ԿՅԱՆՔԸ՝ ԹՎԵՐԻ ՏԱԿ / Վազգեն ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

Ղուկաս Սիրունյան

Բանաստեղծությունը պատմվածք չէ, որ սյուժեն հիշես, բայց լինում են բանաստեղծություններ, որոնց մի միտքը, մի համեմատությունը, մի դիտարկումը տևական ժամանակ մնում է հիշողությանդ մեջ, հետո, երբ դրանք էլ ես մոռանում, մնում է անորոշ մի տպավորություն, մի հաճելի զգացում, որ քո մտածումների, զգացումների խորքում է, նստվածք, մի շերտ թե մասնիկ՝ արդեն խառնված քո էությանը: Իսկ երբ այդ բանաստեղծությունները հավաքված են մի գրքում, որ գիրք է և ոչ պարզապես հավաքածու, երբ շարք է ու շարքեր՝ ներքին միասնությամբ, որոշակի կառույցով, քո մտքի մեջ, քո հայացքի առաջ կենդանացնում է հեղինակ-հերոսին ու նրա պատմությունը՝ իրական միջավայրում, բանաստեղծությունների գիրքը՝ ահա դառնում է «վիպական», առավել հիշելի, առավել տպավորիչ, առավել տևական զգացական տպավորություններիդ չգրված մատյանում՝ ամբողջական էջ:
Իմ ստացած տպավորություններով այդպիսի գիրք է նաև Ղուկաս Սիրունյանի՝ վերջերս լույս տեսած «Իմ թվերը» բանաստեղծությունների ժողովածուն: Հղացումը՝ բանաստեղծությունների վերնագրերը թվերով (ավելի ճիշտ՝ թվականներով) և այն էլ ոչ մեկ-երկու բանաստեղծություն, այլ ութսունից ավելի, գրքի գերակշիռ մասը (որն էլ՝ թելադրել է գրքի խորագիրը), անշուշտ, հետաքրքիր է, ինքնատիպ, թեև չարենցյան հղացման հուշումով, սակայն նորովի բովանդակությամբ: Գիտենք, որ Չարենցը 1936 թ. գրել է մի քանի բանաստեղծություններ, որոնց վերնագրերը հենց գրության տարին, ամիսն ու օրն են («9.Vll. 1936», «26.Vlll.1936», «29. lX.1936»): Վերնագրի փոխարեն՝ բանաստեղծության «նյութի, ողջ իմաստի մասին» «անբառ ավետող» այդ «չոր թվականները», Չարենցի բնութագրմամբ, «մոգական խորհրդանիշներ» էին՝ «Ինչպես խաչն առաջ – մահ նշանակող»: Դրանք գրվեցին «իննից հուլիսի, այդ քստմնելի օրվանից» սկսած (Աղասի Խանջյանի սպանության օրն էր), և այդ «չոր թվական» վերնագրերը «դարձան մահվան պես ահեղ ու անհուն»: Թվական-վերնագրերով Չարենցի մյուս բանաստեղծությունները գրվել են օգոստոս և սեպտեմբեր ամիսներին, երբ մեր գրողների, մտավորականների՝ որպես «ժողովրդի թշնամու», բանտարկություններն էին սկսվել: Չարենցը իբրև թե ծածկագրում էր ասելիքը, իր հոգեկան տառապանքը, քանի որ գտնում էր, թե այդ «թվականները» «ավելի անհուն, ավելի խորունկ և իմաստավոր» են, քան բառերը, քան հաստափոր գրքերը: Չէ՞ որ դրանք օրերի անհուն ողբերգության խորհրդանիշներն էին:
Ինչ-որ տեղ խորհրդանիշներ են նաև Ղուկաս Սիրունյանի «թվերը»՝ արտահայտված միայն տարեթվերով, մի դեպքում՝ մասնավորեցված, մի այլ դեպքում՝ ընդհանրական: Մի դեպքում՝ իր կենսագրական դրվագն է, մի այլ դեպքում՝ իր տոհմի, իր միջավայրի մարդկանց, մի ուրիշ դեպքում՝ իր ժողովրդի պատմության: Եվ բոլոր այդ թվերը նա համարում է իրենը՝ «Իմ թվերը»: Եվ որովհետև ինքը մեզ ծանոթ ժամանակի ու մեր պատմության մեջ է և տարեթվերը դիպուկ հայտանիշներ է դիտարկում, նրա թվերը դառնում են նաև մերը: Այդ թվականների այդ դրվագներով ձևավորվում ու ամբողջանում է բանաստեղծի կերպարը, որին եթե ուզում եք՝ Ղուկաս Սիրունյան կոչեք, ուզում եք՝ պարզապես բանաստեղծական մի լավ ժողովածուի քնարական հերոս, որ կենսագրություն ունի, պատմություններ, միջավայր, ու դրանց մեջ նաև մենք ենք, ու նաև մեզ արդեն հարազատ մեկն է:
«Իմ թվերը» բանաստեղծական ժողովածու է, բայց քնարական դիտումների, ենթակայական զգացողությունների առանձին-առանձին դրսևորումներ լինելով հանդերձ՝ էպիկական ատաղձով ամբողջական մի կառույց է (կյանք և պատմություն), ուստի և կերպարը ամբողջանում է նաև էպիկական տարրերի շնորհիվ: Էպիկականը նաև իր պատմությունն է՝ Սիրուն կոչված անանուն նախապապից ու Մովսես պապից սկսած, Արագածի փեշերին իրենց նոր գյուղը հիմնած սասունցի գաղթականների կենսակերպի պատկերներով, իր մանուկ, պատանի ու հասուն տարիքի կյանքի դրվագներով, որ վերհիշումներ են: Էպիկականը նաև մեր ժողովրդի անցյալի պատմությունն է՝ բախտորոշ խորհրդանշային թվականների, նույնիսկ դարերի վերնագրումներով («2492 ՔԾԱ», «95-55 ՔԾԱ», «V դար» և այլն), որոնք, հասկանալի է, իմացությունների, մտորումների արդյունք են:
Թվականները, որ բանաստեղծությունների խորագրեր են դարձել, հուշում են որոշակի ժամանակի մասին, իսկ կյանքի այն դրվագը, որ այդ թվականի տակ բանաստեղծական տեքստ է, և՛ պատմություն է ու տարեգրություն, և՛ կյանք է՝ արթմնի վերհուշ մի բանաստեղծի կյանքի, ավելի ճիշտ՝ ընդհանրապես կյանքի՝ դիտված բանաստեղծի հայացքով, ուստի և գործ ունենք շոշափելիորեն տեսանելի մի կերպարի հետ, որ հայ մարդ է՝ ժամանակների դժվարությունների միջով անցած ու անցնող, Հայկ Նահապետի ժամանակներից մինչև այսօր: Անգամ «փլուզման ժամանակներում», երբ «մթագնում են մտքերը խավարի ներխուժումից, լավատեսության ծաղիկները պռճոկում է քամին, մեկը սակայն մնում է», լավատեսությունը մնում է: Հավատը չկորցրած մարդն է ահա այս «հերոսը», հայ մարդը՝ իր հողի, իր բնաշխարհի, իր պատմության սրբազան դողը զգացող: Եվ ամենակարևորը. ընդհանրապես մարդուն, տարածությունից ու ժամանակից, հողից ու ազգային պատկանելությունից վերացարկված, իբրև թե «աշխարհաքաղաքացի», իբրև թե «համամարդկային» մարդուն ներկայացնող, այսօր մոդա դարձած պոետական շատ «ինքնադրսևորումների» կողքին, հաճելիորեն առանձնանում է Սիրունյանի այս գիրքը, որի հերոսը անորոշ մեկը չէ, այլ մի հայ մարդ՝ իր անվանակիր գերդաստանով, իր երկրի, ժողովրդի պատմության հայտանիշները կրող:
Պոեզիայի այս տեսակի մասին հարմար է օգտագործել «կյանքային» ածականը: Պոետական նկատումը՝ պարզ նկարագրության թե պատկերավոր համեմատության դրսևորմամբ, աղերսվում է տեսանելի բնապատկերին, մարդկային ծանոթ հարաբերություններին, մեր կյանքի առանձին դրվագներին, իրադարձություններին:
Սիրունյանի «թվերը» ոչ միայն հերոսի համար են հիշատակելի, այլև առանձին-առանձին հիշատակվելով՝ ամբողջացնում են մեր վերջին կեսդարյա պատմությունը և ոչ միայն: «Իր թվերը» սկսվում են 1949-ից (իր ծննդյան տարին), որ այլոց հիշողությամբ է, բայց այնտեղ կա գաղթականներով բնակեցված մի գյուղի և իրենց վագոն-բնակարանի (ուր գիշերում էր «առնվազն երեսուն մարդ») պատկերը: «1952»-ը հուշ է ահաբեկված գյուղացիների մասին, թե հանկարծ իրենց ծեր հարևանի «էսպես չի լինի» անմեղ տրտունջը «Ստալինի ականջը չընկնի»: «1956»-ը «Ուջանի կոլխոզի գրասենյակի առաջ» կանգնեցրած Ստալինի արձանի՝ տրակտորով քարշ տալու հուշն է, «1973»-ը վաթսուն տարի առաջ իրար կորցրած եղբոր (իր պապի) ու նրա քրոջ հանդիպումն է, որ իրար լեզու չեն հասկանում և այլն: Սրանք հեղինակի կյանքի հուշերն են, բայց նա երբեմն-երբեմն, ընդմիջելով իր ապրած թվականները, փորձում է խորհրդանիշ դարձնել հեռավոր դարերի բախտորոշ թվականներ` հուշելու համար նրանց խորհուրդը հենց մեզ, իր ժամանակակիցներին: Այս թվականները մեր պատմությունը, մեր տեսակը ամբողջացնելու միտումից բացի, արդիական հուշումներ են: «2492 ՔԾԱ» արձակ բանաստեղծություն-խոհի մեջ, որ մեր Հայկ նախահոր մասին է, Սիրունյանին շատ արդիական մի հարց է անհանգստացնում:
«Եվ եկավ Հայկն իր որդոց և թոռների ու ծոռների և ամենայն ընդոծինների հետ, լցրեց Արարատի երկիրը… Սա հրաշալի էր, որովհետև մենք ունեցանք հայրենիք: Ես համոզված եմ, որ հենց այդ ժամանակ եղավ մեկը, որ լքեց այս հողը: Ես միշտ մտածել եմ նրա մասին»: Ինչո՞ւ հեռացավ՝ անարդարությունի՞ց, բռնությունի՞ց, թշնամու ահի՞ց: Եվ ի՞նչ ասաց նրանց, ում մոտ գնաց: «Ասաց՝ իմ երկրում բռնությո՞ւն է, ժողովրդավարություն չկա՞, հալածա՞նք է… Ո՞վ էր նա: Շատ եմ ուզում իմանալ: Նա կարոտե՞ց այս հողը և հարազատներին, երբևէ ցանկացա՞վ ետ դառնալ…», արդյոք ապրեց ի՛ր երկրի օրենքներով, թե՞ նրա՛նց, «Ու հետաքրքիր է նաև՝ երկրի տերերը՝ Հայկը ու Հայկյանք, իմացա՞ն արդյոք իրենց գնացածի մասին, իմացա՞ն ու շարունակեցին երջանիկ ապրե՞լ, ինչպես հիմիկվա տերերը»: Առաջին հայերից մինչև այսօր ապրողներին հուզող հարց է, ու ասես նաև պատասխան ու նաև խորհելու հարց հայրենի հողի ու տարաշխարհի, փոխանցվող հոգեբանության, լքումի պատճառների, գնացողի ու մնացողի ապրումների մասին: Բանաստեղծի նույնաբնույթ խոհերի նյութ է Հայաստանի՝ հույների ու պարսիկների միջև բաժանման ժամանակներից՝ Արաքսի արևմտյան ափին մնացածների՝ առ այսօր ձգվող ցիրուցան սերունդների հոգեկան դրաման՝ «մի հայ արտիստ գերհնար է գործադրում, որպեսզի միացնի իրար իր կիսված մարմինն ու կիսված հոգին»: Սիրունյանի «թվերի» մեջ կա նաև մեկը, որ անմիջաբար հաջորդում է այս դրամային, որ ո՛չ հեռավոր պատմության թվական է, ո՛չ այսդարյա, այլ երևակայության թռիչքով՝ «3015»-ը: Վան քաղաքի հայ քաղաքապետը պարտեզում ճեմում է՝ մտածելով այդ օրը քաղաքում բացված «Անցյալից եկող ձայների ընդունման կայանի» մասին: Քաղաքը, բնակչությունը և բազում հյուրերը լսում են հեռավոր անցյալից եկած մեր նախնիների ձայնը՝ «Մենք հիմնում ենք այս քաղաքը մեր հավերժական սերունդների համար…», և ձայնը գլխավոր Քուրմի՝ «Թշնամիք բազում են և կլինեն բազում, բայց հարկավոր չէ թուլությամբ համակվել, որովհետև նրանք կվերցվեն մի օր գարնան ձյունի նման…»: Քաղաքապետին իր մտքերից կտրում է տասնամյա որդին՝ նոր կարդացած գիրքը ձեռքին. «Հայրի՛կ, իսկ ովքե՞ր են եղել թուրքերը»: Թող որ այսօր քմծիծաղով ընդունվի բանաստեղծի՝ մեկ հազարամյակ հետո Վանի բնիկ քաղաքապետի բերանով հնչեցրած պատասխանը՝ թե «դրանցից մի քանիսը կարծեմ ապրում են հյուսիսի ծերանոցներում», բայց հավատանք հեռու գալիքի մեր քաղաքապետին, չէ՞ որ այդպես էլ է լինում պատմության մեջ: Վահան Տերյանի հիշատակումները Բաբելոնի, Ասորիքի մասին նրան հիմք էին տալիս, չէ՞, հավատալու և հավատացնելու, թե «Բարբարոսներ շատ կըգան ու կանցնեն անհետ, արքայական խոսքը մեր կըմնա հավետ», միայն թե՝ «արիացի՛ր, սիրտ իմ, ե՛լ հավատով տոկուն…», իսկ Սիրունյանը Քրմապետի պատգամն է հիշեցնում՝ «բայց հարկավոր չէ թուլությամբ համակվել…»:
Մերօրյա գիտական հայտնագործությունները կարծես թե անհավատալի չեն դարձնում հեռու ապագայում «անցյալից եկող ձայների ընդունման կայանի»՝ ֆանտաստիկայի հնարավորությանը, ուրեմն ինչո՞ւ չհավատանք մեր ժողովրդի դարավոր երազի իրականացմանը: Սիրունյանի մյուս բոլոր «թվերը» իրապատում դրվագներ են մեր կյանքի: Եվ ոչ միայն «Իմ թվերը» բաժնի: «Այ թե դա սեր էր» և «Քաշաթաղյան ճեպագրեր» բաժինների բանաստեղծությունները, որ սովորական վերնագրեր ունեն, համապատկերն են մեր երկրի ու մարդկանց՝ ամբողջության մեջ, իսկ առանձին-առանձին՝ մի պահ են այդ կյանքից, որ կամ իրենն է, մեկ ուրիշինը՝ իր վերապրումով: Եթե առաջին բաժնի բանաստեղծություններում տարվա համար հիշատակելի մեկ դրվագն է դիտարկվում, այս բաժիններում՝ կյանքի մի պահը՝ ժամը, րոպեն, վայրկյանը, առանց թվագրության, առանց ապրած տարիքի շեշտումի, ըստ էության սրանք էլ են դրվագներ, կարող էին դրվել «Իմ թվերի» ներքո: Իսկ «Քաշաթաղյան ճեպագրեր» շարքի համար թվական էլ կարող էր խորագրվել, քանի որ «Իմ թվերի» շարքում կա «2012»-ը, որ վկայում է Քաշաթաղի Սպիտակաջուր գյուղում բանաստեղծի՝ հայերենի ուսուցիչ աշխատելու մասին: Բայց թվականի կարիք չկա. այստեղ պարզապես քաշաթաղյան բնանկարի ճեպագիր պատկերներ են՝ գունեղ, գեղեցիկ և… դաժան: Լեռներ, որ «ավելի բարձր են, քան երկինքը», «աստղաբույլը կախված է երկրի վրա, պայծառ, խոշոր ու գժվեցնող». ձեռքդ մեկնիր և կարող ես աստղը բռնել, «կուչ է եկել գայլը, նրան այնքան է ծեծել բուքն իր մտրակով», որ չի նկատում կողքով անցնող կխտարին, «կոբրա մրրիկը պտտվում է տեղում», «նա դաղել է ողջ ուռուտը ձորի»…
Պատմողական-նկարագրական տարրը, որ ընդհանրապես Սիրունյանի ոճի բնորոշ հատկանիշներից է, «Այ թե դա սեր էր» շարքում լոկ հենք է քնարական խոհի, բանաստեղծական զգացում-ապրումի արտահայտման համար, և, բնականաբար, թե՛ բնապատկերի, թե՛ զգացում-ասելիքի կերպավորումը զուտ ենթակայական ընկալման արտահայտություն է, քնարերգություն, որի հերոսը վերապրում է իր բնաշխարհի հրաշք գեղեցկությունները, կյանքի, հողի զարթոնքը, երբ «անձրևից հետո հողի հոգուց գլուխ գլխի» արթնանում են «երիցուկն ու մայրամախոտը», «օդը լցվում է անթառամի ու մեխակի սուր հոտով», «կյանքը բացում է աչքերը» («Կյանքի աչքերը»), հանդ ու անտառի գույները, կապույտ կրակների պես հուրհրատող առվույտի ծաղիկները, որ «հիացմունքի չքնաղ տեսիլքով կարող են լցնել մարդու սիրտը» («Առվույտի դաշտ»), հրաշք «ակնթարթը անձրևից հետո», երբ «թուփ, անասուն ու մարդ ժպտում են իրար» («Տես, ինչ կատարվեց…»): Եվ այս ամենը խոհեր են ծնում, աշխարհահիացումը երբեմն շաղախվում է ցավով, որ հողից ծնվող հրաշք ծաղիկների հետ, երբեմն «մարդկանց սրտերից գլուխները հանում են նզովքի ծաղիկները», «կյանքը բացում է աչքերը, մեկում՝ երազանք, մյուսում՝ խարդավանք», որ կարող է երբեմն էլ անտեսվել ու մոռացվել մարդկանց կողմից, այնժամ՝ հրաշքով սովորական կանաչ խոտի վերածված իր նոր կարգավիճակում, ծաղիկների կողքին հանգիստ զգալ իրեն՝ մարդկանց թողնելով իր կյանքը «իբրև ժառանգություն, հետն էլ լավատեսության» իր «ողջ պաշարը, որ Հայաստանին կհերիքի Եգիպտոսից ելնելու համար» («Բալլադ հարազատներիս համար»): Ընթերցողին խորհելու առիթ տվող բանաստեղծությունները շատ են այս շարքում («Լսիր, Սանչո», «Կիրակնօրյա զբոսանք», «Ծիծեռնակը», «Հայրենիքս», «Ուրիշ տեղ են գնում մարդիկ», «Երևան», «Հարցազրույց» և այլն):
Սիրունյանի բանաստեղծությունների ներքին կառույցի մի կարևոր հատկանիշ ուզում եմ հիշեցնել, որը նրան կապում է մեր դասական բանաստեղծության հետ: Դա բանաստեղծության բովանդակային զարգացման և գլխավոր միտքը ավարտի մեջ «բացելու» եղանակն է: Սկիզբ, ընթացք և ավարտ: Ի տարբերություն այսօր հաճախ հանդիպող այնպիսի բանաստեղծությունների, որոնց «մասերի» տեղափոխությունից ոչինչ չի խախտվի, որովհետև դրանք կապված չեն իրար, չունեն ընթացքի զարգացում:
«Իմ թվերը» գրքի հաջողության պայմաններից մեկն էլ, անշուշտ, բանաստեղծական ձևերի բազմազանությունն է: Դասական՝ քառատող, հնգատող տներով, հանգավոր, ներքին հանգերով կամ անհանգ բանաստեղծությունների կողքին առավելապես ազատ ոտանավորի բազմաձև կիրառություն, արձակ բանաստեղծություն, նույնիսկ արձակ պատում, և այս բազմաձևությունը մտածված է, որ ընթերցումը չդառնա միատոն:
«Իմ թվերը» գրքում կան նաև «հեշտ» գրված, զգացումի ծալքերը չբացված, պարզ-նկարագրական բանաստեղծություններ, որոնք չեն տպավորվում, խոհեր չեն ծնում կամ բառի, տողի խմբագրման կարիք ունեն, բայց չմանրանանք, որովհետև «Իմ թվերի» տակ կյանք կա, մարդ կա, հող ու երկինք, անցյալ ու ներկա, պատմություն ու ընթացք, մարդկային ապրումներ, որ սիրելի են, խոհեր, որ նոր խոհեր են ծնում, և ամենակարևորը՝ դրական լիցքեր ներարկող գիրք է:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։