Վարուժան ԳԱԼՍՏՅԱՆ
Ա Ն Տ Ա Ր Բ Ե Ր Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն
Հնուց՝ շատ հնուց,
Հին որձաքարից
Բեկոր են պոկել,
Եվ սեպագրել
Անցողիկ դեպքեր.
Արդ մեր օրերում,
Հին որձաքարից
Բեկոր են պոկում,
Ու նոտագրում
Մեսրոպյան տառեր.
Եվ պարզվում է, որ
Ժամանակի չուն
Ոչինչ չի փոխել…
Իսկ որձաքարը՝
Լրիվ անտարբեր…
Ջ Ր Կ Ի Ր Ը Տ Ի Բ Ե Թ Ի
Հիշողությունս չի դավաճանում՝
Հազար տարիներ ջրկիր եմ արդեն.
Տիբեթի անծայր լեռներում խրոխտ
Ես ջուր եմ կրում հպարտ ու վսեմ:
Ինձ ընկերներ են աղբյուրները բյուր,
Համեղ ջրերով՝ սառնորակ, բյուրեղ.
Ամեն արահետ ծանոթ ժպիտով
Շատ է հարազատ ու ոլորագեղ…
Ես ջուր եմ տանում ծաղկած դաշտերին
Հեքիաթածածք Տիբեթում ծերուկ,
Ուր արբիացած ծաղիկները ժիր
Ինձ օրհնում են միշտ՝ շորորով նազուկ…
ՕՐԸ ՎԵՐՋԻՆ
Վերջին օրերիս անզուսպ կոռնամ
Ու հավաք կանեմ հրեշտակներին,
Որ իմ բացատում լույս հոգիս առնեն,
Մարմինս տանեն, հանձնեն հավերժին…
Ինձ հետ կքայլի սարսուռը վերջին,
Իսկ ես կմնամ պահվածքով անճար…
Պապանձ կսպասեմ գուժ հրաժեշտին,
Ու այն կլինի՝գիտեմ անպատճառ:
Ու կգա ժամը, և ինձ կմնա
Ապրելու համար ընդամենը՝ Օր…
Հրեշտակներին կասեմ.- Կանգ առե՛ք,
Ես պիտի ապրեմ դեռ մի ամբո՜ղջ Օր…
Հ Ի Շ Ե Ն Ք
Ուզում եմ հիշենք, թե ոնց ծնվեցինք՝
Տեսնելով դաշտի ծաղկունքն այրող
Ու լեռան լանջի արևը՝ զարմանք
Եվ խավարների փախուստը սահող…
Ուզում եմ հիշենք այն օրն առաջին,
Երբ քարանձավում մանկան ճիչ լսվեց.
Երբ եղավ պահը ինքնաճանաչման,
Վայրենի մայրը մանկանը գրկեց…
Իրեն հայր զգաց գազանն ահարկու,
Դանդաղ մոտեցավ մանկանն ու մորը.
Հոտոտեց նրանց ժպիտով երկչոտ
Եվ իր հետնորդին նվիրեց պարը:
Հիշենք, հիշենք, թե ինչպես ծնվեցինք.
Գիժ ժամանակի ակունքում հեռու…
Ո՞ւր, որտե՞ղ հասանք՝ դարերը հեծած,
Եվ այսուհետև ի՞նչ ենք անելու…
Ա Ն Տ Ե Ղ Յ Ա Կ Ը
Ի՞նչ է կատարվում՝ ամենն առուծախ…
Բիզնես է դարձել առևտուրը հին,
Ու այդ գործարքին խիղճը չի խառնված,
Նա շուտ է անցել սահմանից անդին:
Փող հավաքելու տենչը բացահայտ,
Հարգվում է արդեն՝ որոշիչ է այն.
Ապրելու համար ճոխ լույս է պայծառ,
Իսկ մնացյալը՝ զբաղմունք ունայն:
… Ու ես անկարող, գործից ուշացած,
Հին նորմերն եմ փայփայում կրքոտ.
Արդ կյանքն այլ է, աշխարհը՝ փոխված,
Իսկ ես անտեղյակ, կույր ու վեհերոտ…
Ճ Ա Մ Փ Ո Ր Դ Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն
Լուռ հեռանում եմ մեր մոլորակից
Ու թռչում եմ հեռավոր տիեզերք…
Տունս թողնում եմ ինչ-որ ժամանակ
Եվ հաղթած կգամ հարազատ եզերք;
Միտված գնում եմ անհունն անորոշ,
Անսահմանության սահմաններ հեծած…
Հավիտենության մեղմիկ օրորից,
Պահեր եմ փնջում՝ աստղերով արբած…
Ծիր Կաթին հսկան ժպտում է հանգիստ,
Քայլս համարում ցանկություն անմար,
Քանզի նա գիտի, որ ես գնում եմ
Բարության աստղը բերելու համար…
Հ Ա Յ Ա Ս Տ Ա Ն
Խնձորը ծառից
Ընկել է գետնին
Ու ավաղ դարձել
Երկու կես խնձոր…
Հողերն են երկրիս
Բաժանված կռվով,
Ամեն բաժինը՝
Ասես կես խնձոր…
Տ Ի Ե Զ Ե Ր Ք Ո Ւ Մ
Ամբողջ կյանքում թափառեցի
Տիեզերքի սահմաններում,
Տեսա բազում Սև խոռոչներ՝
Անկշտության գեր ճիգերում…
Տեսա աստղեր ամեն տեսակ,
Տխրության մեջ ու մենավոր,
Կրկնակի և երջանիկ
Ու Կառլիկներ մտամոլոր:
Գիսավորի հետ խոսեցի,
Լավ տեղյակ էր նա մեր մասին.
Բազում տեսակ Գալակտիկա՝
Հեռուներից բարևեցին:
… Ողջ տիեզերքի ոչ մի մասում
Չկար Աստված պաշտամունքի…
Ու տիեզերքն անաստված էր,
Կարիք չուներ հնարանքի…
Գ Ի Շ Ե Ր Ն Ա Ն Ք Ո Ւ Ն
Անքուն գիշերվա երթն է հավերժող.
Լուսնյակը խռով կիսվել է կամոք.
Արդեն ճար չունեմ, պետք է համբերել,
Հավետ մոռանալ պահերը մորմոք:
Պետք է մոռանալ ձախորդ օրերի
Անհանգիստ ճիչը՝ կոկորդս սեղմող,
Անհույս փորձերի շարանը ձախլիկ,
Պարտության տանող քայլերը մեռնող…
Բայց պետք է հիշել հաճելի դեպքեր
Ու նրանց մեկ-մեկ տեսության կանչել…
Եվ գուցե այդ ժամ, լուսնյակին թիկնած,
Փորձեմ վերջապես իմ մահճում ննջել:
Մ Ե Ն Ա Կ Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն
Երբ ամբողջի մեջ մենակ եմ մնում,
Տիեզերքում եմ՝ բիլ երազանքով…
Ինձնից ելնում է այրումի մի ծուխ.
Տարօրինակ եմ՝ հրկիզված վարքով…
Ու ես չեմ լսում շրջապատի խոսք,
Ոչ մի բամբասանք կամ ինքնագովանք
Եվ ոչ մի խորհուրդ՝ «մեծ գիտակների»,
«Լավը ցանկացող ոչ մի գորովանք»:
Ես թևածում եմ անհուն անեզրում,
Ու ինձ հուզում է ցոլքը աստղերի…
Ես՝ միայնակս, իմ հոգսերի հետ
Երազն եմ պեղում հանգած դարերի…
Ճ Ա Խ Ր Ա Ն Ք Ն Ե Ր Ս
Հուսածորան ճախրանքներս
Բիլ, անմոռաց երազներ են
Ու գրկաբաց կանչումների
Հեքիաթային հանգրվան են…
Մոգություն են շատ ցանկալի
Ու տվայտանք արահետի,
Իրատեսված ձգտումներ են՝
Կորուստախառ ապրումների…
Արթնացումի ծիսակարգ է
Ծիածանվում անձրևածին.
Արարումիս համ ու հոտից,
Թող որ ծնվի հուսո արփին…
Ա Պ Ա Գ Ա Ս
Կիսափուլ խորանում՝ մոռացված,
Անցյալիս փոշին եմ ես ավլում.
Հիշողության գորգի գույներով
Գալիքս եմ հույսով զարդարում…
Լսվում է հաճելի մեղեդի,
Կածանիս քայլերի տկտկոց.
Սպասումի գավաթում լցված՝
Հոգնությունս դառնում է հևոց…
Երազանքիս հույսածին ծառին
Աղավնիներ են նստել հանգիստ,
Աչքերում՝ ապագաս լուսերես
Եվ հանգրվանս արևանիստ…
Բ Ա Ն Ա Ս Տ Ե Ղ Ծ Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն
Ես ժամանակի շաղախը հունցում,
Օրս անում եմ արարման ծփանք՝
Երկունքով եփված միտքս դարածոր,
Երկինք է թևում՝ դարձած երազանք…
Հին քարանձավի երգն է ժիր ծնվում,
Պատերի սորուն ավազից կարմիր.
Փափագ հույսերս հովիտներում տաք՝
Եռում եմ ըմբոստ՝ այս կյանքին հարիր…
Ստեղծագործ հովտում՝ շռնդալից ծես,
Ծնվում են տողեր իմ հոգու քամուց.
Գունեղ բերկրանքով ցողված մտքերս
Դարերի ճիչ են՝ եկած շատ հնուց…
Ե Ս… Ք Ո
Ես խարույկի մոխիր եմ տաք
Հենց նոր հանգած բորբ խարույկի…
Մեջս թաղած երազանքներ՝
Քեզնի՛ց վառված հուր կրակի…
Ես ճախրանքի կանաչ լույս եմ,
Ինձնով շաղախ քո՛ ճախրանքի.
Տենչանքներիդ քայլն եմ հուսո
Ու կածանդ՝ տվայտանքի…
Ես հույսերի գանձարան եմ,
Քո՛ կորուսյալ լույս հույսերի.
Հանգրվանդ եմ մոռացված՝
Հիշողության անուրջների…
