Գրիգոր Զոհրապի կյանքի մանրամասները, նրա տեղն ու դերը հայ գրականության պատմության, թուրքական դիվանագիտության մեջ, նրա եղերական մահվան պատմությունը հայտնի են ամեն հայի: Պատմական փաստերը քննելուց, վերհիշելուց զատ պակաս կարևոր ու երբեք ժամանակավրեպ չէ ժամանակի հեռավորությունից քննել նաև 1915 թվականի Հայոց ցեղասպանության պատճառների ու հետևանքների վերլուծությունը: Այդ իմաստով հարմար առիթ է հենց Գրիգոր Զոհրապի կյանքը: Այդ ինչպե՞ս եղավ, որ նրա նման կիրթ ու լուսավոր մտավորականը, դիվանագետը հավատաց թուրքական «փափուկ բարձ» կոչված անտեսանելի զենքի մանիպուլյացիային: Ի՞նչը հավատ ներշնչեց անկիրթ, հետամնաց մարդկային զանգվածի հանդեպ, որը նաև իր կրոնական գաղափարախոսությամբ էր հակված մոլեռանդության, ինչի արդյունքում էլ միայն հնարավոր եղավ թուրք հավաքականությանը վերածել ամբոխի և իրականացնել Հայոց եղերական 1915-ը…
Թուրքական դիվանագիտությունը վարում էր երկակի քաղաքականություն, իրականացնում երկակի մանիպուլյացիա՝ մի կողմից իր ժողովրդին համակելով հայատյաց տրամադրություններով, իսկ մյուս կողմից հայ ազգաբնակչությանը, հատկապես նրա մտավորական խավին՝ վստահություն ներշնչելով իր հանդեպ: Ինչպե՞ս էր դա հաջողվում այդ, չեմ հանգստանում կրկնելուց, երկարավուն գլուխներում ծվարած ձվաչափ ուղեղներին:
Ինչո՞վ կարելի է բացատրել այն հանգամանքը, որ Գրիգոր Զոհրապի նման մեծ գրողն ու հասարակական-քաղաքական գործիչը, ականատեսը լինելով 1894-96 թթ. Բայազետի, Ալաշկերտի, այնուհետև 1908-1909 թթ. Ադանայի, Վասպուրականի արյունալի ջարդերին, այնուամենայնիվ, հավատ էր ընծայում թուրքական իշխանությունների հանդեպ: Երբ 1914 թվականին նրա սթափ ու հեռատես բարեկամներն առաջարկեցին Պոլսից փախչել, նա ասաց, որ դրա կարիքը չկա, կանցնի ժամանակի պղտորությունը, և ամեն ինչ լավ կլինի: Նույնիսկ 1915-ին, երբ Զոհրապն աքսորվեց Հալեպ, ապա Ուրֆա, նրան դարձյալ առաջարկեցին փախչել: Բայց նա կրկին մերժեց: Նա հավատում էր երիտթուրքերին: Ահավասիկ նրա նամակը Ջեմալ փաշային.
«Հալէպ, Յունիս 12/25, 1915
Նորին գերազանցութիւն փաշայ,
Ողբերգութեան այս ճանապարհի վրայ գալարուելիս, այստեղ Ձեզ հետ մեր հանդիպումը, ըստ երեւոյթին, Աստուծոյ ընծայած պատեհութիւնն է: Ջէմալ փաշայ, Դուք զինուորական էք, առաքինի մարդ, օսմանցի, վեհանձն, մահմէդական, գթասիրտ, բոլոր առումներով ազնուագոյն մարդ: Խղճացէք մեզ եւ ազատէք այս դրութենէն: Գիշերուայ կէսին, ընտանիքիս ու մերձաւորներիս ներկայութեամբ ինձ բաժանեցին իմ օջախէն, անգամ թոյլ չտուեցին, որ տեսնեմ երեխաներիս: Մի՛ ասէք. «Ոչինչ չեմ կրնար անել»: Հիմա ամէն բան կարող էք անել, քանզի այս երկրի ամէն ինչն էք:
Նորին գերազանցութիւն փաշայ, Ձեզ քաջ յայտնի են ազգի համար ամենաօրհասական պահերուն այս երկրին մեր մատուցած ծառայութիւնները: Եթէ Ձեր ծառան որեւէ յանցանք է կատարած կամ մեղք գործած, ապա դա պէտք է հաստատուի Իստանպուլի ատեանում: Ձեր ծառան այս կողմերը ոտք անգամ չի դրած: Ես կեանքումս Դիարբէքիրի շրջանի հետ որեւէ առընչութիւն չեմ ունեցած: Ինձ կը մեղադրեն Դաշնակցական ըլլալուս համար. շատ բարի, սակայն այդ դէպքում հազարապետի նախագահութեամբ կազմուած ռազմական դատարանի փոխարէն, վճիռը կարող էր կայացուել ընդամէնը Իստանպուլի զինուորական ատեանում: Այդ պարագային կարող էի անխռով ընդունել արդիւնքը: Հիմա կը խնդրեմ պատասխան տուէք, հաշուի առնելով մեր դիմումը:
Զօհրապ»[1]
Վարուժանը նույնպես կարծում էր, թե թուրքական իշխանությունները բարեհաճ կգտնվեն իրենց հանդեպ և բաց կթողնեն իրենց:
Ի դեպ, Ուրֆան հայոց պատմությանը հայտնի է նաև որպես Գրիգոր Զոհրապի նահատակության վայր:
Սոցիոլոգներին ու հոգեբաններին միշտ էլ հետաքրքրել ու հուզել է մի կարևոր հարց. մարդկանց ո՞ր տեսակն է դյուրին տրվում մանիպուլյացիաների: Թվում է, թե այս հարցին կարելի է տալ միանշանակ պատասխան. կա անհատների որոշակի տեսակ՝ բացառիկ ազնիվ բնավորությամբ, ովքեր սովոր են շրջապատում տեսնել միայն լավը, ովքեր առաջին հերթին հակված են հավատալ մարդկանց, նրանք խաղաղասեր ու բարեսիրտ մարդիկ են և դիմացինի մեջ չեն տեսնում թշնամու, հավատում ու վստահում են նրան: Ոմանք էլ կարծում են, որ ավելի դյուրին է մանիպուլյացնել անգրագետ զանգվածին, ոմանք՝ մոլեռանդ: Վերջին երկուսը նույնպես ճշմարիտ են, քանզի սուլթան Համիդի հայատյաց մոլեռանդ քաղաքականությունը, որն իր գագաթնակետին հասցրեցին Սորբոնում բարձրագույն կրթություն ստացած մի քանի տասնյակ թուրք մտավորականներ՝ երիտթուրքեր անունով, ապացուցում է այդ տեսակետը: Նրանց հաջողվեց մանիպուլյացիաների միջոցով թուրք հասարակ ժողովրդի մեջ ձևավորել մոլագարության հասնող հայատյացություն, ինչպես դա հաջողվեց գերմանացիներին՝ հրեաների հանդեպ:
Այդ նպատակի համար մինչ 1915 թվականի ցեղասպանությունը թուրքերն աշխատեցին մոտ քսանհինգ տարի, եթե չհաշվենք նրանց պատմության միջնադարյան ավելի խավար շրջանը: Թուրքիայի տնտեսական ծայրաստիճան հետամնացությունը զուգակցվում էր դաժան ռեակցիայի, բռնության, վախի ու սարսափի տարածման հետ: Արթնանում էր թուրք էթնոսի ինքնաճանաչման բնազդը, և այդ ասպարեզում պատմական հիշողությունը վայրագությունից բացի ուրիշ ոչ մի ժառանգություն ու հետք չէր թողել նրա հոգեկերտվածքում: Գազանն ուզում էր մոռանալ իր գազան լինելը և իրեն ու մյուսներին պարտադրել և ընդունել տալ ցանկալին իրականի տեղ: Համիդյան տխրահռչակ գրաքննությունը շատ բան է բացահայտում թուրք մտավորականների մեջ բռնի գաղափարներ տարածելու, միջին, կիսագրագետ խավին մանիպուլյացիայի ենթարկելու, իսկ անգրագետ ամբոխի վախը, կրոնական մոլեռանդությունը գրգռելու միջոցով նրան ղեկավարելու մասին:
Քսաներորդ դարի սկզբին այդ բռնությունները հասան իրենց գագաթնակետին: «Արևելյան մամուլ» օրաթերթը 1908 թ. հուլիսի 22-ին գրում է. «Մեզ հալածող սարսափը ամէն կողմէ կը պաշարէ մեզի… խրոխտ ու կոպիտ պաշտօնեաներ, շահամոլ ու վատ մատնիչներ, քսու ու անխիղճ լրտեսներ կը վխտային մեր շուրջ, մեր ծծած օդին, մեր խմած ջուրին, մեր գործատեղին, նոյնիսկ մեր բնակարանին մէջ: Կապուած էին մեր թևերը, ոտքերը, կաշկանդուած էր մեր լեզուն»:
Թուրքական մամուլում արգելվում էր գրել ազատություն, կրոն, ազգ, հայ, խաչ, հայրենիք, երկինք բառերը և դրանց հետ զուգորդվող բոլոր հասկացություններն ու բառակապակցությունները, Հայաստան բառն իսպառ ջնջված էր գրաքննության կողմից: Սեփական թերարժեքությունը չակնարկելու համար Համիդն արգելել էր խոսել նաև օգոստոս ամսի մասին, քանի որ ինքը ծնվել էր օգոստոսին, չէր կարելի օգտագործել քիթ բառը, քանի որ Համիդի քիթն անասելի մեծ էր ու տգեղ: Կասկած և անհանգստություն չառաջացնելու համար արգելվում էր կախման կետեր թողնել, բառախաղեր օգտագործել, հանված էին շատ «վտանգավոր» գոյականներ՝ լեզու, իրավունք, բարենորոգում, ածականներ՝ դժգոհ, անհնազանդ, աղքատ, կարմիր, բայեր՝ ընտրել, տարածել, ջախջախել, զայրանալ և այլն: Աբսուրդը հասնում էր այնտեղ, որ քիմիայի դասագրքերից հանվեց նաև ջրի ֆորմուլան՝ H2O, այն կարող էին հասկանալ Համիդ 2-ը զրո է:
Սակայն այն տեսակետը, թե ավելի դյուրին է կառավարելի դարձնել անգրագետ զանգվածի կամքը, դարձյալ չի կարող վերջնական լինել: Այդ դեպքում ինչպե՞ս պատահեց, որ կրթյալ և ուսյալ քրիստոնյա Եվրոպայի սրտում, գերմանացի ժողովրդի մեջ, որն աշխարհին Մոցարտ ու Գյոթե էր տվել, կարողացավ բույն դնել մարդկության այնպիսի չարիք, ինչպիսին ֆաշիզմն էր: Երկրորդ համաշխարհային պատերազմը, Հիտլերի պաշտամունքը մեր ժամանակների ամենավառ վկայությունն են, թե ինչպես կարող է մանիպուլյացիայի ենթարկված զարգացած, գրագետ ժողովուրդն «իր կամքով», դրոշներով, երգերով գնալ դարի մեծագույն հանցագործների հետևից և դժոխքի վերածել քաղաքակրթության հնագույն օրրաներից մեկը՝ Եվրոպան:
Նույնը կարելի է ասել խորհրդային բազմազգ ու բազմամիլիոն ժողովրդի մասին, ով վստահեց ու հավատաց Լենինի ու Ստալինի քարոզչական մեքենայի ամենակուլ ուժին:
Այս փաստերը բերում են տխուր եզրահանգման. մանիպուլյացիայի զոհ կարող են դառնալ բոլորը՝ անկախ ազգային, կրոնական, կրթական մակարդակից: Եվ 1915 թվականի Հայոց ցեղասպանության դասերը, Գրիգոր Զոհրապի կյանքը մեր հայացքն ուղղում են թուրքական քաղաքանության այսօրվա կեղծ էության վրա, թուրք դիվանագետների ամեն մի խոսքի ու քայլի հետևում թաքնված հետին նպատակների վրա:
Ծանր խոսակցությունն ավարտվեց ավելի թեթև ու շենշող. Գրիգոր Զոհրապը՝ արևմտահայ գրականության ամենադասական հսկան, նաև կանացի հմայքների մեծ գիտակ է: Նա կնոջը համարում է այն անկրկնելի միջոցը, որը մեզ տալիս է մարդկային հոգու, գեղեցիկի և բանաստեղծության պահանջը տեսանելի առարկայի վրա բավարարելու հնարավորություն: «Կինը ծիծաղ մըն է, պետք չէ, որ լացի փոխվի»,- գրում է Զոհրապը: Զոհրապի նկարագրած կանայք գեղեցիկ են, «նրբացողուն ծաղիկի» պես դյուրաթեք, ճկուն, սլացիկ իրաններով. նրանք եղնիկի աչքեր ունեն և «թաքուն կայծակներով» լի հայացք: Սակայն հեղինակը կնոջ գեղեցկությունը միայն արտաքին գեղեցկությամբ չի ընկալում: Նա ցանկանում է, որ կնոջ ձայնը «ներդաշնակություն մը ըլլար ինքնին, ու խոսքերը ամբողջ քերթված մը»: Ահա այսպիսի կինն է, որ խստապահանջ Զոհրապի կարծիքով ընդունակ է կյանքի ժպիտը լինելու:
***
100 տարիների ընթացքում շատ բան է տեսել Հալեպի «Բարոն» հյուրանոցը: Այստեղ եղել են շատ հայտնի մարդիկ: Նրանց մեջ կան անուններ, որոնք կարևոր դեր են ունեցել աշխարհի քաղաքակրթության, մշակույթի ու պատմության մեջ:
Այս գեղեցիկ ու շքեղ հյուրանոցում, ինչպես աշխարհում ամենուր, հայկական ոտնահետքեր կան, հայտնի ու անհայտ մեծերի ոտնահետքեր, սուրբ ոտնահետքեր:
Արժանավոր հայորդիների մեջ ամենաարժանավորին՝ Գրիգոր Զոհրապին, բաժին է ընկել հյուրանոցի նկուղը: Ես սառեցի ու քարացա, երբ իմացա այդ մասին: Ցանկացա տեսնել այդ նկուղը…
Ոչ մի արտառոց բան. սովորական մութ, սառը, ցածր սենյակներ, որտեղ միայն մի բանի մասին ես մտածում. որքան հնարավոր է շուտ դուրս գալ այդտեղից: Ինձ մի պահ այդ սենյակը փոքրիկ մատուռ թվաց, կիսախավարի մեջ Ավետարան ու մոմ էի փնտրում, խնկի հոտ ու պատարագի ձայն էի որսում: Ես տեսա, զգացի ու լսեցի այդ ամենը ու նորից հասկացա, որ հավատն է քարերն ու պատերը դարձնում եկեղեցի և ոչ թե՝ հակառակը:
Ոչ միայն Հալեպի «Բարոն» հյուրանոցի, այլ նաև բոլոր հյուրանոցների նկուղները սկսեցին թվալ խորհրդավոր ու սրբազան մատուռներ. ինչե՜ր ասես չէին կարող տեղի ունենալ այդ նկուղներում:
Ե՞րբ և ինչո՞ւ էր Գրիգոր Զոհրապը հայտնվել այդ նկուղում: Մի պահ փոթորկվեցի ու ընդվզեցի. Զոհրապը՝ նկուղում, հետո խաղաղվեցի ու տխրեցի. երանի նա այդպես փակված մնար այդ մութ ու մռայլ մեկուսարանում և չտեսներ Ուրֆայի լույսը, որը նրան ընդմիշտ խավար բերեց:
Զոհրապը 1895-1896 թթ. ջարդերի ժամանակ թուրքական իշխանությունների հանդեպ հանդես բերած ըմբոստ դիրքորոշման համար արդեն կասկածելի մարդ էր դարձել թուրք սուլթանի աչքում, ում դուք կարմիր ու արյունարբու եք կոչում: Համիդը մի քանի անգամ ձերբակալել էր նրան և ցանկանում էր Պոլսից աքսորել: Սակայն 1908 թվականի պետական հեղաշրջումից հետո թվաց, թե ամեն ինչ կարող է փոխվել: Զոհրապը վերադարձավ Փարիզից և նետվեց հասարակական բուռն գործունեության մեջ՝ ընտրվելով Թուրքիայի Մեջլիսի անդամ: Թշնամիների պակաս նա չէր զգում, նրանք սպասում էին հարմար պահի, բայց շատ էին նաև նրան գնահատողները:
Զոհրապի համար աղետալի եղավ նրա ռուսական կողմնորոշումը. շատերի պես նա էլ կարծեց, թե Առաջին համաշխարհայինում Ռուսաստանի հաղթանակը փրկություն կբերի Թուրքիայում ապրող քրիստոնյա ժողովուրդներին:
1915 թվականի ապրիլին, իբրև թուրքական կառավարության համար վտանգավոր անձ, Զոհրապն աքսորվեց Պոլսից, և առաջին հանգրվանը եղավ Հալեպը: Հենց այստեղ՝ այս հյուրանոցի նկուղում, նա ապրեց մի քանի ամիս:
Զարմանալի դյուրահավատ, հավատարիմ ու անձնազոհ մարդիկ են հայ մտավորականները, նրանց մեջ նաև՝ Զոհրապը: Դեռ Պոլսում նրան առաջարկել էին փախչել և փրկել կյանքը: Նա պատասխանել էր. «Որո՞ւ թողում աս անտէր ու անգլուխ ժողովուրդը: Չէ, փախչիլ չեմ կրնար, պէտք է, պարտս է մինչեւ վերջ պատնէշին վրայ կենալ»:
Հալեպում նույնպես Զոհրապի բարեկամները, զինված ֆիդայիները կազմակերպել էին նրա փախուստը, բայց նա չգնաց այդ քայլին՝ հավատալով թուրքական կառավարության խոստումներին, թե կանցնեն խառը ժամանակները, և ինքը նորից կվերադառնա Պոլիս: Հուլիսին Հալեպից նրան աքսորեցին Ուրֆա: Զոհրապը նույնը մնաց նաև Ուրֆայում: Այդ ինչ անսասան հավատ էր մտել նրա մեջ՝ անհասկանալի մնաց ինձ:
Ուրֆայի ֆիդայիները՝ Մկրտիչն ու Հարությունը, արաբի հագուստներով ծպտված մտան Մահմուդ Նեդիմի տուն, ուր հյուրընկալվել էին Զոհրապն ու Վարդգեսը: Առաջարկեցին փախչել: Զոհրապը պատասխանեց. «Ինչո՞ւ վախկոտի պէս փախչիլ: Ո՞ր մեղքի համար, ո՞ր մեղքի: Եւ ինչո՞ւ մեր պատճառով ուրիշները տուժեն: Մեր փախուստն աւելի կը ծանրացնի ժողովրդի վիճակը: Ես անձամբ պիտի հանդիպեմ Թալեաթին, նա չգիտի մեր վիճակը, մեր գրած նամակները տեղ չեն հասել, բայց կը հասնեն: Ես Նեդիմէն թոյլտուութիւն եմ խնդրած, որ հանդիպեմ Ուրֆիոյ միսիոնին տնօրէն միստր Լեսլիին: Նրա միջոցով նոր նամակ պիտի առաքեմ: Համբերութիւն է պէտք, Վարդգէ՛ս, միայն համբերութիւն»:
Նրան խնդրեցին, աղերսեցին չհավատալ թուրքերին, բայց նա անդրդվելի էր, և վերջում ապսպրեց Մկրտիչ Յոթնեղբայրյանին. «Մեզ վաղը տանելու են Տիգրանակերտ, յանկարծ չմտածէք ճամփին յարձակուիլ ոստիկաններու վրայ»:
Այս խոսակցությունը լսել էին Նեդիմի սպասավորները, նրանք պատրաստ էին մի քանի ոսկով բաց թողնել Զոհրապին ու Վարդգեսին, բայց Զոհրապը չուզեց: Հետո այդ անգետ ծառաները պատմում ու ծիծաղում էին Զոհրապի խոսքերի վրա:
Մի քանի օրից նրանց գազանաբար խոշտանգեցին և սպանեցին Ուրֆայից Հալեպ գնացող ճանապարհին: Մկրտիչն ու Հարությունը լսեցին, որ մի թուրք խլել է Զոհրապի ժամացույցն ու մատանին և վաճառում է շուկայում: Արաբ ցեղապետի հագուստով նրանք մտան թուրք վաճառականի տուն և նրան սպանելով՝ փրկեցին Զոհրապից մնացած վերջին մասունքները…
***
Մեծ Նահատակի ու Մեծ Մարգարեի գրականության գեղագիտության Արարատին դեռ չի հասել ոչ մի հայ գրող, նա մնաց անհասանելի՝ Իր Արարատի բարձունքից մարդկանց միշտ նայելով ազատ ու մաքուր հայացքով: Եվ Իր Արարատից չիջավ նույնիսկ այն օրհասի օրերին, երբ խոշտանգվելու և նահատակվելու վտանգի հոտը զգում էր շատ մոտիկից: Նա Հավատի նահատակ էր ու թույլ չտվեց, որ կասկածի թույնը պղծի մաքուր հոգին, Նա Հալեպի «Բարոն» հյուրանոցից չփախավ վախկոտի պես՝ Իր մյուս հայրենակիցների վիճակն ավելի չվատթարացնելու ազնիվ մղումից ելնելով: Նա Մեծ Հայ էր, Մեծ Մարդ ու Մեծ Գրող, ում անունը տալիս վեհանում ու քնքշանում էր անգամ թշնամին:
Երևան-Հալեպ-Երևան
[1]․ Գրիգոր Զօհրապ, Երկերի ժողուվածու: Յաւելեալ հատոր (Զ), էջ 331-332, Երեւան, 2004 թ.: