***
Գիտե՞ս՝ արդեն
քանի՜ դար է՝ հառաչում եմ,
Գնացողի փեշից
բռնում ու կանչում եմ,
Շարա՜ն-շարան հեռանում են
անվերադարձ,
Իրենք լքում,
ես ինձանից ամաչում եմ…
***
– Չէ՛, էս երկիր չէ,-
ասում եք, գնում,
Մի բուռ թերմացք է
ձորերում մնում,
Մի բուռ սերուցք է քաղաքում եռում,
– Չէ, էս երկիր չէ,- ասում եք, գնում…
Գլխարկը թեք դրած պոետը
Մի երգ է հիշել պոետը,
Գլխարկը թեք դրած՝ սուլում է,
Երգի բառերը տնքում են՝
Մի երգ է հիշել պոետը:
Գլխարկը թեք դրած՝ սուլում է՝
Աչքերը հին ցավից կկոցած,
Հոգին աստղերից պայծառ է,
Մի երգ է սուլում պոետը:
Երգի բառերը տնքում են,
Արյունում սիրտը պոետի,
Մի երգ է հիշել պոետը,
Որի բառերը չգիտի:
Սուլում է հին ցավի միջից,
Հոգին՝ աստղերից պայծառ,
Մի երգ է հիշել պոետը,
Քեզ նման, քարկոծված իմ ծառ…
Վերհուշ
Օրերս թռչում են արագ,
Օրերս թռչուն են դարձել,
Աշնան լաջվարդի միգում
Խինդս սառած է մնացել:
Օրերս սուրում են արագ,
Օրերս նժույգ են դարձել,
Մաշված պայտերն են միայն
Իմ դռան առջև մնացել:
Հայելուց նայում է մի կին՝
Հոգնած աչքերում՝ մշուշ,
Քամին վերհուշ է բերել
Անցած օրերից անուշ…
Ո՞նց ապրեմ
Ես ո՞նց ապրեմ, սիրելի՛ս,
Բեռնաձի եմ հարեհաս,
Վազք ու շփոթ օրվա մեջ
Օձի շապիկ՝ անվնաս:
Մինչդեռ օձը իմ ներսում
Խորհուրդ առնում ու տալիս,
Խնձոր չկա իմ ձեռքին,
Բայց հին ցավից եմ լալիս:
Շարունակեմ թե այսպես,
Դու ոչինչ չես իմանա,
Պատժված եմ, ինչպես միշտ,
Ու սիրտս չի դիմանա:
Ես ո՞նց ապրեմ, սիրելի՛ս,
Բեռնակիր եմ հարեհաս,
Մեր դրախտից մի պատառ,
Մի շող չկա անվնաս…