Արևշատ ԱՎԱԳՅԱՆ

Արևշատ ԱՎԱԳՅԱՆ

ԱՍՏՂԱՍՓՅՈՒՌՔԻ ԶԱՎԱԿՆԵՐԸ
Նրանք, ովքեր անցյալում են ապրել,
հիմա արտասվում են
ամպերի մեջ:

Նրանց հայացքները
հեռուներն են տանում
դաշտերով սուրացող քամիները:

Մամռոտած քարերի արանքներից
դուրս են ժայթքում
նրանց կանաչ կանչերը:

Նրանք ամենուր են՝
հողի տակ ու երկնային լազուրում,
նրանց շունչը փռված է հորիզոնից հորիզոն:

Նրանք, ովքեր անցյալում են ապրել,
շարունակ գալիս են
գալիքի խորքերից:

Հայտնվում են մեկ-մեկ
կարոտների օթևաններում,
մարմին են առնում մեր ցանկությունների մեջ:

Նրանք կային մեզանից առաջ,
հիմա ապրում են
մեր կողքին:

Նրանք կային,
կան ու կլինեն մշտապես
մեր գոյության բոլոր կենսաձևերում:

ՇԱՐԺՈՒՄՆԵՐ
Շարժվում է ամեն ինչ երկնքում,
երկնային ուղեծրով գնում է աստղը,
և ուղեծրից դուրս
ճախրում են լույսը,
արծիվն ու քամին:

Շարժվում է ցանկությունը
մսածին բջիջներից դուրս՝
հոդակապերի արանքով,
անմեղությամբ մի ելք է փնտրում՝
հաճույքների կողքին
հայտնվելու համար:

Թաքնված միտքը, զգացմունքը
մտածումների շղթան ձգելով
ամրակապվում են իրար,
ձգվում են ներմտածումային
անսահմանության անդաստաններով:

Շարժվում է աստղերի երամը,
Կաթնածիրից միլիոնավոր
լուսատարիներ հեռու
մի աստղասերմ է ծլարձակում
մեր ցանկությունների ծոցում:

Ձեռքը ձեռքին սեղմած,
շրթունքը շրթունքին տված՝
մենք շարժվում ենք հիշողության
մոռացկոտ արահետներով,
գնում ենք դեպի գերնպատակը
հարատևող սիրո:
ԺԱՄԱՆԱԿՆԵՐ
Քաղաքը զարդարվում է ամեն օր
ցուցամոլի նման,
օտար շորերով, օտար տառերով,
օտարահունչ բառերով լցնելով
իր խանութներն ու փողոցները:

Ցուցափեղկերից վերանում են
մեսրոպյան գրերը,
բանկերը խժռում են խիղճը,
հարկահավաքները վխտում են ամենուր,
արդարությունը ոտնատակ են տալիս
օրենքի պահապանները,
մահն ամենուր վրաերթի է ենթարկում
կյանքի զավակներին:

Քաղաքը հարստանում է
էլիտար շենքերով, թշվառությամբ,
իգացող այրերով,
պղծված սրբություններով,
անդունդներով, որոնք ընկած են
մի սրտից մյուսն անցնող
վստահության միջև:

ԶԳՈՒՇԱՑՈՒՄՆԵՐ
Զայրացած ամպերը
շանթ ու որոտ են թափում երկնքից,
կարկտաբեր բարկությամբ
սառցագնդեր են նետում
պտղակալած ծառերին:

Մոլեգնած քամին,
փոթորկված ծովը
հարձակվում են նավերի
ու նավազների վրա,
պատառոտում են առագաստները
մերօրյա կոլումբոսների:

Հրաբխում են լեռները,
կրակ ու բոց են ժայթքում,
սառցապատ բարձունքների խառնարանները
լավայով, հրաքարերով ու մոխիրով
վերջնագրեր են տալիս
երկրաբնակ մարդկանց:

– Խաղաղ ապրեք,- ասում են,
մի՛ հոշոտեք իրար.
մի՛ կեղծեք ու խաբեք
ձեր եղբայրներին,
ձեր քույրերին մի՛ պղծեք
անպտուղ մոլուցքներով:

– Բավական է,- ասում է թայֆունը.
– Հերիք է,- սուլում է սամումը.
– Խաղաղվեք,- մռնչում է ծովը.
– Ապրեք,- փսփսում են աստղերը.
– Եվ իրար մի՛ կերեք,-
համր բերանով մրմնջում են
անցյալից ու գալիք լողացող
ջրհեղեղների ձկները:

ՀԱՅՈՑ ԿԱՊԻՏԱԼԻԶՄԸ
Մթնեցված ապակիներով,
սև ակնոցներով օլիգարխների նման
սրընթաց գնում են ջիպերը՝
մարտասայլերի սարսափը սփռելով
քաղաքի փողոցներում:

Ոստիկանների փակ աչքերի,
կարմիր լուսաֆորի բաց հայացքի,
անտարբերության փակ ականջների,
հուսալքվածների անզորության
ու ամենաթողության մայրուղով
առաջ են սուրում մերօրյա նժույգները՝
անասնական բնազդի
թափերը կորցրած սանձարձակությամբ:

Նրանց են տրված իրավունքները,
օրենսդիրներն ու դատավորները,
դժոխքով օղակված դրախտը,
խաղատները՝ պճնազարդված,
սաունաները՝ կրքահարույց,
կանայք՝ պորտաբաց,
աղջիկները՝ հեշտասեր ու անպտուղ:
Նրանց շապիկներին ու սավաններին
ճմրթված մեղքերի
հետքերն են օսլայած:
Նրանք, անշուշտ, չեն ուտում մրգերը,
որոնց պտղամսի միջով
անցել են որդերը:

Նրանցն է բանանը, ձիթապտուղը,
փառքը՝ անցողիկ,
արքայախնձորը՝ զրահապատ,
որոնք մեր օրերում ավելի էժան են,
քան ծիրանն ու խնձորը՝
մի կերպ հասունացած:
ԿԵՍԳԻՇԵՐԱՅԻՆ ԳՐԱՌՈՒՄՆԵՐ
Երբ քաղաքը խռմփացնում է
աստղանկար երկնքի
մութ վերմակի տակ,
մեղքերի թաքստոցում
մի կին դավաճանում է ամուսնուն:

Երկարատև սպասումից հետո
տղամարդը դեղահաբ է դնում
լեզվի տակ,
կնոջ լեզվից հաճելի բառերը
լցվում են օտարականի ականջների մեջ:

Երբ քաղաքը մտնում է
քնաբեր հոգնության ծոցը,
երբ երազկոտների կոպերի տակով
հոսում են պատկերները
տարօրինակ դեպքերի,
մեկը քնում է միամտության հետ,
մյուսը՝ սատանայի:

Մեկը, մյուսը, երրորդը,
բոլորն իրար հետ,
քնած լինեն թե արթուն,
նավարկում են դեպի լուսաբաց
մեր երկրանավին բարձած՝
փառքի լեռները,
անդունդներն ամոթների,
ալեկոծվող ծովերը՝ ձկներով,
երկինք հասած ամպեղեն
ցանկությունների հետ:

Մեծը, փոքրը, միջակությունը,
դարմանի տակի ջրերի,
մրջնանոցների, գայլաբների
ու մեղվի պարսերի հետ
մեր երկրանավին բարձած
լողում են դեպի
անհայտ եզերքները՝
իրենց հետ գալիքին տանելով
մարդկային սերերը,
հոգսերն ու տառապանքներն
ամեն տեսակ:

ՊՈՌԹԿՈՒՄ
Գալիս են քամիները
անտառի ծմակուտներից,
թևերին թափված են
աստղացոլքերը գիշերվա,
ծփացող թևերին՝
մթնշաղի արոտներով անցած
բուրմունքներն են սարսռուն:

Ամենօրյա տաքուհովից
շունչ առնելով,
օրվա տապից շնչահեղձ եղած
և գիշերվա սարսուռներից սթափված
գալիս են քամիները՝
սանձը պոկած նժույգի հանգույն:

Անակնկալ դեպքերի
ու քամիների հետ
գալիս են կանայք ցանկասեր՝
փոթորկաշունչ կրքերով
և ցանկություններից թափ առած
խելահեղ սիրո դրսևորումներով:

Գալիս են կանայք ցանկասեր,
խանդից ծռված հայացքներով,
բուրումնավետ թեթևությամբ
անպատեհ բացում են
շրջազգեստները առավոտի՝
տղամարդկանց հետ սիրահոժար
հաճույքները համտեսելու համար:

ՆԱՎԱՍԱՐԴԻ ԳԻՇԵՐԸ
Աստղասերմերը թափվում են
գիշերվա հերկերի մեջ,
իրերի հետ ներքաշվում են
ակոսների խորքերը,
բեղմնավորված պառկում են
լուսնացոլքերի կողքին:

Նրանց հետևից գալիս են
խենթահար ասուպները,
աստղաթափի հանդեսն են տալիս
օգոստոսի երկնքում,
խանդից կուրացած
թափվում են ցած:

Տարօրինակ ապրումներով
անկողիններում շուռումուռ են գալիս
միայնակ կանայք,
լուսնահաչ են տալիս
անտեր շները,
աստղաբջիջները մտնում են
բախտագծերի մեջ
մի նորածինի:

ԵՐԲ ԵՐԿՈՒՍՈՎ ԵՆՔ
Ոտքերս շղթայելով
ամուր կապում ես
սիրո առանցքին,
մտքերս, երազանքներս
առնում ես փափուկ,
ցանկալի գրկիդ մեջ:

Ձեռքերս ամուր պահում ես
ափերիդ մեջ, դնում ես կրծքիդ,
դարձնում ես քոնը:
Ջերմացնում ես հաճելիորեն
թրթիռները սրտիս:

Շրթունքներդ տալիս ես ինձ,
դեռ չասված բառերը
համբույրներով վերցնում ես քեզ,
լեզուդ սիրո բոժոժ է հյուսում
առավոտի ականջներում:

ՍԻՐՈ ՊԱՐԱՆՈՑԻՆ
Համբուրում եմ մրմունջները սիրո,
որոնք բողբոջում են շրթունքներիդ,
ամենաթարմ զգացմունքները
քաղում եմ շրթունքներով:
Ինչ որ պետք է ես ասեի,
լսում եմ քեզնից,
քո բերանով խոսում է
իմ լեզուն,
ամենանուրբ բառերը կախելով
սիրո պարանոցին:

ՀԱՅԵԼՈՒ ԿՈՂՔԻՆ
Նրբասահ մատներով
մարմինս դարձնում ես նվագարան,
հմուտ դաշնակահարի նման
հնչեցնում ես սիրո մեղեդին
մարմնիս բոլոր բջիջներում:

Հայացքով, խոսքերով,
միայն ինձ համար լսելի
ու տեսանելի
սերենադներ ես հնչեցնում
իրիկնամուտից հետո
և կեսգիշերից առաջ:

Ինչքան հաճելի է շունչդ դառնում
լուսաբացի հետ հայտնված
զեփյուռի պես.
որ թարմություն է բերում
ներաշխարհիդ խորքերից:

Ինչքան երջանիկ ենք մենք,
ինչքան երջանիկ է ժպտում
առավոտի հետ արթնացած հայելին,
որ մահճակալի կողքից
մեզ ցույց է տալիս
պատկերները խենթացնող սիրո:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։