ԲՈՀԵՄԱԿԱՆ / Ալվարդ  ՀՈՎՍԵՓՅԱՆ

ԲՈՀԵՄԱԿԱՆ

Ի՞նչ կար մեր միջև մխրճված այդպես՝

Միջնո՞րմ անսասան, անառիկ ամրո՞ց,

Մատնությունների հեղհեղուկ օվկիա՞ն,

Թե՞ բամբասանքով լեփ- լեցուն կապոց,

Որ իմ անընտել հայացքն ակնկոր

Անկարող եղավ արգելափակող

Պատնեշը ճեղքել, սողոսկել ծածուկ

Սահմանից անդին,

Համարձակորեն ճակատիս դնել

Ինքնակայացմամբ վաստակած դափնին,

Զսպաշապիկի չափսերին անձուկ

Չհարմարեցնել ընծա ծիրանին…

Եվ քամահրանքի դառը ժպիտով

Եսս համրացավ ՝ ամուլ օրերիս

Ունայնության շեկ ժանգաշերտի մեջ՝

Խորն անթեղելով ամեն հույս ու տենչ,

Որ հետո մի օր՝

Իմ բոհեմատենչ ոգու զարթոնքին,

Վերակերպումի շապիկները հին`

Փոխած մետաքսե վառ պարեգոտով,

Արարումների մի վեհ կարոտով

Հառնի մոխիրից փյունիկի նման

Ինքնահաստատման կնիքը դեմքին՝

Բառաշնորհով մկրտված մի կին։

 

ԵՍ  ԿԳԱՄ  ԴԵՌ
Ես, խաչը ուսիս, կգամ վաղ թե ուշ,

Հպարտ,աներկյուղ՝ կկանգնեմ քո դեմ,

Աչքերիս խաղով կքննեմ զգույշ

Ընդունողի քո հայացքն  անքեն:

 

Բախտիս անիվը շրջվել է ճամփիդ

Անանցանելի ելևէջներում,

Օրս թվում է ծանր ուղեբեռ,

Միայնությունս էլ ինձ չի ներում:

 

Ես իմ երամն եմ լքում ինքնակամ՝

Անձնատուր անղեկ մտքիս փոթորկին,

Հորձանուտներում հույզերիս բախման

Քո անգո գոյն եմ որոնում կրկին:

 

ՄԵՐՆ  Է   ՕՐԸ

Արի՜ այսօր գինովանանք միասին,

Մեր անցյալի բութ թմբիրից վերանանք,

Հերն անիծած, թե բամբասեն մեր մասին,

Գինին լինի օրվա խորհուրդ և օրհնանք:

 

Չեմ հալածվել խղճմտանքից իմ բնավ

Միանձնուհու պես այն զուսպ ու սեթևեթ,

Որ գողեգող սիրո տաճարը մտավ

Եվ նշանվեց միայնության ոգու հետ:

 

Տես, թե որքան խաղաղ եմ ես և անչար,

Փույթ չէ բնավ, եթե տանուլ եմ տվել,

Չփորփրենք մենք հազար ու մի պատճառ,

Մերն է օրն այս՝թանկ, երկնառաք մի նվեր:

 

Տարանջատող սեպը հանենք երկվության,

Որ խրվել է մեր օրերի սրտի մեջ,

Թող գինովցած այս գիշերը մեզ ժպտա,

Մեզ հետ պարպի իր գավաթը մինչև վերջ:

ՆՈՐ   ՀԵՔԻԱԹ

Ես՝ ուխտավորի երկյուղածությամբ,

Ճաք տված խորշից հինավուրց վանքի

Կիսավառ մոմն եմ հետս տանում տուն՝

Շուրթին քարացած հույսը զարթոնքի:

 

Իմ գոլ պատերն էլ շունչդ են պահել,

Որ չձուլվի գորշ փոշուն մոռացման,

Ի՜նչ հավատով եմ ինքս ինձ պատմել

Հեքիաթը անտես քո ներկայության։

 

Եվ դու գալիս ես ամեն իրիկուն

Ինձ լուռ հալածող ուրվականի պես,

Գոց դուռ-պատուհան անարգել ճեղքում,

Ամենքից թաքուն սպրդում ես ներս:

 

Համր սուզվում ես բազկաթոռիդ մեջ,

Լսում խաբուսիկ ասքը քո մասին,

Այն կիսատ մոմն ես քո շնչով վառում,

Նոր հեքիաթ դառնում ադամալույսի:

 

ԻՆՉՈՒ  ԵԿԱՐ

Չէի սպասում, բայց դու եկար:

Իսկ հիշո՞ւմ ես, թե՞ մոռացել`

Քանի գարուն ու ձմեռ է

Քո գնալուց արդեն անցել:

Տես, օջախն էլ գրկիդ նման

Դարձել է խորթ, անհյուրընկալ:

Ինչո՞ւ եկար:

Այդ ի՞նչ էր, ի՞նչ

Քո գալուստը անակնկալ.

Գիր էր, վճիռ` ճակատին քո դրոշմված

Սուրբ խարանով Բարձըրյալի,

Թե արթնացման կարոտի ճիչ,

Որ քեզ հասավ խանձարուրից

Քո բարուրած մութ անցյալի:

Ինչո՞ւ եկար:

Աչքիս խամրած ծիածանը

Էլ չի կապի հույսի կամար

Քո գրկում պաղ:

Էլ չեն դառնա սաղմոս ու տաղ

Բառերը իմ քնքշաշաղախ

Առաջվա պես` ձոն քեզ համար:

 

Դու գնացիր, տարար քեզ հետ

Վեհ ճախրանքիս իմ թևերն էլ:

Իսկ դու գիտե՞ս`

Ինչպես էի ես ցանկանում

Օվկիաններիդ անհուններում

Անառագաստ թիավարել ..

Ես մնացի առանց թևեր:

Իմ անավարտ ու չեղարկված

Թռիչքների համար նորը

Գտնել նույնիսկ չեմ էլ փորձել:

Անկեղծ ասած, ճախրելն էլ եմ

Ես մոռացել…

Ինչո՞ւ եկար:

Իզո՛ւր եկար:

Չեմ ասելու` գալդ բարի:

Թող Տերը մեղք չհամարի:

 

 

ՊԱՀՍ   ՓՐԿԻՐ

Քո տաճարն եմ եկել, դեմքիդ

Ընդունողի ժպիտ կնքիր,

Սե՛ր իմ, գրկիդ խորհուրդը բաց,

Փլուզումից պահս փրկիր:

 

Քո շուրթերին անլուր աղոթք`

Հոգու խնկվող լուռ պատարագ,

Լույս կաթեցրու ափերիս մեջ

Քո աչքերից աստղաճրագ:

 

ՍԻՆ   ՀԵՔԻԱԹՆԵՐԴ
Ես վախենում եմ գահավիժումից,
Տես՝ չսայթաքեմ, ինձ ձեռք մի՛ մեկնիր,
Հոգիս ճաքեր է տվել չորս կողմից,
Վիհեր են բացվել: Դու ինձ մի՛ գրկիր:

Աշնանամուտից չեմ զինաթափվել,
Դեմքիս շիկնանքի վարդերը դեռ կան,
Նորի՞ց ասպետիդ հանդերձն ես հագել,
Ճերմակ նժույգից իջի՛ր այս անգամ:

Եկել ու ինձ ես փնտրում դու, սակայն,
Ինքս էլ չգիտեմ, թե որտեղ եմ ես,
Մեր պատրանքների կղզին շատ վաղուց
Ջրասուզվել է, խորտակվել անտես:

Ես քողարկվել եմ երգերիս մեջ մունջ`
Սերս` բանտարկված, կարոտս` թափառ,
Ամեն մի տողս ՝ թևաթափ անուրջ,
Հոգուս հառաչն է ծնված ամեն բառ:

Իմ վարագուրված աչքերի առաջ
Սին հեքիաթներիդ շարանը անցավ.
Չլինի՜ հանկարծ նորից սայթաքեմ,
Հոգուս պատերին դաջվի մի նոր ցավ…

 

ՄՈՒՍԱՅԻՍ
Քո հայտնությունը այս տարաժամին
Քանդեց օրերիս թնջուկը թաղկած
Եվ ձեռքովդ ինձ գամեց նույն խաչին:
Դու խարխափելով ջանում ես որսալ
Հին հովվերգության նամշոտ մատյանում
Պապանձված բառեր ՝ կարկատելու մեր
Անավարտ թողած երկխոսությունը:
Որպես խունացած սիրո տարեգիրք՝
Գունազրկված մեր օր-կտավների  հսկա տրցակից

Հնազանդությամբ հառնում է մեր դեմ
Էջ առ էջ խամրող մի դիմանակար՝
Տակավին անդեմք,
Այն դյուրահավատ դեռատի կնոջ,
Որի հոլանի ուսից արձակված ճառագայթներից
Հրդեհվում էին ծպտված հույզի օվկիաններն անգամ,
Որ օտարել էր իրեն աշխարհից, ինքն իրենից՝
Քեզ ունենալու անհուն բաղձանքով,
Այն դյուրահավատ դեռատի կնոջ,
Ում հոգեպահուստ համբերությունը,
Զսպաշապիկի գրկում պատանքված,
Գրողի ծոցը չուղարկեց երբեք
Դավաճանության բեմած խաղերդ։
Այն դյուրահավատ դեռատի կնոջ,
Ով իր ցավերը այնպես աննկատ
Զուսպ անթեղում էր տողատակերում ՝
Ներկայությունդ զգալու համար։
Ես վախենում եմ … Իսկ գիտես՝ ինչո՞ւ…
Անքեզ օրերիս  ամայության մեջ
Շնչահեղձվում են  արարումներս:

 

ՇԻԿՆԱՆՔ

Ես նախանձեցի այն աղջկան,

Որ ակամա շիկնեց:

Նա դեռ չէր ընտելացել

Հասունության դիմակ կրելուն…

Աղջիկը շիկնեց,

Եվ շիկնանքը, կաթիլներ դարձած,

Փախավ թարթիչների տակից:

Նրա թեն աչքերի մեջ

Երազ էր փշրվել,

Նրա տաք շուրթերին

Փորձում էր թառել

Անիրական ժպիտ…

Ես նախանձեցի շիկնող աղջկան։

Նա ինչ-որ մի պահ

Նմանվել էր ինձ…

 

ՄԻ    ՍՊԱՆԱՆԵՐ

Հեռացող աշունն իր հետ քեզ տարավ …

Թաց խաշամի   պես քեզնով գունազարդ

Սուտ պարանքներս ոտնակոխ եղան:

Անքնությունն է հոգիս քրքրում։

Սևասքեմ մութը, ուրվականի պես

Քո շունչը առած,

Այս տարաժամին հևալով եկել,

Իմ գոց դռների ետևում չոքել

Ու ճիգ է գործում ներս սողոսկելու:

Ես պատնեշում եմ իմ պաղ ափերով

Թույլ մլմլացող կրակը մոմի։

Կաթող արցունքից չհանգչի հանկարծ…

Անքնությունս մերկ ներբաններով

Ճզմում է սիրտս ու քամու՜մ, քամո՜ւմ

Հնձանը լցված ողկույզների պես…

Գիշերվա տաղս գավաթիդ միջի

Գինին է կարմիր, դանդաղ մաճառվող,

Որ անտեսվելուց թթվահամ դարձավ…

Հեռացող աշունն իր հետ քեզ տարավ…

Եվ ես որսացի թաղկած խաշամի

Կարապի երգը, որ արձագանքվեց

Մեր միջև ձգված անհատակ վիհի

Դատարկության մեջ,

– Մի՜, մի՜ սպանաներ։

 

ՀԵՌԱԽՈՍՆ ԻՄ

Հեռախոսը իմ, որ կարկամել էր

Քո լռությունից,

Ծեգին ավետեց աղոթքի պես լուր։

…Եվ օրս շիկնեց առաջին համբույր

Ակամա առած այն դեռափթիթ

Պարմանուհու պես, որ իմ վաղեմի

Զգեստն էր կրում կաթնամշուշում,

Ինձանից թաքուն։

…Իսկ ես… Իսկ ես էլ,

Իսպառ թոթափած անորոշության

Ծանրություն ու բեռ, խոհերս տարտամ,

Ծեքծեքուն, թեթև, խենթ ու խելահեղ՝

Եկա հանդիպման։

….Իսկ դու…Իսկ դու էլ

Չոր ու սառնասիրտ,

Դեմքիդ խարանած մի շինծու ժպիտ,

Որքան էլ իզուր ջանադրում էիր

Քամահրանքդ նենգ

Կոծկել նրա տակ,

Այնքան ավելի ակներև, հստակ

Մատնում էիր քեզ,

Որ դու էլ դու չես։

…Գիրկդ մնաց փակ…

Բարևի համար պարզած մատներս

Առար ափիդ մեջ այնպես անհաղորդ,

Օտարի պես խորթ…

…Գրողը տանի…

Բուռս խցկեցիր

Փլուզված սիրո վկա մատանին…

Հույսս քարացավ իմ բիբերի մեջ,

Դարձավ ցավակերտ հողմածեծ արձան,

Որ փերթ֊փերթ լուծվի արցունքիս լճում,

Դառը հուշերդ երբ ինձ այցի գան։

 

Ն Ա Մ Ա Կ Ս

Մենք հանդիպեցինք. ժամադրություն չէր։

Թեպետ լավ գիտես, որ միշտ ես եղել

Քո իսկ գրպանի հեռախոսի պես

Անհասանելի ՝ թաքուն ծպտված

Ոմն պչրուհու  գաղջ ծածկույթի տակ:

Իսկ հիմա գոնե, գոնե հասկացա՞ր՝

Մեզ անջատող այս տարածությունը՝

Լցված լռության պաղ դատարկությամբ,

Դարձել է արդեն անտարողունակ:

Պատահաբար էր.  դեմ  դիմաց ելանք,,,

Պահը որսացի բարձրաձայնելու

Իմ նամակը այն՝ հազար մեկ անգամ

Մտքումս գրած, գրած ու ջնջած՝

Քո ստվերի հետ կռիվներ տալով:

Նամակ, որ երբեք չդարձավ քերթված…

…Ես փնտրեցի քո աչքերի խորքում

Կորուսյալ սիրո այն լուրթ օվկիանը,

Որ ամբարվել էր բիբերիդ  ներսում

Եվ կաթիլ֊ -կաթիլ գոլորշիացել

Մեր հեռացումի ամեն քայլի հետ…

…Հեգնանքի մի կաթ ծանրորեն ծորաց…

Աչքերիդ մթում մարեց իմ «ինչու»-ն,

Ժպիտդ թվաց բռնազբոս ու մերկ,

Իսկ նամակը իմ ՝ անկումը տեսած

Փետրաթափ թռչուն՝

Լեզվի տակ սեղմած մի տխուր սիրերգ:

 

Շաքե ջան, առայժմ՝ էսքանը

ՈՐՆ  Է  ՏԵՍԱԿԴ

Քո պատվանդանը շատ է երերուն,

Եվ անկումդ է անխուսափելի,

Դու մեղավոր չես, մեղքը իմն է լոկ,

Որ թացը չորից չեմ զատում էլի:

Եվ դու՝ կարողդ, որ վարժվել ես

Որոգայթներից այն մանվածապատ

Սպրդել ճկուն, ջրից դուրս գալ չոր,

Ինձ համար դարձար վարագույր ու պատ…

Եվ ես՝ ունակս, որ կարող եմ իմ

Շոշափելիքի նուրբ զգացողությամբ

Լաբիրինթոսից անելանելի

Մտքիս թռիչքով հույսի դուռ բանալ,

Չեմ կարողանում հասկանալ մի բան.

Որ՞ն է տեսակդ ՝ առանց դիմակի:

Ես եմ մեղավոր, մեղքը իմն է լոկ.

Երազներիցս խլած գույներով

Դիմապատկերդ կարկատեցի նուրբ

Ու քողարկեցի վառ երանգներով

Երեսիդ դաջված քո ժպիտը սուտ:

Իմ կույր հավատով քեզ ձեռնադրեցի

Համայն տիրակալ հույսիս տաճարի,

Որ աղոթքներս ինքնամաքրման

Երկյուղածությամբ մրմնջամ առ քեզ:

Մինչդեռ քո հոգին անհաղորդ, անլուր,

Չդարձավ անգամ մի ավեր մատուռ:

Մնաց այդպես էլ խուլ վաճառատուն։

Իսկ երազներն իմ վտարանդու պես

Դուրս վռնդվեցին հուսախաբ, տրտում

Քո անհյուրընկալ տիրույթից հոգու,

Քանի որ նրանք անընտել էին

Թռիչքներին վեհ՝ խեղված հավատով:

Քո պատվանդանը շատ է երերուն,

Անխուսափելի է անկումդ, տե՛ս,

Եվ իմ հորինած դիմակները նոր

Քեզ չեն փրկելու վաղը կամ այսօր:

Ես այդ կամուրջը այրում եմ հիմա

Իմ հիացումի մեծ ճառագայթով…

 

 

  ԴԵՊԻ  ԱՆՀՈՒՆԸ

 

Իմ նամակների տրցակն ես այրել

Այնպես հեշտությամբ և այնպես անփույթ՝

Տղամարդու պես, ասպետավայել:

Մեր սերը դարձավ մի բուռ մոխրակույտ:

 

Ցավից ճաք տվեց իմ սափորն էլ լուռ,

Հազարափշուր  եղավ սրտիս պես,

Շղթայեց գրկում գաղտնիքն իմ ամուր,

Բամբասկոտ քամուն չթողեց գալ ներս:

 

Փյունիկի նման դու հառնիր, ի՜մ երգ,

Մարմի՜ն  առ, վե՜ր ել  բառակույտերից,

Սիրուս մոխիրը ջրին եմ տվել,

Ճախրանքիդ թևով անհունը տար ինձ:

 

 

Հ Ա Յ Ր Ե Ն Ի Ք

 

Պերճ բառաշեղջեր փնջելու համար

Ես չեմ փորփրի բառարանագիրք,

Ձոնս՝ անպաճույճ տողերով հյուսկեն,

Խոստովանանքիս թուղթն է , Հայրենի՛ք…

 

Անկարող եղա նվիրումս վեհ

Հմտորեն բեմել՝ ամենքին ի լուր ,

Առաքելության գիրս թող ուղերձ

Լինի տարագիր զավակներիդ բյուր։

 

Մրրիկներդ են իմ երակներում

Պտույտներ գործում՝ հանած ինձ խաչի,

Անանձնական սուրբ պատգամն եմ հղում ,

Որ անսան ձայնը կարոտիդ կանչի :

 

Սրտիդ ընդգրկուն ափերով ձգվող

Գիրկդ բաց արա՝ տաք ու վանատուր,

Ընդունողի քո ժպիտը կնքի՛ր,

Տունդարձի ճամփին օրհնություն շա՛ղ տուր: