Ալվարդ ՀՈՎՍԵՓՅԱՆ

ՀԳՄ վարչությունը
շնորհավորում է  բանաստեղծուհի, մանկագիր
Ալվարդ Հովսեփյանին
ծննդյան 70-ամյակի առթիվ

«Գրական թերթը» միանում է շնորհավորանքին

 

 

Կա ճակատագրի հավելված։ Այն աննկատ ու մեղմորեն ներմուծվում է մեր կյանք ու կատարում իր առաքելությունը։ Մենք օգնում կամ խանգարում ենք, որ այն ներդաշնակ զարգանա մեր մեջ։ Մենք ենք տանում մեր ճակատագիրը` անկախ նրա հաջող թե անհաջող մուտքագրումից։ Ալվարդ Հովսեփյանի բանաստեղծական խոսքի մուտքագրմամբ կայացավ 21-րդ դարասկզբի վերաճուն բովանդակությունը՝ համարձակ, ասելիքով, գրականության ստեղծման հարուստ որակով։ Այս գեղեցիկ տարեդարձի՝ 70- ամյակի կապակցությամբ շնորհավորանքներս բանաստեղծուհուն՝ առողջ երկարակեցությամբ ու առատաբեր գրիչով շարունակվելու հայոց խաղաղ երկնքի տակ։ Բարի  հոբելյանական տարեդարձ։

Լենա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Գրականագետ

 

 

Ալվարդ Հովսեփյանին նախ ճանաչել եմ ընկերական միջավայրում՝  որպես ջերմ, անմիջական ու անկեղծ ընկեր, ապա՝ որպես շնորհալի բանաստեղծ և հմուտ բանասեր-մանկավարժ, որ սերունդ դաստիարակելու իր առաքելությունը լրացնում է նաև բարոյախրատական հրաշալի առակներով՝ շատ պատկերավոր ու դիպուկ այլաբանությամբ ձաղկելով հասարակության արատները՝ նախանձը, չարությունը, ծուլությունը, մեծամտությունը, զազրախուսությունը՝ այդ ամենին հակադրելով ու կարևորելով բարությունն ու  մարդասիրությունը, խոնարհությունն ու համեստությունը… Անկեղծորեն պիտի ասեմ, որ անձամբ ես առավելապես գնահատում եմ նրա՝ հենց այս տիպի ստեղծագործությունները` վստահաբար արձանագրելով, որ նա վերակենդանացրեց, նոր շունչ հաղորդեց բանահյուսության, կարելի է ասել, մոռացվող այս ժանրին…

Ջերմորեն շնորհավորելով նրա գեղեցիկ հոբելյանը՝ ուզում ասել․ սիրելի Ալվարդ, հոբելյանդ միայն թվային արտահայտություն է, որը քո շնորհները բազմապատկելու նախադուռ է, չէ՞ որ  ասում են՝ տարիքն ավելացնում է շնորհալի մարդու շնորհները… Ուրեմն, շնորհավոր հոբելյան և նոր, առավել ակնառու ստեղծագործական ու անձնական ձեռքբերումներ…

Սեյրանուհի  ԳԵՂԱՄՅԱՆ