Ժաննա ՀԱԿՈԲՅԱՆ

ՀԳՄ վարչությունը շնորհավորում է բանաստեղծ Ժաննա ՀԱԿՈԲՅԱՆԻՆ ծննդյան 70-ամյակի առթիվ
«Գրական թերթը» միանում է շնորհավորանքին

Ո՞ՒՐ ԵՍ, ԿԱՌԱՊԱՆ
Բանաստեղծական վայրիությամբ
Փողոց դուրս եկա,
Մեքենաների աղմուկից անվերջ
Տնքում է սիրտս,
Ու մայթերի փոշին
Մահացու ախտ է ցանում նյարդերիս:

Ո՞ւր ես, կառապան,
Տա՛ր ինձ շատ հեռու,
Թե չէ մարդիկ պատրաստ են միայն
Սին էպիգրամով
Ծիծաղելի դարձնել դժբախտությունը իմ:

Ո՞ւր ես, կառապան,
Մտրակի՛ր ձիերիդ,
Ինչպես մարդիկ են հիմա մտրակում
Ճշմարտությունը,
Ես խույս եմ տալիս
Միջակության բիրտ դատաստանից:
Իմ միակ փառքը
Կյանքում սերն էր,
Որ նման է այսօր
Կրակի վրա ծռմռված մագաղաթի։

Քշի՛ր, կառապան,
Չեմ ցնորվել քանի,
Հասցրո՛ւ այն ժայռին,
Որ զգայուն է ալիքների հանդեպ,
Հասցրո՛ւ այն ծաղկին,
Որ բուրավետ է մնում ողջ տարին,
Հասցրո՛ւ այն գետին,
Որ չի պղտորվում ու չի ցամաքում…
Քշի՛ր, կառապան, գուցե հասցնեմ…

ՄԻ ՉԱՓԵՔ ՃՆՇՈՒՄՍ
Տոթ է շատ վաղուց սրտիս անձավում,
Մի՛ փորձեք հիմա ճնշումն իմ չափել
Ու փութով քարշ տալ դիահերձարան…
Իրավունք չունեմ հիմա մեռնելու,
Երբ երազներն իմ մի գիշերվա մեջ
Խորհուրդներ են լուռ ծնում ինձ համար,
Եվ ձեռքերիս մեջ լիալուսնի տակ
Սպասման մշուշը հալվում է, կորչում,
Ու մոռանում եմ ես իմ տարիքը,
Ցավերիս կղզին, նաև՝ անցյալը…
Իրավունք չունեմ հիմա մեռնելու,
Թեկուզ ողջ կյանքում պախուրցը ձեռքին՝
Մենությունն է ինձ երախում պահել.
Սաստիկ մենակ եմ նաև ես այսօր,
Բայց եզակի եմ անսահման սիրով,
Պայծառ՝ լիաբուռ արբեցումիս մեջ,
Ուր գիշեր-ցերեկ կարոտի դողն է
Դեղձանիկի պես հոգուս մեջ հրճվում:
Իրավունք չունեմ հիմա մեռնելու,
Նոր բնակիչ եմ ես այս աշխարհում
Իմ թափառական ըմբոստ խոհերով,
Աշնան քամու պես խավարը ճեղքող
Իմ խոլ ցասումով,
Հավերժ մերկացած ցուրտ տառապանքով,
Անորսալի ու կարմրածուփ խինդով,
Տարօրինակ ու անհասկանալի
Իմ երջանկությամբ…
Մի՛ փորձեք հիմա ճնշումն իմ չափել
Ու փութով քարշ տալ դիահերձարան…
Լուռ գինարբուքի պահ է իմ հոգում,
Իրավունք չունեմ հիմա մեռնելու…

ԻՆՁ ՓԱԽՑՐԵՔ
Որոշեցի հսկա շեփոր
Հնչեցնել բազմության մեջ…
Ոչ ոք, ոչ ոք չարձագանքեց…
Միմիայն մթնշաղին
Հողմը շշնջաց տենդագին.
– Իզո՛ւր է, զո՛ւր է, որտե՞ղ ես.
Սաղարթները սրթսրթացին.
– Իզո՛ւր է, զո՛ւր է, որտե՞ղ ես,
Երկինքը թանձր խոժոռվեց.
– Իզո՛ւր է, զո՛ւր է, որտե՞ղ ես:
– Այստե՛ղ եմ,- ճչացի,- ե՛ս եմ,
Օգնեցե՛ք,
տարե՛ք ինձ այնտեղ,
Ուր խղճի ազնիվ մի պատառ կա,
Մի պատառ կարոտ կա, մի պատառ սեր,
Տարե՛ք ինձ, գժվում եմ, տարե՛ք,
Հեռու, աշխարհից անհաղորդ:

***
Այրվեց կարոտիս վերջին կամուրջը,
Ցավս ափ չունի…
Այնպես կուզեի աղեկեզ ճչալ
Մոտիկ անտառում, ուր ոչ ոք չկա…
Աստվա՛ծ իմ, գոնե այնպես անեիր,
Որ տառապանքն իմ սահման ունենար,
Եվ վտանգավոր սահմանագլխին
Աստղի պես դու ինձ պայծառ շողայիր:
Ողջամիտ մնալ մեր ծանր կյանքում,
Դժվար է այնքան, որ չի էլ մարսվում…
Ամենուր վազք է, և միայն՝ փողի,
Ո՞ւմ է պետք, թե մի խելառ բանաստեղծ
Սիրո մասին լավ երգեր է գրել,
Իսկ թե երգիչն այդ մի օր պատահմամբ
Անկյունում կծկված փողերը հաշվեր,
Քանի՜ անծանոթ մարդ կողջուներ…
Երնե՜կ հրաշքով այնպես քնեի,
Որ մի դար հետո միայն զարթնեի,
Գուցե մարդահո՜տ փչեր աշխարհից՝
Սիրո երգ ծնվեր մարդկանց շուրթերից…

ԳՈՒՑԵ ԴՈՒՔ ԱՍԵՔ
Վերջին երազս պանդուխտ է անտուն,
Աստղացոլքում իսկ փնտրում եմ ես վերջ,
Հիմա էլ մարդկանց ես չեմ կարոտում,
Ոչինչ չեմ փնտրում հիմա մարդկանց մեջ:

Հիմա խինդ չկա, տխուր եմ, անկամ,
Անգամ լացելու ցանկություն չունեմ,
Ո՞վ եմ ես, ինքս չգիտեմ անգամ,
Բայց որ ես ես չեմ, այդ մեկը գիտեմ:

Ո՞ւմ ձեռքով մորթվեց իմ մեջ այդքան սեր,
Այդքան կարոտ ո՞վ սպանեց իմ մեջ,
Ո՞ւր էր, թե մեղքը մեկինը լիներ,
Բախտը վերջ ունի, մեղքերն են անվերջ:

Խաղողի պես է ինձ ճզմել սերը,
Եվ խենթությունն իմ խեղդամահ արել,
Եվ դառնությունն իմ քաղցրացել, հորդել
Ու հազար տարվա գինի է դառել:

Վերջին երազս պանդուխտ է անտուն,
Աստղացոլքում իսկ փնտրում եմ ես վերջ,
Հիմա էլ մարդկանց ես չեմ կարոտում,
Ոչինչ չեմ փնտրում հիմա մարդկանց մեջ:

ԹՈՂԵՔ ԶԱՐՄԱՆԱՄ
Ինչքան էլ ապրեմ՝
Պիտի զարմանամ,
Թե մարդն ինչպես է միայնակ ապրում՝
Ինքնակամ լծված դաժան իր բախտին,
Եվ դեռ մահին է ժպիտ մատուցում:

Ինչքան էլ ապրեմ՝
Պիտի զարմանամ,
Ինչո՞ւ ենք կյանքում մենք սեր որոնում,
Երբ մեր գտածը, վայելքից հետո,
Փայփայելու տեղ՝ դեն ենք շպրտում:

Ինչքան էլ ապրեմ՝
Պիտի զարմանամ,
Որ հավատալով մենք մեր Աստծուն՝
Ուրիշների մեջ հավատ ենք սպանում,
Հետո ծնկաչոք մեղա ենք գալիս,
Որ Տիրոջ սիրով մաքրվենք նորից…

Ինչքան էլ ապրեմ,
Պիտի զարմանամ,
Քանզի զարմանքն իմ չունի ծերություն.
…Թողե՛ք զարմանամ…

ՆՈՐ ԾՆՈՒՆԴՍ
Առանց մարտերի ոչ ոք դեռ կյանքում
Ինձ չէր տիրացել,
Բայց հասուն աշնան տերևաթափին,
Առանց զենքերի, մոգական ուժով
Քեզ խոնահվեցի…
Ինձ վարձակի պես դու կարող էիր
Միայն ըմբոշխնել,
Բայց ես դարձա հաց հանապազօրյա,
Քեզ համար դարձա միայն օդ և ջուր
Եվ հազարամյա իմ գգվանքներով
Սիրո այնպիսի դրախտ բացեցի
Քո երկխեղկ սրտում,
Որ զարմացա ես ինքս իմ գյուտով,
Դու ինձ օգնեցիր, որ զարթնեմ նիրհից,
Ու ես արթնացա…
Քեզանից առաջ
Ածուխի պես էր սերն իմ առկայծում,
Սակայն բոց չկար, ու չկար կրակ,
Կարոտում էի, նաև՝ մեղք գործում:
Դու եկար ինձ մոտ,
Ու իմ միալար նվագը հանկարծ
Դարձավ բազմալար,
Երակիս վրա կարծես աննկատ
Պատվաստել էին շիվեր վարդերի,
Ծնված օրվանից ե՞րբ եմ ես այսքան
Բազմաշերտ բուրե՜լ,
Այդպես փթթում են երազների մեջ,
Սակայն ո՛չ կյանքում,
Դու ինձ օգնեցիր, որ զարթնեմ քնից,
Ու ես արթնացա…
Դու փրկեցիր ինձ
Եվ իմ արյունը զտեցիր սիրով,
Որ նորից ծնվեմ,
Եվ քոնը լինեմ միշտ իմ ծնունդով:

ՍԻՐՈՒՄ ԵՄ ՇՈՒՐԹԵՐԴ
Վառ ազնվամորու շողավարդի պես
Այնպես անո՜ւշ են կանչում շուրթերդ,
Որ անկարող եմ համեստ կնոջ պես
Ես սեթևեթել,
Պապակ շուրթերով անհամբեր սպասել,
Թե մատներիդ մեջ տխուր կուչ եկած
Ծխախոտդ երբ վախճան կունենա…
Քո համբույրները այժմ ինձ համար
Գետի պես ձգվող այն ճամփաներն են,
Որոնք ոչ միայն իրենք են շարժվում,
Այլ՝ ինձ են տանո՜ւմ,
Տանում են այնտեղ, ուր ես եմ ուզում,
Ուր ցավի ժանգոտ փոշին չի նստում,
Ուր պետք չեն սիրո մերկապարանոց
Բառեր ու խոսքեր…
Սուտ պատուհաններ սարքում են բեմում,
Բայց մենք շինծու սեր չենք խաղում, բնավ,
Եվ ոչ մի վարպետ ողջ տիեզերքում
Չի կարող շատ պարզ գործիքի վրա
Մեր չքնաղ սիրո երգը նվագել…
Պետք չեն ինձ հիմա ո՛չ լավ վարպետներ
Եվ ո՛չ էլ գործիք…
Ուզում եմ ապրել,
Որ քո շուրթերի կանչից միշտ շիկնեմ,
Սակայն չհանգչեմ քո ձեռքում վառվող
Ծխախոտի պես:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։