Դրվագ «Ուժանյութ» վեպից Գրիգոր ՋԱՆԻԿՅԱՆ
Այսպես պիտի չսկսվեր այս պատմությունը, բայց եթե արդեն սկսվել է, հեղինակն ի՞նչ կարող է անել:
Այդ տարվա ապրիլի 24-ին, ինչպես հաջորդող բոլոր ապրիլի 24-ներին, լուսինը մայր մտավ, բայց արևը չծագեց: Թանձրախավարում Ակնի, Կարինի, ավելի հեռուների՝ Մուշի, Սիսի քարավանները հոսում էին Կիևյան, Լենինգրադյան, Հալաբյան փողոցներով, ալեբախվում Հրազդանի կամուրջի հարթակին: Մայրերը, հայրերն արդեն խողխողված էին, նայում էին Ծիծեռնակաբերդի ոլորաններով հավերժական կրակները ձգվող զառիվերին, երկնչում, իրենց ուժերին չէին վստահում: Երբ առավոտվա այդ տարաժամին միջոցը անսպասելի դղրդաց, Ծիծեռնակաբերդի ընդերքից հրաշեկ լավա ժայթքեց ու երախը լայն բացած վիշապի նման բռնահանվածների վրա խոյացավ, մայրերը վերջնականապես հուսաբեկվեցին: Եռեփվող քարուքռայի բազմաճյուղ լեզուներից խույս տալով, մեկը մյուսին նայելով՝ զավակներին Կիևյանի կամուրջից սկսեցին գետը նետել: Որ իրենք ետևներից նետվեն:
Առաջինը դուստրերի ձեռքից պինդ բռնեց խոտորջուրցի Վերգինեն ու մայրական գորովով հորդորեց.
– Շուտ ըրեք, ձագուկնե՛րս, ժամանակը սուղ է, օրհասը մօտ է, բայց առաջ խաչ հանեցեք:
Նրանք խաչակնքեցին ու թեթևոտն գետը նետվեցին: Միայն մեծը համառեց:
– Ի՞նչ պատահեցավ, աղջի՛կս,- տագնապեց տիկին Վերգինեն,- վախցա՞ր:
– Չէ՛, մայրի՛կ,- շշնջաց 18-ամյա դուստրը,- կուզեմ դէմքդ դարձնէս, որ իմ մեռնելս չի տեսնէս:
– Համբերե՛ք,- հեռվից անսպասելի ձայնեց աղեբեկ մորուքով մի հոգևորական,- ավելի ահավորն է լինելու:
Նա քայլում էր մենակ ու չնայած ճակատին փշեպսակ չուներ, Գողգոթա ելնող Հիսուս էր թվում: Մայրերը նրան ճանաչում, ակնածում ու հավատում էին, ուստի այդքան հեշտ հանձնվել, զավակներին անհետ կորցնել չէին ուզում: Նրանք բոկոտն ճեղքում էին մինչև ծնկները հասնող լավայի հորձանքներն ու պապակ հայացքով նայում էին Հրազդանի պաղպաջուն ալիքներին, որոնց վրա շոգեմակույկներ էին տարուբերվում: Տրապիզոնի որբերին խաբել էին, թե հայրիկների, մայրիկների մոտ են տանում, որբանոցներից հավաքել, նավակներն էին լցրել: Հենց գետի սահանքներին հասան, Տրապիզոնի նահանգապետը՝ Ազմի բեյը, ցույց տվեց ջրապտույտներն ու հրահանգեց.
– Ճիշտ տեղն է, թափեցեք:
– Բոլորի՞ն,- երկնչեցին զինվոր-ոստիկանները:
– Բոլորին,- զվարճախոսեց նահանգապետը,- թող անձրուկներն ու կեփաղները կշտանան, գիրանան: Աշնանը ձկան որսը առատ կլինի:
Սյուքը խլացրեց նրա ձայնն ու հանդիպակաց գահավանդից ողջակիզվող մարմինների խանձահոտ բերեց: Սեբաստիայի Մայր տաճարում թուրք կանայք կաթից դեռ չկտրված նորածին հայ մանուկների վրա տատասկափուշ էին լցրել, այրում էին:
– Հայր սուրբ,- համեցան մայրերը,- ասկէ պակուցիչ ի՞նչ կ՛ըրնայ ըլլալ:
– Ըլլալիքը պիտի լինի,- մարգարեացավ հոգևոր հայրը,- և շատ շուտով ձեր աչքերով պիտի տեսնեք:
Այդ էլ որ լսեցին՝ բռնահանվածները սգապսակներն ու սգապաստառները, նահատակ մտավորականների սևերիզ լուսանկարները ճամփեզրին թողեցին, կրծքներին ամուր սեղմեցին իրենց զավակների դիակները: Ոմանք փորձում էին սարսափից կարծրացած, քարացած կածանը եղունգներով փորել, զավակներին թաղել, զինվոր-ոստիկանները թույլ չէին տալիս.
– Մեր սուրբ հողը ձեր լեշերով մի՛ պղծեք,- ասում էին:
Ահա այդ պահին ես քեզ նկատեցի, ընթերցող, բայց թե հետո ո՞ւր անհայտացար, չիմացա: Մեկ ու կես միլիոն տարագիրներից ո՞ր մեկին հետևեի: Դրանից զատ՝ իմ մտքով էլ չէր անցնում, որ օղուզական տափաստաններից, է՜, անհիշելի ժամանակներից, հողմ ու մրրիկի հետ մի ցեղախումբ եկել, ծվարել է Հրազդանի կիրճի քարայրում: Երկրի ընդերքում այրն այնքան խորն էր, որ Սուրբ Սարգիսը կառուցողները չէին էլ նկատել: Կանայք Ծիծեռնակաբերդի ոլորանը չէին հաղթահարել, նախամարդկանց ցեղապետը ձորի եղեգնուտում վարազ որսաց, քարայր քարշ տվեց: Կանայք իսկույն վրա տվին, կլափից մինչև երաստանը ձողափայտ խրեցին, կրակի վրա շուռումուռ տվին, որ խորովվի: Խառնամուսնությունի՞ց, թե՞ խմբամուսնությունից ծնված մի լամուկ, երևի շատ սոված էր, ձեռքը մեկնեց, վարազի կիսահում ազդրամսից մի պատառ պոկեց, արյունոտ-արյունոտ սկսեց կուլ տալ: Ցեղապետը նկատեց, ցասկոտեց, քարե կացինը, որով վարազին շշմեցրել, գետին էր տապալել, շպրտեց լամուկի վրա: Լամուկը վերջին պահին մի կերպ հարվածից խույս տվեց: Կացինը սուլոցով սուրաց տղայի գլխի մոտով, ժայռեժայռ խփվելով, տարագիրների քարավանին հասնելով, զարնվեց մի քնած մանուկի գլխի: Այդ տղեկը իրենց գերդաստանի վերջին հույսը, ապավենն էր, մայրն աղջկա շորեր էր հագցրել, դեմքին մուր քսել, որ զինվոր-ոստիկանները չնկատեն, չամորձատեն: Տղան նույնիսկ չճչաց, քնած տեղը հանգավ, բայց կացինը, որն արդեն արյունոտվել էր, չէր հանդարտվում, ոստոստում, մի գլխից մյուսին էր անցնում: Այն էլ այնպիսի անողոքությամբ, որ եռեփվող լավան կարկամեց, սառեց, քարե ալիքների վերածվեց:
Հոգևորականը քայլերն արագացրեց, որ կացնի հերթական հարվածն իրեն չդիպչի: Նրա դեմքը ճրագալույցի կանթեղի նման մարում էր, խաչափայտի անտեսանելի բեռից երերում, լավայի պաղ կոհակների վրա գայթում էր: Սովը դեռ ոչինչ, ապրիլ 24-ի այդ տոթ օրը նա ծարավին չէր դիմանում, լեզուն անընդհատ փառակալած շուրթերին էր տանում: Ի վերջո, ծառուղու երեք ցայտաղբյուրներին հասան, որոնց ջրերը, այն ամենից, ինչ տեսնում էին, գրեթե ցամաքել էին: Հուշաղբյուրներից գլուլ-գլուլ արցունք էր կաթում: Ոստիկանապետը՝ Իբրահիմ բեյը, կանգ առավ, վճռեց, որ նախ ութսունչորս զտարյուն երիվարները, սայլերին լծված բեռնաքարշ ջորիները պիտի հագենան, հետո միայն, եթե մնա, բռնահանվածներին ջուր տան: Վարդապետը հենվել էր աղբյուրներին հովանի անող ուռենուն, երկրից հույսը կտրած, երկնքից էր անձրևաջուր աղերսում: Տարագիրները նրան նկատեցին, շշուկով իրար ցույց տվին ու իրենց անձը մոռացած՝ կցմցելով աքսորվելու պահին գրպանների անկյուններում մնացած մանրադրամները, հսկիչ զինվոր-ոստիկանից մի դույլ պաղպաջուն ջուր գնեցին: Բայց հուշահամալիրի դարավանդում մաքուր բաժակ չգտնվեց, նրանք նոր էին դույլը բարձրացրել, հոգևոր հոր փառակալած շուրթերին մոտեցրել, որ հենց պռունկից էլ խմի, Իբրահիմ բեյը հեռվից նկատեց: Նա ձիով արագասլաց մոտեցավ, մտրակը վարդապետի գլխին շաչեցրեց ու ջուրը գետնին շաղ տալով՝ դույլը խլեց, որ տանի:
– Գոնե դույլը թող,- միջամտեց կաշառք առած զինվոր-ոստիկանը:
– Չէ՛, պիտի տանեմ, հայվաններիս ջրեմ:
– Սրանք էլ են հայվան, էլի,- մեկ ու կես միլիոնին ցույց տալով՝ իբր կատակեց զինվոր-ոստիկանն, ու այտոսկրները ավելի ցցվեցին:
Մինչ նա իր սրամտությամբ հրճվում էր, վարդապետը երկու ձեռքով լերկ ճակատը բռնել, արմունկներով դեմքը փակել էր: Ոստիկանապետ բեյը հեռացել էր վաղուց, չկար, բայց նա նոր հարվածի էր սպասում: Ոստիկանապետի՞, թե՞ քարե կացնի, հայտնի չէր:
Վերջապես աքսորականների ջրի հերթն էլ հասավ: Կանայք խոտերի մեջ պահածոյի մի փոշոտ տուփ գտան, հողով մաքրեցին, առաջինը վարդապետին հրամցրին: Նա ժանգոտ տուփը շուրթերին տարավ ու ցնցահարվեց, կարծեց՝ միջինը արյուն էր, նողկանքով հետ մղեց: Չկարողացավ խմել:
Դրանից հետո ամբողջ կյանքում ջուր խմելիս սարսռում, սարսափից փակում էր աչքերը:
Հայր սուրբը ծարավ մեռավ:
Նախնադարյան քարե կացինն այլևս գլուխներ գետնին գլորելով չէր գոհանում, զվարճանում էր իր զոհերով: Նա, ինչպես մանուկները ընկույզ կոտրելիս, փշրում էր սառած լավայի վրա թպրտացող գանգերը, ու ապրիլյան հետկեսօրի լուրթ երկինքը հետզհետե կռիչներով էր լցվում: Գիշանգղները արյան հոտը առել, խռիվ երամներով Ծիծեռնակաբերդ էին հասել: Նրանք չանչերը փշրված գանգերի մեջ խրում, կեռ կտուցներով նախ հանում էին աչքերը, լափում էին ուղեղները: Ապա լեշակերներն էին վրա հասնում, մնացածը խժռում: Բռնահանվածների քարավանը անգլուխ էր ճանապարհը շարունակում:
Եղեռնի հուշարձանի շրջադարձից երևացին յաթաղանակերպ լուսասյուներն ու սյուներից ճոճվող առաջին մահապարտյալները՝ հնչակյան քսան հեղա- փոխականները՝ մեղրեցի Փարամազը, արաբկիրցի Արամը, բիթլիսցի Սմբատը, 18-ամյա Գեղամը… Քսանն էլ ճիտերը ծռել, խոնարհել էին հայացքները՝ քարե կացնի հարվածներն իրենց պատիժն էին համարում: Նրանք, ճիշտ մի ամիս առաջ, տարբեր ուղղություններով գաղտնածածուկ Պոլիս եկան, որպեսզի բռնամահով սնդավեն հայության սպանդը հղացողներին, բայց վերջին պահին, երբ այնքան մոտ էր նպատակի իրագործումը, իրենցից մեկը, որ ամենահավատարիմն ու ամենահավատավորն էր թվում, մատնեց իրենց: Հայը հայությանը դավեց…
Փրկության հույս չմնաց: Աքսորականների քարավանը բախվեց Եղեռնի հուշակոթողի բազալտե խոժոռությանն ու կարծրությանը, մի պահ ընկրկեց, ապա պղտոր կոհակներով հավերժական կրակի գեհենը գահավիժեց:
Կացինը միայն վերջին պահին դուրս պրծավ, օձի պես սուլելով, ճապուկ շրջագծերով շրջանցեց Եղեռնի հուշարձանը, մեր օրերը սուրաց:
Որ ինձ ու քեզ գտնի, ընթերցո՛ղ:
Hrachali e, chat barer petq tchen, hatvatsn es miain entertsum ev Grigorin hazarapatik aveli es sirum