Տեսել ենք բանաստեղծների, ովքեր տառապում են այլոց տառապանքով, որովհետև ստիպված են ապրել այլոց ապրումներով, ստիպված են այրվել, բայց չմոխրանալ, տառապել ու բացել ծաղկի ճանապարհը նույն այդ տառապանքի ճյուղին… Տեսել ենք բանաստեղծների, որոնց խոհերը պտտվել են հովվերգության պարգևած երանության գրկում, ու տեսել ենք նաև նրանց, ովքեր ելքեր են փնտրել անելանելիի հոլովույթում, ովքեր սիրել են ու սիրվել, բարձրացել ու բարձրացրել, առաջնորդվել ու առաջնորդել, և այսպես շարունակ…
Բայց չէինք հանդիպել բանաստեղծի, ով, ինչպես մեղուն ծաղկի մեջ, երանության մեջ է բանաստեղծելու, սեփական շնորհի մեջ.
Բանաստեղծություն գրե՞լ…//բանաստեղծություն գրե՜լ…//բանաստեղծություն շնչո՛ւմ են…
Բանաստեղծելու երջանկությամբ է ապրում Արմենուհի Սիսյանը: Ինչո՞ւ, ի՞նչ տվեց այդ շնորհը նրան, երբ սպասում էր իր առջև բացվող կյանքի արևաշող գույներին, բայց ամպերն էին կուտակվում նրանց առջև… Երբ ծաղկել, միանալ, ընդգրկել ու ընդգրկվել էր երազում, բայց կորուստներն էին դիմավորում նրան: Ի՞նչ տվեց բանաստեղծելու շնորհը «արՄենուհուն»՝ իր կյանքի համար արարված ժամանակի մեջ, երբ զգում էր, թե ինչպես է մենությունը կամաց-կամաց շրջագծում իրեն: Ահա «Հազար տարվա կարոտ» վերնագրված ժողովածուի ճերմակ թերթերից մեկը, որի մի փոքրիկ անկյունում ինձ հուզող հարցի պատասխանն է.
Տողով հաղթահարեցի//կորուստներս, //ցավերս,//կարոտներս,//տողով հաղթահարեցի//ինքս ինձ:
Տեսել ու լսել ենք տարբեր դրսևորումներ ունեցող սիրո խոստովանությունների մասին: Սակայն սա նորություն է. առաջին անգամ ենք հանդիպում բանաստեղծելու շնորհի երանությամբ տարված անձի սիրո խոստովանությունը նույն այդ շնորհին՝
Ես սիրում եմ գրել,//գրելը սիրում է ինձ…
Դե ինչ, մնում է հաջողություններ ու զորություն մաղթել սիրո այս թևերին, բայց…
…Բայց կյանքն անողոք է: Կյանքն առջևում ճերմակ էջ է դնում ու ասում՝ գունավորիր: Այսինքն՝ սիրո խոստովանությունն ունի իր շարունակությունը՝
… բայց խանդոտ է կենցաղն իմ//ու անում է ամեն բան,//որ մենք չլինենք միասին:
Ահա այստեղ է, որ ծայր է առնում բանաստեղծուհու սիրո տառապանքը: Սեր՝ բանաստեղծելու սեփական շնորհի նկատմամբ, որովհետև այդ սիրով է իր համար նախանշված մաքուր մնալու ճանապարհը: Նրանով է նախանշված արարվող պահի մեջ մաքուրին փառաբանելով, անեղծին երկրպագելով առաջանալու ընթացքը: Իսկ եթե սեր, ուրեմն՝ լրջագույն մոտեցում «սիրո առարկային», հավատարմություն, ներողամտություն…
…Առավոտյան նայեցի թաքուն// ինձ սպասող ճերմակ էջին.//գունատ էր ավելի,//ու դատարկությունն էր լռում//սպիտակ երեսին…//ներիր…
Այսպես է պոետականությունն անձնավորել Արմենուհի Սիսյան պոետը՝ քաջ գիտակցելով, որ անձ լինել, ավելին՝ բանաստեղծ լինել, չի նշանակում լինել միայն շոշափելի.
…Բանաստեղծություն շնչում են,//եթե թոքերը մսեղեն չեն լոկ…
Ահա այս մոտեցմամբ է «հազար տարվա կարոտին» անցնում բանաստեղծուհին և խոսում նրա մասին, որպես ճերմակի պես անգույն թվացող, բայց բովանդակություն ունեցող գույնի: Ճերմակ, այսինքն՝ արևային լույս, ջերմ շունչ, բնություն, բարություն, հարազատ հոգի, վեհություն, մխիթարություն, ծաղկում, ծլարձակում…
Ահա թե ինչեր կարող են լինել ճերմակ գույնի մեջ, որոնց մասին էլ բանաստեղծելու մաքուր թրթիռներով խոսում է Արմենուհի Սիսյանը:
Անբովանդակության մեջ ամպն ուղղակի ամպ է, գույնը՝ ուղղակի գույն, քամին՝ զուտ քամի, ձյունը՝ ձյուն, բանաստեղծությունը՝ բ-ա-ն-ա-ս-տ-ե-ղ-ծ-ու-թ-յ-ու-ն, տպագրական մամուլը՝ անհրաժեշտ քանակ… Անբովանդակությունը դատարկություն է, ճերմակն այստեղ ոչ թե գույն է, այլ՝ մերկություն: Արմենուհի Սիսյանի վրձնած ճերմակաքող աշխարհում ձևն ու դրսևորումը ձուլված են բովանդակությամբ ու յուրաքանչյուր արտահայտչամիջոցի հետ՝ լինի բնության տարերք, առարկա թե զգացմունք, օժտվում է սիրով ներշնչված գործողությամբ, նվիրումով՝ շուրջը պարուրելով այդ սիրուց մնացած նուրբ բուրմունքով:
– Սիրում եմ քեզ,- ասաց քամին//ու գետնով տվեց//ծառի տերևները:
Ճերմակ էջ, ճերմակ բառեր, ջերմ շունչ ու խմորում՝ մատների հպումից, ճերմակ բառերի ծնունդ ու հոգու բառերին փարվող համբույր («Թերթի՛ր ճերմակ էջերս…»)… «Էջ ճերմակի» շարքի ստեղծագործությունները գրողի հարթած մաքուր և ուղիղ, ճշմարիտ ու անխոչընդոտ ճանապարհն են ցույց տալիս: Իր մոտ ուղեկցող ճանապարհին շաղ տալով բառերի հատիկները՝ բանաստեղծուհին ամփոփվում է իր մեջ՝ հանդիպման սպասումով («Բառերիս հատիկները»): Նրա ոգին հանկարծակի բռնկվող ու պայքարող չէ, համբերատար է. «Թե համբերությունը կյանք է, ուրեմն ես անասելի երկարակյաց եմ», «շուրթերը չեն սիրում աղմուկ»… Նա հանդարտ ու անխռով ամենն ընկալող ու ընդունող է, ամենն իր միջով անցկացնող ու ճերմակապատող: Պայքարի համար գործի է կոչում բնության ուժերը՝ ձյունը, երկինքը, արևը, («Ձյունն էլ սպիտակ չէ»), անձրևը («Անձրևային ստեղնաշար» բանաստեղծությունների շարք), երկխոսության առաջ է կանգնեցնում մարդուն ու բնությանը («Մենք մեկ անգամ ենք ապրում…»): Նա ճանաչում է մարդուն, ով չի հանդուրժում իրենից բարձր գտնվողներին. «Թե նկատեցին մարդիկ, որ քիչ բարձր ես իրենցից, պատրաստ եղիր ուրեմն կախաղան հանվելու»: Նա գիտի բնության լեզուն, քանզի «այնքան բան է թափվել գլխին», որ համրացել է, ու հասկանում է նույնիսկ ձկների համր լինելու պատճառը («Այնքան բան թափվեց իմ գլխին»): Միակ փրկությունը բնության հետ ձուլումն է.
Այսօր խոր ձյուն եմ ես,//Երեկ անձրև էի,//բայց ի՜նչ ոսկե արև եմ վաղը լինելու…
Իրեն տրված փուշն ու ցավն անգամ վարդ-ծաղիկ դարձնելու մխիթարությանն է արժանացնում բանաստեղծուհին, ձուլում մեկը մյուսով, ճերմակեցնում… Ճերմակաքողն ամենուր է Սիսյանի աշխարհում: Ճերմակաքողը պաշտպանիչ շերտն է, որի շղարշից է դիտվում բովանդակությունը՝ դարձնելով այն ձյան պես մաքրամաքուր, շնորհապարտության զգացում առաջացնելով սիրո ու մաքրության արարչի հանդեպ.
Թող ձյունով,//ձյունո՛վ ծածկվի ամեն բան…//Տեսնես՝ ո՞ւմ պետք է շնորհակալ լինել,//որ ճերմակ է ձյունը…:
Իր հոգու լույսը բանաստեղծուհին առնում է հավերժ լուսաբաշխ մեծն արևից: Բանաստեղծությունների մի շարք՝ «Արևին» վերնագրված, արևավառ ջերմություն է տարածում, ու հնչում է բանաստեղծուհու լույս-մեղեդին՝
Հոսի՛ր, հոսի՛ր, իմ մեղեդի,//Արյանս հոսքով անցիր,//Սահի՛ր սրտիս զարկերի ռիթմով//Ու շուրջառվի՛ր նորից,//Չգիտեմ՝ դո՞ւ ես իմ մեջ,//Թե՞ ես քո հոսքում,//Լույս եմ հիմա ես,//Արև եմ ու ջերմ, //Ո՞րն եմ՝ չգիտեմ…:
Օրն իմաստալից անցկացնելու, օրը սիրելու պահանջ է դնում բանաստեղծուհին ինքն իր և մյուսների առջև: Երեկվա ու վաղվա միջև մեխված այսօրը «տառապանքի դեմքով» սպառնալիք ունի: Տառապանքը ցրելու և ապրելու կարիք կա: Ինքնասպան արված օրերի համար ներում չկա: Հարկավոր է հասկանալ, թե ինչ կարելի է անել «խրձով առջևդ նետված չապրած ժամերի» հետ («Օրը հապաղեց»), որոնք իրենց հետ տանում են երջանկությունը, երբ այսօրը դառնում է երեկ («Դու չգիտես, որ երջանիկ ես»): Անցած և անցնող օրերի բովին կանգնած, «մարմինն ի վար մեկ օր էլ կյանքից մերկացած», «…Քոնն եմ ես, բնությո՛ւն…»,- ձայնում է բանաստեղծուհու ոգին («Կարոտ է իմ հոգու անունը» շարք): Բնությունն իրենն է, ինքը՝ բնության մասնիկը, և ոչ ոք չի կարող խլել այն իրենից… Ինչ լավ է, երբ մենակ չես, երբ «ձեռքիդ» հաստատ «մի կտոր երկինք» միշտ էլ կա: Այդ մի կտոր երկինքն իր մեջ ամբողջ «մի երկինք կարոտ» է առել՝ դեպի իրեն պահելով «հարազատ հոգու թրթիռ» զգացումներին հավատարիմ բանաստեղծուհու հայացքը.
…ու երբ ճերմակի պակասից//սիրտս է հեղձվում,//ես նայում եմ վեր…
Այսպիսին է բանաստեղծուհու ապրումը, ում հոգին ալիքվում է երկնքից եկող և իրենից վեր բարձրացող տողերի միջև, ալիքից ցամաք՝ ցամաքայիններին հասցնելով լույսի վայելքի գաղտնիքները:
Կարոտն ու երկինքը միաձույլ, հավերժական ու հավետ կարոտալի են Արմենուհի Սիսյանի համար: Կարոտի թեմային մի ամբողջ բանաստեղծական շարք է նվիրել: Յուրաքանչյուրի հետ երկնքում կարոտի մի ծվեն, մի ամպիկ է գոյանում, միանում երկնի անհատակ կարոտին ու մնում հեռու… հայացքը՝ վրան.
Երկնքի անվերջի մեջ//երամը կարոտ էր թևախմբում,//ու ամեն հեռացումի հետ//թևի մի ճախրանք ավելանում էր…//հիմա գիտեմ, թե ինչու է//կարոտը միշտ հեռու մեզնից:
Կարոտը մի ամբողջ սիմֆոնիա է դառնում, հնչում մե՛կ նուրբ, մե՛կ սահմռկեցուցիչ ձայնով ու ստանում կերպար՝ ձուլվող, գայթակղող, սպասող, ճախրող, շառաչող, բեկբեկվող, տրոփող, ծփացող, շառագունող, աճող, ծավալվող, ցավեցնող, հաղթող, ծաղկեցնող ու ապրեցնող.
Իմ կարոտի շնչից ծովն է ալիքվում,//Մով երկինքն է շնչում բույրը կարոտի,//Իմ կարոտի շնչից երկինքն է բացվում,//Նոր ծփանքներ ծնում ծովը կարոտի… («Կարոտ բազմաձայն» Ձայն VII):
Սերն էլ կարոտի պես հավերժ է ժամանակի ու տարածության մեջ: Սերը չի ընդունում վախ կամ տատանում և ոչ մի կապանք, իսկ սերն ընտրողը հեռանում է այնտեղ, «ուր մարդը չի որոշում ժամանակն ու չափը» («Տերևների թրթռոցը ինձ հուշեց»):
«Լավ է հեռանամ ինքս իմ մեջ» որոշումը ոչ թե միայնության մեջ ամփոփվելով աշխարհից հեռանալու որոշում է, այլ՝ հարուստ, գունագեղ, մաքուր ու լուսառատ ներաշխարհի հետ ամենն ընկալելու, վայելելու ու իր ներսի լույսն ու մաքրությունը բաշխելու հնարավորություն:
Անհատույց քեզ տվեցի մաքրություն՝//աչքերով երկնքի…//նվիրեցի քեզ մաքրություն՝//ակունքով աղբյուրի…//ապաշխարության արցունքի զորությամբ //մաքրություն մեկնեցի…//…ու չեմ ուզում ոչինչ քեզնից…
Ահա անշահախնդիր նվիրումը: Այն, ինչ պակասում է մարդկանց աշխարհում:
Ահա և անցել են ճերմակի հետ հարաբերվելու, համադրվելու ժամանակները: Բանաստեղծուհու տեսադաշտում բնության մի հզոր ուժ է շողշողում՝ Արևը:
…Արև՛, գործ ունես անելու.
բնությունը չի հանդուրժում
ոչինչ անմաքուր…, – գրում է նա՝ շարունակելով հավաքել «երազանքներով լեցուն սեղանը», որի սփռոցը թափ տալուց հետո երազանքների փշուրներից վրձնած աստղազարդ երկինք է ունենալու («Ուշ է՝ էլ չեմ սպասի»): Իր ստեղծած հենց այդ երկնքի տակ էլ բանաստեղծուհին պարզ, հստակ ու անպաճույճ խոհերով որոշակիացնում է իր անելիքը՝ ապրումի բովանդակությունը մաքուրով լցնելու ճանապարհին: Նա գիտի՝ ինչ է ուզում, ինչ միջոցով և ում համար:
Ճերմակի բովանդակությունը մաքուրն է / Ֆելիքս ԲԱԽՉԻՆՅԱՆ
