Քնքուշ սահմաններ` Չնքուշի ակաղձուն սիրով/ Վալերի ՋԱՂԻՆՅԱՆ

(Հակոբ Հարությունի «Է վանքի կոչնակը» գիրքը ընթերցելուց հետո)

Նախնիների ձայնին հլու՝ Մեծ Հայքի Աղձնիք նահանգի հեռու-հեռավոր ոգիների լեռնային գյուղաքաղաք Չնքուշի միֆախորհրդով և հոր երազանքով Հայրենիք եկավ չնքուշցի գասապ Հարութը, որի որդին դարձավ «Է վանքի կոչնակը» և որպես Հակոբ Հարություն՝ Աստծո ձեռամբ արարեց իր երկերի Գիրք առաջինը, որը նախնյաց և ներկա կյանքի ընձյուղների երկրային ճամփան սրբագործեց յոթ անվան տեր Սուրբ Կարապետ հոգևոր տների և հրազդանյան ձիթենու հուշող շրշյուն-պատգամով՝ «Հիշատակախոնարհ եղիր ճակատագրին, որը ժառանգական կանչով արարվող ինքնությանդ իմաստությունն է», և հասակ առավ Բիբլիական երկրում՝ հայացքն Արարատին:

Արարատի վզաձիգ գագաթներին վայել հոգու հրճվանքից թափվող ճեմալույսը խլրտացող տխուր կարոտ ունի, որի արձագանքը գալիս և ցավոտ շրջանակում է շաղոտ պատուհանները: Վարդի թերթերով երազապսակված թռիչքի ու վայրէջքի խենթությունը իր երազի խրխինջով ներսից շնչառությունից շոգենախշում է ապակին, Մհերի նման մնում բանտված, իսկ դրսում պատուհանի շշնջոցը ականջահաս է՝ «Աշխարհի խիղճը թախիծն է», «Ճիշտն ու սխալը անցյալի մեջ են տապակվում»: Ու թեև «Կրակի թևերը վանքի կոչնակի բարևի նման փոշոտ են լինում», սակայն վարդե թերթերից խմելով կենաց ջուրը, լույսի նման թափվելով հայի վրա՝ մաքրագործում և պայծառեցնում է Էրգրի լուսե երազանքը, Արարատի վերադարձը, իսկ բախտ-բանալու ուրվագիծը շրջագծվելով և զարկերակի նման բաբախելով՝ հասնում է մինչև Գասապենց աղբյուր, որը հայից հետո ցամաքել էր անվերադարձ («Քարե կարկուտ կերած Երկիրը» հուշագրություն): Իսկ ծիծաղ-թևաբախումը խնդուներես թախիծ է թոշնում հիշողության որոգայթներում՝ հայաստանյան օրամաշ համբերության մեջ հիմարանալով պարբերաբար ջնջվող առօրյա կենցաղային մակընթացություններից: Փորձություն ենք ապրում՝ երազանքի, ոգու, լույսի… և այլևս բավ է պայծառախոսությամբ ճգնել տարիների ելով որպես վանքի կոչնակ, որն իր մեջ «ի զեն» ունի պահած, պատրաստ հայտածել «21-րդ դարը հայինն է լինելու» Սպարապետի կոչի ողջ իմաստախոսությունը:

Գիրքը բացելու պատվին արժանացած համաշխարհային գրականության գանձարանին վայել «Լույսի փորձություն»-ը (տես՝ «Գրական թերթ», 26.10.2018 թ.) նորաբանությունների հեղեղ է, որի շնորհիվ ընթերցողը զգայացունց ու բոլորեքյան հաղորդակից է դառնում հեղինակի տարածական լեզվի ոգուն: Մեկ ավուր ճամփի նման արագ ընթերցվող Էսսեների շարքում երկրորդը «Սովետի անիծյալ ամենակարող գրիչը» ստեղծագործությունն է (տես՝ «Գրական թերթ», 28.06.2021 թ.), որն ի ցույց է դնում շատ մոտ անցյալի թղթափետուր երջանկությունը, որը և կար, և չկար, իսկ կյանքը թեև ամեն զարկից բեկբեկուն էր, սակայն Հակոբը կարողացավ իր մաքուր և ուժեղ գեների, «մենք՝ մեզի» ինչ-որ տեղ սահմանագծած իր ուրույն աշխարհի, ըն­դաս­տե­ղոք իրեն բաժին հասած հա­յի ճա­կա­տա­գ­իրը մաքրագրելով՝ շտրիխակերտել պատմական Վարաժնունիքի տարածքում գտնվող իրեն հասակակից բնօրրան Հրազդանի պատմությունը՝ միաժամանակ ստեղծելով իր ոդիսականը, որ «Օտարության մեջ դրամով ուսումի տված եմ, հայրենիքիս մեջ առավել ևս պիտի ուսանի» մայրական պատգամով սկիզբ առած հրազդանյան դպրոցական կենսագրությունը ավարտ ունեցավ դասարանի աղջիկներին նվիրած դաշտային ծաղիկների բույրով:

Այս ստեղծագործության մեջ ներկան ու անցյալը զուգահեռելով՝ ներկայացվում է Հայի հավաքական կենսագրականը: Դժվար էր հայրենադարձված ընտանիքի համար ապրել ավանդույթներ քանդող նոր կենցաղավարությամբ, սակայն Հակոբն առաջիններից էր, որ զգաց ազատախոհ բարքերի առաջին քամին: Նոր աշխարհ էր, անընկալ մարդիկ, և «Ախպարները ոնց հայրենիք սիրելով եկան, այդպես էլ հայրենիք սիրելով գնացին»-ը ցավով արձանագրող գրողը պապական պատգամով կապվեց իր հայրենի հողին, քանզի հավատամք ուներ՝ «Քրտնքիս աղն Աստծո շնորհն է»:

«Դրվագներ հորս կյանքի շարակնոցից» (տես՝ «Գրական թերթ», 08.10.2021 թ.) ստեղծագործությունը արյան հևքում իր աշխարհի բացականերին երիցս հիշելու պատգամ է: Այս ընտանեկան խորանում Հայրենիք վայելող Հարություն հայրն է, Պերճուհի մայրը, Սիլվա ու Սոնա քույրերը, Գրիգոր եղբայրը: Այս միջավայրում էլ հոր կերպարը բերելով առաջին պլան, որ հեռավոր ափում ապրող տատի կորուստը գուժող նամակի բովանդակությանն է հաղորդակից լինում, Հակոբ Հարությունը, կորստի ցավը շեշտադրելով, իր արձակ խոսքում ներառում է հորական տատի հիշատակին խնկարկած «Մայրամախոտ» պատմվածքը՝ կարողանալով ստեղծել ժամանակակից արձակի շքեղագույն գործերից մեկը, որը զգայացունց զուգահեռներ ունի Մովսես Արազու «Արևը», Հովհաննես Թումանյանի «Գիքորը» ստեղծագործությունների հետ:

Խոսելով զավակների հաջողություններից հոր աչքերի արցունքոտվելու մասին և հիշելով, երբ հոր տատի՝ պապա նենեի  մահվան բոթը ընտանիքն առավ՝ հայրը անկարող եղավ զսպել առատ արցունքները, որը մանկության փայփայած երազի հեռացում էր ու ցավ, պատանի Հակոբը տարիներ հետո միայն պետք է հասկանար հոր փխրուն հոգին և խոստովանի՝ «Այդ օրը հանդիպեցի կյանքին, ու արյունս ժամանակի մեջ ճահճաջուր չդարձավ»: Ու ժառանգվեց մեղադրանքի խնկարկում ունեցող հիշողության մեջ սոսափող Գասապենց աղբյուրի տխրամած թզենու թախծե կարոտի անօգնական ցավը, որ մանկության ճաքի մեջ ծիլ տվեց, հասունացավ՝ անցյալի հեռվից զգալով այլևս երկինքված ծնողներին, ասես վանքի կոչնակի ճակատի ժապավեն լինեին՝ հավերժին փարված: «Մայրամախոտ» պատմվածքում Եղեռնի ճամփաներին հոգեմաշ, Խաչիկ որդուն կորցրած, անուժ արևից եփվող գետնին ծալված Պապա նենեի դառը ճակատագրի պատումը ցավի դառնահամ է թողնում ընթերցողի չորացող բերանում: Ամեն գարունքի Պապա նենեն անապատում փնտրում էր իր Խաչիկին, զգում նրա ներկայությունը, քայլում, այրվում, հեծեծում ու հոգնում և միակ մխիթարությամբ մոմ էր վառում, խունկ ծխում, ապա վերադառնում և սպասում էր նոր գարունքին, որ հավերժ շարունակի իր անօգուտ որոնումները: Կյանքը լուսառատ շարունակություն ունեցավ, և «Կեսօրին հեռագիրը բերեց Խաչիկի ծննդյան ավետիսը: Մարիամն այդ ժամանակ գնացքի մեջ էր՝ Խաչիկի մոտ տանող ճանապարհին, և նրան անապատն այլևս անսահման չէր թվում…»:

Եղեռնից հրաշքով փրկված Պապա նենեի դստեր երդումը ազգին էր տրվել՝ շատ երեխաներ ունենալ և քույր-եղբայրների անունները նրանց շնորհելը այս տխուր պատմության լուսավոր վերջաբանն է, իսկ դստեր առաջնեկի՝ Հարությունի որդու ծնունդը Հայրենիքում հեռավոր Հալեպում պիտի արյան կանչով լուսավորվեր, երբ Պապա նենեն զարթնել ու տնեցիներին ավետել է՝ «Հակոբիկը ծնվավ», նորածնին անվանակոչել են Եղեռնի զոհ եղբոր հիշատակին:

«Շարականները ճաքած նռից են հոսում» խոսքերը կարող են խնկարկվել միայն խոսքաշեն, խոսք ու զրույցը պատումներով համեմող հոր արցունքից բեկված շողը կյանքում տեսած և անվերջ կարոտից կսկծացող ազնվագույն զավակի կողմից, որ «Մորս հոգու պատուհանը» ներկայացնում է պատգամների տեսքով՝ «Կորսված, անհոգի կըլլա ան մարդը, որ իր տունին քովեն անցնելով, հատ մը տունին կողմը չի նայիր», «Ձեզի շտկեք, շուտ հավաքվեք, հայրերնիդ տուն մտավ», «Իմ հոգին երբեք չի քնանար, ինքն է, որ ինձի կարթնցնե ժամանակին» և այլն: Խունկի անուշաբույր, ասես զույգ դարձած այս էսսեները հիշատակ դարձան միմյանցից ութ ամիս հեռավորությամբ հավերժի ճամփորդ դարձած և Կոճոռի գերեզմանատանը հանգրվանած ծնողներին (երբ «Տե՜ր իմ Աստված,  Տե՜ր բարերար, դու պաշտպանիր մեզ այս գիշեր, տո՜ւր հորս և մորս կյանք, երկար և հանգիստ օրեր» աղոթքը անզոր եղավ), իսկ քարե հավերժացումը ուսանողական ընկեր Գալուստ Դարբինյանի ձեռամբ կերտված այն տուֆակերտ մահարձանը դարձավ, որի առջև ծնկադրվող ծաղիկները օր ու ժամ չունեն և միշտ ներկա են:

Յուրաքանչյուր էսսե բանալի ունի, որը պետք է գտնես ու բանաս, որպեսզի կարողանաս լիովին զգալ հեղինակին: Ահավասիկ՝ «Արարատը հայության ոչ թե ճակատագիրն է, այլ՝ ճակատը՝ պարզած աշխարհին» խոսքերը «Ծափպար»-ի զրնգուն կենտրոնում սասունցի Տիգրան ամոյի Արարատ-ափայլ ճակատն էր՝ շրջապատված հաղթական Յարխուշտա պարողներով: Տողատակի հուզմունք կա, երբ հեղինակը ազգագրական պարը տարիներ հետո, որպես ժողովրդական ոգու պերճախոս արտահայտություն, տեսել է «Արարա» համույթի հիմնադիր Ավետիս որդու թռիչք ապրող բացված թևերի մեջ, որ հայկական ավանդապարերի ավետիս էր հայոց հողի վրա աներեր և ուղեկից տղամարդկանց առնական թնդյունին և կանացի հեզաճկուն սահքին: Հայ վշտի ու պայքարի երգիչ Ահարոն Ահարոնյանը Արարայի ճակատամարտի 10-ամյակին կամավորական հայ լեգեոներներին նվիրված «Կամավորը» խոհագրության մեջ արձանագրեց՝ «Պրոմեթևսն է առաջին կամավորը» (տես՝ «Գրական թերթ», 17.11.2017 թ.), իսկ Հակոբ Հարությունը հայրենիքի սիրով տոչորված մահապարտների մեջ ոգեղեն հուր տեսավ, անձնազոհ վեհանձնություն, որոնք պատրաստ էին սրտեր թնդեցնել, լեռներ դղրդացնել և հայոց սուրբ հողի մեջ տարածվել որպես կենաց ծառի արմատներ:

Հեղինակը կյանքում տարբեր իրավիճակներ է ապրել. կարծրացել է ու բյուրեղացել՝ հուզվել ու ինքնավստահություն ձեռք բերել և Կոմիտասի չնաշխարհիկ երաժշտության հետ զգացել, որ արյան հոսքը ոչ միայն տաքացնում է իրեն, այլև մաքրում իր հոգու գույնը, իսկ բանակում ծառայելու ժամանակ ծառայակից այլազգի զինվորի «Ինչպիսի՞ն է Հայաստանի հողի գույնը» հարցի պատասխանը փնտրելիս հասկացել է, որ հայրենիքի հողի գույնը աչքերի մեջ նայելու պես է, ուրեմն, աներկբա էր պատասխանը՝ «Իմ հոգու գույնը»: Այսպես կարող է արտահայտվել բանաստեղծի մտածողություն ունեցողը՝ «Պոետը կյանքի ինքնաբուխ արտիստն է»: Անպարագիծ է գրողի միտքը, երբ իր զինծառայության մասին հուշը հեռավոր Կոլա թերակղզու Ապատիտի քաղաքից միստիկ թռիչքով կարող է բերել-հասցնել 21-րդ դար և 44-օրյա պատերազմ ու հպարտանալ իր կամավորական Մանուկ զավակով, ապա ետ գնալ ավելի հեռու և հարյուր տարվա հեռավորությունից տեսնել պատմական անարդարության դեմ պայքարում հաղթել ցանկացող հայի ինքնաժայթքող և ինքնաճեղքվող կերպարով արդարության, իրավունքի և վրեժի հաղթանակի բանաձև-աղոթքը շուրթին կամավորական Ղազար պապին («Միտքը՝ կյանքի սուբստանց». տես՝ «Գրական թերթ», 10.04.2020 թ.), որ առաջնորդվեց «միայն զենքով կա հային փրկություն» հավատամքով, որն այսօր պապից հետ եկող չորրորդ սերնդի զինվորական քայլքի մեջ է՝ «Հաղթելու ենք, հաղթելու ենք, հաղթելու ենք» («Մոլեգնող գեն». տես՝ «Գրական թերթ», 06.11.2020 թ.):

«Գենը, անթել հեռախոսն ու պորտվեյնը» բարձրաձայն մտորումներ են, երբ ակնառու է դառնում ազգային պետություն չունեցողի զգուշավոր լինելը, ողորմություն ակնկալողի հանապազորդ մարմաջը, ձևախեղվում են ժառանգված բարոյական ավանդույթները, համաճարակի նման տարածվում է կրավորականությունը, մաշում է գործակալական երկկենցաղությունը ու ժամանակի ընթացքում տարագրի փորձությունները հասցնում են իմաստախոհական եզրահանգումի, թեև արտաքուստ «չքմեղ կամեցողություն ունի»՝ «Օտարի ոսկի էլ լինի, գրպանդ չդնես, կծակի, դուրս կգա»: Հեղինակը նշում է, որ թեև հողը հայկական է, լեզուն՝ հայերենը, սակայն հայրենադարձները (իրենց ներկայացմամբ՝ ախպար) օրավուր բախվում են օտարախեղդ ազգային վարքականոններին, երբ ոգի չկա, այն անթև է, կույր է, խարխափող, նյութական շահը քաղաքականացված, շրջապատը ապրում է կեղծ արժեքների երկրպագումով, և որ իրենց Հայրենիք բերած հեքիաթը ցնդել է, չփակվող վերքի նման կարոտ-բուժումը չկա, ավելի շատ կենցաղով են ապրում, երբ հոգի ու միտք չկա, ամենուր իշխում է ստի խրթին ցոփությունը, թմրեցվում է ազգի պատմական հիշողությունը, ու մենք մշտահմա երազել ենք դյուցազնական և էպիկական հաղթանակներ՝ այս անվերջ տխրության մեջ փնտրելով ճշմարտությունը: Սովետի տարիներին անվերջ չհարմարվելու մասին պատմում են, թե իբր ախպարը մոտենում է խմբված մարդկանց և առանց նախաբանի ասում. «Եղբայրք, չգիտեմ ինչի մասին կխոսիք, երթալը ճիշտ է»: Իսկ սովետից ժառանգված ստորաքարշ գրականության, խեղճուկրակ գրականագիտության, անկայարան գրական ապրանքատար գնացքի փնչոցի, հավերժ չմեծացող, ինքնավստահ կեցվածքով ու ինքնահսկումից հեռացած երիտասարդ և միևնույն տարածաժամանակային (Քրոնոտոպ) կոորդինատային հարթությունում գտնվող տարիքային աճը կանգնեցրած, հին դափնիների վրա նստած, ավագ սերնդի գրողների մասին է խորհում «Անամոթությունը՝ շահաշարժ գործոն»-ում՝ ապրելով մշակույթի անամոթ վարագույրների փակման ու գրական ազգային արշալույսի փայլատակման երազանքով (տես՝ «Գրական թերթ», 03.02.2020 թ.):

Արևավառ քար ու ավազոտ Վարաժունիքի պատմական ընթացքը որդեգրած Հրազդանի ոգեղեն միֆով օրհնված բլրաթմբի Սուրբ խաչերը երկրա-երկնային նզովքի վախից չքանդվեցին, իսկ հետո հայրենադարձված հավատացյալների ջանքերով վեր հառնեց Սուրբ Աստվածածին եկեղեցին՝ որպես Չնքուշի Սիրահաեաց վարդապետարանի ոգու կենսաընթացքով թրծված բարեխոսություն, ուխտյալների երազներից իջած ու ազգային արմատներից սնված ու կանաչած, իսկ ավանդական ծեսերից էլ՝ Կենաց ծառը: Իսկ հիմա՞… շնչահեղձ են լինում տնակ-քոլիկների հմայքազուրկ միջավայրում խեղճ ու խոնարհված «Սուրբ խաչեր»-ը, որոնցում Արշակունյաց թագավորության Բնաբեղ ամրոցի հպարտությամբ ապրած Չնքուշի օդն ու ջուրը վայելած նախնիների գենային հիշողությունը կա, արյունն ասես տիեզերքի ամենասիրուն հուշաբեր ճանապարհն է, որով սերնդեսերունդ ժառանգաբար փոխանցվում է հոգևորը՝ դարձած լեզվամտածողություն:

Հայի կենսագրականն է կարծես հուշազոլով ներկայացվում «Քամու բերանն ընկած տարագիր» ստեղծագործության մեջ, որտեղ Մատթեոսի ավետարանի դասը բյուրեղացնելով իր մեջ՝ եզրահանգում է սերունդների համար՝ «Տարագիրը հայի սերուցքն է, գաղթականը՝ ջուրը: Տարագիրը չմարսվող ոսկոր է, որ միշտ մնում է թափառ քամիների կոկորդին, իսկ գաղթականները քամիներով քշվում են ու կորչում ժայռերին թափվող անձրևների պես»: «Ծանծաղոտ թաղային հայրենասիրություն»-ը (տես՝ «Գրական թերթ», 15.04.2022 թ.) շարադրվել է էպոսին վայել նախախոսքային բանաձևումի նմանությամբ, երբ վիպական ժամանակները ձևախեղվել են վրիպականով, երբ ազնվացեղ խենթերի պակասություն է, և նստածտեսաբան մտավորականի ներկայություն, ափսաթաթիկ ու գետնաքարշ պնակալեզությունն է պատմության հերթական ահաաղետ գալարը տալիս:

«Միֆ, էյֆորիա, իրականություն»-ը (տես՝ «Գրական թերթ», 29.09.2019 թ.) ծնվեց նրա մեկ ուղևորության ընթացքում, երբ շարժիչի հռնդյունի հետ ականջին է հասնում ուղևորների քաղաքական ու պատմական վեճը, ու ցավով փաստում ես ազգային էպոսի մեջ պատվարժանի կողմից թույլ տրված պատմական կեղծիքը, և երիցս աղերսվում ենք Կոստան Զարյանի «Թող տարօրինակ չթվի, եթե ասեմ, որ քերականությունը պետությունն է» խոսք-ապտակի մշտապահանջին:

«Եռաբլուր՝ վերջին խրամատ»-ում (տես՝ «Գրական թերթ», 11.05.2018 թ.) Ֆրանսիայից հանուն հայրենյաց Հայրենիք եկած մարտնչող հայրենասերի կերպարի վեհացումն է, որն ավետեց՝ «Հոգևոր արժեքներն են, որ մեզի պիտի դեպի վաղը տանեն», իսկ նրան՝ ազգային հասարակական գործիչ Սարգիս Հացպանյանին հրաժեշտի եկածներին խոսքը պատկերի վերածելու վարպետ գրողը պիտի նմանեցնի ոգեղեն Հայաստանում թևածող հրեշտակներին, իսկ Լևոն Ջավախյանը «Դագաղից ծնվածը» պատմվածքում կլլում է կույր գնդակների ռազմադաշտում Հայրենիքին կամավորագրվածի անվերադարձ կորստի ցավը՝ «աչքերիցս բխած դառն ու աղի կաթիլներով»:

«Կենվոր սեփական սահմանին»-ը (տես՝ «Գրական թերթ», 03.12.2021 թ.) մտորումների, «խաղաղություն մուրացող, հայրենիքս որբ չմնա» խոսքերը տեղ հասցնելու և «Մենք ենք տերը մեր երկրի» հորձանքակոչի պահանջ ունի:

«Վերջին փամփուշտ՝ անձնվիրում» (տես՝ «Գրական թերթ», 05.11.2021 թ.) գործը զինվորի հոր վեհությունը և խեղճությունը ապրածի զգաստացնող ոգու հայտնություն-հիշողություն է պատերազմից վերադարձած տղայի ծոցագրպանից վերջին փամփուշտը հանած մոր սարսռեցնող, ահոտ աչքերի մասին (երբ ցանկացել էր պատերազմի փոշուց լվանալ որդու համազգեստը), և մոր զգայուն սիրտը գիտեր, որ զինվորը պետության կենաց ծառի ավիշը պահող արմատն է՝ հայի գենի գրպանում արդարության, իրավունքի և վրեժի փամփուշտը պահած:

Ինչպես ֆրանսիական Վալանս քաղաքի «Ռադիո A»-ի լրջադեմ պատասխանատուն է հեռավոր 1993 թ. փետրվարին «Սովորական հայ մը» խոսքին հակադարձել «Չի երևիր» երկիմաստ մռլտոցով, այնպես էլ Հակոբ Հարությունի բառաստեղծ ոգու ծանոթացումով ներկա լինելն է մենության խորհուրդը երկրպագողի ճախրատոնին, հոգու հրճվանքի ճեմալույսը տեսնելու համար նա հայացքը վեր է բարձրացրել և երևակայորեն հնչած լինելիության աղոթք մրմնջացել այն հույսի ծվենի համար, որ սովետի տարիներին ախպարների ծվատված հոգիների լուռումունջ ապավենը եղավ: Գեղեցկախոսությունը այս գրքի խոհահևքն է նախընթօր և բոլոր հաջորդ օրերի համար, նաև Սուրբ Մինաս վանքի թաքնաթաքուր հորդորը, որ կյանքի ամեն թարթ խենթագին պար ունի իր մեջ, ու հողմահարված երազանքը պետք է փնտրել լեռնապար տեսարանների վեհության մեջ, երբ մտախռիվ ու մտաթափառ իմաստնության տարիքում ես հասկանում, որ տարիքը պարզապես անելիքի գիտակցաչափն է, իսկ սերունդներին թողնվող յուրաքանչյուր լուսանկարի վրա խլրտացող տխուր «կարոտով ակաղձուն մոր մակագրություն»-ն է:

«Բնության բնավորությունը» (տես՝ «Գրական թերթ», 21.07.2020 թ.) ձևավորվում է, «երբ հայացքդ զարկվում է քերծերին ու ժայռերին, ամպերի նման սահում լեռնային անտառների վրայով, երկնքում սուզվելով լսում աղբյուրների քչքչոցը»: Հայի աննվաճ ոգին Կաչաղակաբերդի լեգենդի մեջ կարելի է փնտրել՝ «Մեռնել, բայց՝ չհանձնվել» կամ Հարսնաքարի առասպելի պես, երբ սովորեցնում է, որ բնությունը բնավորություն է կերտում, և այստեղ միշտ պիտի մաքրություն տիրի, այստեղ երբեք անեծքի ու նզովքի խոսքեր չպետք է ասել: Ու զուգահեռվում են Կաչաղակաբերդի և Հարսնաքարի պատմությունները՝ դառնալով Արցախի խորհրդանիշ պապ ու տատի հուշարձան՝ տղամարդու լեռնաձիգ անպարտ կեցվածքով և հարսի ուրվագծային պատկերով:

Մեծ իմաստասեր և Տիեզերական եկեղեցւոյ վարդապետ Գրիգոր Նարեկացին Հակոբ Հարությունի անպարագիծ մտքի առաջնորդողն է: «Արշալույսե էսքիզ»-ը (տես՝ «Գրական թերթ», 30.07.2021 թ.) մտորումների հեղեղ է, ուր բացահայտում ես, որ «Եվ դարից էլ երկար ձգվում է օրը» միտքը Չինգիզ Այթմատովը վերցրել է հայ գրականության վերածնության հիմնադիր ու փիլիսոփայական մտքի գագաթնակետ Նարեկացուց՝ Բորիս Պաստեռնակի ձեռամբ և վեպի բնաբան է ընտրել Տիեզերականի աղոթքի տողերը. «Զոր գիրդ՝ ընդ մարմնոյս և բանդ՝ ընդ հոգւոյս»: Իսկ դարը սկսվում ու վերջանում է օրով:

«Ընդհանրապեսն ու մասնավորը» էսսեի մեջ հուշալարելով և տեսնելով խառնափնթոր, խառնիճաղանջ պատկեր-միջավայրը՝ մեկ հազարամյակ ետդարձը քեզ հանդիպեցնում է Նարեկացուն («Ճանաչածն ինչպե՞ս հանկարծ խորթացավ», /«Ճաճանչափայլը ինչպե՞ս մթագնեց»): Իսկ մեզ հետ տարածաժամանակային նույն հարթության մեջ քայլող և արարող գրողը տեսնում է, որ նետված «քարի մեջ արյուն ու ընդհատվող կյանք կա», սակայն այն լուսավորում է Արեգակի կողմից՝ «ջուրը կյանք է, իսկ քարի մեջ վերածնվող կյանք կա» հատկապես այս հողի վրա՝ Հայաստան կոչվող, և այն մեր չսակարկվող Հայրենիքն է:

Այսպես ես զգացի Հակոբ Հարությունի գրչի ուժը, որ նախնյաց ավիշ ու զորություն ունի, վայելեցի նրա գիրը, որ հային կանչող վանքի կոչնակի պես է՝ ափսոսանք ապրած, սակայն և լուսավոր օրեր տեսանող հայրենասերի սրտազարկով է, և գնահատեցի նրա գրական վաստակը, որը լուսավորյալ է հոգու լուսնահևքով: Եվ ամեն Աստծո օր Հակոբ Հարությունի աչքի առջև հանապազօր հոսող Հրազդան գետի ջրահարս Ծովինար ավազանի տարածքում կյանք առած Տիգրան Չուխաջյանի «Կարինե» օպերետը վեհացնում է մեր հոգիները և պայծառ դարձնում մեր միտքը՝

«Մեր կամքը թող դեպի կռիվ մեզ տանի․

Տանք թշնամյաց մենք ծեծ ու ջարդ արժանի։

Փորձանքի դեմ միշտ եղել ենք մենք արթուն․

Ինչ էլ որ ըլլա պետք չէ տեսնանք պարտություն։»:

 

Վալերի ՋԱՂԻՆՅԱՆ

ՀՀ լրագրողների միության անդամ,

Միջազգային նյարդագիտական ակադեմիայի պատվավոր ակադեմիկոս