ԻՄ ՈՐՈՆԱԾ ԱՐՏԻՍՏԸ / ՀՈՎՀԱՆՆԵՍ ՊԱՊԻԿՅԱՆ

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՊԱՊԻԿՅԱՆՀԳՄ վարչությունը
շնորհավորում է հրապարակախոս, լրագրող
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՊԱՊԻԿՅԱՆԻՆ
ծննդյան 70-ամյակի առթիվ
«Գրական թերթը» միանում է շնորհավորանքին

Ես շատ երկար որոնեցի է՜ն ուրիշ Ֆրունզիկին: Որոնեցի ընկերների հետ ունեցած նրա զրույցներում, նկարիչների տան հարևանությամբ գործող սրճարանում, ուր սիրում էր այցելել մանավանդ հյուրախաղերից վերադառնալուց հետո: Որոնեցի բուհերում, մշակույթի սրահներում իր արվեստի երկրպագուների հետ հանդիպումներից մնացած ձայնագրություններում… Եվ այս փնտրտուքի մեջ ծնվեց
Արտիստի հետ իմ վիրտուալ զրույցը:

ԵՍ – Հովհաննես Թումանյանն է ժամանակին վկայել, թե` «Ամեն մի ժողովուրդ` հանձին հոբելյարի, գալիս է հարգելու, պսակելու ինքը իրեն»: Թումանյանի վերաբերմունքի հանգույն, սիրելի՛ Արտիստ, հուլիսի 4-ին քո արվեստի երկրպագուներով հավաքվեցինք ընդարձակ կինոսրահում՝ քո ներկայությամբ տոնելու ծննդյանդ 85-ամյակը: Դու մեզ հետ զրուցում էիր էկրանից, մեզ ներկայանում քո իմաստասիրական խոհերով, որոնց մինչ այդ ծանոթ չէինք, որոնք չէինք կարող տեսնել ու լսել մշտահմա պահանջված քո կերպավորած ֆիլմերում, մեր կարոտի՛ ֆիլմերում:
Վաստակի ծիրանին ուսած` դու մեզ ողջունեցիր Երկնային թագավորության հեռուներից, ուր հայտնվեցիր ճակատագրիդ հարվածներին չդիմանալով` մի քիչ խռով, մի քիչ զարմացած, որ ընամենը 63 տարի վայելեցիր այս արևի լույսը: Դրանք ճակատագրով քեզ բաժին հասածի ա՛յն մասն էին, որ դու երբևէ չբարձրաձայնեցիր` կրեցիր որպես քո բաժին խաչ: Դրանք քո մեջ պահեցիր ու մնացած ամեն-ամեն ինչը բաշխեցիր մեզ` «Վայելեք»: Եվ մենք շարունակում ենք վայելել քո ներկայությունը՝ այդպես էլ անհաղորդ մնալով խաչուսյալիդ տառապանքներին:
Ի՜նչ հաճություն` լսել, գրառել ու վերստին ընթերցել քո կենդանի խոսքը: Դու այդ ի՜նչ սիրով, գորովանքով պատմում – ներկայացնում ես Պաղտասարի, քո՛ Պաղտասարի ծածուկ հեծեծոցը, ընդվզել անկարող հացթուխի` տնից օտարվող ջերմությունը փաղաքշանքով հետ բերելու ջանքերը: Սրանք քո կյանքի մասն էին, ու դու, կարծես թե, չէիր խաղում` դու բացահայտում էիր մարդուն բաժին հասած ողբերգությունները:

ՆԱ – Դասական կերպարների նման Պաղտասարը լիարժեք կերպար է, խորանալու շատ տեղ ունի` գեղարվեստական հազվագյուտ արժեք է: Պաղտասարը բարի է և միամիտ, շատ հեշտ է նրան փորփրելը: Այդ մարդը համաշխարհային տիպար է, որովհետև խաբվելը և անարդարությանը զոհ գնալը կյանքի զանազան կացություններում ամենքի գլխին էլ կարող են գալ: Իր գիտակցությամբ կամ նույնիսկ անգիտակցությամբ, մարդ էակն իր կյանքի մեջ հաճախ Պաղտասար է:

ԵՍ – Դերի պատրաստման քո՛ կերպը: Օ՜, դա մի ամբողջ դասագիրք է՝ արվեստի ճանապարհ դուրս եկող, այդ ճանապարհով անցնող յուրաքանչյուրի համար: Դա մի պատմություն է, որ թատերա- և կինոգետները որպես բանալի պիտի օգտագործեն, թե իրեն հարգող դերասանն ինչպես է իր հետ կռիվ տալիս ¥քո բառերն են¤, ինչպես է իրեն քրքրում, որ դերն իրենով զարդարի, ու ինքը զարդարվի դերով: Դերը պատրաստելու քո այդ կերպը համարձակվենք զուգահեռել Մեծն Փափազյանի խոհերի հետ. «…Իմ մեջ սկսվում է իմ կրկնակի էության ձուլումը: Հավաքում եմ իմ երիվարի սանձերը, նրա կողերին զգացնել եմ տալիս իմ խթանները, թեթև թափահարում նրա վիզը և սկսում եմ դիմագրավել այն հազարգլխանի հրեշը,- թող ների ինձ իմ ընթերցողը,- որ կոչվում է հանդիսատես»:
ՆԱ – Դերը պետք է դերասանի երակներում տրփա՛ արյան հետ, տրփա՜ ու եփվի, ինչպես նոր դրած գինին: Հետո պետք է հանդարտվի՜, զուլալվի՜ և նոր միայն խաղացվի… Մինչև տեքստը չլինի իմ բերանի խոսքը, ի՛մ բերանի խոսքը, ես չեմ շտապի դրանով զարդարել իմ ներկայացնելիք կերպարը: Իսկ երբ արդեն քո խոսքը դարձավ` մնում է, որ դու այն դնես չափավորության մեջ: Երբ չափավորությունը զգում ես, ավելորդ խոսքն ինքն իրեն դուրս է գալիս:
Ապացուցված է` ինքնուրույն գնալու համար նախ պետք է ճանաչես ինքդ քեզ: Հնարավորություն ունենաս անընդհատ քեզ նայել, մաքրել, մաքրել, մաքրել… եթե մի դիրքդ գեղեցիկ չի` ոչ թե թաքցնես, այլ գեղեցկացնես: Այս բոլորին էլ պլյուս` ճիշտ վերապրելը: Ճիշտ վերապրեցիր` քեզ մղում է գործողության: Ինքնաճանաչողության էս պրոցեսն է քեզ բերում կատարելության:

ԵՍ – Քո կերպարները բոլորն էլ հայ մարդուն բնորոշ ճակատագիր ունեն, նրանք սրամիտ են, աշխատասեր, թախծոտ են ու երազող: Դու քո կերպարներին ազգային դեմք ու դիմագիծ էիր հաղորդում: Դու միշտ վկայում էիր, որ այդ գործում շատ մեծ է եղել Հենրիկ Մալյանի դերը, ով ուներ էկրանի ճշմարիտ զգացողություն:

ՆԱ – Ես ուրախ եմ, նաև հպարտ, որ ռեժիսորներն ինձ կանչում են որպես ազգային հետաքրքիր տեսակ, ազգային հետաքրքիր խարակտեր, ջերմ խարակտեր, որը ես անընդհատ ուզում եմ կատարելագործել ու խորացնել: Ինձ համար չափազանց կարևոր է իմ ազգային կերպարը: Իմ ազգային կերպարը կամաց-կամաց կազմավորվել, դարձել է իսկական իմ մեծ ձգտումը, լուրջ ձգտումը: Իմ ինտուիցիան թելադրում էր խաղալ հա-յե-րեն: Եվ դա նպաստում էր, որ օտար կինոստուդիաները կամաց-կամաց նկատեն է՛ս տեսակը` ազգայի՛ն խարակտերը, մարդ, որի վրա ուրիշից ոչինչ չկա: Շատ դժվար է պահել մարդու էս տեսակը: Որքան ազգային ես մնում, նույնքան պահանջված ես: Նման չլինես ոչ մեկին, իսկ որ ոչ մեկին նման չես, դու արդեն հետաքրքիր ես:

ԵՍ – Որտե՞ղ էր թաքնված քո` միշտ պահանջված արտիստ լինելու գաղտնիքը:

ՆԱ – Գաղտնիք չկա, պարզապես մի ճանապարհ կա, որով ես առաջնորդվում եմ: Դա դերի պատրաստման առաջին շրջանի իմ բանալին է: Կռիվ, ահավոր կռիվ է գնում իմ մեջ` հակառակվելու: Հակառակվելն էն միջոցն է, որ սկսում է երևակայությունդ աշխատեցնել: Հետո արդեն անցնում եմ ինձ հետ կռիվ տալուն` կարո՞ղ եմ, թե՞ չէ: Հետո ռեժիսորի հետ է գնում կռիվը` «Էս կտորն էսպես արա»: «Չէ՜, չէ՜, չէ՜»: Բայց հետո ընդունում են` էս դերը ինձ համար գրված չի եղել, հետո են ինձ գտել ու համաձայնում են իմ ասածներին: Էդպիսին է Դանելիան, էդպիսին է Հենրիկը: Ինձ հետ կռվից հետո, հլը չեմ խաղացել, է՜, էպիզոդ չկա, որ չսիրեմ, որովհետև կռվել եմ, ու հոգուս մոտ է կերպարը: Առանց ծայրից ծայր սիրելու հնարավոր չէ խաղալ: Որ սիրելով սպասեմ` վա՜յ, էս կտորս է, հիմա էս կտորս է: Այսինքն՝ քո հնարավորությունները լրիվ դրսևորում ես` սիրելով: Իմ ուզածի պես է. երեխայիս հագցրել եմ իմ ճաշակով, իմ ուզածով, արդեն ես կարող եմ նրան դուրս տանել, արդեն ցույց տալ: Երբ որ անցնում եմ արդեն ստեղծագործելուն, այսինքն՝ խաղալուն և ընտելացել եմ միջավայրին, սկսվում է սիրո բացատրությունը` դերի հետ սեր եմ բացատրվում: Սիրտս խտուտ է գալիս էդ րոպեին, ինչի՞, որովհետև կերպարից մի սիրուն ջերմություն է գալիս: Արվեստը սիրով է ծնվում:

ԵՍ – Քո այս բծախնդիր, մանրակրկիտ աշխատանքի մասին ո՞վ գիտեր: Ոչ ոք: Եվ ի՞նչ կարիք կար, որ իմանային` դու դասախոս չէիր, որ ուսանողներին ուսանեիր: Դու դերասան էիր` մեծ, շատ մեծ պատասխանատվություն կրող, հանդիսատեսին գնահատող: Քո այդ աշխատանքը` իր արդյունքով, նկատում, գնահատում էր Վարդան Աճեմյանը, և ավելի դիպուկ ու բնորոշ բնութագրում հենց նա կարող էր տալ. «Ֆրունզիկը նման է քաղցած կատվի, որի առաջը դնում են մեծ ամանով շատ համեղ կերակուր, և նա սկսում է զգուշությա՜մբ պտտվել էս ափսեի շուրջը: Հետո կամա՜ց լեզուն մոտեցնում է, հետո փչում է, ամեն ինչ անում է երկա՜ր ժամանակ, որ բերանը չվառի: Հետո, երբ արդեն ինքն է պատրաստ ուտելու, սկսում է ուտել, ուտել, ուտել և լրիվ սրբում է ամանը»:

ՆԱ – Վարդան Աճեմյանն իմ անկրկնելի ուսուցիչն էր: Այդ ե՛ս գիտեմ, թե նա երիտասարդ դերասանների հետ ինչպես էր աշխատում:

ԵՍ – Տարիներ անց, երբ բեմում ու կինոյում դու արդեն ճանաչված դերասան էիր և զարմացնում ու հիացնում էիր գրագետ, հնարքներով լեցուն քո խաղով, առիթ եղավ Պաղտասար խաղալ: Վախճանվել էր Հրաչյա Ներսիսյանը, և Վարդան Աճեմյանն այդ դժվարին, հիանալի դերը քեզ վստահեց: Աճեմյանի վստահությունը ոգևորել էր քեզ, դու դարձել էիր համարձակ, բայց ինչ-որ տեղ «Հրաչյայի՜ց հետո»-ն քեզ կարծես թե փոքր-ինչ կաշկանդում էր: Եվ, սակայն, համարձակվեցիր բեմ հանել արդեն քո՛ Պաղտասարին:

ՆԱ – Հրաչյայի և իմ Պաղտասարի միջև մի տարբերություն կա` նա Հրաչյա Ներսիսյան է, ես` Մհեր Մկրտչյան: Հրաչյան առաջինն էր, ով Պաղտասարը մեկնաբանեց ողբերգական, նուրբ հասկացողությամբ: Իմ մեկնաբանությունը, բնականաբար, մի քիչ տարբերվում է նրանից. հարկ էր տիպարը դուրս բերել իր տեղի ու ժամանակի սահմանափակումներից` այն այսօրվա ընկալումներով մատչելի դարձնելու համար: Այս եղավ իմ աշխատանքը:

ԵՍ – Պաղտասարը քո Ռուբիկոնն էր, որ պատվով անցար: Դու փորփրել էիր Պաղտասարի հոգին, տրամադրությունը, խեղճացել էիր նրա հետ, պաղտասարավարի լաց եղել, մարդկային հարաբերություններին քո տարակուսանքը հայտնել Պաղտասարի պարզ, զուլալ, մաքուր աչքերի զարմանքով… Եվ համարձակվեցիր բեմ հանել արդեն քո՛ Պաղտասարին, ու դահլիճը թնդաց ծափահարություններից: Դա քո մեծ, շա՛տ մեծ հաղթանակն էր:
Այդ ի՞նչ սեր էր, այդ ի՞նչ կապվածություն էր թատրոնի հետ, որ բազում ֆիլմերի դերասանդ, որ համընդհանուր ճանաչումի հասար հենց ա՛յդ ֆիլմերով, դարձյալ գերադասեցիր բեմը, թատրոնը:

ՆԱ – Թատրոնի մի դերը չեմ փոխի կինոյի հազար դերի հետ. թատրոնը աղոթքի տեղ է, ծես է, ամենօրյա սխրանք, սրբություն է, թև է, թռիչք է: Թատրոնը քուրմերի իսկական տաճար է, որտեղ ծես է կատարվում, արարողություն է կատարվում, Աստծո հետ, տաղանդի, մուսայի հետ շփում է կատարվում:

ԵՍ – Ո՜նց էիր երազում ունենալ կատարյալ այն դերը, որից մի մաս, մի գիծ, մի հատկանիշ ունեիր քո ամեն հերոսի մեջ: Ո՜նց էիր ուզում այդ բոլոր կերպարների բոլոր գծերն ամբողջացնել այն մեկի, քո այն երազայի՛ն կերպարի մեջ: Ուրեմն ո՞րն էր այն երազայինը:

ՆԱ – Օթելլո, ոչ նման իմ տեսած բոլոր մավրերին, նա կլինի վայրենի և մաքու՜ր, մաքու՜ր, անաղա՜րտ, և շատ մենակ: Նա կլինի զոհը քաղաքակրթության:

ԵՍ – …Երկրային կյանքին քո հրաժեշտից հետո էլ ամենօրյա է մեր կապվածությունը քեզ հետ` մենք հաճությամբ վայելում ենք քո լեցուն ներկայությունը: Քո ծիծաղի մեջ մեր ուրախությունն է, քո տխուր աչքերի մեջ` մեր թախիծը, մենք քեզանով թեթևացնում ենք մեր ապրումները, քո մարմնավորած կերպարների մեջ տեսնում մեզ ու ինքներս մեզ ավելի լավ ճանաչում: Աշխարհը քեզ ճանաչեց ու սիրեց ու քեզանով մեզ ճանաչեց ու երանի է տալիս մեզ, որ այդպիսի արտիստ ունենք:
Բոլորս կարծում էինք, թե դու աշխարհիս ամենաերջանիկ մարդն ես` կոլեկտիվ թե անհատական ամեն հանդիպում քեզ հետ վերածվում էր տոնի: Եթե ծիծաղ էր` տեղը տեղին հումոր էր ու սրամիտ պատմություն, եթե լուրջ ասելիք էր` իմաստուն դատողությունների անսպառ հորդացում էր, որ խրատական էր, մտապահելի ու սերտելի: Այդ հանդիպումներում ցանկացած դահլիճի պատերը նեղ էին թվում մարդկանց, ովքեր իրենց սիրելի արտիստի լեցուն ու տարածուն ներկայության բերկրանքն էին ապրում: Այդպես էր` հարյուրավոր կինոնկարների ուրախ ու տխուր դերասանդ համայն ճանաչումի տեր էիր ու միշտ պահանջված Արտիստ, պահանջված զրուցակից, պահանջված ընկեր:

Հ.Գ. Մհեր Մկրտչյանի արվեստի երկրպագուներից յուրաքանչյուրն իր մեջ ունի այս ներքին երկխոսությունը, որ նաև իր մտորումն է, թե ինչ վիթխարի անհատականություն էր Արտիստը, ում կենդանության տարիներին, թող թույլ տրվի ասել, այնքան էլ սրտալի չեղանք նրա հանդեպ, այնինչ նրան պետք էր պահել այնպես. ինչպես սերն ենք պահում մեր սրտում, և այնժամ, գուցե թե, ընդամենը 63 տարեկանում երկնային ճանապարհ ելած սիրելի Ֆրունզիկը շատ ավելի երկար վայելեր այս արևի լույսը, և մենք՝ նրա լեցուն ներկայությունը:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.