ՀԵՔԻԱԹԻ ՁԻՆ՝ ՄԱՆԿՈՒԹՅԱՆ ՄՈԼՈՐԱԿԻՑ / Վարդգես ԽԱՆՈՅԱՆ

1121«Մանկագրական մոլորակի տարեգիր». այսպես են բնորոշել բանասիրական գիտությունների դոկտոր, գրականագետ Լյուդվիգ Կարապետյանին՝ նկատի ունենալով նրա նվիրումը հայ մանկական գրականությանը: Եվ, իրոք, նա այն եզակի գրականագետն է, ով հետևողականորեն, տասնամյակներ շարունակ, իր գիտահետազոտական գործունեության շրջանակները «սահմանափակել» է հիմնականում մանուկներին ու պատանիներին հասցեագրված գրականության ուսումնասիրությամբ: Վկա՝ տասնյակից ավելի գրքերը՝ նվիրված հայ մանկապատանեկան գրականության պատմության ու տեսության խնդիրներին (այդ թվում՝ արևմտահայ ու սփյուռքահայ մանկագրության), հայ դասական և ժամանակակից մանկական գրողներին («Ոսկեդարից» մինչև… 21-րդ»՝ երկու հատորով, «Դասը վարում է գրողը»՝ չորս պրակով, «Մենք գալիս ենք մանկությունից», «Վախթանգ Անանյանի կանաչ աշխարհը»՝ հայերեն և ռուսերեն, «Արևմտահայ և սփյուռքահայ մանկապատանեկան գրականություն. պատմության ուրվագիծ», «Հետագիծ» և այլն):
Մանկագրական այս շարքը վերջերս համալրվել է «Ինչպես հեքիաթի ձին…» մենագրությամբ՝ նվիրված ժամանակակից մանկագիր Էդվարդ Միլիտոնյանին: Մանկական գրականության մասին հենց գրողի թևավոր խոսքն էլ դարձել է գրքի խորագիր. «Մանկական բանաստեղծությունը պետք է խոսի երեխայի հետ, պետք է թռչի նրա հետ, ինչպես հեքիաթի ձին…»: Ինքը՝ Էդվարդ Միլիտոնյանը, հավատարիմ իր իսկ այս իմաստախոսությանը, ընթերցողներին նվիրել է «հեքիաթի ձիեր»՝ թամբերին «բազմեցրած» ոչ միայն հրաշալի բանաստեղծություններ, այլև արձակ բազմաժանր ստեղծագործություններ՝ վեպ, վիպակ, հեքիաթ, պատմվածք, պիես, գեղարվեստավավերապատում՝ մնայուն հետագիծ թողնելով անցած դարավերջի տասնամյակների և նոր դարասկզբի հայ մանկապատանեկան գրականության մայրուղում: Եվ, ինչպես մենագրության հեղինակն է շեշտել, «երեխաների հոգեբանության ու մտածողության ճշմարիտ զգացողությամբ, ոճական զվարթ տարերքով, իրականի ու երևակայականի հետաքրքրաշարժ հյուսվածքով, գունագեղ պատկերներով, մանկական իսկական գրականությանը բնորոշ այլ ինքնատիպ յուրահատկություններով օժտված նրա ստեղծագործությունները մանուկ ու պատանի ընթերցողական սերունդների բարի ուղեկիցներն են»:
Այդ հատկանիշները իրենց գնահատանքի խոսքերում (որոնք մեջբերված են գրքում) տարբեր առիթներով հաստատագրել են նաև Համո Սահյանը, Գևորգ Էմինը, Սերգեյ Սարինյանը, Մկրտիչ Սարգսյանը, Հենրիկ Սևանը, Սուրեն Մուրադյանը, Վազգեն Գաբրիելյանը, Ղուկաս Սիրունյանը և ուրիշներ:
Գրողի ստեղծագործական «մանկաշխարհի» յուրահատկությունները մենագրությունում երևակվում են ինչպես նրա բանաստեղծությունների ժողովածուների («Ամպե որսորդից» մինչև «Բարձերով կռիվ»), այնպես էլ մանկապատանեկան արձակի («Իրական հեքիաթների մի զարմանալի աշխարհ»), մանկական պիեսների, գեղարվեստավավերագրքերի հանգամանալից վերլուծությամբ: Գրքում անդրադարձ է կատարվել նաև Էդվարդ Միլիտոնյանի՝ այլ լեզուներով թարգմանված ստեղծագործություններին, մի հանգամանք, որով հնարավորություն է ընձեռվել օտարազգի ընթերցողներին Հայաստանն ու հայ երեխաներին ճանաչել նաև Միլիտոնյանի «մանկաշխարհում» ճանապարհորդելու միջոցով:
Լյուդվիգ Կարապետյանի այս աշխատությունը կարող է նաև օժանդակ ուղեցույցի դեր կատարել դպրոցականների, գրականության ուսուցիչների, գրադարանավարների համար՝ ժամանակակից մանկապատանեկան գրականությանն ու մանկական գրողներին նվիրված միջոցառումներ կազմակերպելիս:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.