ձայնանկար», «Աշնանային սեր» ու նաև արևշատավագյանական ներհուն ասելիքով խոհափիլիսոփայական անխորագիր քառյակներ ու քառատողեր, «իմաստասիրական մտորումներ»՝ «կյանքը հավերժական փոխանցումների շրջապտույտ է արարչական սիրո անհունում», «մարդկային և աստվածային օրենքների ընթացակարգը», «կյանքն ապրելու ժամանակը» և տասնյակ այլ խորագրումներով արձակ հյուսվածքներ: Այս պարագայում էլ ուղղորդում ես մեզ և բնաբան խոսքում ընդգծում, որ «Ժանրերի գուներանգներն» ունի նաև «ուսուցողական, գրական-գեղարվեստական աշխարհայացքի ձևավորման-լուսաբանման նպատակադրում»: Բայց քո ո՞ր ժողովածուն այդպիսի նպատակադրումով լույս աշխարհ չի եկել: Եվ դու, բարեկա՛մս, այդ ամենը մատուցում ես ոչ մերկապարանոց խոսք ու խոհի, այլ՝ ոգեղեն, պատկերախոհ, ասելիքի ներհուն լիցքերով հագեցած մտորումներով, ինչն ընդհանրապես քո բանաստեղծական աշխարհի ոգին է ու էությունը: Եվ խոստովանում ես՝
Ես բացում եմ քառյակներիս վարագույրը աշխարհի դեմ,//Հանգ ու վանկի, տողատակի ասելիքս հանում եմ բեմ.//Ցույց եմ տալիս սեր ու սրտի երանգները իմաստալի,//Խաղ ու տաղի խորհուրդները լույսի նման հանում եմ բեմ:
Ես փորձեցի գնահատանքի այս հակիրճ խոսքում շեշտադրել ընդհանրապես քո պոեզիային բնորոշ մեկ-երկու նրբերանգներ այն հարուստ և շքեղ գունապնակից, որ շռայլորեն սփռել ես քո բոլոր գրքերի արձակ և չափածո էջերում: Անսպառ քո տաղանդը մեզ դեռ շատ անակնկալներ կմատուցի՝ նոր գրքերի ծնունդով, որոնց աստղասփյուռ բառերի միջից կրկին ու կրկին կծլարձակեն ծառերն ու ծաղիկները, կշողարձակեն տիեզերաշխարհի-երկրաշխարհի-բնաշխարհի քո խորագիտակ խոհափիլիսոփայական մտորումները:
Հերթական հանդիպման սպասումով՝
Լյուդվիգ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Բան. գիտ. դոկտոր