ԱՐԺԱՆԻ ԳԻՆԵՍԻ ՌԵԿՈՐԴՆԵՐԻ ԳՐՔՈՒՄ ԳՐԱՆՑՎԵԼՈՒ / Սամվել ԿՈՍՅԱՆ

Բաքվի Եվրոպական խաղերի մարզիկների պարգևատրման արարողությանը Իլհամ Ալիևը սեփական տիկնոջը` Մեհրիբան Ալևային, պարգևատրեց հոր անվան «Հեյդար Ալիև» շքանշանով` Ադրբեջանի մշակույթի, կրթության, առողջապահության և սպորտի զարգացմանն ուղղված, ինչպես նաև ադրբեջանցի ժողովրդի մշակութային ժառանգության միջազգային քարոզչության և առաջին Եվրոպական խաղերի կազմակերպման գործում մեծ ավանդի համար: Իսկը զավեշտ՝ եզակիությամբ, արտառոցությամբ և ցինիկությամբ արժանի Գինեսի ռեկորդների գրքում գրանցվելու: Ինքնաքննադատության բացակայությունը, ինչը հոգեկան անհավասարակշռության առաջնային ախտանիշներից է, գերակա էր նաև Մեհրիբանի շնորհակալական խոսքում: «Դուք մեկ անգամ ևս ամբողջ աշխարհին ապացուցեցիք, որ ոչ մի ուժ մեզ չի կարող վախեցնել: Արդարությունն ու ժողովրդի հետ միասնությունը միշտ էլ մեզ հաղթանակների կհասցնեն: Այս 17 օրերի ընթացքում ադրբեջանական ժողովուրդը թիմ էր, իսկ դուք՝ նրա փառապանծ կապիտանը: Պարոն նախագահ, մեզանից յուրաքանչյուրը հայրենիքի զինվոր է: Շնորհակալություն, որ Ադրբեջանին այս բարձունքին եք հասցրել»: Ըստ երևույթին բարձունք կոչվածը չափազանց բարձր է, որը թույլ չի տալիս ալիևյան կլանին տեսնել ներքևի անցուդարձն ու իրական վիճակը գնահատել: Մինչդեռ ներքևում, ինչպես գրում է բրիտանական The Guardian-ը, Եվրոպական խաղերը ամենասկզբից պատված էին հակասություններով, հարցեր առաջացնելով, թե ինչպես կարող է մարդու իրավունքների նման բացասական բնութագիր ունեցող երկիրը միջազգային խոշոր մարզական իրադարձություն հյուրընկալել: Մոտ 100 քաղբանտարկյալ, որոնցից առնվազն 20-ը Amnesty lnternational իրավապաշտպան կազմակերպության կողմից ճանաչվել են «խղճի բանտարկյալ»: Իսկ գերմանական Frankfurter Allgemein պարբերականը հուշում է, որ Ադրբեջանը կարող էր մրցանակ ստանալ մամուլի ազատությունը ճնշելու համար: Եվրոպական խաղերի ընթացքում, երբ պետք էր համերաշխություն և ըմբռնում դրսևորել, լրագրողները ստիպված էին պայքարել ճնշումների դեմ: Դեռ խաղերի նախօրեին երկրի Արտաքին գործերի նախարարությունը հայտարարել էր, որ արտասահմանյան այն լրագրողները, ովքեր կզեկուցեն Ադրբեջանի «շահերի» դեմ կամ «խեղաթյուրված» տեղեկություն կտարածեն, անմիջապես կզրկվեն հավատարմագրումից, քանի որ քննադատությունները կարող էին խաթարել այն պատկերը, որով Ադրբեջանը կցանկանար ներկայանալ հասարակությանը: Իտալական Corriere Della Sera պարբերականը նկատում է. «Ուսումնասիրեք «ազատ արտահայտում» հասկացության բովանդակությունը: Այն բացակայում է առաջին Եվրոպական օլիմպիական խաղերի մայրաքաղաք Բաքվում»: Հունիսի 23-ին, Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովը ստիպված էր բանաձև ընդունել, կոչ անելով Բաքվին՝ ազատ արձակել անարդարացիորեն ազատազրկված ակտիվիստներին և քաղաքացիական հասարակության լիդերներին: Հաջորդ օրը, ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով խորհուրդը, 22 եվրոպական պետությունների, Ավստրալիայի, Կանադայի և ԱՄՆ-ի աջակցությամբ, հայտարարություն էր ընդունել, մտահոգություն հայտնելով Ադրբեջանում քաղաքացիական հասարակության համար ազատ տարածության բացակայության և ազատ կամաարտահայտվելու խոչընդոտների առթիվ` կոչ անելով Բաքվի ղեկավարությանը՝ դադարեցնել ճնշումները խոսքի ազատության նկատմամբ: Սակայն, հավանաբար այդ բարձունք կոչվածն իսկապես շատ բարձր է, ինչը շարունակում է խոչընդոտել ականջալուր լինելու միջազգային հանրության հորդորներին ու պահանջներին: Եթե ադրբեջանական ժողովուրդը թիմ է, ապա նրա «փառապանծ կապիտանը» վաղուց է դավաճանել իր թիմին և ոչ միայն նրան: Եվրոպական խաղերի շքեղությանը զուգահեռ, արևմտյան հեռուստաընկերությունները ցուցադրում էին նաև Բաքվի այն թաղամասերն ու դրանց բնակիչներին, որոնց թշվառությունը ամենամեծ ցանկության դեպքում իսկ Բաքվին չէր հաջողվել թաքցնել: Այս դեպքում, եթե ժողովուրդը թիմ է, ապա՝ ալիևներին հակառակորդ: «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը Եվրոպական խաղերի ավարտից հետո նույնիսկ անհանգստացած է անկախ լրագրողների հանդեպ բռնաճնշումների առնչությամբ: «Միջազգային հանրությունը չպետք է Ադրբեջանին ուշադրությունից դուրս թողնի: Հակառակը` միջազգային հանրությունը պետք է պարզ ցույց տա նախագահ Իլհամ Ալիևի վարչակազմին, որ շարունակում է ուշադիր հետևել զարգացումներին»,- ասված է կազմակերպության հայտարարության մեջ: Սակայն ամենապարզագույն տրամաբանությունն իսկ հուշում է, որ վիճակի բարելավման ամենադժվար միջոցառումը Իլհամին իր բարձունքից իջեցնելն ու դեպի իրականություն բերելն է լինելու, եթե, իհարկե, այնքան չբարձրանա, որ այլևս անտեսանելի լինի:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.