ԱՐԴԻ ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՏՈՒՄՆԵՐԸ ԵՎ ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ / Աելիտա ԴՈԼՈՒԽԱՆՅԱՆ

Ա.ԴՈԼՈՒԽԱՆՅԱՆԸ ՖՈՐՈՒՄԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՀԵՏ
Ա.ԴՈԼՈՒԽԱՆՅԱՆԸ ՖՈՐՈՒՄԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՀԵՏ

 

Հուլիսի 4-5-ին Ղազախստանի մայրաքաղաք Նուրսուլթանում տեղի ունեցավ Եվրասիական միության մայրաքաղաքների գրողների, գրականագետների առաջին միջազգային ֆորումը, որին Հայաստանից հրավիրված էր ՀԳՄ անդամ, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Աելիտա Դոլուխանյանը և հանդես եկավ զեկուցմամբ: Գիտաժողովին մասնակցում էին 20 երկրների գրողներ և գրականագետներ, թարգմանիչներ Ռուսաստանի Դաշնությունից, Ուկրաինայից, Իսպանիայից, Եգիպտոսից, Հնդկաստանից, ԱՄԷ-ից, Թուրքիայից, Ադրբեջանից, Իսրայելից, Մոնղոլիայից և այլն:

Ֆորումի մասնակիցներին ողջունեցին Նուրսուլթանի քաղաքապետը, Ղազախստանի սպորտի, երիտասարդության և մշակույթի նախարարը: Նշանավոր ղազախ գրող Օլժաս Սուլեյմանովն իր ողջույնի խոսքում նշեց. «Առանց գրականության չկա տնտեսություն, քաղաքականություն և մշակույթ»: Ֆորումի մասնակիցները եղան Եվրասիական համալսարանում, Խորհրդային Միության բռնադատված պաշտոնյաների կանանց «Ալժիր» ճամբարում, որտեղ տառապել են նաև շատ հայուհիներ: Ֆորումի մասնակիցները այցելեցին նաև մշակութային այլ վայրեր:

Ներկայացնում ենք Աելիտա Դոլուխանյանի զեկուցման հայերեն տարբերակը:

 

Գրականության դերը համայն մարդկության կյանքում գիտակցվել է դեռ հնագույն ժամանակներում: Հենց դրա համար էլ, երբ դեռ չկար գրավոր գրականությունը, ստեղծվեցին առասպելները և էպոսները: Բոլոր ժողովուրդներն ունեն իրենց էպոսները. դրանք ամեն մի ժողովրդի իղձերի ու ցանկությունների խտացումն են: Այդպիսիք են Հոմերոսի «Իլիականն» ու «Ոդիսականը», Ֆիրդուսու «Շահ-Նամեն», իսպանացիների «Սիդը», նիդեռլանդացիների «Տիլ Ուլենշպիգելը», ռուսական բիլինաները, հայկական «Սասունցի Դավիթը», ղազախական «Աուշադիյարը», որի գլխավոր հերոսը` Աուշադիյարը, վաստակել էր արդար առաջնորդի համբավ, ու ղազախական տոներն սկսվում էին նրան փառավորող երգերով:

1934 թ. XX դարի հայ մեծագույն բանաստեղծներից Եղիշե Չարենցը ԽՍՀՄ գրողների 1-ին համագումարում կարևորեց տարբեր ժողովուրդների գրականություններից թարգմանություն կատարելու անհրաժեշտությունը: Սա մի ուղի է, որը տանում է տարբեր ազգերի գրականությունների հարստացմանը:

Թարգմանությունների կարևորությունը իմ նախնիները զգացել են դեռևս V դարում` հայոց այբուբենի (405 թ.) ստեղծումից հետո: Մեր մտավորականները հենց V դարում հայ ազգին ծանոթացրին համաշխարհային գրականությանն ու գիտությանը: Եվ կատարեցին թարգմանություններ հին հունարենից, ասորերենից, պարսկերենից, եբրայերենից: Այդ թարգմանությունների մի մասը իրենց բնագրային լեզուներով կորել են և այսօր գիտական աշխարհին հայտնի են միայն հին հայերենով: Այդ գործերից են Փիլոն Ալեքսանդրացու երկերի մեծ մասը, Եվսեբիոս Կեսարացու պատմագիտական մեծ արժեք ունեցող «Ժամանակագրությունը», Հերմես Եռամեծի մի քանի գործերը և այլն:

Այսօր էլ արդիական է գրականությունների կապի ու փոխներգործության խնդիրը: 2017 թ. ես գիրք էի տարել մեր Ազգային ակադեմիայի լեզվի ինստիտուտի տնօրեն Վ. Կատվալյանին և նրա աշխատասենյակում հանդիպեցի Հայաստանում Ղազախստանի դեսպան Թիմուր Ուրազաևին: Նա ինձ գրքեր նվիրեց այսօրվա ծաղկուն Ղազախստանի մասին, և դրանցից մեկը վերաբերում էր Աստանային: Ես հաճախ եմ ճամփորդում աշխարհի տարբեր երկրներում` այդ երկրների մշակույթին ծանոթանալու համար: Այդ հարցում ինձ օգնում է աղջիկս, որն աշխատում է Բոստոնում: Աստանայի մասին գիրքը, որպես թանկ նվեր, տարա աղջկաս: Սա արդեն խոսում է այն մասին, որ ամեն երկրի առաջընթացը համամարդկային երևույթ է:

Նուրսուլթանի գրողների միության հրավերն ինձ հուզեց, որովհետև հենց այս տարի ապրիլին ՀԳՄ նախագահը` Էդվարդ Միլիտոնյանը, կազմակերպել էր հայ դասական բանաստեղծների` ղազախերենով լույս տեսած անթոլոգիայի շնորհանդեսը: Հայ քնարերգությունն այնտեղ ներկայացված է Գրիգոր Նարեկացուց (X դար) մինչև Պարույր Սևակ (XX դար): Ցավոք, չեմ տիրապետում ղազախերենին, որպեսզի կարդամ այդ անթոլոգիայի նախաբանները, սակայն հաճույքով կարդացի անթոլոգիայի ռուսերեն վերջաբանները, որոնք գրել էին պոետներ Բաուրիժան Բաբաժանուլին, Բաուրիժան Կուրմանկուլովը, գրականագետ Բեկարիս Բեգիմբաևը: Կուրմանկուլովը գրում է. «XIX դարում երևան եկավ բանաստեղծների մի մեծ խումբ, որը հասցրեց հայ պոեզիան նոր բարձունքի: Դրանք էին` Հովհաննես Թումանյանը, Դանիել Վարուժանը, Վահան Տերյանը, Եղիշե Չարենցը: Նրանք իրենց ստեղծագործական ուղին սկսել էին XIX դարում, սակայն բանաստեղծական արվեստի բարձունքին հասան քսաներորդում և հիշեցնում են մեր մեծ բանաստեղծներ և գրողներ Իլյաս Ժանսուգուրովին, Սակեն Սեյֆուլինին, Բեիմբեթ Մայլինին, որոնց ստեղծագործական որոնումները, ճակատագրերը ցավալիորեն նման էին ու համահունչ»:

Ալմաթիում ղազախերենով տպագրվել է Էդվարդ Միլիտոնյանի “Воздушный дом” մանկական հիանալի ժողովածուն, որը ԱՊՀ երկրների «Գրքարվեստ» մրցանակաբաշխությանը ստացել է երկրորդ մրցանակ:

Հայ գրողները թարգմանվում են աշխարհի շատ լեզուներով: Իհարկե, Եվրասիական միության գրականության մեջ ամենամեծ տեղը զբաղեցնում են ռուսերեն թարգմանությունները: Ռուս գրականության մասնագետ, պրոֆեսոր Միխայիլ Ամիրխանյանը արդեն 14 անգամ կազմակերպել է (2009-2018) միջազգային գիտաժողովներ, որոնք կոչվում են “Русские классики: русская и национальные литературы” (Ռուս դասականները` ռուս և ազգային գրականությունները): Այդ գիտաժողովների նյութերը լույս են տեսել առանձին գրքերով: Այս տարի աշնանը նման գիտաժողով կնվիրվի Աննա Ախմատովային: Այդ գիտաժողովներից իննի ժամանակ ես հանդես եմ եկել զեկուցումներով: Գիտաժողովները նվիրված են եղել Ն. Գոգոլին, Ա. Չեխովին, Լ. Տոլստոյին, Յու. Լերմոնտովին, Ա. Պուշկինին, Մ. Սալտիկով-Շչեդրինին, Վ. Կարամզինին, Մ. Բուլգակովին, Ա. Սոլժենիցինին և ուրիշների: Գիտաժողովներին մասնակցել են Եվրասիական միության երկրների գրականագետները, այդ թվում` նաև Ղազախստանից: Հայաստանում Սերբիայի պատվո հյուպատոս, բանաստեղծ, թարգմանիչ Բաբկեն Սիմոնյանը, որը փայլուն տիրապետում է սերբերենին, արդեն երկար տարիներ սերբական գրականությունը թարգմանում է հայերեն և հայկականը` սերբերեն: Նա այդ հարցում հետևորդն է մեր մեծերի` Ավետիք Իսահակյանի ու Հովհաննես Թումանյանի:

Շատերն են թարգմանում ժամանակակից հայ գրողներին տարբեր լեզուներով: Ժամանակակից տաղանդավոր արձակագիր Նորայր Ադալյանի գրքերը թարգմանվել են եվրոպական լեզուներով: Նա իր գրքերի շնորհանդեսներին մասնակցել է Սլովենիայում և Գերմանիայում:

Տաղանդավոր դրամատուրգ Կարինե Խոդիկյանի (ՀԳՄ «Գրական թերթի» գլխավոր խմբագիր) պիեսները տարբեր լեզուներով ոչ հայկական թատրոններում բեմադրվել են Լոս Անջելեսում, Ռումինիայում, Ֆրանսիայում, Տաջիկստանում, Ուկրաինայում, Մոլդովայում, Լատվիայում, Վրաստանում, Իրանում, Կիպրոսում, Ռուսաստանի Պերմ, Չայկովսկ, Սամարա, Ուլյանովսկ, Սանկտ Պետերբուրգ, Տյումեն, Մոսկվա քաղաքներում: Սա նշանակում է, որ հայ դրամատուրգը իր պիեսներում բարձրացնում է համամարդկային խնդիրներ, որոնք հուզում են տարբեր լեզուներ ու կրոններ ունեցող մարդկանց:

Որոշ հայ թարգմանիչներ նախընտրում են պարբերաբար թարգմանել նույն տաղանդավոր գրողի հերթական վեպը: Լիա Իվանյանը, օրինակ, թարգմանել է ռուս տաղանդավոր գրող Յուրի Պոլյակովի բազմաթիվ վեպերը, որոնք ջերմորեն ընդունվել են հայ ընթերցողների կողմից:

Ժամանակակից հայ գրողներից Գուրգեն Խանջյանն իր «Տուր ձեռքդ պստլո» վեպում գործողությունները ծավալում է Եվրասիական երկրների տարածքում, և վեպի հերոսները միայն հայեր չեն: Գլխավոր հերոսուհին էսկիմոսուհի Էյյան է, որի կերպարն անմոռաց է: Հեղինակի այդ վեպն արժանացել է ՀՀ պետական մրցանակի:

Շատ տաղանդավոր գրողներ կան աշխարհում, որոնք ստեղծագործում են իրենց ազգային լեզուներով: Հիմա` 21-րդ դարում, երբ տեխնոլոգիական առաջընթացն ավելի է մոտեցրել աշխարհի տարբեր ազգերին, հանկարծ գիտակցում ես, որ Հին Կտակարանի «Ժողովողի» իմաստությունը չի հնացել, և այսօր էլ կարևոր է մեր հանճարեղ Գրիգոր Նարեկացու երազանքը` մարդուն տեսնել բոլոր մեղքերից մաքրված և չարիքից հեռու, և այդ երազանքը բոլոր ազգերի համար է:

Նման համաժողովները մերձեցնում են տարբեր ազգերին, հնարավորություն ստեղծում սովորել մեկը մյուսից, հետևել կատարյալին և միասնական գնալ մարդկային ընդհանուր մտավոր ժառանգության կերտմանը:

Ահա այս առումով Ղազախստանի Նուրսուլթան մայրաքաղաքի գրողների համաժողովն իրականացնում է գրական ու պատմական մեծ առաքելություն:

Որպես Հայաստանի գրողների միության անդամ` հավաստիացնում եմ, որ դարավոր ավանդույթներ ունեցող հայ գրականությանը այսօր պահպանում է իր մեծ հետաքրքրությունը բոլոր ազգերի գրականությունների նկատմամբ` համամարդկային գրական երևույթներին մշտապես հաղորդակից լինելու իր մշտատև մղումով:

Աելիտա ԴՈԼՈՒԽԱՆՅԱՆ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։