«ԲԱՌԵՐԻ ՀԵՏ Է ԿՅԱՆՔՍ ԱՆՑԵԼ…»
Ողջո՜ւյն, թանկագին բարեկամ.
Առիթ է խոստովանելու, որ ես վաղուց էի նկատել քո ներկայությունը հայոց գրական աշխարհում։ Առաջին գրքերն արդեն հաստատել էին այդ աշխարհում Բագրատ Ալեքյան բանաստեղծի արժանավոր տեղը։ Կյանքի, իրականության յուրովի ընկալման խոհափիլիսոփայական տարերքը, ինչ¬ինչ «աննշմարելի», այլոց կողմից չդիտարկված և կամ հպանցիկ երևակված կենսաշերտերը դու «պեղել» էիր քո հայացքով և ընթերցողին ներկայացել ինքնատիպ, տարաժանր բանաստեղծական խոսք ու խոհով։ Իմ խոստովանանքի առիթը նոր գիրքդ է` «Բանաստեղծություններ, մանրակերտ պոեմներե ի սկզբանե սովորական, բայց ոչ խորհրդավոր, ասելիքին համահունչ և արդեն գրքի բովանդակությունը բացահայտող խորագրով, իսկ ահա շքեղակազմ շապիկին բոլորին ծանոթ և հարազատ անուն է` Բագրատ Ալեքյան։ Տարիներ առաջ ինքս էլ, անտարբեր չանցնելով մեր ժամանակակից պոեզիայում քո «հայտնությանե կողքով, գնահատանքի խոսք էի ասել` ընդգծելով մեկ¬երկու նրբագիծ քո «մեծականե պոեզիայի և «Ծովի վիշտըե մանկական ժողովածուի մասին։ Եվ ահա պարտք եմ համարում այլ գրականագետների գնահատանքի խոսքերին հավելել նաև իմը` այս գիրքը արդարացիորեն համարելով քո գրական երկարատև ճանապարհի մի յուրօրինակ «հաշվետվությունե` ահա այսպիսի խոստովանությամբ.
Ասում են երբեք,//Տաշած քարն երբեք//Գետնին չի մնում։//Ես բառ եմ տաշում,//Ավերակները իմ մեջ հավաքում`//Տաճար եմ կերտում։
Այն էլ ինչպիսի՜ տաճար ես կերտել։ Գրքի այս առաջին բանաստեղծության «ուղեկցությամբե ես «տաճարե եմ մտնում և հայտնվում քո պոեզիայի առինքնող աշխարհում, և դուրս գալն այլևս անհնարին է, ու ակամայից ինքս էլ եմ կրկնում հաջորդ բանաստեղծությունում հնչող ողջույնը.
Ողջո՜ւյն քեզ, ողջո՜ւյն,//Բագրատ Ալեքյան,//Ահավոր ողջույն:
Ահա այս անհարկի թվացող, տարընթերցելի «ահավորե բառն էլ ինձ ստիպեց ավելի զգուշավոր ընկալել քո խոսքն ու խոհը, խորանալ ասելիքի շերտերում, և երգ առ երգ, խոյակ առ խոյակ «դիտարկել-քննելե այլ գրականագետների կողմից գուցե և չշեշտադրված կամ ուրիշ հայացքով երևակված քո բանաստեղծական աշխարհի գույներն ու ձայները` «պոեզիաե կոչվող առեղծվածի հանդեպ խոնարհումի խոսքերով.
Օ՜, պոեզիա,//Ոտքդ էի ընկնում,//Որ փեշդ համբուրեմ,//Խոնարհվել եմ հիմա,//Որ քեզ ոտքի հանեմ:
Եվ «ոտքի ես հանումե` այն էլ ինչպիսի՜ սիրով ու… տառապանքով` արարելով քո տաճարակերտ (բարձրահունչ բառ, տեղին` քո պարագայում) քնարերգությունը, նույնն է թե` քո ինքնատիպ պոեզիան։
Եվ այսպես` ողջույն քեզ, ողջո՜ւյն, իմ բարեկամ։ Ես արդեն քո կերտած «տաճարիե ներսում եմ և քայլ առ քայլ շարունակում եմ առաջ գնալ, կանգ առնել ամեն խոյակի առջև, և հիանալով դրանց արտաքին քանդակակերտ տեսքով` փորձում եմ խորանալ ներսում, իսկ այնտեղ քո հաջորդ խոստովանությունն է.
Բառերի հետ է կյանքս անցել,//Բառի անմեռ հոգեվարքով:
Եվ բառը իմաստավորվում է որպես ապրած ստեղծագործական կյանքի խորհրդանիշ, և «Աստծուց էլ էժանե (կրկին խոսքիդ խորքերը պեղելու ու նորովի իմաստավորելու առիթ)` գրքի առաջին շարքի բանաստեղծությունները տարընթերցելու և ասելիքի բագրատալեքյանական խորքերը թափանցելու հնարավորությանը համահունչ խոսք գտնել և համաձայնվել, որ «Ահավոր ողջույնե կարող է լինել, նաև` «Ծաղկած ձմեռե, «Սիրո սեզոնե, «Բառերի հոգիե, «Ցավի երգե, «Քամի քշողե, «Ահավոր երազե, «Աչքերի գահե, «Մերժված գետե, «Ոսկե ամպե… և այսպես` շարունակ։ Ու վերջապես… «Խոսքի ծառե` ինքնատիպ այսպիսի խոստովանությամբ.
Խոսքի ծառ եմ ես…//Ցավի պարտապան,//Վերջալույսի մեջ//Ինքնակեղեքման։
Այն էլ խոսքի ինչպիսի՜ ծառ և ինքնակեղեքման ինչպիսի՜ ցավերգեր։ Ծառ, որի ամեն մի ճյուղ կանաչավորվում է «ինքնակեղեքմանե տարերքի ծնունդ մի երգով, երբ դու քո կորուստների ցավերից «Ահավոր ողջույնե խորագրով մի ամբողջ բանաստեղծական շարք ես արարել, քանզի`
Բառն է հատակը իմ անհատակ հոգու,//Գավերն աչքերիս Աստված է լցնում…//…Իմ գրի հոգում ձորերն են ննջում,//Տերն է դատարկում գավերը հոգուս…
Հոգու ցավե՜ր։ Մայրական, որդիական կորստի ցավ, Արցախյան ազատամարտում զոհված հերոսների ցավ, խոսքի պատկերավորման միայն քո հեղինակային բնորոշումների յուրահատկությամբ` անամոք ցա՜վ, ցա՜վ, ցա՜վ, «Անտունիե շարքի երգերում «տնքացողե ցավ։ Եվ նորից այսպիսի պոռթկում.
Աստվա՜ծ իմ, Աստված//Մայրիկս չկա՜…//Ուրեմն` Աստված//Չկա ու չկա…
Ընթերցողն էլ քեզ կհասկանա, որ քո խոսքն ու խոհը աստվածաժխտման միտում չունի, այլ` պարզապես, կորուստների ցավի րոպեական ահավոր ցնցում է, և գրքի «Անտունիե, «Ինձ հետ` առանց քեզե, «Այլ բանաստեղծություններե, նաև` «Մանրակրկիտ պոեմներե խորագրերումներում, այնուամենայնիվ, ոչ թե ցավերգությունն է իշխում, այլ` սերը, հույսը, հավատը, կարոտը և դրական այլ լիցքեր. սեր` Հայոց սրբազան երկրի, Ջավախք հայրենաշխարհի հանդեպ, մոր, զավակների, մերձավորների հանդեպ (այն էլ ինչպիսի՜ ձոներգ-նվիրումներով), կարոտ մարդու ու մարդկայինի (նաև` «Երգիծանք և ոչ միայնե բաժնում տեղ գտած կսմիթներում) և, այնուամենայնիվ, հույս ու հավատ գալիք օրվա հանդեպ, բացվող առավոտի հանդեպ («Քառատողեր, ուր ապրում է ազատությունըե շարքում)` ահա այսպիսի լուսավոր խոստովանությամբ.
Բացվի՛ր, առավոտ, ինքնաշրջանցի,//Ինձ հույս ներշնչիր, սնուցիր սիրով,//Որ ճյուղավորվեմ երգերով գալիք,//Գեթ հեռվից աճեմ իմ արմատներով։
Բայց որտեղի՞ց ես ո՞ւր հասա։ «Տաճարիե խոյակներով հմայված` չհասցրի կանգ առնել ամեն մեկի առջև, սահեցի¬անցա երգ-սրահներով, միայն սահմանափակվեցի մի քանի նրբագծերով, այնինչ քո գիրքը (քո ստեղծագործությունն ընդհանրապես) առավել խորքային, հանգամանալից անդրադարձի կարիք ունի։ Դրա համար էլ շատ դժվար է բաժանվել քո երգաշխարհից։ Չեմ էլ ուզում բաժանվել։ Ա՜խր, այնտեղ, իմ բարեկամ, քո ցավակիր¬հավատավոր կյանքն է, մեծ հաշվով` մեր բոլորի, մեր ժողովրդի ցավակիր¬հավատավոր կյանքի լույսերը, ցավերն ու հույսերն են երևակված։ Ու այդ ծանր բեռը շալակած` այնուամենայնիվ, չենք կքվելու, չենք հուսահատվելու (դու ես ներշնչել նաև քո «բացվող առավոտիե խորհրդանիշով) և ամեն արևագալի` այլոց ողջունելիս, նաև այսուհետ քո անկեղծ խոսքն ենք հնչեցնելու.
Ողջո՜ւյն քեզ, ողջո՜ւյն,
Բագրատ Ալեքյան…
Ջերմորեն` Լյուդվիգ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Բան. գիտ. դոկտոր