«Ավելի արդար աշխարհը հնարավոր է»… Սա այն գրքի վերնագիրն է, որ մի քանի օր առաջ Էրդողանից ստացավ Հայաստանի վարչապետը։ Նույնիսկ ինչ-որ բանով հիշեցնում է բոլորիս վաղուց ծանոթ կարգախոսը ապագայի մասին…
Տեսնես էդ ո՞ր արդարությունից է խոսում ցեղասպանություն իրականացրած, արյունարբու, զավթողական քաղաքականություն վարող պետության ղեկավարը։ Իսկ «մեր ղեկավարը», որին Նյու Յորքում գտնվող թուրքական տան դռան մոտ անգամ դիմավորող չի եղել, մեծ գորովանքով ընդունել է Էրդողանի մտքի շարադրանքը, ավելի ճիշտ՝ չար մտքի ու կամքի պարտադրանքը։
Դժվար չէ եզրակացնել, թե ինչու են ուզում ստեղծագործական միություններին պատկանող, հետաքրքիր ճարտարապետական լուծումներ ունեցող, ինքնատիպ շենքերը անարդար ձևով հափշտակել՝ հարված հասցնելով գրողներին, նկարիչներին, կոմպոզիտորներին, անգամ կույրերին, խուլերին, համրերին և մեր հասարակությանը վերջնական քայքայման և բարոյազրկման տանել։
Այո, ես կհանդգնեմ զոռ տալ իմ երևակայությանը և ենթադրել, որ դա դարձյալ թելադրանքով է արվում՝ ոմանց համար апартамент-ներ՝ շքասենյակներ նախապատրաստելու համար: Բավ է խաբեն, համոզեն, թե այս ամենը արվում է hօգուտ հայերիս… Այդ ինչպես է, որ թուրք-ազերական տանդեմը ջանք չի խնայում, որ սեփականացնի մեր մշակույթը, կեղծարարությամբ տիրանա հայոց աննման ժառանգությանը, իսկ մեր կառավարությունը՝ հակառակը, ամեն ինչ անում է ստեղծագործական միությունները, մշակույթի օջախները ունեզրկելու, քանդելու, կազմալուծելու նպատակով։ Թուրք-ադրբեջանական բոլոր քմահաճությունները Հայաստանի ղեկավարությունն անմիջապես կատարում է, այնպիսի տպավորություն է, որ ծառայում է նրանց, այլ ոչ թե մեր ժողովրդին։ Մենք, ասես, լույսի արագությամբ զրկվում ենք մեր հայրենիքից…
Վերջերս անընդհատ մտքիս է գալիս հանճարեղ Թումանյանի «Չարի վերջը»՝ էս սարն իմն է, էս ծառն իմն է… և ինձ թվում է, թե այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում, մի նոր՝ ավելի կատարելագործված, ավելի դաժան չարի սկիզբ ու ընթացք է…