Ռոբերտ ԵՍԱՅԱՆ

ՇՈՒՇԻ
Մշուշի սապատին նստած՝
գնում են օրերը հիմա,
և չկա ոչ մի բան հստակ.
պահերից երկինք է ծորում,
բախվում են ասուպներ հսկա արևոտ պատրանքի դիմաց,
հավատից ընկնում է մի խաչ հուշերի արյունոտ ձորում:
Նահապետ պարսպի շնչում կարմիր է ստվերը քարի,
խորանի երկինքը բաց է վերընթաց աղոթքի համար,
զանգերի ղողանջի միջով մի խաչ է ընդառաջ գալիս,
հավատից հնչում են երգեր, հառնում են խոյակ ու կամար:
***
Տողը կանգնել թռչնի պես առավոտի ափի մեջ,
բացում է իր թռիչքով հորիզոնը փետուրի.
այդպես նրա երգերով անծայր եզերքն արբում է,
ճյուղերն ի վեր սարսուռի ելնում է մի փոթորիկ:
Մեր աղոթքը արծի՞վ է,
թե՞ խարույկ է մի անշեջ,
վեհ ու ճերմակ ճախրանք է
Շուշին լեռան թևերին,
փրկե՛նք Կենաց մեր քայլը ճանապարհի ոգու մեջ,
քանի լուսա՜յգ է ծորում
հիշողության կեղևից:
Մոտենում եմ ինձ հաճախ նախնիներիս քայլերով՝
նրանց ոգուց քաղելով խորհրդավոր աստղի փայլ,
նոր ամրոց եմ կառուցում հիշողության քարերով,
ոտնահետքիս ջահերը
լուսավորում են ճամփան:
Այնտեղ դեռ տող է գրում հրեշտակը առանց ինձ,
հոգու բառերն այրվում են Տիրոջ կանաչ օրհնությամբ.
անսանձ մտքերը պոկվում հիշողության առանցքից,
ոգու ուժ են հավաքում
արգելոցում լռության:
***
Հավատի երկրից աքսորյալներին
տանում են դեպի
տանջանքի հովիտ.
կորցրել են եզերք,
կորցրել տուն ու տեղ,
այս երկնքի տակ ինչ որ կա թովիչ,
գետի ջրերը ապսպրանք են,
օրը՝ չորացած կեղև խնձորի,
և խավարամած պատերի միջև
միայն երազն է կայծկլտում նորից:
***
Մոմն է հալվում տենչերի չասվող խոսքի խորանում,
հոգու լույսից կառչում են ստվերները մեղքերի,
զարկերակով երազի
ճանապարհն է զորանում,
և ճախրում են բազեներ հիշողության ելքերից:
Ճանապարհը դարձել է վաղորդայնի խանձարուր,
տողի շունչը գտնում է
բառերի նոր մեղեդին,
ճգնավոր է իմ հոգին
ներշնչանքի անձավում,
կարոտներն են զարդարում հիշողության եղևնին:
Ժամանակը քարերին
ցատկոտող մի թռչուն է,
գալիս կտցում է ափիս
հատիկները երազի.
կորցնո՞ւմ եմ, թե՞ գտնում – գիտի վերջի հնչյունը,
դեռ ցոլում է մարգարիտն հիշողության ավազից:
Ոտնահետքդ չի՛ փրկի
ճանապարհի դեմքն, ավա՜ղ,
այս քաոսից կմնա
տառապանքի եզրագիծ,
մագաղաթներ են ըմբոստ առապարները այրված,
աստղի փշո՜ւր հավաքիր մեր նահապետ քարերից:
ԵՐԱԶԱՆՔԻ ԾԱՌԵՐԸ
Երազանքի ծառերը դեպի
ձմեռ են ձգվում
աշնանային խշշոցով,
տերևների շուրթերից ձյունոտ հայացք է կաթում,
գնչուի երգը քոչվոր:
Ձա՞յն է հնչում քայլերի,
թե՞ ճամփան է աղոթում
շնչառությամբ քարերի.
թռչունները կարոտի
թևթևում են և իջնում
հիշողության լարերին:
Երազանքի ծառերն են սահմանների թևերին,
և ձկների վտառն է,
սակայն բախտը մի տառ է,
որից այսօր արևի
տաք հոգին է վտարվել:
ՍԱՍՆԱ ՁԱՅՆԸ
Թռչունների հայացքը երկրամաս է աքսորյալ,
երբ չի բացվում լեռների հորիզոնն իմ թևերում,
հասցեները դռների մանուկներ են մոլորված,
և փոխս գցած բարուր է այս երկինքը թերևս:
Անտարակո՛ւյս, պատանդ է ճանապարհը, բայց ոգին
ծա՜ռս է լինում հավատի ժայռերն ի վեր շարունակ,
ժամանակն էլ չգիտի նպատակը իր զորքի.
ազատության արճիճից շղթա՞ ձուլի, թե՞ գնդակ:
Հայաստանն է իմ դիմաց՝ խաչմերուկը մեծ Ոգու,
ճամփաները ՝ կորացած… մղձավանջի բեռներ են,
ջուրը այստեղ փոթորկվել, ուռկաններն է դուրս նետում,
կափկափում են մութի մեջ աներևույթ դռները…
Դատարկվում են բառերի խորանները, և մթնում
Տոհմածառն է արտասվում հայելու մեջ օրերի…
Վառի՛ր Ոգու կանթեղներ ազատարար այս երթում,
Սասնա ձա՜յնն է բարձրանում ըմբոստության հորերից:
ԱՐՑԱԽ
Քո լույսը հող է և ունի կշիռ,
և քո անձրևը աստղատարափ է,
իսկ աղջիկներդ՝ հույսի նամակներ՝
ընկղմված բախտի ծրարների մեջ:
Թե դու երակ ես և սիրո տանիք,
քո արյունը հենց հիշողությունն է,
որի ակունքը այն է, հայրենի՛ք,
որ մանուկներիդ պորտը կտրվի
միա՛յն տաքարյուն քո ազգանունից,
և քո տառերում բացվող երկինքը
թևը դուրս քաշի մոռացման վիհից:
Քո լույսը հող է և ունի կշիռ,
և քո անձրևը աստղատարափ է,
երկունքիդ լույսից այնպես երակվիր,
որ քո անցյալն ու գալիքը արբեն:
ԱՐՑԱԽԻ ԲԱՐԲԱՌԸ
Մանկագիր Գուրգեն Գաբրիելյանին
Մեր բարբառի ակից
ջուր է խմել Աստված,
լեզվի հրով հղկել
դարձվածքները քարե
և դարձրել բառը
ո՛չ թե ոգու պատյան
կամ հայացքի ծնծղա,
այլ՝ գա՜հն ամենավեհ-
մեր քարակոփ բարբառ,
աստղահույս հորովել…
Հիշողության մատյան և
քարերի աղոթք,
ջրի զնգոց, հավքի թռիչք մթահալած
և մեր հոգում քամված տառապանքի մրուր…
լեռնաբազուկ այրաց համբերության քարայր…
Հանի՛ր շունչդ նիրհից…
Մեր հին բարբառի մեջ
էպոսներ կան քնած,
ճամփաների ծոցում՝
նիրհող արահետներ,
որ թաթերը դրած
ստինքներին երկրի՝
լույս են ըմպում՝
անսպառ
կաթը Անսահմանի:
ՎԱՐԴԱՆ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ
Պատվանդանից իջնում են ներշնչանքի տողերը
և միանում երկնքի
անշրջանակ կտավին,
որտեղ լույսի ակունք են
անրջային դողերը,
ազատ հոգին երազով
գերակա է տակավին:
Բառի պարապ խայտանքը խևոտ տարածքն է կուռքի,
գույնի խորքում գործում է զսպանակը լռության,
երկու տողի արանքում թե շրջանակն է մութի,
մեկուսարանը լքի՛ր,
ապրիր որպես հոգու ձայն:
ԻՆՏՐԱՅԻՆ-ՏԻՐԱՆ ՉՐԱՔՅԱՆԻՆ
Քո տողերին հպվողը ծառի
սիրտն է փայփայում,
ծիածանի թևերով հրճվում լեռան գագաթին,
պտուկներին անձրևի ճառագայթներ են փարվում,
վեր են ձգվում հասկերը շնչառությամբ երկնքի:
Համբույրներդ աղո՞թք են՝ երազանքի ծնկներին,
թե՞ զանգն ի վեր բարձրացող սրտի կարմիր դողեր են,
գարնանալուր բույրեր են ճախրում լեռան ծերպերից,
երկունքո՞վ են համրացել ավետարան հողերը:
Այս պարիսպը հետքերիդ համանվագն է քարե,
բոցավառ է երկինքը
հիշողության վառոդով,
ձնծաղիկոտ քաղաքը
լսողությունն է լարել.
պատարագը սրբազան
թևավոր է աղոթքով:
Նավահանգիստ բառերից
շարժվել տողերը ոգուդ,
որոնում են հենման կետ հորձանքներում երազի,
անիրականն՝ իրական,
չափանիշն է սողոսկուն,
կենտ աստղեր են ցոլցլում հորիզոնի ավազից:
ԽԱՉԻԿ ԴԱՇՏԵՆՑԻՆ
1.
Պատվանդանի ստվերի տակ քանի՜-քանի՜ կուռք է ընկած,
դիրքերն ի վեր մագլցում են
նժույգները հիշողության.
անդիմադիր խարույկը այս խրամա՞տ է,
երա՞զ՝ հանգած,
գրչի ծայրին սարսռում է
հորիզոնի աչքը անթարթ:
Մինչ աչքերն են թարթվում քարի,
աղբյուրների երգը ցայտում և կախվում է ալիք-ալիք
կտուցներից կարապների:
Ծնվող տողը ելքն է հոգու:
Ու գույները փարվում են քեզ հորիզոնի կտավներից
բուրմունքներով տարափների:
2.
Շնչառությամբ լույսերի փարվում ես դու ծառերին,
շիթերի պես բխում են տողերն անհայտ բառերից:
Երբ շոյում ես մրգերի
շառագույնը քո ափով,
ճյուղերն ի վեր ելնում է
տերևների աղոթքը
համանվագ սոսափով:
Ռանչպարների արշավը
կայծակի պես անցնում է
Սասնա ոգու քարափով:
ԿՈՒՌՔԻ ԱՆԿՈՒՄԸ
Ընկնում է դարի
խաբկանքը կարմիր
բառի աչքերից և գլորվելով
իբրև կուռք և
կամ մտքի նեխած միրգ՝
փոշի՜ է հանում, և հևհևելով՝
մի ուրվական է քարշ գալիս ծանր
և բացում ողբի
պաշարներ անհայտ,
որոնք կառչելով
մահվան արձանին՝
ըմպում են հուշի կաթիլներ վհատ:
Ըմպում են հուշի կաթիլներ վհատ
և վայրկյանների
թամբերից կառչում,
սուրում են դեպի
ուղիներն անհայտ,-
և փնտրում է այդ ուրուների չուն
զոհասեղանը և զոհին դարի,
որ արյան կաթիլ խմելով՝ սուրա
դրոշի ծայրին կամ պատվանդանին
ծառանա՝ որպես ահի կաղապար:
Դրոշի ծայրին կամ պատվանդանին
նույն լռությունն է ու
խորհուրդը նույն,
և նույն հայացքն է՝
առագաստ կայմի,
նույն երազանքն է ու
թիրախը նույն-
մարդը հավատի պատերը քանդում
և կորչում է դեռ իր աղոթքից դուրս,
հետո… գտնում է
կարոտի անդունդ,
հետո… տենչում է քաոսի մեջ լույս…
Ընկնում է դարի
խաբկանքը կարմիր
բառի աչքերից և գլորվելով՝
իր ետևից դեռ կյանքն է
քարշ տալիս,
այս կյանքը անդեմ ու նորահոլով,
որ ընկած կուռքի քղանցքը լիզում
և երազում է երկաթե մի ձեռք,
կարմիր սահանքներ ու
խղճի կիզում,
որ դեռ չի տեսել
երկրագունդն այս ծեր:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։