Մանվել ՄԻԿՈՅԱՆ/Մենք կվերադառնանք

 

Պոեմ

1.

Մի դավադիր լռություն

քերծում է բիբերը բառերի,

լերդանում է հոգուս մեջ

անընդհատ կաթկթող արյունը,

այրվող հնչյունները

մեղքի արձագանք են դառնում

տխրամած գագաթներին`

հազարամյակներ շարունակ

հայերեն խոսացող

լեռների գագաթներին՝

քոչվորների հորդաների կողմից

գերեվարված Արցախի…

Դու հավատում էիր, Վադա՛ն,

իմ գրչակից եղբայր,

որ մեր «ոխերիմ բարեկամը»

գոնե վերջին հողակտորի վրա

հեռու կպահի բորենիներին

քո սրբավայրերից,

մեր հույսի ու երազանքների

լուսառաք սրբավայրերից…

Երանի քեզ, եղբա՛յր,

Որ չտեսար Պիղատոսի

սառած ու զարմանքից

կարկամած հայացքը

հայոց երկնակամարում…

անսահման է խեղաթյուրումն

ապականված հոգու,

անգերազանցելի

պիղատոսներ չկան։

 

2.

Աշխարհի բոլոր ատյանները,

«մարդասիրական» բոլոր

հապավումների տակ թաքնված

խամաճիկներով լի կառույցները

լցված են նավթահոտով,

պատուհանները բացող չկա։

Քոչվոր խաշնարածների

ցեղապետի ընծայած խավիարից

տռզած փորերով փարիսեցիները

կարեկցանքի խոսքեր են գրում

գույնզգույն փուչիկներին,

որոնք պայթում են

մեր լքված ու այրվող

շեների բոցերից…

Թանկարժեք քարերով

զարդարված սուտը

թքած ունի մերկ ու անպաճույճ

ճշմարտության վրա…

 

3.

Սատանայի քրքիջը

տարածվել է ողջ մոլորակում…

Մենք փնտրում ու չենք գտնում

դեմքը Երկնավորի,

քանզի չենք լսել

հորդորը ՆՐԱ.

«Սիրիր մերձավորիդ»…

Ժողովրդի փողերը

թալանած որկրամոլները

դեռ նիրհած են իրենց

հսկա ապարանքներում,

հոգնում են տխուր լուրերից,

մեծահոգության բորբոսնած

փշրանքներ նետում

մեր անօթևան ու տառապյալ

քույրերին ու եղբայրներին,

հետո «հանգիստ խղճով»

շտապում խրախճանքների,

որ դարձյալ խմեն

«մեր հող ու ջրի կենացը»։

 

4.

«Թշվառ ու անտերի»

սև մոգությունը դաջված մնաց

մեր ճակատագրի

բզկտված պաստառներին,

բառերը փոխեցինք,

մոգությունը մնաց…

Մենք ննջեցինք

մեր իսկ մոգոնած

դափնիների տաք ստվերում,

մեր ուժն ու իմաստնությունը

գնահատեցին բոլորը,

մեզնից բացի…

Մենք ստվերներ հորինեցինք,

որ լույսն ավելի

տեսանելի լինի։

Ստվերները խտացան

և սպառնում են ծածկել

լույսի ողջ տիրույթը…

 

5.

Մենք գահավիժում ենք

անհաղորդ ու ինքնակամ,

հետո անդունդի խորքից

հուսահատ ճիչեր արձակում

և մեղավորներ փնտրում

մեզնից դուրս, մեզնից հեռու,

իսկ մեր գլխավերևում

կախվել է դաժան քմծիծաղն

անընդհատ վերածնվող

բազմադեմ Սատանայի։

Աղբամանն ենք նետում

առողջ ու հեռատես խոսքը`

նախընտրելով

անհոդաբաշխ բարբաջանքը

պատեհապաշտ սրիկաների…

Մեր քույր ու եղբայրների

տագնապախեղդ ճակատագիրը

թողեցինք դարավոր թշնամու

քմահաճույքին,

նրանց միացան մեր

«վաղեմի բարեկամները»՝

հյուսիսային քամիներից թրծված,

որոնք կույր են, երբ անհրաժեշտ է,

և ամենատես, երբ իրենց

շատ է ձեռնտու…

Մենք մեղսակիր ենք,

չենք զանազանում

գազանը՝ թռչունից,

միայն գիշատիչների

երախում ենք հասկանում,

որ առանց թևերի

թռչուն չի լինում,

որ պետք է անսայինք

մեր իսկ տագնապներին,

որ Բարձրյալի հորդորները

կարող էին նաև

ահազանգ լինել…

 

6.

Ես փորձեցի տրվել

լռության խուլ կանչերին,

բայց խաթարում եմ դարձյալ

թղթի ճերմակությունը,

որ անխաթար մնան

հնչյուններն աղոթքիս

և որպես լուսաշերտ թոն`

մաղվեն Գանձասարի

ու Ղազանչեցոնց վանքի՝

Ահրիմանի կամակատար

հոգեխեղ հրեշների

առևանգած բյուր սրբատեղերի

խաչազուրկ գմբեթներին,

մաղվեն անդադար

Բարձրյալի ու Նեմեսիսի

անթարթ հայացքների ներքո…

Մինչ ահագնանա

ու դուրս գա ափերից

մեր ոգու պահապանների

արյամբ ներծծված

հողի հիշողությունը,

դառնա ամպրոպ,

դառնա հրեղեն կայծակ

երկնքում ամենատես

ու պայթի ավարառու

հորդաների գլուխներին…

– Մենք կվերադառնանք,

որ մեր սրբավայրերը

հավերժ չորբանան։

 

Եվրոպական կառույցներին հարիր հայտարարություն, որը երբեք չի հրապարակվի

Ըստ իրավիճակի

նպատակահարմարության՝

խիղճը դուրս է եկել

մարդկային հոգուց

և այլևս չի վերադարձել…

Կարևոր նշաններ,

որոնք հարկավոր են

ճանաչելու համար-

ականջները խուլ են,

երբ չի ուզում լսել

իր հովանավորյալների կողմից

հոշոտվող ազգերին,

հոտառությունը որսում է

միայն հոտը

անմեղ մարդկանց արյան,

օգտագործում է

սուր հոտով օծանելիք,

որից արհեստական

և ոչինչ չասող

ժպիտ է առաջանում,

բերանը փակ է պահում,

որպեսզի չերևան

անճոռնի ժանիքները…

Մարդասիրական սկզբունքներ-

այն ազգը, որը նավթ ու գազ չունի,

կարող է ոչնչացվել

մինչև վերջին մարդը…

Մշտապես կրկնվող հորդորներ

և կոչեր այդ ամենի ժամանակ-

երկու կողմերին

կոչ ենք անում՝

պահպանել խաղաղություն…

Հոգևոր սկզբունքներ-

Աստվածաշունչը և

քրիստոնեական եկեղեցիները

չեն խանգարում

սատանիզմի տարածմանը։

Շփոթեցնող նշաններ՝

կարգախոսների տեսքով-

ժողովրդավարություն,

մարդու իրավունքներ,

գենդերային հավասարություն

(կարող եք շարունակել ինքներդ)…

Ճանաչողներին խնդրվում է

չդիմել ոստիկանության

մոտակա բաժին։

 

***

Արևի շողերը գնվում են

գրպանահատ թափթփուկների

գարշահոտ փողերով։

Այլանդակ դեմքերով

խամաճիկների թատրոնում,

մի անկյունում նստած՝

լալիս է պայծառ աչքերով

մանուկն Ապագայի։

Տագնապների ստվերում

մարմինս կտրտում է

սուր շեղբերով քամին,

արյանս ամեն մի կաթիլը

վերափոխվում է

մի մանկան ժպիտի։

Ժպիտները շատանում են

և կորզում արևի շողերի

մեր բաժինը,

որ չհայտնվենք բազմությունում

օր օրի շատացող

քամուց քշվածների…

 

***

Չշփոթե՛ք լռությունս

համրության հետ,

չհարվածե՛ք չարտաբերված

բառիս նրբին թաղանթներին,

որ մնալու է իմ ներսում՝

դառնալով խոսք՝ հղված Մեկին

ու Միակին ամենազոր…

Միայն նրա աչքերի մեջ

ես տեսնում եմ ծլարձակող

լուսաթոնը չասված բառի…

 

***

Հոգուս դատարկությունն

ամենևին էլ դատարկություն չէ,

այլ՝ լույսի սպասմամբ թրթռացող

անձեռնմխելի թվացող

մի ախտազերծ տիրույթ,

փափուկ, ինչպես

անխուսափելի սիրո անձրևները

կլանող անտեսանելի սպունգ,

և կոշտ, ինչպես պատը,

որին բախվում են

մթին հոգիների ներխուժման

ապարդյուն փորձերը։

Հոգուս դատարկությունն

ամենևին էլ դատարկություն չէ։

Դու ոչինչ մի՛ փնտրիր

իմ աչքերի մեջ,

քեզնից բացի,

քանզի քո աչքերի խորքում

ես վաղուց եմ տեսել

իմ կնճռազերծ դեմքը։

Մի՛ փնտրիր այն,

Ինչ արդեն գտել ես։

 

***

Հետապնդում են կրկին

ուրվականներն անցյալիս,

անհավանական, ինչպես

լռության վերջին շշունջը՝

ինքնասպանությունից առաջ…

Առնում են ինձ շուրջկալի մեջ,

շարժում են շուրթերն իրենց,

սակայն չի լսվում ոչինչ,

ծամածռում են դեմքերը,

ապա ժպտում ու արտասվում

առանց արցունքների,

ճչում են անձայն…

Ուզում եմ խոսել, հարցեր տալ,

սակայն կարկամել է հոգիս,

իմ ձայնը նույնպես խլացել է։

Ես չեմ զգում մարմինս,

տեսնում եմ արդեն

իմ ուրվականին,

որ կրկնօրինակում է

իմ շարժումները…

Մի հսկա թռչուն է երևում

անամպ երկնքում,

իջնում է,

առնում ինձ թևերին

և վերադառնում ՆԵՐԿԱ,

որ բացվող օրերի գույներում

տարրալուծվեն հանդարտ

ուրվականներն անցյալիս։

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։