Ազգը չի կարող
մահանալ այլ կերպ, քան ինքնասպանությամբ…
ԷՄԵՐՍՈՆ
Հերթական փորձությունը պետք է անշուշտ հաղթահարվի, ամեն գնով անհրաժեշտ է դուրս գալ այս անկումից… և դուրս կգանք, ինչ-որ կերպ դուրս կգանք:
Բայց փորձությունները գալիս են, որովհետև ինչ-ինչ սխալների, բացթողումների պատճառով թշնամու գործելուն նպաստող սողանցքներ, ճաքեր են բացվում և ճանապարհ դառնում դեպի անկումը: Եվ ամենակարևորը սխալների վերլուծությունն է, քննումը, եզրահանգումներ անելը, որպեսզի հաջորդ փորձությունից առաջ փակվեն և բացառվեն այդ ճաք ու ճեղքերը:
Դրանք շատ են նույնիսկ թվարկելու համար, որովհետև հենց այդ քննել-դատելուն միշտ թերացել ենք. մինչդեռ ազգը ևս իր ճանապարհին ազդում-հակազդումների, լավ ու վատի արդյունքում փոխվում է՝ ավելի լավը դառնում, հղկվում, եթե դաս է կարողանում վերցնել, և կամ հակառակը՝ կորցնում իր ունեցածը, եթե եղածից հետո՝ ձեռքը թափ տալով, մանկամտորեն շարունակում է առաջ գնալ մինչև հաջորդ պատուհասի պայթելը: Ազգը նույնպես դաստիարակվելու, որոմազերծվելու կարիք ունի: Այլ կերպ պարզապես ծունկի կգա ավելի կազմակերպվածների առաջ և հետո կփորձի մեղավորներ, նաև փրկիչներ որոնել, ինչպես մենք՝ հիմա, որ ամեն բան փնտրում ենք, բայց ոչ երբեք՝ պատճառներ, որոնք ծնում են, վեր են բարձրացնում հանցավորներին:
«Մեզ Նժդեհ է պետք», «Ինչո՞ւ Նժդեհ չունենք», «Բա լավ, էս ազգի մեջ մե՞կն էլ չկա»… Լսում ենք պատերազմային անկում-ներկայացումից այս կողմ ամեն օր, հարցնում ենք ինքներս մեզ ու հայացքներս հածում այս ու այն կողմ՝ մեր հարցի պատասխանը գտնելու հույսով. «Հը՛, ինչո՞ւ չկա»…
Իսկ պատասխանը շատ պարզ է, ցանկացած մանուկ էլ այն երևի թե գիտի՝ իր ունեցած գիտելիքների թեկուզ նվազ պաշարով. չկա, որովհետև… սպանեցինք:
Մենք սպանում ենք Նժդեհներին…
Այո՛, մենք այդպիսին ենք, մենք իրականում չենք սիրում մեր երևելիներին, չենք սիրում ու պաշտպանում արդարությունը ու հետո զարմանում ենք, որ այն հիվանդ է, հուսադրվում ենք, որ, այնուամենայնիվ, «հիվանդանում, բայց չի մեռնում», ուրեմն՝ նորից կհանդիպենք նրան դեմ առ դեմ… բայց կրկին չենք պաշտպանի: Ուրախանում ենք, որ նոր արդարներ կունենանք և… անպայմա՛ն կլինի առաջին քար գցողը, և մյուսները, ինչ-որ բնազդային մղումով քարերը վերցրած, կմիանան նրան: Բնազդով ապրե՞լ, այն էլ միայն մութ ակունքներից բխող…
«Ինչո՞ւ Նժդեհ չունենք»…
Բնական ընտրության կարգին հնազանդ, սովորաբար ընտրվում են կենսունակները և շարունակվում: Մեր ազգում (իհարկե, ոչ միայն մեր, բայց մեզ մոտ այն ավելի աչք ծակող է) արդարները կենսունակ չեն, չենք թողնում՝ լինեն, նրանց բանտեր ենք գցում, ոչնչացնում, իսկ, ա՛յ, սողունները, «աչքից մազ փախցնողները», դավաճանները աճում են, բարգավաճում, շատանում, իրենց թունավոր արյունը թոռ ու ծոռի բազմությամբ սփռում են մեր այսօրվա, մեր ապագայի մեջ: Եվ երբ ընտրության կարիք է լինում, նրանք են դուրս հանում գլուխներն ու սողում վեր ու վեր…
Արդարները անհանգիստ են անում մեզ. մատնություն, խաչե՞լ է պետք՝ առաջինը ազգի երևելիներին ենք հիշում, ազատվում ենք, շունչ քաշում ու դեռ, ինչպես Հիսուսին ասվեց, բարբաջում. «Դե, եթե այդքան մեծ ու հունարով ես, ի՛նքդ քեզ փրկիր, կարողացիր արդարանալ, անսասան մնալ մեր քարերի դեմ… Եղածդ այս չէ՞՝ հետին մի ստահակն էլ քեզ կարող է տապալել»: Եվ… ստահակներին ենք սկսում պաշտել, «զոռբաներին», թալանչիներին, բանսարկուներին, հայրենիք ծախողներին, էլ ո՛ւմ ասես՝ ում վրա այն պոզավորի կնիքը կա:
Ու միայն օրհասի, սեփական մաշկը դաղվելու վտանգի ժամին, երբ հո ստահակն ու դավաճանը չե՞ն վերք դարմանելու, նրանք են հեղինակողներն ամեն պատուհասի, սկսում է նվնվոցը. «Բա ո՞ւր եք… բա ո՞ւր է ազգի Նժդեհը»…
Մենք լավ ազգ ենք, չնայած սրան ու էլի շատ բաների՝ մենք լավ ազգ ենք: Մեր արյան մեջ տիեզերքի ավիշը, տրոփը կա, ու թե չլռեցնենք… Բայց լռեցնում ենք, և հաճախ:
Լավն ենք… Աստծուց մեզ շատ է տրվել ու դրա համար՝ շատ էլ պահանջվում է: Մինչդեռ այն քիչն էլ ենք զլանում տալ: Մենք՝ արարվածներս, հատ-հատ, Վերնայինի կնիքը ամեն մեկիս հոգուն՝ մի «փոր հացի» համար կարող ենք վազ տալ հոգիներս ծախելու: Կարող ենք ամբոխ դառնալ ու «խոտի պես թեքվել քամու քշած ուղղությամբ»: Հատկապես՝ մութ տեղերից փչող քամու…
Մենք լավ ժողովուրդ ենք, Աստված մեզ շատ է տվել, բայց լավերին չենք սիրում կամ սիրում ենք միայն… մեռած, հանգստանում ենք միայն նրանց ոչնչացնելուց հետո: Ախր, հետո նրանք այնքան ավելի լավն են՝ հողաթմբի տակ կամ առանց հողաթմբի անգամ, արձաններ դարձած՝ քարի պես լուռ, անձայն, չեն հոխորտում, հանուն ազգ ու հայրենիքի անհանգիստ չեն անում թվացյալ խաղաղ օրը, ցուցամատ չեն երկարում այս ու այն կողմ, իրենց անհանգիստ հոգով չեն խախտում մեր թմբիրը, քունը, թմբուկներ չեն խփում, զանգեր չեն հնչեցնում… Գիտե՞ք, ինչ հաճույք է մեծարելը, անգամ խոնարհումը… քարերի՜ն, երբ իրականում քեզ կռացած չես զգում, բարձրացնելը այն, ինչն իր ոգեղեն հասակով այլևս ստվեր չի գցի ապրողներիս վրա:
Ոչի՜նչ, հետո էլի՛ կլինեն՝ հայ ազգի ի՞նչն է շատ՝ ստեղծագործողները, մտքի կրողները, որոնց մեջ էլի՛ կլինեն ինքնազոհ մաքրամաքուրները. ու հետո էլի՛ շիրիմով կամ անշիրիմ, վաղաժամ ու ազգից խռով հեռացած անմեղներ կունենանք, արձաններ վեր կխոյացնենք ու տարին մեկ-երկու անգամ կգնանք հարգանքի տուրք մատուցելու, ճառելու, թե՝ տեսե՛ք, ի՜նչ մեծեր ունենք, ի՜նչ մեծեր, որոնց… Սպանեցի՛նք:
Նրանց՝ մեր ձեռքերով արարած, գերեզմանները Մհերի այն քարայրն են, որտեղ մեզնից թաքնվում են հալածյալ արդարներն ու փրկիչները:
Մհերի վերադարձ ենք ուզում, Նժդեհներ երազում ու քարեր վերցրած շտապում հերթական՝ իր բարձրությամբ հեռվից հեռու երևացողի վրա քար նետելու, որովհետև մեկն արդեն նետել է առաջին քարը (իսկ նետողներ մի՛շտ են գտնվում), հետո բարձրություն ենք փնտրում՝ մեր թիկունքին խփող քամիներից պաշտպանվելու համար ու ապշում, որ չկա… «Բա մի հա՞տ էլ չկա էս ազգի մեջ»: Ու երազում ենք… Սիրում ենք երազել, լա՜վն են մեր երազները: Եվ, սակայն, մեր երազի ետևից չենք գնում. գնում ենք այդ պահին ամենամոտ տաք տեղը դեպի, գնում ենք դեպի դրամի զրնգոցը (մինչդեռ Հիսուսն ասաց, որ նեղ ճանապարհն է միայն փրկության ճանապարհը): Մեզ համար այս պահն է կարևորը, այսօ՛րը… Վաղը հեռու է… Ու երազը մնում է միայն երազելու համար՝ որպես «պարապ վախտի խաղալիք»:
Նժդեհ ենք ուզում, իսկ որքանո՞վ յուրացրեցինք նրա «սեփական բարօրության կրոն» կոչվածը. «Թող անիծյալ լինի սեփական բարօրության կրոնը՝ մեր ժողովրդի անցյալ և այժմյան բոլոր արհավիրքների աղբյուրը»,- Գարեգին Նժդեհ:
Նյութապաշտությունը… Աշխարհը կործանելու ելածները շատ բանի հասան հենց ա՛յդ կրոնապաշտներով, աղանդավորներով: Ամեն ոք մտածում է. «Հո ե՞ս չեմ աշխարհը փրկողն ու կործանողը», «Ինձանով բա՜ն չի փոխվելու»… Ու հերթով՝ հատ առ հատ, հանուն պաշտելի նյութի, միանում են չարի երթին՝ ծախվում նյութապես, ծախվում հոգիներով: Եվ աշխարհը դեպի կործանում է գլորվում օրը օրի… ծախվող հոգի առ հոգի…
Ու հենց այդպիսիներն էլ հետո ամենաշատն են բողոքում արդարության ու արդարների պակասից:
Այո՛, մենք արդարություն չսիրեցինք ու զարմացանք, երբ այն պակասեց: Մենք կամեցանք մեծերին, որպես խանգարողների, իրենց տեղը դնել (արձանների տակ), բայց փնտրեցինք ու փնտրում ենք…
Եվ այս կորուսյալ ժամին, երբ ո՛ւմ կրունկն ասես չի դոփում մեր գլուխներից վեր ու վրա, դարձյալ հրաժարվում ենք դասեր քաղել ու դարձյալ նույնն ենք՝ թշնամուն թողած՝ չարացած մեկմեկու դեմ: Իհարկե, պարզ է՝ անզորությունից, ու եթե չարության պաշա՞ր կա ու թշնամու վրա հնարավոր չէ՞ այդ պահին թափել, ուրեմն մնում է ամենամոտիկը, իսկ եթե նա ավելի արդարն է ու ներքին գրգիռներ արթնացնողը՝ ավելի՛ լավ… Ու մոռանում ենք «բռունցքվել», «միասնություն», մեծերի խրատ ու կյանքի փորձ…
Ու դավաճա՛նն է խրախճանում: Որին երբե՛ք չփորձեցինք իր տեղը դնել, մեր արդարությունը միշտ միայն մանր-մունրի համար գործեց՝ գրպանահատներ, մի պատառ հացի համար ձեռքն իր դատարկ տարածքից դուրս մեկնողներ…
Ժողովուրդը կարգին չգիտի անգամ իր նախկին դավաճաններին, իրե՛ն դավաճանողներին. նրանք արխիվներում կան, գիտական աշխատություններում, նեղ շրջանակներում թերևս, որտեղ երբեմն պարտավոր են նաև ազգի նահատակների կենսագրությունները հիշել: Եվ դեռ այն հատուկենտ բարձր հնչեցված անուններն էլ, որոնց պատմությունը որպես դաս հասցրել է մեզ, մենք մեր նոր խելքով՝ 21-րդ դարյա խելքով, փորձում ենք արդարացնել: Իսկ այսօրվաններին էլ՝ սովորության համաձայն, կփորձենք մոռանալ ու գնալ առաջ:
Մենք լա՛վ ազգ ենք, մեզ շա՛տ է տրվել…
Բայց մինչև չազատվենք ազգակործան թերություններից, մեր ընթացքը չի հեշտանա, մեր հաղթանակները հաղթանակ չեն մնա…
«Մոռանա՛լ Հերոստրատին», որ բանաձևում դարձավ, մարդկության գլխով անցած փոքր իրադարձություններից մեկին մեծ սխալով արձագանքն է: Այն գուցե ճիշտ էր հենց այդ դեպքի համար՝ չկատարել հանցագործի երազանքը, բայց վերցնել ու կանո՞ն դարձնել, որի շուքի տակ հետո որքա՜ն հանցագործներ էին ապահով թաքնվելու, և դրա արդյունքում որքա՛ն նոր ոճիրներ ու ոճրագործներ էին աշխարհ գալու:
Ո՛չ, հարգելինե՛րս, հերոստրատներին երբե՛ք չպետք է մոռանալ. նրանց պետք է նախ դատել և ապա հիշել՝ իրենց սև գործերով ու սև անուններով, նրանց սերունդները պետք է ամոթահար ու սևն իրենց ճակատներից մաքրելու արդար մղումով ապրեն: Այդպես գուցե թե՝ մեր խառնիխուռն երամն առաջնորդող Նժդեհներ միշտ գտնվեն, ու նաև քիչ առ քիչ սևը մաքրվի ազգային գիտակցությունից ու հոգուց: