ԵՂԻԱ ՏԵՄԻՐՃԻՊԱՇՅԱՆ – 175 / Պետրոս ԴԵՄԻՐՃՅԱՆ

ԵՂԻԱ  ՏԵՄԻՐՃԻՊԱՇՅԱՆ՝ ԱԶԳԱՅԻՆ ԴԱՐԱՎՈՐ ԱՐԺԵՔՆԵՐԻՆ ՀԱՎԱՏԱՐԻՄ ԳՐՈՂՆ ՈՒ ԳՈՐԾԻՉԸ

Այս տարի (մայիսի 8-ին) լրանում է արևմտահայ անվանի գրող, խմբագիր, մանկավարժ, ազգային հասարակական գործիչ Եղիա Տեմիրճիպաշյանի ծննդյան 175-ամյակը: Ե. Տեմիրճիպաշյանը իր ապրած դժվարին, բայց բովանդակալից կյանքով ու եռանդուն գրական-մշակութային գործունեությամբ նպաստել է XIX դարի երկրորդ կեսին հայ գրականության մեջ եվրոպական առաջատար գաղափարների, սկզբունքների ու ոճերի ներմուծմանն ու տարածմանը: Այդ իմաստով` նա Թովմաս Թերզյան-Եղիա Տեմիրճիպաշյան-Տիրան Չրաքյան, այսպես կոչված, փոխանցումային շղթայի կարևոր օղակներից մեկն է:

Կարծում եմ` մայիսյան այս օրերին ընթերցողների համար հաճելի պահեր կպարգևեն Եղիա Տեմիրճիպաշյանի «Մայիս (Միննեմոնաթ[1])» և «Խունկը» գողտրիկ արձակ մանրապատումները:

Պետրոս ԴԵՄԻՐՃՅԱՆ

 

ՄԱՅԻՍ (ՄԻՆՆԵՄՈՆԱԹ)

Եկավ հասավ Մայիս, իմ ծննդյան ամիս՝ եկավ հասավ սիրամիս Մայիս: Երկին և երկիր պիտի զգենուն կարմիր. կարմիր ամպեր մեր գլխուն վերև, կարմիր այտեր մեր շրթերուն ներքև. – ո՜հ, քանի՜ գեղեցիկ է Մայիսը. ո՜հ, քանի՜ գեղածաղիկ է Մայիս. – ոչ միայն կարմրություն, այլև ներդաշնակություն, ոչ միայն ներդաշնակություն, այլև անուշահոտություն ունի Մայիս: Թռչունք կվազեն երգելով, երգելով կվազեն թռչունք. և վազ և խաղ կընթանան միասին. և միասին կընթանան թույր և բույր և կուսանք և երիտասարդք, կընթանան միասին – ի՜նչ խնդավետ, ի՜նչ խնկավետ է Մայիս – ի՜նչ սիրավետ է, ի՜նչ կենդանավետ է Մայիս սիրամիս:

Մայիս է հավասարության ամիս, ամիս է միության և հավասարությա՛ն Մայիս – հավասարություն ընդմեջ բնության և մարդկության կտիրե. կտիրե մանկության և մարդկության ընդմեջ անխտիր հավասարություն – ժպիտ է լուսույն և բուսույն վրա է ժպիտն. ժպիտն է ծաղկափթիթ մանկանց և ծանրաքայլ ծերունյաց երեսին վրա. բոցայտ կուսանաց և բոցեռանդ երիտասարդաց երեսին վրա է ժպիտն – ամենեքյան՝ նյութք ու կենդանիք, ամենեքյան՝ երկիր և երկինք, են հավասար Ժպիտի առջև, և հավասար Մայիսին առջև:

Կտեսնե՞ք, ահա, թրքուհիք և հայուհիք. կտեսնեք, ահա, դաշտածին հայուհիք և ծովածին անկլուհիք – նոքա հավասարապես կժպտին իրենց աղվագույն ժպիտով. նոքա կփայլին հավասարապես արտաքին և ներքին ցոլացումներով – արևն՝ որ կլուսավորե զայնս՝ է՛ մի սերն, որ կոգևորե զայնս՝ է մի. նոքա ծնունդք են մի նախամոր և մի նախահոր, Եվային կամ հողին: Այլ մի՞թե նոքա հավասար են իմ սրտի համար. եթե նոքա հավասար են իմ աչքի համար: Ո՜հ, ո՛չ երբեք – իմ սրտի նախընտրյալն և իմ հոգվո պաշտեցյալն, իմ էության և իմ կենակցության կոչեցյալն է – ՀԱՅՈՒՀԻՆ:

 

ԽՈՒՆԿԸ

Մեր հին ընտանեկան կյանքին մեջ բարեպաշտիկ ու հույժ բանաստեղծական սովորություն ունեինք խունկ ծխելու, կիրակմուտ իրիկուն, մեր ննջեցելոց հոգուն. և եթե լավ կհիշեմ, ընտանիքին ամենեն սրբանվեր անդամը կհատկացվեր այդ պաշտոնին, որ խնկաման ի ձեռին՝ սկսյալ հավեն ու հանիեն[2], շրջանը կըներ ամբողջ ընտանիքին, մեն մի անդամի առջև լայն վայրկյան մը կանգ առնելով:

Խունկին կապուտակ պարույրն՝ ոսկեգույն խնկամանին կարմիր նռնագույն կրակին վրայեն՝ ամեն մեկ անգամի ձեռքի կոչական շարժումով կհորիզոնանար, և արծաթի կայլակներու վրայեն հոգիներուն մեջ կծավալանար:

Մանկանց հրճվանք կազդեր այս, մեծերուն՝ մխիթարանք: Առ վայր մի իրենց մեջ ներկա ազգային նախահայրը կամ նորատի ննջեցյալն:

Այսպես՝ կապը չէր խզվեր գացողներուն ու կեցողներուն միջև. այսպես՝ հոգին վայրկյան մը մարմինեն կմերկանար, հանգուցելոց հոգիին հետ կմիանար. տունը տաճար կըլլար, խմբասենյակը՝ խորհրդավոր իմն վայր. տաճարե վեր բան մը, երկի՜նք կըլլար սենյակն, ուր ընտանիքը իր ամբողջությամբ կիրակմուտ իրիկուն կմիանար:

Ես կխորհիմ, որ շատ մը բարեպաշտական ավանդություններու հետ խունկի ու խորհրդի կիրակնամտյալ հոգեհույզ արարողությունն ալ ջնջելով՝ աղեկ բան չըրինք: Հերպերդ Սբենսեր անգամ խորին հուզմամբ կհիշատակե նախնյաց պաշտամունքը, որուն այնքան մեծ նշանակություն կընծայե:

Մեր ընտանեկան խնկամանն, ուր որ կրակ գտնել-դնելն ինձի դժվար կըլլա այս spiritière-ի հրազրավ ժամանակին մեջ, հոն աչքիս տակ կկենա հավետ՝ շաբաթ իրիկուններն, որբի աչվներս արցունքով լեցունելով ու միշտ գեղակեցիկ աչվներս գգվելով լանջուռույց ի խաչագլուխ իրանի նվիրագեղ-հմայիչ այն ձևով:

Բայց ո՞ւր խունկ որ վառի…

 

[1] Սիրո ամիս (գերմաներեն):

[2] Պապ ու տատից: