(Ալեքսանդր Թոփչյանի «Չարիքի զավակները»)
ԳՈՒՅԺ
Թերթը տպարան ուղարկելուց ժամեր առաջ մեզ հասավ գույժը՝ վախճանվել է գրականագետ, արձակագիր, թարգմանիչ Ֆելիքս Բախչինյանը…
«Գրական թերթի» խմբագրակազմը իր ցավակցությունն է հայտնում ընտանիքին, հարազատներին, իր ընթերցողներին:
Հազարամյակների պատմությունը ետևում թողած՝ մարդկությունը շարունակում է առաջանալ՝ այդպես էլ չկարողանալով հասնել իր կատարյալ վիճակին։ Կատարելության հասնելու նրա ձգտումները ձախողվում են, կործանվում են առաջադեմ քաղաքակրթությունները։ Այս ողջ ընթացքում մարդու բնույթն անփոփոխ է մնում, որի հիմքում գործողը երկու հակադիր ուժեր են։ Ինչ անունով էլ որակելու լինենք հակադիր այդ ուժերին, գիտությունն ու փիլիսոփայությունը խոսում են այն մասին, որ ազնիվի ու կեղծի, տալու և ստանալու, չարի և բարու, եսասիրության ու այլասիրության, ցանկության ու բավականության, սիրո ու ատելության և նման այլ՝ իրար հակադիր ուժերի գոյությամբ է պայմանավորված աշխարհի գոյությունը, և նրանցից մեկի գոյությունը կախված է մյուսից։ Այդ անունները վաղուց են ծանոթ մարդկությանը, նայած, թե որ ժամանակներում ովքեր և ինչու են զբաղվել այդ ուժերի ուսումնասիրությամբ ու բարձրաձայնմամբ։ Յուրաքանչյուր նոր դարաշրջանում այդ ուղղությամբ նոր արդյունքներ են գրանցվում, նայած, թե մարդը հոգևոր ու գիտական ինչ մակարդակների է տիրապետում։
Հակադրությունների զուգահեռ գոյությամբ առաջ ընթացող աշխարհի պատկերը մշտապես զբաղեցրել է գրողներին, որոնք նույն միասնության հենքի վրա հյուսել են համաշխարհային գրականության գլուխգործոցներ՝ չկարողանալով գտնել մարդկային ներդաշնակ գոյությունն ապահովող աշխարհակառույցի առանցքը։ Այնուամենայնիվ, մարդը մարդու նկատմամբ, կամ բնության հետ ներդաշնակ գոյության վեհությունը չի դադարում ձգել մարդկությանը, որն էլ, երկու հակադիր ուժերից զատ, այն երրորդ ուժն է, որը սիրելի է դարձնում կյանքը։
Ալեքսանդր Թոփչյանի «Չարիքի զավակները» իրականության հետ համահունչ իր ռեալիզմով ներկայացնում է հենց այս ճշմարտությունը։ Հակադրությունների միասնությամբ ընթացող ռեալիզմն այստեղ, սակայն, շատ տարբեր է այն իրականության նկարագրություններից, որոնք մեզ համար անմոռաց են պահում հայ դասական գրականության ներկայացուցիչները։ Նրանց պատմությունները մեր հիշողություններում մնացած խորհրդանիշ-արտահայտություններ կամ տողեր են թողել, որոնք կարող են ուզած պահին բացել նույն իրականությունը տանող դռները, ինչպես՝ «Մարկոս աղա Ալիմյանը ծանր հիվանդ էր» (Շիրվանզադե), «Գյուղացի Համբոյի տունը կռիվ էր ընկել» (Թումանյան), «Բարաթը կորել էր» (Սունդուկյան), «Ընդամենը մի մուշտի եմ տվել…» (Նար-Դոս) և այլն։
Թոփչյանի գրականությունը մի քայլ առաջ է հայ դասական ռեալիզմից ոչ այն իմաստով, թե նա գերազանցել է դասականների վարպետությունը։ Խոսքն այստեղ ոչ թե գրողի գեղագիտական, ստեղծագործական վարպետության մասին է, այլև նկարագրված ժամանակը աշխարհարարման հայելու վրա ու աշխարահկառույցի չափորոշիչների հետ համադրելով ներկայացնելու մեջ է։ Այն, ինչ իրականությունն էր, գծված է դասականների անսխալական գծագրումներով՝ վերցնելով կյանքի պատկերը, ինչպիսին որ այն կա։ Իսկ այստեղ մոտեցումը ամենն իրենցով արած «չարիքի զավակներին» տարբեր անկյուններից է՝ պատճառի անկյունից և հետևանքի անկյունից, մարդու հոգեբանական վիճակի անկյունից ու քաղաքակրթության աստիճանի անկյունից, հոգևորի անկյունից ու էվոլյուցիայի անկյունից, ավանդապահության անկյունից ու արժեզրկումների անկյունից և այլն։ Այսինքն՝ գրողն ինքն իր անկյունից բացում է իր տեսադաշտի պատկերը։ Ինքն իր անկյունից, բայց ոչ թե իր երևակայությունների, պատկերացումների, ստեղծագործական կամ տրամաբանական ենթադրությունների օգնությամբ, այլ՝ ասես մեծ հայելու վրա ընդգծելով այն պատկերը, որ իրար նկատմամբ ունեն աշխարհը կենդանի պահող հակադիր ուժերը։
Իրավիճակը ոչ միայն տհաճ է, այլև՝ վտանգավոր։ Այստեղ միայն մեկ կամ մի քանի ընտանիքների պատմություններ չեն, որոնցով կարող է բնորոշվել հասարակությունը։ Այստեղ գործող մեկ հերոս կա, և դա ժամանակն է, երեք տասնամյակ ընդգրկող այն ժամանակաշրջանը, որով դար է փոխվել, որտեղ աշխարհակառույցի խեղված վեկտորի վրա նրա պտույտը պահող հակադիր ուժերից այժմ միայն մեկն է կենդանության նշաններ ցույց տալիս։ Սեփական մաշկի վրա զգացած, ազդեցություն թողած իրադարձություններ են, եռացող, դժոխային կաթսա, որի կրակը պահողը ոչ այլ ինչն է, քան՝ դժգոհությունը։
Թոփչյանի հոգեբանական ռեալիզմը ճշգրտորեն բացում է այն իրավիճակի պատկերը, որն իրար համահունչ գործողությունների ամբողջություն է։ Այդպես էլ նա խոսում է այն մասին, թե ինչ է լինում, երբ ատելությունն ու դժգոհությունը հանապազօրյա հաց են դառնում («Ուղևորություն դեպի Էլդորադո»)։ «Ծնվում էին դժգոհ, ապրում էին դժգոհ և մեռնում դժգոհ» (էջ 6)։ Դժգոհությունն ինքն էլ կերպավորված իրավիճակ է։ Կերպար, որն ունի իր Ես-ը, և որից այն կողմ ուրիշներն են։ Ես և ուրիշ, ասել է թե՝ «ազնիվներ և ստորներ, որոնք բաժանվում էին երկու հավասար բանակների, իսկ քանի որ դրականի և բացասականի հավասար քանակներն իրար ոչնչացնում են, այլ խոսքով՝ կարճ միացում է տեղի ունենում, ապա ոչինչ չէր մնում մեջտեղը»։ Ոչինչը ևս կերպար է։ Այդ կերպարի էությունն ու ընդունելությունը մտածող գրողի գրչի շնորհիվ վեր է կանգնում հումորի, ֆելիետոնի կամ սատիրայի ժանրերից, բարձրանում տեսանելիության այնպիսի դաշտ, որտեղից պարզ ու ցնցող ձևով երևում է մարդկային խմբերի զանգվածային անկումը («Պատմություն զրոյի»)։
20-րդ դարն իր վերջին ամփոփումներն էր անում։ Հանրագումարի էր բերում իր ձեռքբերումներն ու տանուլ տվածները։ Դրա համար պետք չէին ոչ վարդագույն ակնոցներ, ոչ պճնված ներկայացումներ, ոչ դիմակահանդեսներ, անգամ՝ ամենատարրական բաները պետք է մեջտեղից վերցվեին, վերացվեին, ինչպես՝ էլեկտրական հոսանքը, ուտելիքը, մարդկային գոյության բոլոր պայմանները, ու մարդը պետք է մնար ինքն իր հետ, ունենար միայն իր ուղեղի ընկերակցությունը։ Այդպես էր 1992 թվականի դեկտեմբերին, երբ մտավորականի գոյության համար միակ փրկությունը ժամը վեցից հետո տանն եղած բրդյա բոլոր շորերի տակ մտնելը, վերմակների տակ ապաստանելն էր։ Գրողն այդ վիճակում էր հանրագումարի բերում 20-րդ դարը, մտովի, առանց թուղթ ու գրչի… Այդպես էր օրն ավարտվում աշխարհակառույցի մեջ մինչ այդ լուսավոր կետերի փնտրտուքներով սնվող մտավորական, գրող-գրականագետ Ալեքսանդր Թոփչյանի համար, որը դեռևս փորձում է սեփական ուղեղի օգնությամբ իրար միավորել ապրած ու ապրելիք կյանքի բոլոր ժամանակները և նրանցով մի հարթակ ստեղծել, որտեղից հնարավոր լիներ դուրս գալ բարեխնամ, մարդու համար արժանապատիվ բաց տարածքներ։ Սակայն այն ճշմարտությունը, որ քամվում է ներկան անցյալի ու ապագայի հետ հաշտեցնելու նրա փորձերից, այսպիսի հանրագումարի է բերում. «Եթե անցյալը դահճի անկեղծ կարոտախտն է իր ձեռքով մորթված զոհերի հանդեպ, ապա հեռավոր երազներում պահպանվող ապագան պարապ ու ատելի կյանքի քավության խոստումն էր («Ուղևորություն դեպի Էլդորադո»)»։
Մեծ ժամանակի մի հյուլեն հանդիսացող 20-րդ դարավերջի մեր իրականության համար ամփոփիչ, ճշմարիտ, համարձակ հոգեբանական հայտնություն է Ալեքսանդր Թոփչյանի բացահայտումն այն մասին, որ դժգոհությունը գործիք է սեփական ձեռքով մորթվող զոհեր ունենալու, անցյալում թաղելու և նրանց նկատմամբ կարոտախտ ունենալու համար։ Ուրիշ հարց է նաև այն, որ կարոտը ոչ թե մեղքի քավություն է, այլ՝ ափսոսանք անցնող ժամանակի համար։ Գիտակցելով իր խոսքի թողած տպավորությունն իր ընթերցողների վրա՝ Թոփչյանը կանխում է նրանց՝ ասելով. «Գուցե ոմանք այսօր մեղադրեն հեղինակին, թե պատմվածքը չափազանց մռայլ է և հոռետես։ Պատասխանը կլինի հետևյալը. իսկ մի՞թե իրականությունն ավելի մռայլ չէր, քան արտացոլումը, որը լոկ անմարդկային ազդման մարդկային հակազդումն էր»։ Այո, անժխտելի է հոգեբանական կատեգորիան գրականության մեջ որպես կերպար, այդ կերպարն իր համոզիչ բնութագրումներով ներկայացնելու գրողի վարպետությունը։ Դժգոհությունը ոչ թե չարիքի արմատ է, այլև՝ ծնունդ, նրա պտուղը, նրա զավակը, կերպար, որն իր հերթին պտղավորվում ու բազմապատկվում է ժողովածուն կազմող պատմություններում։
Եթե աշխարհակառույցի հիմքում հակադրությունների միասնությունն է, ապա նշված ժամանակաշրջանում այդ հիմքն ամբողջովին խեղված է։ Խախտված կարգը, անշուշտ, չի կարող չանհանգստացնել գրողին։ Փոփոխությունների, կայունության, կյանքը ներդաշնակ ուղու վրա դնելու համար նա կարևորում է հենց մտավորականի դերը, որով էլ չի բացառում մարդկային մաքուր հոգու վերադարձի հրաշքը («Գաբրիել հրեշտակի վերջին այցը»)։ Ներդաշնակության խախտումները, շեղումները հասել են մի այնպիսի աստիճանի, որն ազդում է անգամ նախախնամության դիրքի վրա։ Գրողը, սակայն, չի խճճվում երկիր ու երկինք իրար խառնած, չարիքի զավակների ստեղծած խառնաշփոթի մեջ։ Անգամ բարձրագոչ չի թմբկահարում, ահազանգեր չի հնչեցնում, որպեսզի առավել ևս չխառնվի առանց այն էլ խառնված իրականությունը։ Նրա խոսքը համոզիչ է իր նրբագույն հանդարտությամն մեջ։ Որտեղ կարելի է՝ թեթև հումորով, որտեղ՝ ողբերգության հոգեցավով, խոսում է յուրատեսակ ապոկալիպսիսի մասին, երբ նույնիսկ արդեն ոչ թե հակադրությունների հավասար քանակներից ծնված զրոյական վիճակ է, այլ՝ դժգոհությամբ լի իրականության մեջ մուտանտացված հասարակությունն արդեն վերարտադրվում է որպես չարիքի զավակների հասարակություն։ Եթե նախորդ ժամանակներում կյանքն առաջ էր ընթանում բացառիկ ճշգրտումներով իրարից զատորոշվող լավի ու վատի, ճշտի ու սխալի, բարու ու չարի, դրախտի ու դժոխքի գոյաբանական համեմատությունների ընթացակարգով, այժմ տարբերակման չափորոշիչները խառնիճաղանջ իրավիճակներում են։ Մտածող գրողը քաջ պատկերացում ունի, թե ինչպես ի հայտ եկան և արդյոք ովքե՞ր էին նրանք, «որոնցից յուրաքանչյուրը յոթ սատանա կխաբեր, բայց գերադասում էին գործ ունենալ մարդկանց հետ։ Նրանք համոզված էին, որ ոչ թե իրենք պետք է ձգտեն մարդկային իդեալներին, այլ իդեալը պիտի նմանվի իրենց»։
Յուրաքանչյուր ընթերցող, ծանոթանալով այս գրքին, անվերապահորեն կասի, որ Թոփչյանը ժամանակակից իրականությունը ճշմարտապես պատկերել է «Գայլային օրենքի» կանոններով, ըստ որոնց՝ ուժեղ կողմը մշտապես հաղթող է։ Սակայն պարզվում է, որ «Գայլային օրենք»-ն ավելի մարդկային է, քան մարդկայինը: Երբ 1998-ին պատանդ էի Չեչնիայում, դրանում ևս մեկ անգամ համոզվեցի: Գիշերը մեզ երեք կողմից շրջապատեց գայլերի ոհմակը: Ես շատ էի կարդացել գայլերի մասին, բայց հանդիպումը նրանց ոհմակին ինձ սարսափեցրեց: Սակայն չեչեն գրոհայիններից ամենաավագը՝ Մայրիբեկը, վախս փարատեց. «Նրանք եկել են ջուր խմելու, իսկ մենք պառկած ենք նրանց ճանապարհին: Հիմա մեզ զգուշացնում են միայն, որ ազատենք ճանապարհը»: Հետո նա պատմեց գայլային օրենքների մասին: Պարզվում է՝ գայլերը պատրաստ են օգնել իրենց ոհմակի յուրաքանչյուր անդամին։ Ճանապարհ ընկած ոհմակի առջևից քայլում են թույլերն ու հիվանդները, ապա ուժեղները, որպեսզի հարկ եղած դեպքում օգնեն, բարձրացնեն նրանց կամ այնպես անեն, որ նրանք ետ չմնան։ Կենտրոնից գնում են սովորական գայլերը, վերջում՝ ամենաուժեղները, իսկ շարքը եզրափակում է առաջնորդը՝ հսկելով բոլորին։ Ահա, թե որն է «Գայլային օրենք»-ը, կարգն ու կանոնը։ Գայլերը պատրաստ են օգնել, նրանք պայքարում են տեսակը պահելու համար, երբեք չեն ոչնչացնում թույլ տեսակին։ Ընդամենը կերակուր են հայթայթում՝ հավատարիմ նախախնամության օրենքներին։ Մարդու տեսակի մասին եզրակացությունն այս ֆոնին անվիճելի է, մանավանդ «Չարիքի զավակների» հետ ծանոթանալուց հետո։
Ստացվում է, որ մենք՝ հոմո սապիենսներս, մեր վայրենի օրենքերը վերագրել ենք գայլերին՝ իսպառ անտեսելով նրանց ազնիվ օրենքները, որոնք, ավաղ, մարդը չտեսնելու է տալիս: Այսպիսով` իսկական գայլը հենց մարդն է: Հիշում եմ նաև Ջեկ Լոնդոնի «Սպիտակ ժանիքը» վեպը, երբ որսորդը վիրավորում է գայլի թաթը և պատրաստվում հերթական կրակոցով սատկացնել նրան, անսպասելիորեն մոտակա թփի տակից հայտնվում է մեկ ուրիշ գայլ ու կրծքով ծածկում վիրավոր ընկերոջը… Հետո էլ ասում են՝ արյունռուշտ գայլ, Ո՛Չ, արյունարբու մարդ հորջորջված երկոտանի, որ գնալով ավելի է վայրենանում, ապացույց, որ իր Փրկչին խաչ հանեց, հիմա սուտ արցունքներով մոմ է վառում Նրա պատկերի առջև… Այս մասին հեղինակը բարձրաձայնում է իր «Քավության նոխազը» պատմվածքում:
Ճշմարիտ մտավորականը պեղել է մարդկային հոգու ու մտքի տարածքները և չի խուսափել հոգևոր ու փիլիսոփայական ուղղությունների մեջ հանդես գալ ինքն իր ասելիքի հիմնավորումներով՝ ներկայացնելու համար չարիքի զավակների գոյության անխուսափելիությունը։ «Միայն Աստված ցանկություն չունի,- գրում է նա,- քանի որ Նրա ուզածն անմիջապես կատարվում է։ Իսկ մարդն ավելի շատ ցանկություն ունի, քան իրականացնելու կարողություն։ Եվ քանի որ չիրագործված ցանկությունները գնալով աճում էին, իսկ կարողությունները՝ նվազում, ապա մարդը տարիների հետ ընկնում էր իր ցանկությունների թակարդը։ Ահա թե ինչու չարիքի զավակները որոշեցին դիմել մարդուն, ոչ թե Աստծուն, և, հատկապես, ոչ այն Աստծուն, որ նստած է յուրաքանչյուր մահկանացուի մեջ։ Եվ նույնիսկ ոչ թե մարդուն, այլ՝ նրա մեջ արթնացրած հրեշին։ Այն գազանին, որն աճում և մեծանում էր օրավուր բազմապատկվող անզսպելի ցանկություններից»։ Ահա ներդաշնակ կյանքի խաթարման կարևորագույն մի պատճառ, մի փաստ, մի օրինակ ևս՝ ցանկությունների և դրանց բավարարման հիմքի վրա։ Այն, ինչի կամ իր ո՛ր հերոսի մասին էլ խոսում է Ալեքսանդր Թոփչյանը, դրանք մարդկային հոգու գաղտնարանների սեփական պեղումների կամ մարդկային իմաստասիրական մտքի ձեռքբերումների հետ ունեցած գաղափարական իր աղերսների արդյունքն են։
«Գաբրիել հրեշտակի վերջին այցը» մտավորականներին իրենց դիրքում տեսնելու հրավեր է այն դեպքում, երբ մարդիկ ետևում են թողել «դասական դժոխքի բնածին սատանաներին», փոխակերպվել ավելի լայն հնարավորություններով օժտված «փոխակերպուկների»։ Գրիգոր Նարեկացին ասում է, որ, եթե միայն մարդը հնարավորություն ունենար տեսնելու, թե իր գողության պահին ինչպես են աշխատում չարի հելուզակները…
Ալեքսանդր Թոփչյանը մարդու առջև բացում, հայտնում է նրան չարիքի զավակների պահվածքներն իրենց առանձնահատկություններով, ցույց տալիս տեսանելի իրականության անտեսանելի շնչառությունը։ Մի նրբագույն հորդոր է գործում նրա գրքի էջերում, ձգտումների ուղղությունը փոխելու հորդոր, ոչ՝ իրականության խստորեն դատապարտում կամ քննադատական մոտեցում։ Մարդն ինքն էլ հոգնել է ավարտուն չլինելուց։ Քաոսային պտույտների մեջ հոգնած՝ նա այն աստիճանի է կորցրել կատարելության տանող ճանապարհը, որ համաձայն է՝ «Այո, թեկուզ տականք, բայց ավարտուն…» («Դժոխքից արտաքսվածը»)։
Գրողն օգնում է ընթերցողին հոգեբանական տարատեսակ փոխակերպումների առկայությամբ լի նկարագրությունների պայմաններում ճիշտ հասկանալ իր ասելիքը, իր դիրքորոշումը կամ դավանանքը։ Հաճախ նա դա անում է հերոսների շուրթերով հնչեցրած հստակ արտահայտություններով։ Ինչպես՝ «Եթե չլիներ քո մերժումը, ես այսօր չէի լինի այն, ինչ կամ… Ուստի, դու պիտի մնաս միշտ վերևներում, անմատչելի հեռուներում, որպես մի իդեալ, որին ձգտում են, բայց երբեք չեն հասնում, այլապես կյանքը կդադարի առաջադիմել, ավելին, կնահանջի դեպի նախամարդը»։ Մեջբերումը «Ես առասպել նվիրեցի նրան» վերնագրով գողտրիկ պատմությունից է, որտեղ մի ուրիշ գործողության մեջ ասվում է՝ «…քանզի իդեալները մեզ մարդ են դարձնում այնքանով, որքանով անհասանելի են»։
Այսպես, չարիքի զավակների տիրապետության պայմաններում ինչ դեր կարող են և ինչ դեր պետք է ունենան մարդկային իդեալները։ Այս պատմությունը՝ վաղուց իրար ծանոթ տղամարդու և կնոջ հանդիպման մասին, բնաբան ունի, որը հեղինակն ընտրել է Նիցշեի խոսքերից՝ փորձելով նրա լույսի տակ ներկայացնել իր սեփական դիրքորոշման տարբերությունը հենց նրանից։ Նիցշեի մարդը շատ ֆիզիկական է, որին էլ Թոփչյանը հակադրում է իր կողմից բարձրաձայնվող մարդկային վեհությունը։ Եթե անգամ առասպել, բայց և այդ վեհությունն է ապահովում կյանքի գեղեցիկ շարունակականությունը։ Այս պատմության հիմքում ևս հակադիր ուժեր են գործող երկու ուժերը, սակայն, նրանք ոչ թե պայքարում են իրար դեմ, ոչ թե ոչնչացնում են մեկը մյուսին, այլ օգնում՝ հնարավորություններ են ստեղծում իրար համար, երկուստեք զարգացման իրենց ճանապարհին։ Պետք է սերն ազատ թողնել, քեզնից առաջ, ու անընդհատ գնալ այդ փյունիկ թռչունի ետևից։
Ալեքսանդր Թոփչյանի գրականությունը ռեալիզմի մի աստիճանի վրա է, որտեղ այն չի սահմանափակվում միայն իրականության պատկերով։ Սա հակասությունների բացահայտման գրականություն է, որտեղ ստեղծագործության առանցքում դրված հերոսի զգացմունքային ապրումները թև են տալիս ընթերցողի ոչ միայն զգացումներին, այլև՝ մտքին։
Հակադրությունների փիլիսոփայությունը «Չարիքի զավակների» զարկերակն է։ Ոչ միայն ժողովածուի, այլ՝ հենց մարդկային այն տեսակի, որին այդքան վարպետորեն պատկերել է Ալ. Թոփչյանը։ Պետք է աշխատել այդ զարկերակը թմբկահարող արյան մաքրության ուղղությամբ։ Նման զավակների գոյությունը հանցավոր գոյություն է, որը մեղմացնելու ոչ մի հանգամանք չկա։ Կա հորդոր՝ չդադարել փնտրել դեպի վեհն ու կատարյալը տանող ճանապարհը։
Մարդը պետք է վերանայի իր վարքը, պատկերացումները, ցանկությունները, այլապես չարիքի զոհն է։ Ալեքսանդր Թոփչյանի այս ժողովածուն աշխարհի ու մարդու վերաբերյալ շատ հետաքրքիր ու բազմակողմանի վերհանումներով լի, պատմական կարևորագույն, շրջադարձային ժամանակաշրջանի մասին գրական, գեղարվեստական ու իմաստասիրական մի հուշարձան է։ Կարևորագույն հուշարձան, որի ճակատին ես կփորագրեի՝ «Ձերբազատվենք չարիքի զավակներից»։