«Այնքան շատ եմ շրջել աշխարհով մեկ, որ արդեն չեմ կարող ասել՝ աշխարհը փո՞քր է, թե՞ մեծ». այս խոստովանությամբ է սկսում Ֆելիքս Բախչինյանը «Մի գիշեր Աթաթուրքի սենյակում» բավական ինտրիգային վերնագրով իր նոր գիրքը: Աշխարհով այդքան շատ շրջած, բազում (նաև վտանգավոր) արկածների հանդիպած ու… դարձյալ շրջագայության ելնող մարդը, գրողը պետք է որ շատ անհանգիստ մարդ լինի՝ «անգամ քնած ժամանակ և հանգստանալիս»: Բայց, ահա, այդքանից հետո, մտքովն էլ չէր կարող անցկացնել, որ մի օր՝ «ամառային տաք կեսօրին», հայտնվելու է ոչ ավել, ոչ պակաս, «սառը դագաղում»… ու չի կարողանալու ճշգրիտ բառ գտնել այդ հոգեվիճակի համար:
Որ երբեմնի ծաղկուն պատմական Արաբկիրից 1895-ի կոտորածներից հետո Հալեպ արտագաղթած Մազլումյանների հիմնած հարյուրամյա «Բարոն» կոչվող հյուրանոցը ամենանշանավորներից է շատ բան տեսած արևելյան հյուրընկալ այդ քաղաքում, ես՝ որպես արաբկիրցու ժառանգ, լավ գիտեի: Գիտեի նաև, որ այդ հյուրանոցում են իջևանել աշխարհի շատ երևելի դեմքեր՝ Ռուզվելտը, դը Գոլը, Զոհրապը, Սարոյանը, Ագաթա Քրիստին, որն, ի դեպ, այդտեղ է գրել իր հանրահայտ «Սպանություն Արևելյան ճեպընթացում» վեպը: Ու նաև՝ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը… Գիտեի, բայց եթե հարցնեին, թե ի՞նչ կզգա կամ կապրի որևէ հայ, այն էլ զգայուն գրող-հրապարագիր, ճակատագրի կամ դիպվածի չար խաղով, թեկուզև մի գիշեր հայտնվելով այն սենյակում, որի դռան վրա «արաբերեն և անգլերեն տառերով գրված էր. «Այս սենյակում ապրել է Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը», երևի դժվարանայի պատասխանել: Բայց աշխարհում միշտ էլ կատարվում են բաներ, որ անհնարին են թվում: Եվ, ահա, Ֆելիքս Բախչինյանը ընթերցողին հնարավորություն է տալիս հաղորդակցվելու այդպիսի մի անհնարին թվացող իրավիճակում հայտնված «էրզրումցի պապի և արցախցի տատի զարմից սերված հայ զբոսաշրջիկի» ներաշխարհային արձագանքներին: Առաջին բանը, որ արձանագրում է նա, այն է, թե «Աթաթուրքի սենյակում շնչեցի ուրիշ օդ և զգացի ուրիշ հոտ ու հասկացա, որ հոտառությունն էլ ունի պատմական հիշողություն»: Բայց, ինչպես պիտի պարզի ավելի ուշ, պատմական այդ հիշողության արմատները ոչ թե այսօրվա իր մտքի, իմացության, այլ առավել խորքային զգացողությունների՝ արքետիպերի և խորհրդանիշերի մեջ են: Ահա թե ինչու, դեմ հանդիման կանգնելով «հայոց պատմության դահիճի» հետ, նա իր համար սկսում է պարզել շատ բաներ, որոնք այլ կերպ գուցեև չկարողանար պարզել: «Աթաթուրքի անունն իմ մեջ արթնացրեց վաղուց նիրհող վրեժի, ոգեկոչման ազդակներ,- գրում է նա,- որոնք կանխորոշեցին իմ արարքները, մտքերը, որոշումները հետագայում»: Այսինքն՝ անցյալի ոգեկոչման սլաքներն իրականում ուղղված են ոչ թե դեպի ետ՝ արդեն ապրված պատմությունը, այլ դեպի այսօրը, ներկան՝ հարափոփոխ աշխարհում իր տեղն ու դերը ճշտելու հեռահար նպատակադրմամբ: Իսկ եզրակացությունը, որին հանգում է նա, ավելի քան սրտապնդող է. «Անկեղծ ու նախահարձակ իմ վարքագծի մեջ ես ճանաչեցի ինձ, տեսա աշխարհին ինձ կապող իմ պորտալարի առողջությունն ու ամրությունը»: Սակայն կարևոր է ընդգծել, որ դա ոչ մի կապ չունի ռոմանտիկ լավատեսության, անքննադատ ինքնագնահատականի հետ: Հերոսի մոտեցումն ու տրամադրվածությունն ավելի իրական-իրատեսական է, աշխարհին կապող պորտալարի այդ «առողջության ու ամրության» համոզմունքը նա ձեռք է բերում ներքին քննախուզումների դժվարին ճանապարհով՝ «քննադատեցի ու ատեցի, սիրեցի ու մեղադրեցի ինձ, հիացա ինձնով և հիասթափվեցի ինձնից: Իմ ներսում զգացի ժամանակների շրջապտույտը, ինչպես դա բնական ճանապարհով տեղի է ունենում ծովերի ու օվկիանոսների հատակին՝ մաքրելով ու հոսեցնելով ընդերքի ջուրը, չթողնելով, որ այն նեխի ու ճահճանա: Գլխիս միջով, ինչպես ավգյան ախոռում, հոսեց ժամանակի ջուրը՝ մաքրելով պղտորություններն ու ժանգը, զուլալեցնելով այն հետագա դարերի համար»:
Սրտի «բոլոր բջիջներով» Դեր-Զորն զգալու համար Հալեպ ուղևորված հերոսի հոգում, բնականաբար, հնչում են ռեքվիեմի ձայներ, բայց նորօրյա՝ «ոչ Մոցարտի», այլ Էդուարդաս Մեժելայտիսի, Վահագն Դավթյանի… Սակայն Աթաթուրքի անունը միայն բավական էր՝ «ներկայից կտրուկ ու ցավոտ շրջադարձ կատարելու դեպի անցյալ և վերապրելու պատմական այն տխուր ու սարսափելի մղձավանջը, որի միջով անցել է հայ ժողովուրդը»: Ու մտքում խառնվում են ժամանակները, մարդիկ, դեմքերն ու դեպքերը: Ըստ էության, «…դա տիեզերական ժամանակ էր», որում հայ մարդը «գալիս էր անցյալից, ներկան ապրում անցյալով ու դեպի ապագա տանում անցյալի ներկան»: Ինչ-որ տեղ դա նաև օրինաչափ էր ու տրամաբանական՝ հերոսի համար, քանզի, ըստ նրա՝ «Այդպես է եղել միշտ, երբ հայ մարդը ցանկացել է խորհել իր կյանքի այսօրվա պատմության մասին»:
Նկատենք, որ հայոց պատմության և հատկապես ողբերգական ժամանակների շուրջ բուն ճշմարտությունը քննել-պարզելու իր ջանքերի մեջ հերոսը դիմում է նաև այդ ողբերգությունների անմիջական հեղինակներից մեկի՝ Աթաթուրքի օգնությանը, որը ժամանակ առ ժամանակ իր կարծիքներն է հայտնում հայտնի ժամանակի և իրադարձությունների մասին: Երբեմն դրանցում հնչում են ճշմարտությանը սթափ նայելու շեշտեր, երբ խոստովանում է, թե հայերն իզուր են մեղադրում իրենց թուրքական երգն ու երաժշտությունը սիրելու համար, որովհետև իրականում դա հենց իրենցն է՝ հայկականը… «Մենք վերցրինք ձեր լադերը, մեղեդիները, քարե քանդակը,- ասում է նա,- ու սկսեցինք երգել թուրքերեն բառերով: Շատ կարծր սրտեր փափկեցին, շատ ճոճվող սրեր ցած իջան այդ երգերի կախարդանքից: Մեր երգերի մեջ դուք սիրում եք ձերը և իզուր մեղադրանքներով տանջում ձեզ»: Կամ՝ իրականում արտահայտած կարծիքը Զորավար Անդրանիկի բացառիկ հերոս լինելու մասին, ինչը մղում է մտորելու բոլոր հայ հերոսների շուրջ՝ հին դարերից մինչև Արցախի ազատամարտ… Բայց երբեմն էլ Աթաթուրքի դատողությունները դառնում են կտրուկ ու գրգռիչ, երբ խոսում է հայության «կորուսյալ հայրենիքի, նրա հող ու ջրի, գիր ու մագաղաթի» մասին: Նա նույնիսկ ավելի առաջ է գնում, հորդորելով, թե «մեկ-մեկ նայեք ձեր ներսը, տեսեք ու վախեցեք ձեր մեջ ապրող Աթաթուրքից…»: Այստեղ ևս կռահելի է հերոսի հակազդեցությունը՝ «Դուք միշտ այդպես եք եղել, միշտ փորձել եք մեզ գցել մեր մեջ թշնամիներ որոնելու մոլորության մեջ: Սուտ է, մեր մեջ թշնամիներ չկան»: Բայց, իհարկե, ընթերցողն ըմբռնում է, որ այդ ամենը, ի վերջո, գրական հայտնի հնարք է՝ «խաղ», երբ գրվածքի հերոսները, իբր, գուշակում են միմյանց մտքերը, իսկ իրականում դա հերոսի՝ «սփյուռքահայ գրողի» մենախոսությունն է՝ նույն ինքնազննության ձևերից մեկը, ով չի ուզում բաց թողնել ոչ մի թեզ ու հակաթեզ, թեր ու դեմ կարծիք, տեսակետ: Իսկ արդյունքը լինում է այն, որ նա սկսում է լրջորեն խորհել իր ու իր նման միլիոնավոր հայերի ճակատագրի՝ ներկա կյանքի և ապագա հեռանկարների մասին. «Աստվա՛ծ իմ, տարիքս գնում է դեպի կյանքիս մայրամուտ, իսկ ոտքերս դեռ թափառում են աշխարհով մեկ, դեռ որոնում եմ իմ տեղը, իմ տունը՝ այնտեղ՝ ափաչափ իմ հայրենիքում թողած և՛ տեղս, և՛ տունս, և՛ ինքնությունս: Ինձ նման քանի՞ միլիոն հայ կա աշխարհում»: Չէ՞ որ, ի վերջո, «դա հենց այն է, ինչ ուզում է թշնամին»:
Կարելի է ասել, որ Ֆելիքս Բախչինյանն իր այս նոր գրքույկում ավելի հարցեր ու հարցականներ է առաջադրում, քան լուծումներ առաջարկում՝ ընթերցողին թողնելով այդ ամենի շուրջ մտորելու և սեփական եզրահանգումներն անելու հնարավորությունը: