Հայ գրականությունը դասագրքով մեկնաբանելու և դրա միջոցով սերունդներ կրթելու հանգամանքը ինքնանպատակ չէ և չի կարող լինել այդպիսին, քանի որ գիտության կոչումը նաև հանրային զարգացման համար կիրառելի լինելն է։ Այս հանգամանքը թույլ է տալիս նաև պնդել, որ գրականության մեկնաբանը պատասխանատու է սովորողի գրագիտության ու ճանաչողության ընդլայնման համար։
2023 թվականին ՀՀ ԿԳՄՍ-ի կողմից ավագ դպրոցի համար երաշխավորված «Հայ գրականություն 10» (Ե., Էդիթ Պրինտ, 192 էջ) դասագիրքը, որի էլեկտրոնային տարբերակն արդեն հասանելի է հանրությանը (https://krtadarak.am/grakanutyun-10-dasagirq/), հաճելի անակնկալ է մատուցում հայ գրականության մասնագետներին և աշակերտներին:
Դասագիրքը թեև թիմային աշխատանքի արդյունք է՝ Ալբերտ Մակարյան, Հենրիկ Բախչինյան, Թամարա Թովմասյան, սակայն հիմնական շարադրանքի՝ հայ նոր գրականության հեղինակը Ալբերտ Մակարյանն է։ Նա դասագրքում ընդգրկված թեմաները վերլուծել է ոչ միայն ակադեմիական պարզություն ու ճշգրտություն ունեցող հստակ ձևակերպումներով, դպրոցահասակ երեխայի մտածողությանն ու հոգեբանությանը մատչելի լեզվով, այլև դրանց միջոցով ներկայացրել է իր սեփական, հաճախ ինքնատիպ հայեցակետերն ու մոտեցումները։ Իսկ այս հանգամանքը, ինչ խոսք, սովորողի պատկերագրական հաղորդակցությունը և բանավոր խոսքը զարգացնելու կարևոր գործոն է:
Դասագրքում ընդգրկված նյութերը բարձրորակ են, հնարավորինս հակիրճ ու պարզ, իսկ շարադրանքի մտավոր-մտային հղկվածության և թեմաների տրամաբանական հաջորդականության շնորհիվ լիովին կատարում են իրենց առաքելությունը:
Հայ դասականների երկերը վերլուծելիս Ալ. Մակարյանը խոհամտորեն ի հայտ է բերել բոլոր այն խորհրդանիշները, որոնք դասընթացը կառավարողի և մեկնաբանողի ձեռքին ունեն իմացությունների շտեմարանի մուտքի բանալիների արժեք. դրանք սովորողին տանում են լայն ճանաչողության, քննադատական մտածողության և վերլուծական կարողությունները զարգացնելու հուսալի ճանապարհներով: Հատկապես տպավորիչ են «Վերք Հայաստանի»-ի ներքին շերտերի խորհուրդների մեկնությունները, Մուրացանի անձնական նամականուց «Գևորգ Մարզպետունի» պատմավեպ թափանցած հոգեբանական հատվածների հիշատակումները։ Իսկ Նար-Դոսի «Սպանված աղավնին» վիպակում տեղ գտած երազ-տեսիլի անակնկալ նկատումը կամ Գրիգոր Զոհրապի պարագայում նրա ամենասիրելի պտուղի՝ ելակի՝ Հայոց մեծ եղեռնի խորհրդանիշի վերածելը ապահովում են դասագրքի բերած թարմությունն ու նորությունը, ժամանակակից մտածողությունը։ Այս ամենին գումարվում են նաև բոլոր գրողների մանկության, պատանեկության և հասունության տարիների զարմանալի գեղեցիկ պատմությունները, նրանց կենսագրության նշանակալից դրվագների հիշատակումները, որոնք մտերմացնում են հեղինակին դպրոցականի հետ՝ վերջինիս մեջ առաջացնելով ձգտում՝ նմանվել նրան ու կարդալ բնագիրը։
Եթե փորձենք առավել պատկերավոր ներկայացնել ասվածը, ապա դասագրքի սահուն ընթացքը կարծես երաժշտությամբ ուղեկցվող գեղասահք լինի՝ հեղինակ-ուսուցիչ, հեղինակ-աշակերտ, ուսուցիչ-աշակերտ գիտելիքահենք փոխադարձ գործակցությունների հերթագայումով, իսկ սովորողի հետաքրքրությունը շարժող լրացուցիչ մեկնաբանական էֆեկտների ներմուծումները ընթերցման ամբողջ ընթացքում կարծես վստահելի զուգընկերոջ հետ սառույցի վրա պտույտների, հենարան-թռիչքների, քայլերի զուգակցումերի, հենարան-աջակցումների վստահությունն են ստեղծում: Այսօրինակ գաղափարը ինքնին ուշագրավ է, քանի որ, այսպես կոչված, դասագրքային գրականությունը սովորաբար ստեղծվել է քարացած նյութերով, որոնց զուգակցված անգիրները, աշակերտի մեջ սովորելու տհաճությունից բացի, այլ զգացողություն չեն առաջացրել: Այդ մասին գրում եմ, քանի որ ունեմ դպրոցում դասավանդելու յոթ տարիների փորձ:
Դասագիրքն ունի ներածություն, անվանացանկ, բառացանկ, գրականության ցանկ: Ամբողջ դասընթացը ներկայացվում է երեք բաժիններով՝ «Թեմա 1; Թեմա 2; Թեմա 3» դասափուլերի ընդգրկումներով:
«Թեմա 1: Ինքնություն և մշակույթ» առաջին խորագրի ներքո տեղեկատվական հոսքով ներկայացվել են հայ և արտասահմանյան դասականները՝ Մաշտոց, Ագաթանգեղոս, Բուզանդ, Եղիշե, Փարպեցի, Խորենացի, Նարեկացի, Գոշ, Այգեկցի, Շնորհալի, Ֆրիկ, Քուչակ, Սայաթ-Նովա, Եզոպոս, Խայամ, Ալիգերի, Շեքսպիր։ Այնուհետև անդրադարձ է կատարվել Խաչատուր Աբովյանի կենսագրությանը, «Վերք Հայաստանի. Ողբ հայրենասիրի» վեպին, ինչպես նաև՝ 19-րդ դարի հայ գրականությանը ընդհանրապես:
«Թեմա 2: Փոփոխություն և հեռանկար» խորագրի ներքո մեկնաբանվել են Մուրացանի, Շիրվանզադեի և Հակոբ Պարոնյանի կենսագրությունները, համապատասխանաբար՝ «Գևորգ Մարզպետունի», «Քաոս», «Մեծապատիվ մուրացկանները» երկերը: Վերլուծվել են դրանց հիմնագաղափարները, կառուցվածքը և դիպաշարերը, վերնագրերի խորհրդանշականությունը, կերպարները: Րաֆֆին և Օնորե դը Բալզակը այս բաժնում անցնում են տեղեկատվական հոսքով:
«Թեմա 3: Մշակույթ և բարքեր, անհատ և հասարակություն» խորագրի ներքո ընդգրկված են Նար-Դոսի, Գրիգոր Զոհրապի, Հովհաննես Թումանյանի կենսագրությունները և երկերի վերլուծությունները: Ստեփան Զորյանը, Գի դը Մոպասանը, Անտոն Չեխովը, Օ. Հենրին նույնպես անցնում են տեղեկատվական հոսքով: Տեղեկատվական հոսքով անցնող յուրաքաչյուր հեղինակի դեպքում շեշտը դրվում է ուսուցչի աշխատանքի վրա: Բոլոր բաժիններում հեղինակը կարողացել է համադրել վերլուծության սահունությունը և ազատ շնչառությունը:
Դասագրքի առավելություններից է թեմաների շարադրանքի պարզությունը, ինչն օգտավետ է թե՛ աշակերտի և՛ թե այն ինքնուսի համար, որ կցանկանա ինքնակրթվել կամ ինքնուրույն ուսումնասիրել գիրքը:
Յուրաքանչյուր թեմայի սկզբում առանձնացված են առանցքային նպատակները, տրված են վերջնարդյունքները, որոնք կարևոր են ուսուցման մեթոդաբանական կողմը ապահովելու և ուսուցչի կողմից կատարված աշխատանքի արդյունքը գրանցելու համատեքստում: Դրանց միջոցով սովորողի ուշադրությունը անմիջապես հրավիրվում է դասի հիմնախնդիրների վրա։ Թեմաներն ուղեկցվում են նաև գրողների նկարներով կամ համապատասխան թեմատիկ պատկերներով: Գունազարդումը հանգիստ է և հաճելի է ակնդրի համար, որն այս դեպքում հիմնականում աշակերտն է:
Նշենք, որ դասագրքի հայ հին և միջնադարյան գրականության վերլուծությունները, որոնք, ցավոք, տեղ են գտել միայն կոդային կրթահարթակում, ապահովել է բազմահմուտ Հ. Բախչինյանը, իսկ արտասահմանյան հեղինակների տեղեկատվական հոսքերը և գործնական-մեթոդական հարցադրումները շարադրել է Թ. Թովմասյանը: Վերջինիս կողմից թեմաների յուրացման համար կազմված նպատակների և ակնկալվող արդյունքների ձևակերպումները հնարավորինս նպաստում են սովորողի գիտելիքների գործնական իրացմանը, ուսումնական պատրաստվածությանը, ինքնուրույն մտածողությանն ու վերլուծական կարողությունների զարգացմանը, տրամաբանելու ունակությունների բացահայտմանը և քննադատական մտածողության ձևավորմանը:
Դասագիրքը միանգամայն հաջողված է: Այն ունի նաև օժանդակ գրականության ձեռնարկ, որը հասանելի է համապատասխան մասնագետներին և հայ գրականությունն ուսումնասիրող աշակերտներին։
Բարի՛ երթ այս դասագրքին։
Նաիրա ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրակ. ինստ.,
բ. գ. թ., դոցենտ