Ավիկ Դերենցը ներկայացնում է / Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ

Ավիկ-Դերենցը

Ավիկ Դերենց-Տեյիրմենճյանի անունը գրական շրջանակներին հայտնի դարձավ նրա առաջին գրքի լույս ընծայումից հետո: Գիրք, որը խոստումնալից էր, հույս էր ներշնչում, որ գրականություն է գալիս ազգային բանաստեղծական ավանդույթներին հավատարիմ բանաստեղծ, ում համար ներշնչանք են դասական գրականությունը, նրանում գոյավորված գեղարվեստական արժեքները: Բանաստեղծի ստեղծագործությունների մասին իրենց գնահատականներն են հնչեցրել «Մարմարայի» նշանավոր խմբագրապետ, ականավոր գրող Ռոպեր Հատտեճյանը, բեյրութահայ բանաստեղծ Սարգիս Կիրակոսյանը, բան. գիտ. թեկնածու Անահիտ Հակոբյանը: Նրանք տեսել ու արժևորել են այն առանձնահատուկն ու ինքնատիպը, որոնք բնորոշ են բանաստեղծին, արտացոլում են դեպի Լույսն ու Հավատն ունեցած նրա ընթացքը, մղումը: Բանաստեղծական նոր գրքի առաջաբանը հեղինակել է մեր ժամանակների տաղանդավոր բանաստեղծներից մեկը՝ Գարուշ Հարյանցը:
Բանաստեղծական պաճուճանքներից, երկարաշունչ նկարագրություններից ու խոհերից հեռու է Ավիկ Դերենցի քնարերգությունը՝ պարզ ու շիտակ, հիմնականում՝ ավանդական ձևերի ու չափերի մեջ, հոգեհարազատ թումանյանական ավանդույթին: Ուրեմն, բնավ ուշադրություն չդարձնելով արդի քնարերգության մեջ տեղի ունեցող կերպարանափոխություններին, ձևային նոր դրսևորումներին, Ավիկ Դերենցը ոչ միայն հավատարիմ է մնում դասական բանաստեղծությանը, այլև, սկիզբ առնելով նրանից՝ ձևավորում է սեփական ընկալումների և դիտումների, հոգեբանական թափանցումների ճառագայթները, մղվում դեպի սեփական հուզաշխարհը՝ իր ես-ից ծնունդ առնող զգացողությունները միախառնելով վաղուց ի վեր հաստատված, ձևավորված համամարդկային ընկալումներին: Բանաստեղծի նոր՝ «Խաչարձան» ժողովածուի խորագիրն ինքնին նրա հայտն է, աշխարհին պարզված յուրատեսակ ողջույնը, որովհետև նա ուզում է խոսել Հավատի ու Խաչի, այդ Խաչն իր վրա առած արձանի անունից՝ նյութականից զատվելով և մղվելով դեպի հոգեկանն ու Ոգեղենը: Այս նոր գրքում զետեղված են բանաստեղծի քառյակներն ու քառատողերը, խոկումները, որոնք մատուցված են յուրովի՝ այբբենական կարգով՝ այս ձևը դարձնելով բովանդակային իրողություն և մղում: Այս ձևը նաև միջոց է՝ ինքնատիպ կապ ձևավորելու քառյակների և քառատողերի միջև, երբեմն դրանք ընկալելու իրենց յուրատիպ հաջորդականությամբ, թեմատիկ միասնականությամբ և կամ ընդհանրությամբ: Քառյակը, որն իր ակունքներն առնում է միջին դարերից և մեր գրականության մեջ արևելյան բանաստեղծության այս ժանրը կապակցում Նահապետ Քուչակի և Գրիգորիս Աղթամարցու անուններին, բարդագույն չափածո ստեղծագործություն է, ուր միտքը պետք է հասնի ինքնատիպ խտացման՝ ավարտական տողը վերածելով մտքի ու գաղափարի միավորումն ու ավարտակետը: Պատահական չէ, որ մեր գրականության մեջ հենց Հովհաննես Թումանյանը նոր շրջանում դիմեց քառյակին՝ այն հասցնելով կատարելության և ամբողջության: Ա. Դերենցը ևս դիմել է քառյակներին՝ այս գրքում համադրելով քառյակներն ու քառատողերը, ձգտելով հասնել մտքի ու հույզի ինքնատիպ-զարմանալի խտացումների: «Լուռ աղոթք» է կոչել քառյակների և քառատողերի բաժինը՝ իրապես իր աղոթքը հղելով ու արտածելով, իր ներքնակուտակ տրամադրություններն արտահայտելով, իր զրույցը վարելով իր երկու ես-ի միջև: Նաև լուռ աղոթք, որովհետև բանաստեղծը չի ճչում և չի գոռում, հրապարակային չի դարձնում իր մտորումները, այլ խոսում է ինքն իր ու տիեզերքի հետ, քանզի բոլոր ճշմարտությունները տիեզերք են հասնում և չափվում տիեզերքով: Հենց առաջին քառյակը նա ազգին է ձոնել՝ մեկ անգամ ևս հաստատելով սփյուռքահայի տագնապն ու անհանգստությունը: Միայն սփյուռքահայը կարող է նման խորությամբ ու նաև ցավի պրկումներով խոսել ազգի ու հայրենիքի մասին, քանզի ամեն մի սփյուռքահայ իր հոգում երկտակված երկու աշխարհ է կրում, կրում է ազգի ու հայրենիքի երկու կերպար… Ազգիս յոյսով տառապեմ՝// Երջանկութիւն կը կոչեմ,// Հողիս համար թէ զոհուեմ՝// Անմահութիւն կը կոչեմ…
Կարծես վաղուց ասված բառեր են, մեր գրականության մեջ հանդիպող տրամադրություն և մտորում, սակայն Ավիկ Դերենցի մոտ այս խոստովանությունը բոլորովին այլ հնչողություն է ձեռք բերում, մեկ անգամ ևս հաստատում իմացյալ մահվան ու անմահության սերտակցության գաղափարը: Սփյուռքում ապրող բանաստեղծի համար ցավ է պանդխտության և տարագրության թեման, ուծացումը, հայահեռացումը… Պանդխտության թեման հավերժական է մեր գրականության համար, այն ազգային ճակատագրի ինքնահատուկ դրոշմն է, պատմության տխուր-սրտակեղեք «նվերն» է: Ու բանաստեղծը բողոքում է, հուզվում, տրտնջում. Վտարանդի ենք մեր բախտով անճար,// Ուր հանգրուանում, դառնում ենք օտար, // Ալեբախւում ենք այս պաղ ջրերում, // Տուն տանող ճամբան փնտռում, չենք գտնում:
Պարզ ու շիտակ են Ավիկ Դերենցի բանաստեղծական տողերն ու տրամադրությունները, ամենախոր փիլիսոփայական մտածումն ու ընդհանրացումն անգամ մատուցվում են զարմանալի պարզության մեջ՝ այս դեպքում բացահայտելով-հայտածելով բանաստեղծի հոգու անմիջականությունը, ինչ-որ տեղ՝ մանկան հավատն ու զարմանալու անպարագիծ կարողությունը… Պարզ ու մեկին, շիտակ ու հստակ տողերի տակ, սակայն, մտքի ու հույզի մեծ կուտակումներ կան, կան մեծ ընդհանրացումներ, որոնց բանաստեղծը հասնում է անաղմուկ, իր լուռ աղոթքի նման…
Ավիկ Դերենցն անհետացող գրականության ներկայացուցիչներից է: Անհետացող, որովհետև օրավուր սփյուռքահայ գրականությունը դառնում է ճապաղ, սակավ են նոր անունները, սակավ են հայտնությունները: Միայն քչերն են հավատավորի ջերմեռանդությամբ պահում-պահպանում մայրենի գրականությունը, ձգտում իրենց ստեղծագործություններով տակավին կենսունակ պահել սփյուռքյան գրականությունը, որը, բարեբախտաբար, դեռևս ունի նշանավոր անուններ, մասնավորաբար թատերգության մեջ ունի նորարարներ: Ավիկ Դերենցն իր ստեղծագործություններով նորարար չէ, ավանդապաշտ է, գուցեև՝ պահպանողական: Սակայն ավանդականությունն ու պահպանողականությունն այս դեպքում տեղավորվում են գեղագիտականի և գեղարվեստականի սահմաններում, դառնում բանաստեղծի ստեղծագործական ինքնատիպության դրսևորումը, առհավատչյան, գրական հավատամքը:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։