Լույսի և հավերժության ճամփորդը / Ֆելիքս ԲԱԽՉԻՆՅԱՆ

«Մարդը, արվեստագետը միշտ էլ առաքելություն ունի, ո՞րն է Ձեր առաքելությունը»,- երիտասարդ լրագրող Նազենի Ղարաբաղցյանի այս հարցը` ուղղված հայ անվանի արվեստագետներից մեկին, նրա հետ ունեցած հարցազրույցի ընթացքում, մի պահ ինձ կտրում է վերջինիս զուտ անհատական պատասխանն իմանալու հետաքրքրությունից և դառնում ավելի ընդհանրացված մի հարց, որը կարող է վերաբերել յուրաքանչյուրիս` սկսած նեղ մասնագետներից մինչև հանրահայտ ու նշանավոր անձնավորություններ:
Այն, որ յուրաքանչյուր մարդ իր առաքելությունն ունի այս կյանքում, ահա հիշեցնում է երիտասարդ լրագրողը, և ես, շրջանցելով սեփական առաքելության մասին ինձ համար շատ կարևոր մտորումները, համարձակվում եմ ետ դառնալ դեպի լրագրողական գրչով ճերմակ թղթին «ժայռապատկերներ» թողած Նազենի Ղարաբաղցյանի առաքելությանն այս կյանքում: Հենց այդ` նրա առաքելության մասին էլ խոսում են այս ժողովածուում ամփոփված հոդվածներն ու հարցազրույցները, որոնք ասես շարված են մի ընդհանուր գծի վրա, և այդ գիծը կոչվում է Հայկական բարձրավանդակ, Հայոց աշխարհ, Հայաստան ու Հայաստանի Հանրապետություն: Իսկ որտեղի՞ց է սկիզբ առնում մտավորական հայուհուն զբաղեցնող, նրան առաջ տանող, նոր հետաքրքրություններ, նոր հորիզոններ բացող այդ գիծը:
Արագած, Գեղամա լեռներ, Ուղտասարի լանջեր` Սյունիքում… Մեր թվարկությունից առաջ 7-րդ հազարամյակում և դրանից էլ առաջ է սկիզբ առել այն, ինչի մասին խոսելու, հպարտորեն բարձրաձայնելու պատասխանատվությունն է վերցրել Նազենին: Դրանք 20000 ժայռապատկերներ են, որոնք, իրավամբ, հայոց հինավուրց ժողովրդի առեղծվածային հարստությունն են: Ահա այս կարգի հարստությունն արևի երես հանելու, այսինքն` նրա կարևորությունը հստակորեն գծելու առաքյալներից մեկն է Նազենի Ղարաբաղցյանը, ում «Ժայռապատկերներ» հոդվածից ճառագում է սեր և հպարտություն ոչ միայն հայի տեսակի, այլև, ընդհանրապես, մարդու նկատմամբ: Եվ այն իր գագաթնակետին է հասնում, երբ խոսքը վերաբերում է արևախաչ կամ կեռխաչ (սվաստիկա) խորհրդանշաններին: «Սվաստիկա անունն այն ստացել է 19-րդ դարում, ինչը սանսկրիտից թարգմանաբար նշանակում է արև, լույս, փայլ… Այս խաչի մասին նշված է նույնիսկ «Սասնա ծռեր» դյուցազնավեպում` «Խաչ պատերազմին» անունով, որն իրենց աջ բազկին կապում էին Սասնա դյուցազունները` պատերազմ գնալուց առաջ: Սա եղել է հայ ռազմիկների սիրված խորհրդանշաններից մեկը և բավականին լայն տարածում է ունեցել: Սվաստիկան Արարչի, Արևի, Լույսի, Բարության և Հավերժության խորհրդանիշն է»:
Արևային որքան հույզերով է լցվել հայուհի այն մտավորականի սիրտն ու հոգին, ով Արարչի անվան կողքին մեծատառով է գրել Արև, Լույս, Բարություն ու Հավերժություն բառերը: Անշուշտ, Լույսն ու Հավերժությունը նրան իմանալի ու հասանելի են եղել, երբ գրչի հպումը ճերմակ թղթին արվել է իր սեփական առաքելության գիտակցումով:
Նազենի Ղարաբաղցյանը ասես ներքին մի մղումով աշխատել է փնտրել, գտնել այն ամենը, ինչով առանձնահատուկ է հայ ժողովուրդը, ջանացել է արժևորել այն ամենը, ինչին կարող ենք հանդիպել միայն հայոց հինավուրց երկրում, այսօր արդեն` Հայաստանի Հանրապետությունում: Եվ այդ ամենը, ինչի մասին այդքան պատասխանատվորեն խոսում է Նազենին, վերաբերում է մարդու ոչ միայն նյութական, այլև հոգևոր կյանքին, ապրումներին, զգացումներին:
Հավաստի և համառոտ, ճիշտ այն ոճով, ինչպիսին ներկայանում է խորհրդանշանը` հայոց ժայռերի վրա: Այդպիսին է Նազենիի գրչի հպումը ճերմակ թղթին:
«Քարերին ու ժայռերին թողած այս յուրատիպ պատկերները` հարուստ զանազան տեսարաններով, երկնային ուժերի վերաբերյալ պատկերացումների հորինվածքներով, մեծ ինֆորմացիա են պարունակում տվյալ դարաշրջանի մարդու նյութական ու հոգևոր կյանքի, կենցաղի, պաշտամունքի, սովորությունների մասին»,- հիրավի, մեզ հասած հզոր ինֆորմացիաների ճշմարտությունն է արձանագրում մտավորական հայուհին, ում սիրտն ու հոգին իսկապես տրոփում է այս տողերի տակ: Իսկ տրոփում է, որովհետև սա ոչ միայն արձանագրություն է` ճերմակ թղթին արված, այլև ապրված կյանք է այն համոզումով, որ ինքն էլ նրանցից մեկն է, ովքեր պատիվն ու առաքելությունն են ունեցել ապրելու այս բիբլիական հողում:
Առասպելաբանության մշակույթի մեջ ո՞րն է Հայոց Կենաց ծառը, ի՞նչ է իրենից ներկայացնում անուշաբույր պտուղը` ծիրանը… Ի՞նչ գիտենք այդ ամենի մասին, երբ շատ հանգիստ անուշ ենք անում այդ միրգն ու ընդամենը գլխով համաձայնության նշան անում, որ այն եզակի միրգ է: Մինչդեռ «…Վաղնջական ժամանակներից առ այսօր կան բազմաթիվ օտարերկրյա գրավոր հիշատակություններ, որոնց մեջ Հայկական կամ Արարատյան լեռնաշխարհը հին ժողովուրդների պատմական և դիցավիպական աշխարհընկալումներում ներկայանում է որպես ծիրանի կամ աստվածների երկիր, արարչագործության կամ աշխարհի կենտրոն, սրբազան դրախտավայր կամ երկրի «պորտ», որով անցնում է երկրի և տիեզերքի առանցքը, որտեղ վեր է խոյանում Տիեզերական լեռը, Համաշխարհային ծառը կամ վերջինիս կերպավորումներ Կենաց և Իմաստնության ծառերը»:
Ծիրանենին Կենաց ծառ է, հիշեցնում է Նազենին, և նրա կարճ ու համառոտ հիշեցումները ոչ միայն փաստեր են, մեջբերված վկայություններ, այլև ազնիվ հայուհու հորդոր ու խնդրանք` չմոռանալ հայոց ծագումնաբանությունը և արժանի լինել շարունակելու նրա շառավիղը:
Լրագրողական հարցերը կարող են բազմաթիվ թեմաներ ընդգրկել` սկսած սոցիալ-կենցաղային, տնտեսական, քաղաքական ու այլ թեմաներից: Սակայն Նազենի Ղարաբաղցյանին զբաղեցնողը հայի տեսակի վերհանումը, Երկիր մոլորակի իր անկյունում նրան առանձնահատուկ մեծ սիրով պարուրելով ներկայացնելն է ոչ միայն տեղի հանրությանը, այլև խոսել, հային ու Հայաստանը շենշող արևի տակ ներկայացնելը օտարերկրյա դիվանագիտության ներկայացուցիչների առջև: Հայաստանը ներկայացնել այլոց` նրանց իսկ բերանից կորզելով սեփական խոստովանությունները հայի մասին` որպես առանձնահատուկ տեսակի:
Նազենիի հոդվածների, գրագրությունների, հարցազրույցների այս ժողովածուից, ասես, մի անուշ ջերմություն է բարձրանում: Երիտասարդ հայուհու, հայուհի մոր, հայոց հավերժության համար իր առաքելությամբ երկիր իջած մարդ անհատի հոգու ջերմությունը: Այդ ջերմությունը կա Արագածի, Գեղամա լեռների, Ուղտասարի, Զորաց քարերի ու սեպագրեր ունեցող հայոց բոլոր լեռների, ժայռերի ու քարերի վրա: Այդ ջերմությանն է այսօր միացել Նազենիի հոգու ջերմությունը և նրա հետ միախառնված վեր է բարձրանում` շարունակելու իր առաքելությունը` այլ տիրույթներից:
Այս ժողովածուն փոքրիկ Հայաստան է, հայոց աշխարհի մի փոքրիկ մանրակերտ, որի տեղը Երկիր մոլորակում հաստատուն պահելու համար յուրաքանչյուր հայ իր առաքելությունն ունի:
Ճերմակ թղթին հանձնված այս տեղեկությունները համարենք յուրատեսակ ժայռապատկերներ, որոնք իրենց խոսքն ունեն դեռ շատ ու շատ ժամանակներ հետո ևս:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։