ՌՈԲԵՐՏ ԵՍԱՅԱՆ

robertՀԳՄ վարչությունը

շնորհավորում է բանաստեղծ, լրագրող

ՌՈԲԵՐՏ ԵՍԱՅԱՆԻՆ

ծննդյան 60-ամյակի առթիվ

 

«Գրական թերթը» միանում է շնորհավորանքին

 

 

Խոսք բանաստեղծի մասին

Սիրելիդ իմ Ռոբերտ Եսայան

Ինչ-որ կարևոր բան էի փնտրում և քրքրում էի խառնիխուռն գրքերս ու թղթերս և նրանց մեջ գտա քո բանաստեղծությունների գիրքը` «Նժարը»: Հիմա, երևի մեծ ուշացումով, գիրքդ կարդացի անկեղծ հիացումով և պիտի ասեմ, որ քո «Նժարը» թերևս ամենից ծանր է կշռում իմ ընթերցած շատ բանաստեղծական գրքերի համեմատ…

Դու իսկական բանաստեղծ ես.-ոչ միայն տաղանդավոր, այլև շատ ու շատ կողմերով ավելի ուժեղ, քան մեր բազմաթիվ «մոդեռն» համարվող բանաստեղծները, քանզի քոնը անգլերենից կամ ֆրանսերենից արտագրված մոդեռն չէ, այլ իսկական, միայն քեզ պատկանող մոդեռն… Եվ եթե այսօր մեկն ուզենա թվարկել մեր այսօրվա տաղանդավոր բանաստեղծներին, ապա դու անկասկած պիտի լինես նրանց շարքում:

Ի սրտե շնորհավորում եմ քեզ և սպասում քո նոր գրքերին:

Գևորգ ԷՄԻՆ

1996 թ., Երևան

 

***

Հետաքրքիր երևույթ է Ռոբերտ Եսայանի պոեզիան: Եվ անկրկնելի՜ է ինքը` Ռոբերտը, որպես մարդ, անհատականություն: Հինավուրց հայկական հողն ազատեց` որպես հրետանու զինվոր, իսկ հոգևոր աշխարհում «տարածքներ գրավեց» իր բանաստեղծությամբ: Ասել է թե` Աստծո դրած նշան ունի ճակատին:

Վարդան ՀԱԿՈԲՅԱՆ

2002 թ., Ստեփանակերտ

 

***

Ռոբերտ Եսայանը փոքր եզերքի հզոր ուժերի և նրա գոյի գաղտնիքների խորհուրդն է նկարագրում:

Սերգեյ ԱԹԱԲԵԿՅԱՆ

1988 թ., Երևան

 

***

Ռոբերտ Եսայանի պոեզիան արժանի է սևեռուն ուշադրության: Այն նրա հասակակիցների կողմից իսկույն թարգմանվեց ռուսերեն ու հրապարակվելու երաշխավորվեց մոսկովյան ամսագրերում: Հայ մշակույթը իրավունք ունի հպարտանալու իր զավակով. պոեզիայի երկնակամարում հայտնվել է ևս մի տաղանդ:

Պյոտր ԿՈՇԵԼ

1989 թ., Պիցունդա

 

***

Բնածին տաղանդով օժտուած բանաստեղծն է Ռոպերթ Եսայեան: Կյանքի պարզուկ կարծուած երևույթներուն ան կը դրոշմե խորք ու հզօր մտածողութեան կնիք:

ՇԱՀԱՆԴՈՒԽՏ

2002 թ., Բեյրութ

 

***

Ազգային մակարդակի վրայ Ռոպերթ Եսայեան կը գծէ ընթացքը Հայ ժողովուրդի պատմութեան, անդրադառնալով Եղեռնին, ապա Արցախեան Պահանջատիրութեան, որոնք ներքին, անյայտ միջոցներով բանաստեղծական պատկեր ու զգացողութիւն կը փոխանցեն քերթողին և տարերային ուժով կը լեցնեն անոր էութիւնը, որ ե՛ւ մարդկային, ե՛ւ ազգային մակարդակներու վրայ կը մտորի ճակատագրի, անհունի, յաւիտենութեան, արդարութեան ու այն բոլոր արժեքներուն մասին, որոնք կեանքին կու տան իմաստ ու հայ ազգին` յարատևելու կամք:

Ս.Դ. ԳՐԻԳՈՐԵԱՆ

«Ազդակ», 1995 թ., Բեյրութ

 

***

Ռոբերտ Եսայանի պոետիկան հագեցած է քնարական զեղումներով, փիլիսոփայական հայեցողությամբ, բնապաշտությամբ, անակնկալ հայտնագործում-հայտնություններով, գեղագիտական նրբին զգացողությամբ, աֆորիստիկ ձևակերպումներով, միանգամայն ինքնատիպ տաղաչափությամբ:

Նարինե ՊԵՏՐՈՍՅԱՆ

«Գրական թերթ»,  2003 թ., Երևան

 

***

Ավանդները մեռած չեն, կարող են քաղցր խեժի կպչուն համով երբեմն ծածկվել, բայց «առասպելն այրերի» անպայման կթակի մեր դուռը:

Հենվելով մեր հազարամյա ապրելաձևի վրա` «մեր բրածո ընդերքից» անհրաժեշտ է պոկել շիկացած մի թել (հասկացեք թելեր) և ցնցել աշխարհը:

Համոզված եմ, որ Ռոբերտ Եսայան ստեղծագործողը, լծորդված ժամանակների մեջ, երևույթ է արդի պոեզիայում, իսկ ապագան կմտցնի նաև իր պարտադիր ուղղումները:

Խաչիկ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

2007 թ.,  Բերձոր

 

 

ՍԱՀԱՆՔՆԵՐՈՒՄ  ԱՆՈՒՐՋԻ

Հուշերիս պարսը հիմա

օրորում է երեկոն:

Քո գգվանքի վրանում ես ապրել եմ`

որպես հյուր:

Դեմքս ծեփված է բոլոր

վայրկյանների վրա քո,

Որ տալիս ես մեկ առ մեկ

բախտագուշակ գնչուհուն:

 

Մի՛ վատնիր քեզ, սիրելի՜ս:

Սահանքները անուրջի

Մեզ չեն օգնի: Նրանք քեզ

կպարուրե՜ն խաբկանքով:

Դու քո վիհն ես: Ահավո՜ր մի

լռություն է իջել

Բառերին, որ փարվել են,

գգվել իրենց դրախտով:

 

Բառերը մեզ կողոպտել ու

չեն տվել մեզ ոչինչ,

Տաքացել մեր կրակով ու

հեռացել են փութով.-

Ո՞ւմ պահուստով են սնվում

ավազակներն այդ չնչին:

 

Ինչպե՞ս շուրթս ազատեմ

պատրանքներից քո շնչի

Եվ ինքս ինձ սփոփեմ

գարնանալուր պտույտով,

Երբ մեր բա՜խտն է սայթաքել

սահանքներում անուրջի:

 

* * *

Կարեն Մնացականյանի հիշատակին

Ոսոխը ետ քաշվեց:

Ճանապարհն ասես

Օձի շապիկ է` գետափին ընկած:

Հողի արցունքն է մրգի՜ պես հասել:

Շուրթերիս Աստծո

պատկերն է խոցված:

 

Խոցվա՛ծ է լույսը,

մութը` խոշտանգվա՜ծ,

Կոպիս տակ հուշի կածանն է բարակ,

Իսկ իմ քրտինքի կաթիլը ընկած

Կայծքար է դառնում, բուրվառ ու կրակ:

 

Կայծքա՛ր է դառնում,

բուրվա՜ռ ու կրա՛կ

Երթս, որ լեռան խորքից եմ հանել…

Հո՜ղ իմ հայրենի, քո աստղի համար

Իմ արյան միա՛կ երկինքն եմ քամել,

Բախտս քո բախտի խաչին եմ գամել,

Որ քո երա՜զը… հավերժ հուրհրա՛…

 

ԹՈՒՂԹ ԵՎ ԼՌՈՒԹՅՈՒՆ

Պարույր Սևակին

Ով կարծում է, թե երազը առասպելյան

Կարոտ է մի աննպատակ այցելուի,

Որ կողպելով հազիվ դուռը

պարապության`

Շտապում է զուգել նրան ծեսով տողի

 

Եվ այդ քայլը համարում է

սուրբ ավետո՜ւմ,

Եվ այդ քայլը համարում է շնո՜րհ վերին-

Կխորտակվի իր քմայքի ծանծաղուտում`

Կուլ գնալով կրքապտույտ փրփուրներին:

Չէ՞ որ թուղթը իրականում պահում է միշտ

Այն կտրված ծառի ո՜ղբը օրհասական,

Որի կյանքից երազաբույր ու փառաշո՜ւք

Մնացել է ինքը` որպես համր վկա,

Որպես հողից շատրվանող ճերմակ բողոք

Ու հետմահու չակնկալվա՜ծ մի ծառացում:

 

ՄԵՆԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ

Օրը այս խուլ դռան համար`

Այրո՜ղ բռնակ…

Դռան ճեղքով լույսն է հոսում`

Խիղճը անմար:

 

Հոսում են ներս երկինքը և

Բախտը կուրաչ,

Իսկ դեպի դուրս (սո՛ւտ է երգն էլ)-

Ո՛չ մի հոսանք…

 

Ոչ մի երազ չի՜ բնակվում

Այս տան ներսում.

Մղձավանջի խավար անկում,

Վա՛խն է հոսում…

Արմատների լույսն է բակում

Մենախոսո՜ւմ…

 

ՀԱՎԱՏԱՄՔԻ ՇՈՒՐՋՊԱՐ

Պատրանքների ծվեններ

կան օդում թևող,

Որ իջնում են մահասարսուռ

ցանկապատին.-

Գուցե դրանք հոգիներ են` երկնի թևով

Քսվում են մեր երազներին`

մեղկ ու պատիր:

 

Եվ թվում է` նրանք իրենց

ուսերին պիրկ

Մի գմբեթ են պահում`

Աստծո լո՜ւյսը վրան.-

Գուցե հենց այդ լո՜ւյսն է, որ մեզ

մաքրո՜ւմ է միշտ,

Որ հյուսել է հավատամքի

շուրջպարը այս:

 

Ժամանակն է շարժվում

դեպի եկեղեցին,

(Կազատվի՞ նա կեղծիքներից իր

շերտավոր),

Ժամանակը, որ իջնում էր,

ինչպես կացին,

Շուրջը փռում երազների մոխիր ու ողբ:

 

Օ՜, զոհերի հոգինե՜րն են հողից զատվում,

Լուսաբացի փետուրներով ողջը պատում:

 

ՏԱՏԱՆՈՒՄ

Շուրթերիս վրա բաբախող լուսնի

Շողն է թափանցել մութ խորքերը իմ,

Ուր բորբոքվել է երկվության կռիվն,

Ու սրի շե՜ղբ է փրկության հույսն իմ:

 

Լույսը իջնում է, մութը` բարձրանում,

Քարավանների անցուդարձի տակ

Փոշի են դառնում նշխարներս թանկ,

Եվ իմ մանկության ձա՜յնն է խլանում:

 

Մե՛րթ իմ ոտքի տակ փոխվում է վիհի,

Մե՛րթ կանթեղի պես

կախվում է հեռվում.

Վրե՜ժ է առնում պատկերս ինձնից,-

Եվ մոլուցքն այդ սև չի՛ հանգստանո՜ւմ.

Մութը իջնում է, լույսը` բարձրանո՜ւմ…

Ոգու մոխի՜ր է թափվում անհունից…

 

ԴԱՏԱՐԿ ՇՐՋԱՆԱԿ

Առօրյա կյանքի շրջապտույտում

Օրորվող քանի՜ դատարկ շրջանակ,

Քամված հոգիներ, որ չե՜ն խոցոտվում,

Քանզի այլևս ո՛չ մի եղանակ

 

Չի՜ նվագելու նրանց լարերին.-

Քարացած շուրթ է, մեռա՜ծ աղաղակ,-

Չի՛ փոփոխելու ճակատագիրն էլ

Նրանց դիրքը այս –

դատարկ շրջանակ:

 

Ինչ-որ չլցրեց հոգին Հիսուսի,

(Խաչվեց-չզորե՜ց դատարկը լցնել),

Չի՜ լցնի ոչ մի բիբլիական ցեղ:

 

Եվ խղճի միջից ու մեր երազի

Դեռ մեզ է նայում դարեր շարունակ

Անհունի աչքը – դատա՜րկ շրջանակ:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։