ԲԵԼԳԻԱՅԻ ՀԱՇՎԻՆ / ՆԱՆԵ

Европа_201_ruԴժվարը վճիռ կայացնելն էր, իսկ դա կարծես պահերի մեջ եղավ… Երկար գցում-բռնում էին, տալիս-առնում, դիմանում-չէին դիմանում: Այդպես տարիներ էին անցել: Բայց մի օր բոլորն ասես արթնացան նույն մտքով… որ վերջ, որ… հայրենիքը` հայրենիք, բայց իրենք էլ մարդ են, ու այդպես այլևս անհնար է դիմանալ:
Դժվարը դա էր:
Միանգամից մի քար ընկավ ասես սրտներից… Դրանից հետո ամեն բան արդեն շատ արագ հոսեց: Բոլոր հարցերը իրենք իրենց լուծումներ էին ստանում: Ծանոթի-ծանոթի-ծանոթի` լաբիրինթոս հիշեցնող այդ ճյուղավորումներով ամեն բան կարգավորվեց:
Վիզա… ինքնաթիռի տոմս… օդանավակայան… հրաժե՜շտ…
Վերջինն արդեն իր մեջ, հաշվարկներից բացի, այլ բան էլ էր ենթադրում: Բայց… ժամանակ չկար: Հույզերը հետաձգվեցին, հանվեցին օրակարգից, ջնջվեցին:
Տարիներ տևող հոգսերը շատ բան են բթացնում: Առայժմ մենակ էր մեկնում, հետո գուցե ընտանիքն էլ միանար իրեն:
Ահա և արդեն «տեղում է»:
Լավ է. ծանոթ-հարազատն այնտեղ էր: Դիմավորեց, տեղավորեց իր բնակարան-կացարանում: Ընկեր-տղերքը եկան… Խնջույքը պարտադիր էր: Բա հո կիսատ-պռատ չե՞ն ընդունելու հայաստանցի «ախպորը»:
Զգացված էր: Երկիրը գրեթե չէր տեսել, բայց տղաների ջերմությունից նա էլ գեղեցկացավ, սկսեց երազանքից մարմին առնել: Լավ էր սկսվում:
Հենց այդպես` խմբով էլ գնացին մոտակա մթերային խանութը: Ազգականը որևէ բան ընտրելիս մի անգամ էլ, հենց այնպես, իր կարծիքն էր հարցնում: Դա ավելի շատ ինքնագոհության և սնապարծության ժեստ էր. իբր` «Տե՛ս, թե քեզ ինչ պատիվ ենք տալու»: Բայց… մթերքը նրա ձեռքից ոչ թե զամբյուղի մեջ էր իր տեղը գրավում, այլ՝ գրպանում, որը կարծես անհատակ էր:
Հարազատը հետո ծիծաղելով բացատրեց, որ այդ նպատակի համար հատուկ գրպան է կարված` մինչև կոշիկները հասնող: Մյուս տղաներն էլ էին նույնով զբաղված: Խնդմնդալով, ասես անգամ հպարտ իրենց հնարա­մտությամբ, աչքով էին անում իրար ու… հասան դրամարկղին: Վճարեցին միայն զամբյուղում խեղճ ծվարած հացի համար, մի կտոր պանրի ու… կարծես էլ վերջ:
Թե ինչ էր զգում, դժվար է բառերով արտահայտել: Հավատի հարցերին լուրջ էր վերաբերվում ու պատվիրանները չխախտելը կյանքի կանոն էր դարձրել: Բայց… գողության պտուղ խնջույքից հրաժարվելու ելք չտեսավ: Տղաները իր համար էին ջանացել: Սրտանց հյուրասիրել ու նաև զարմացնել էին ուզում նորեկին: Եվ դա նրանց հաջողվեց: Ամեն բան ճոխ էր. խորովածն` ընտիր… երշիկեղեն, ձիթապտուղ, այս, այն…
Սկզբում պատառը կոկորդին էր կանգնում, բայց քիչ անց համեղ խորտիկները, տղաների անբռնազբոս կատակներն ու ծիծաղը մոռացնել տվին հույզերի վայրուվերը:
– Բա՞, ըտենց էլ ապրում ենք` Բելգիայի հաշվին…
Հարազատը քնքշանքով իր վրա նայեց.
– Լավ չես խմում, հլա մի գլուխդ քաշի:
– Սովոր չեմ,- ասաց տղան ու նորից միայն մի կում արեց շողշողուն, նռնագույն գինուց: «Մերն ուրիշ է». մտածեց:- Կարոտեցի Հայաստանին,- շփոթված ավելացրեց:
Լուռ էին:
– Ա, դե խմենք, է՜,- վիճակը փրկեց Հարազատը:
– Գիտե՞ք ոնց են մեր երկրից փախչում. որը` ինքնաթիռով, որը` մեքենայով, որը` ոտով, ոնց պատահի,- ասաց մեկը,- հենց մենակ Վրաստանի սահմանից, ասում են` օրը մի քանի հազար մարդ ա անցնում` փալաս-փուլուս, ինչ կարան` շալակած:
– Հա, վրացիները հարցրել են, թե այդ ի՞նչ է կատարվում ձեր երկրում` համաճարա՞կ է, ասեք, մենք էլ իմանանք,- տղան միացավ խոսակցությանը:
– Բա էդ երկիր պահե՞լ ա,- տղաներից մեկն էր:- Բա էդ վերևների հասցեին մի էրկու թունդ խոսք չասե՞ս,- ու քթի տակ անհասկանալի քրթմնջաց:
– Ասա, ո՞նց չասես,- խրախուսեց երկրորդը:
Խնդմնդացին…
Անընտանիք, անապագա, անհայրենիք հայերը…
Խնդմնդացին ու…
– Էհ, խմենք: Էս ա փրկում…
Ու կենացները շարունակվեցին: Բելգիայի հաշվին խմեցին հայրենիքի կենացը: Ծնողների… Պապերի շիրիմների… Հասան Արարատին ու դեռ այն կողմ էլ անցան:
– Ախ, էն երկրի հողի՜ն մատաղ,
Պիտի գնանք վաղ թե ուշ,- իր կոշտ բասով ծոր տվեց մեկը:
– Հրով լինի, սրով լինի`
Պիտի գնանք վաղ թե ուշ,- բաղաձայնով շարունակեց մյուսը:
Երգը թախիծ բերեց: Լռեցին…
Բաս ձայնովը` ձեռքերը հանգուցելով Բելգիայի հաշվին կուշտուկուռ լցրած ստամոքսին, հայացքը` սեղանին, մտքերի մեջ ընկավ: Երևի մտքում ծանրութեթև էր անում հեռվում ծիրանագույն լույսերի մեջ շողշողացող իր անուշ երկիրն ու այս օտարի հողը, ավելի ճիշտ, համեղ խորտիկների առատությամբ աչք շոյող ու ցանկացած պահի «Սեզամ, բացվիրի» պես հեշտ բացվող ու փռվող սեղանը: Սեղանը հաղթեց:
– Տղերք, մտածում եմ, ասենք` ետ գնացի, բա մերոնց ո՞վ ա պահելու: Էլի քչից-շատից օգնում եմ,- ասաց:
– Հա, բա՞… ճիշտ ա,- Հարազատն արդեն գինուց շաղված հայացքով էր նայում բոլորին:- Մերն էլ զինվորության պես բան ա` երկիր ենք պահում: Հայաստանում էն մի քիչ մնացողները որ կան, էլի մեր նմանների հաշվին ա, որ մնում են: Էհ, ինչ ասեմ, խմենք…
Խմեցին:
Տղան մտքում հասցրել էր արդեն մի քանի անգամ ճամպրուկները վերցրած հասնել օդանավակայան ու ետդարձի տոմս գնել, բայց այդ խոսքերից հետո հիշողությունների գիրկն ընկավ: Հիշեց այս, հիշեց այն, ու ամեն ինչից առաջ` իրեն հույսով սպասող հարազատներին: Եվ ելք չունենալուց, ապրելու ի՛ր իրավունքն ու կերպն այդտեղ հաստատելու վճռականությամբ վերցրեց բաժակն ու մի շնչով դատարկեց:
– Ո՜ւխ, ցա՜վդ տանեմ,- մրմնջաց ասես պայծառատեսի ունակությամբ նրա մտքինը կարդալուց ազդված Հարա­զատն ու խորը հոգոց հանեց:
– Ընկերուհուդ հա՞րցն ինչ էղավ,- հարցրեց բաղաձայնովը մեկին:
– Հեչ, բան էլ չեղավ: Մի էրկու անգամից հետո ձանձրացա: Մեկին տեսել եմ… ի՜նչ լավն ա…- ասաց ու ժպտուն աչքերով, ասես մտովի, ըմբոշխնեց հերթական թեթևավարք օտարուհուն:
– Տղերք, մենակ դրանց հետ չամուսնանաք,- ողջախոհը տղայի հարազատն էր,-էդ մեկը ձև չի:
– Ձև ա, ձև չի` էդ ա: Հայ աղջիկներն` էնտեղ, ես` էստեղ: Բա ի՞նչ պիտի անեմ:
– Չէ, էդ հաստատ ձև չի…
Տխրեցին… Ամեն մեկն իր մեջ երևի իր մորն այնքան նման հայուհու կերպարը փաղաքշեց ու բաց թողեց… Լուռ էին: Անընտանիք… անապագա… անհայրենիք հասուն, առնական հայ տղաները…
Հետո Բելգիայի հաշվին գինովցած գլուխներով հայհոյեցին Բելգիան ու բելգիացիներին.
– Արա, ախմախ երկիր ա, լրիվ թալանես` գլխի չեն ընկնի:
Տղան, ում թվում էր, թե անսթափության փրկարար գրկում ասես հաղթահարել է տարակույսները, հանկարծ, ինչ-որ մի պահի` երրորդ թե չորրորդ բաժակից այն կողմ, զգաց, որ աչքերն արցունքով են լցվում, հոգին նվաց ու իրենը պահանջեց: Լաց լինել ուզեց` ազատ, կարգին, տղամարդավարի, բայց… զսպեց իրեն:
Տարօրինակ է: Այն ժամանակ թվաց` ամեն բան այնքան լավ էին հաշվարկել: Բայց միայն նյութն էին դրել նժարի վրա` կոշտ ու կոպիտ, շլացնող այդ… Ոչինչը:
Իսկ ահա հաշվից դուրս թողած հույզերը, ցավեցնող գունդ դարձած ինչ-որ տեղ` կոկորդում, սրտի մեջ, ամենուր, արդեն պարզ է, որ այդուհետ այլևս իրեն հանգիստ չեն տալու:
Ու հասկացավ, որ այդ օրը իր երկրի, հայրենիքի ու հենց ի՛ր հաշվին մի մեծ, շատ մեծ ու շատ թանկ կորուստ է տվել:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։