ԱՆԱՆՁՆԱԿԱՆ ՍԻՐՈ, ՆՎԻՐՈՒՄԻ ՈՒ ՏԱՌԱՊԱՆՔԻ ԱՆԽԱԹԱՐ ԱԿՈՒՆՔԸ / Արտաշես ԱՐԱՄ

Վարդան ԴևրիկյանՀԳՄ վար­չու­թյու­նը շնոր­հա­վո­րում է գրականագետ ՎԱՐԴԱՆ ԴԵՎՐԻԿՅԱՆԻՆ ծննդյան 50-ամյակի առթիվ

«Գրա­կան թեր­թը» միա­նում է շնորհավորանքին

«Զանգակ» հրատարակչությունը լույս է ընծայել Վարդան Դևրիկյանի«Չսկսված և չավարտված պատերազմը» գրքի երկրորդ` լրացված, ամբողջացած հատորը: Հատոր, որն իր առաջին էջերից իսկ ընթերցողին կլանում է իր առինքնող անմիջականությամբ ու անկեղծությամբ, իրադարձությունների ընդգրկման իր խորությամբ ու բազմաշերտությամբ, նույն այդ իրադարձությունները քննության առնելու անխտրականությամբ և հուզականությամբ: Հատորն իր կուռ կառուցիկության մեջ սագա է հիշեցնում, վիպասք, որը հնարավոր չէ հյուսել ընդամենը գրասեղանին հակված: Նման հատոր հեղինակելու համար ինքնազոհության գնալու կամք ու վճռականություն է պետք, պետք է ոգեղեն բարձրագույն արժեքներին հավատալու արիություն: Մռավ, Թարթառ ու Խաչենագետ, Բուզլուխ, Մանաշիդ և Էրքեջ, Կիչան ու Չլդրան, Վերին Շեն և Հաթերք, Գանձասար և Ամարաս, Քարինտակ և Շուշի, Մարտակերտ և Ստեփանակերտ, շատերի համար սրանք աշխարհագրական պարզ տեղանուններ են: Շատերի, բայց ոչ` կանչվածների, ավելի ստույգ` զորակոչվածների, որոնց համար այս անուններից յուրաքանչյուրը մի ամբողջ կյանք է ու ճակատագիր, ապրելու կերպ է ու հավատամք, մարտից առաջ զինվորի լուռ երդում է և սխրանքի նախապայման: Եվ եթե կուզեք՝ սա գիրք էլ չէ, այլ հայրենիքի նվիրյալ զավակի խոստովանանք առ Հայրենին և Հայրենիքի ապահովությունը: Ոգու յուրօրինակ տեղեկատվություն Արցախյան հերոսամարտի ամենաթեժ կետերից: Կարծես աներևույթ մի ուժ զորակցել է Վարդան Դևրիկյանին, որ նա հոժարակամ ինքն իրեն տանի ի փորձություն և զինակիցն ու կենսագիրը դառնա Մարտակերտի գնդի Չլդրանի վաշտի այն զինվորի, ով կրակահերթերի և պայթյունների խլացնող աղմուկի միջից փորձում էր լսել Չլդրան աղբյուրի հարազատ խշշոցը: Փորձում ու չէր կարողանում: Զինակիցն ու կենսագիրը նաև Մարտակերտի գնդի այն զինվորի, ով իր նահատակված որդու շիրիմը ցանկանում էր տեղափոխել ազատագրված Հաթերք: Դաժան ու դժնի 92-ին մարզերից Մարտակերտ ձգվող գաղթականների այդ եղերական շարուկը: Խրամատներում Հայոց հիմնը ծնկաչոք երգող այդ մատաղացու արծվաձագերը: Պատուհասված, վտանգաշատ ճանապարհներով Սուրբ Հակոբա վանք շարժվող այդ համառ ուխտավորները: Առանց այն էլ սուղ օրապահիկը իրենց ընտանիքներին ուղարկող այդ երդվյալ խենթերը: Կրկժանի բարձունքներում որսորդականներով զինված հայ մարտիկների անօրինակ սխրանքներից քար կտրած, «Ռոյթր» լրատվական գործակալության այդ թղթակիցը: «Հունը փոխած Թարթառի» ջրերին իրենց արյունը խառնած այդ անկոտրում հերոսները: Նույն Թարթառի ջրերը ճեղքող և վիրավոր զինվորներին օգնության շտապող այդ բժիշկները: Դարձյալ ու նույն Թարթառ գետի ափին վիրակապերով կալանված իր որդուն գտած այդ մայրը և նույն այդ մոր ականջներում վնգացող, վիրավորին ուղեկցող բուժքրոջ սաստող ճիչը. «Չդիպչես, որովհետև մարմնի ներսի բեկորները ուժեղ շփումից կկտրեն հյուսվածքները»: Ազատագրված Շուշիի հաղթական պարիսպների վրա արցախական եռագույնը ծածանող այդ խիզախ պատանին: Հորը կորցրած այդ հեկեկացող տղան, որը ներկաներին ու աշխարհին է ուղղում իր հարց- բողոքը. «Բա հիմա, երբ իմ հերը չկա, ո՞վ է տրակտորով խրամատը փորելու»: «Շիլկա» կոչվող ահարկու զենքից կրակող այդ ժպտադեմ ու անպարտելի 16- ամյա Սեյրանը, ով արժանապատվորեն ընդունելով ճակատագրի մարտահրավերները, կայացնում է իր հաղթական վճիռը. «Ճակատի գիծն այնքան ենք առաջ տանելու, որ մերոնք վերադառնան իրենց տները»: Ասել է, թե`«Ով քնա՛ծ է, արթո՛ւն կացեք…»: Գրադի հերթական համազարկը շրջանցող այդ վարորդ Թելմանը: Պատերազմական իրավիճակում իսկ դպրոցական պարապմունքները շարունակող այդ անընկճելի ու հավատավոր ուսուցիչները: Ինքնապաշտպանական մարտերում նահատակված այդ 21-ամյա Մհերը: « Ինտերնացիոնալ» քաղաքում դպրոցն ավարտած, ռուսաստաններում ապաստանած և ապա պապերի ծննդավայր` Մաղավուզ վերադարձած այդ բաքվեցի Վլադիկը, ով թեև խոսում էր ռուսախառն ղարաբաղերենով, բայց երգում էր դարավերջի ֆիդայական երգերը. «Մութ գիշերին մեն-մենակ էր ֆիդային»: Այն Վլադիկը, ով հարկադրված նահանջի պահին իսկ մնում և կյանքի գնով շարունակում է պաշտպանել իր հարազատ Մաղավուզը: Պաշտպանական մարտերի ժամանակ վիրավորված այդ նորօրյա Սոսեն` Սիրանուշը, գյուլաթաղցի Նորիկը, մյուսները: Էջից էջ, խոհագրության ենթավերնագրերը վկայում են. «Մեր թղթակից Վարդան Դևրիկյանը հաղորդում է գաղթի ճամփաներից», «Մեր թղթակից Վարդան Դևրիկյանը երեկ` ժամը 20-ին, Արցախից մեզ հաղորդեց», «Մեր թղթակից Վարդան Դևրիկյանը վերադարձավ Ստեփանակերտից»: Եվ հիմա այս փխրուն զինադադարի և կիսախաղաղության պայմաններում խորապես հասկանում ենք, որ այդ ուղևորություններից յուրաքանչյուրը կարող էր ճակատագրորեն վերջինը լինել: Եվ փառք Աստծո, որ այդպես չէ, որ Վարդան Դևրիկյանը մեր կողքին է: Եվ սույն հատորի յուրաքանչյուր էջը թերթելիս, ակամա խորհում ես, թե արկերի ու ռումբերի անվերջանալի թվացող տարափի տակ ի՞նչն է սատարել Վարդանին, որ նա չընկրկի, չհուսահատվի, մնա անկոտրում ու հավատավոր և կանգ չառնի կես ճանապարհին: Եվ հայ ազատամարտիկներին ձոնված, հույսով ու լավատեսությամբ եզերված այս էջերը. «Պարտություններից դեպի հաղթանակ», «Հյուսիսային Արցախն աննկուն է», «Արցախը ծնկի չի գա»: Այն դեպքում, երբ այս հոդվածները գրվել են 91-ի հոկտեմբեր, 92- ի փետրվար ամիսներին: Եվ պատահական չէ, որ այս բազմածավալ տարեգրության հեղինակն իր հոդվածներից մեկի համար բնաբան է ընտրել Ակնունու հետևյալ պատգամը. «Նայեցեք միշտ դեպի երկիր և հավատացեք նրա ապագային»: Պետականություն և բանակ: Հայոց և Արցախի պաշտպանական բանակների ստեղծման ակունքները: Տարածաշրջանում կատարված ու կատարվող բոլոր իրադարձությունները պարտադրում էին, որ հայն ի մի բերի դարերով կուտակած ու զսպված իր ներուժը: Պետք էր ազգովին կազմակերպվել: Պետք էր ուղենշող, վեր տանող գաղափար: Դարձյալ մեր առջև լինել-չլինելու խնդիրն էր ծառացել, և պետք էր ընտրություն կատարել: «Եվ հայրենիքի պաշտպանության այս գաղափարն էր,- գրում է Վարդան Դևրիկյանը,- որ միավորեց և իրար ձուլեց ամենատարբեր մասնագիտություններ, աշխարհայացք, նկարագիր, տարիք և կրթական աստիճան ունեցող մարդկանց, ովքեր սակայն ունեին միավորող, բնորոշ մի հատկանիշ. նրանք չհամակերպվողներ էին»: Իսկ հետո, հետագայում ի՞նչ պատահեց, ինչո՞ւ այդպես դյուրությամբ մսխվեց այդքան մեծ զոհողություններով ձեռք բերվածը,- գրողի, մտավորականի իր տագնապն է հնչեցնում սույն հատորի հեղինակը. «Պատերազմից հետո վիճակն աստիճանաբար սկսեց փոխվել, և բանակում ծառայելը, առավել ևս ` սահմանամերձ շրջաններում, սկսեց ընկալվել որպես սոցիալական անապահովության արտահայտություններից մեկը, որ ոչ ունևորների և աղքատների երեխաներն են այնտեղ տարվում»: Եվ սա այն դեպքում, երբ հայ պարմանու համար հայ զինվորի համազգեստ կրելը արքայական ծիրանենուց առավել ըղձալի պիտի դառնար: Մարդն ինքն իր երկիրն է: Մարդու ապրած օրերով ու տարիներով են կռանվում ու կոփվում իր երկրի պատմության տարիներն ու դարերը: Եվ սույն վավերագրության խոսուն էջերից սահանցումն են Արցախյան ազատամարտի մոռացումից փրկված բազմաթիվ փաստեր, դրվագներ, և այդ ամենի վրա հայ ոգու ցոլարձակումը կա: Եվ Վարդան Դևրիկյանը Հայոց ազատամարտի պատմությունը քննության է առնում «Առաջին և վերջին տան» հոգեբանության հեռանկարի վրա, և «Պատմության զոհի բարդույթի հաղթահարման» խնդիրը դառնում է առաջնային: Ընդոստ, տիրական մի շարժում, և վայրկենապես թոթափվում են դարերով անանց թվացող վեհերոտությունը, երկվությունը, թերհավատությունը սեփական ուժերի հանդեպ. «Մինչ այդ գյուղն այդ սկսվում էր ներսից գյուղ մտնող ճանապարհով: Սկսված պատերազմով, սակայն, գյուղն սկսեց սկսվել այն տեղից, որտեղ վերջանում էին դիրքերը,- վկայում է Վարդան Դևրիկյանը,- և ըստ այդմ առաջին տունը դարձավ դիրքերին ամենամոտիկ տունը, և վերջին տունը` դիրքերից ամենահեռու` գյուղի` դեպի Արցախի ներսն ընկած ճանապարհի առաջին տունը»: Եվ ժամանակի հետ, ժամանակի հորձանքին համընթաց, մարդկային կերպարանք առած, փոխվում են գյուղի փողոցներն ու տները: Եվ սույն գրքի էջերում արծարծվում է մեծ, տառապագին սիրո գաղափարը: Սեր, որը հետագայում փոխարկվելու էր անմնացորդ ու անձանձիր նվիրումի, սխրանքի և ինքնազոհության:
Կորուստ ու նվաճում, հակագրոհ և առաջխաղացում: Եվ Հայոց տառապանքի անխաթար ակունքից սխրանքի և ինքնազոհության լույսն էր բխում. «Հաճախ որպես ստեղծագործական շարադրության թեմա` հարց է տրվում, թե ինչպես սիրել Հայաստանը,- վկայում է Վարդան Դևրիկյանը:- Ես կարծում եմ` Հայաստանը պետք է սիրել այն հայացքով, որով ուղղաթիռի տարուբերվող պատուհաններից համակ մի կենտրոնացմամբ աստիճանաբար փոքրացող Երևանին էին նայում մեր կամավորական առաջին ջոկատների ազատամարտիկները, որոնցից շատերը, դժբախտաբար, օրեր, շաբաթներ, ամիսներ կամ տարիներ անց ոչ թե եկան, այլ բերվեցին»: Մեր անհուն տառապանքի և կորստյան ցավի վրա, մեր անանձնական, անպարագիծ սերն ու գուրգուրանքը պիտի թևածեին, որպեսզի համազգային փրկության դռները գոց չմնային, և մարտի էր նետվել հայի այն մարդաբանական տեսակը, որի նպատակը բնավ էլ ոսոխի արյունը, ջարդն ու թալանը չէր, այլ հայրենիքն ու երկիրը տեսնել` գերության շղթաները թոթափած: Աստեղային ևս մեկ (գուցեև վերջին) հնարավորություն էր տրված, որ մենք Այսրկովկասում նախ անառ, անխոցելի պահեինք մեր մեծ Տան պատերը, ապա քայլ առ քայլ, անդուլ ջանքերով ամրացնեինք դրանք: Եվ գտնվեցին ու տողան կազմեցին անկոտրում ոգուն անվերապահ հավատացող հայ արիները, ովքեր մինչև ատամները զինված և թվաքանակով բազում անգամներ գերակշռող թշնամուն ծնկի բերեցին Արցախի պարիսպների մոտ: Սպարապետ Վազգեն Սարգսյան, ազգային հերոսներ` Մոնթե Մելքոնյան, Ջիվան Աբրահամյան, Թաթուլ Կրպեյան, Վարդան Բախշյան, Շահեն Մեղրյան, Լեոնիդ Ազգալդյան, Արդաբանի թշնամական կրակակետերը ոչնչացնող, Հոռաթաղի գումարտակի հրամանատար Ռաֆայել Ղազարյան, Մարտակերտի գնդի սակրավորների վաշտի հրամանատար Վոլոդյա Ավանեսյան, գնդապետ Ֆրունզե Ավագյան`«Պոլկովնիկը», Արցախյան հերոսամարտը արցունքների միջից նկարահանող Ցվետանա Պասկալևան, մե՛ր Ցվետանան: Բոլոր նրանք, ովքեր դեպի ստույգ գիտակցված մահն էին ընթանում ինքնազոհության խաչը ճակատներին առած: Եվ ինչպես Մուշեղ Գալշոյանը կասեր. «Նրանց ըմբոստ ճակատները մենք դեռ պետք է համբուրենք»: Ես նորից եմ կրկնում, որ Վարդան Դևրիկյանի սույն հատորը ընդամենը գիրք չէ, այլ ամենօրյա, ամենժամյա սխրանքների, կյանքի գնով փաստված վավերագիր: «Արցախի երեխաներն ու դպրոցները պատերազմի տարիներին»- սույն խոհագրության վերնագրերից մեկն է: Եվ գրքի հեղինակը հայրենիքի որդու զուսպ հպարտությամբ ու արժանապատվությամբ պատմում է Արցախյան մելիքական տների այն ազնվարյուն շառավիղների մասին, ովքեր ռումբերի ու արկերի տարափի տակ, լույսով ու լավատեսությամբ ողողված, բառացիորեն մասնակցելով իրական պատերազմին, մղում էին նաև իրենց ոգու պատերազմը, որպեսզի ողջ մնան ոչ միայն ֆիզիկապես, այլև` հոգեպես. «1993-ի մայիսի վերջին, երբ հեռահար հրետանին դեռևս ավերում էր Ստեփանակերտը, ուր կենտրոնացել էին Շահումյանի և Մարտակերտի գրավյալ մասի գաղթականները, զարմանալի մի լավատեսությամբ և ասես խաղաղ կյանքի տարիների վերհուշով ստեփանակերտցիներից մեկը հառաչելով ասաց, որ գոնե հունիսի մեկին` երեխաների պաշտպանության միջազգային օրը չկրակեն: Հունիսի մեկին ասես չար մի պատահականությամբ, թե դժբախտ օրինաչափությամբ, կույր ռմբակոծումների ալիքը քաղաքի բակերից մեկում խլեց ևս երկու մանկական կյանք»: Եվ այս գրքի էջերում ահեղ կոչնակի պես հնչում է անխուսափելի հարցը` մեր լավագույն տղերքի արյան գնով նվաճված հաղթանակից հետո, հետագա զինադադարի տարիներին հայի հետագա կյանքը համապատասխա՞ն եղավ այդ հաղթանակին: Մենք Արցախյան պատերազմին տվեցինք առավելագույնը, զոհաբերվեցին լավագույնները, անցանք քավարանի բոլոր պարունակներով, և թվում է՝ ազգովին պիտի մաքրվեինք, գրեթե, սրբանայինք, բայց, ավաղ, այդպես չեղավ: Եվ Վարդան Դևրիկյանը զուգահեռներ է տանում Արցախյան հերոսամարտի և գարիբալդիականների` Իտալիայի ազատագրական պայքարի միջև. «Գարիբալդու հավատարիմ զինվորի` 19-րդ դարավերջին արտաբերած և հայ գրականության մեծ վարպետի` Ավետիք Իսահակյանի շքեղ փոխանցմամբ հետևյալ խոսքերը դժվար է ասել, ավելի շատ իր պաշտած Իտալիայի՞ն, թե՞ «Յուր քաջ որդոց սուրբ արյունով» ազատ ու անկախ դարձած մեր հայրենիքին են վերաբերում. «Այնքան թանկ արյունով` դրսի թշնամիներից ազատագրված Իտալիան ընկավ մի նոր տեսակի գերության մեջ-մեր արյունակից տերերի ճանկն ընկավ, հարուստների և կառավարական պաշտոնյաների: Հարուստները ոսկե շղթաներով կապեցին-կաշկանդեցին Իտալիան և իրենց ծանր թաթը դրեցին իտալական չարքաշ ժողովրդի սրտին և ճնշեցին»: Ավաղ, պատմության նույնականությունը մեր խեղված և արատավոր իրականության ֆոնի վրա տարակարծության ամենաչնչին հնարավորություն իսկ չի թողնում: Ագահություն, ընչաքաղցություն, հափրանք: Գող, հանցագործ նախարարներ, մարզպետներ և թաղապետեր, կոռումպացված դատական համակարգ, ամենաթողություն, աղքատություն և արտագաղթ: Ամենաողբերգականն այն է, որ հետանկախության շրջանում նախարար ասվածը մեզանում ընկալվեց իբրև ամենազոր կառավարիչ, իբրև քեդխուդա: Վերադասին քծնելը և սեփական մանր ու մեծ հանցանքների համար պատասխան չտալը քո իրավունքն է, բայց կարելի՞ է այդպես կուրորեն և ծնկածալ կուլ չգնալ սատանային: «Մանր ու չնչին մարդկանց կոշիկները իր հերոսական սրտին սեղմած Ջիովանիի կերպարն եմ հիշում,- վկայում է Վարդան Դևրիկյանը,- երբ տեսնում եմ նորօրյա գարիբալդիականներին ֆիզիկական այլևայլ աշխտանքներ կատարելիս: Մի անգամ կառուցվող մի շքեղ առանձնատան վեր բարձրացող պարսպի մոտով անցնելիս տեսա նրանցից մեկին` շինանյութով լի ծանր պարկ ուսին, որը պահել էր բավական անբնական ձևով: Չգիտեի որն է ճիշտ` մոտենա՞լը, թե՞ չճանաչելու տալով անցնելը: Մինչ այդ մասին էի մտածում, ինքը ձեռքով արեց ու նույն անբնական ձևով ուսից իջեցրեց պարկը, որը նման ձևով պահելու համար հայացքիս մեջ զարմանք տեսնելով` կատակելով ասաց. «Բա գոնե դու պետք է հասկանաս, որ պարկը էնպես եմ պահում, որ վզիցս ուսիս հասնող վերքը շատ չցավեցնի»: Այդ վերքը 1994 թվականի ապրիլին ստացել էր Թալիշի դիմահայաց բարձունքների ազատագրման ժամանակ հրետանային արկի բեկորից: Արցախյան ազատամարտից իր հետ բերել էր միայն սպիացած, բայց չփակված այդ վերքը, որի վրա հենած պարկերով էր հոգում իր օրվա հացը»: Վառ պահել հիշողության կանթեղը և որքան էլ դժվար լինի` առերեսման գնալ սեփական ներաշխարհի և կեցության հետ, մեր այսօրվա արածն ու անելիքը հարաբերել ու համակշռել Արցախյան հերոսամարտում հաղթած այդ փառավոր սերնդի արածի ու ձեռք բերածի հետ, որպեսզի մեզ դեպի վեր տանող երթը չխարխլվի ու չխաթարվի,- ահա թե ինչու է գրվել Վարդան Դևրիկյանի «Չսկսված և չավարտված պատերազմը» խորհրդանշական խորագիրը կրող գիրքը: Եվ ինքն այսպես է հիմնավորում իր խորն ու տարողունակ գրքի` Արցախյան ազատամարտիկների և գարիբալդիականների միջև եղած զուգահեռները. «Առաջին՝ պատմական այն մեծ ընդհանրության համար, որ կար մասնատված և անկախությունը կորցրած Իտալիայում և Արցախյան պատերազմի միջև: Երկրորդ` երկու դեպքում էլ այն ավարտվեց հաղթանակով, որով առավել է մեծանում պատմական ընդհանրությունը: Երրորդ` երկու դեպքում էլ այնքան շուտ մոռացվեցին պատերազմի ծանրությունը կրած զինվորները, և վերջապես չորրորդ` այն պատճառով, որ համեմատության համար սովորաբար ընտրում են գրական ընդհանրացված հասկացություններ»:
Գրի մոգական ուժը, և Վարդան Դևրիկյանը հստակ գիտակցում է, թե ովքեր են իր գիրք-ուղերձի հասցեատերերը. «Առաջինը՝ որպես կենդանի շունչ կրող նկարագրական մի սկզբնաղբյուր` Արցախյան պատերազմը պատմական զարգացման իր ընթացքում, ռազմագիտական, մշակութաբանական, գիտական ընկալման և այլևայլ տեսանկյուններից ուսումնասիրելու համար: Երկրորդ` զինադադարի հաստատումից 10 տարի անց` որպես հիշեցում մեր հասարակությանը, թե ում շնորհիվ և ինչ գնով նվաճվեց այդ խաղաղությունը: Եվ վերջապես երրորդ` այս գիրքը ես հրատարակում եմ Արցախյան պատերազմի մասնակիցների երեխաների համար, որ եթե նրանք ճնշվեն իրենց հայրերի և իրենց այսօրվա ընդհանուր վիճակի համար, իրենց հայրերի հայացքում որոնեն, գտնեն կյանքում անկորնչելի հարստություն եղող այդ հպարտությունը և այդ նույն հպարտությամբ իրենք նայեն ու քայլեն իրենց հայրենիքում»:
Այս անցողիկ կյանքում ի՞նչն է մնում, ի՞նչն է սատարում մարդու շարունակությանը: Փորձությունների առջև չընկրկելու և կյանքի վերահաս դժվարություններից չկոտրվելու հանձնառությունն ու կամքը: Եվ բացվում են բոլոր փակ դռները, և գոց թվացող բոլոր ճանապարհները ելք են կանխանշում, և Հայրենիքի երկինքը եզերվում է հավերժության լուսապսակով. «Նրանց բոլորի համար,- վկայում ու հավաստում է Վարդան Դևրիկյանը,- Հայրենիքի ճակատագիրը նման է իրենց չսպիացած վերքերին, որոնք, անկախ նրանից, ուզես թե չուզես, շարունակ հիշեցնել են տալիս իրենց: Եվ ամեն մի վերհուշ նրանց աչքերում ցոլացնում է մեր Հայրենիքի լուրթ երկինքը, զմրուխտյա մարգագետիններին ու արևակեզ լեռնալանջերին դարձյալ չսպիացած վերքերի նման փորված խրամատները և նահանջի փոշեխռիվ ու ցեխից ծանրացած, ինչպես նաև հակահարձակման հրացայտ ճամփաները»: Այս գիրքը մեզ՝ ապրողներիս ապսպրում է նաև մեկ բան. թոթափել նյութից, նյութականից կառչած մնալու մեր այս անփառունակ մրափն ու վեհերոտությունը, տե՛ր կանգնել անցյալի հիշատակներին և պատրաստ լինել դիմակայելու գալիքի անխուսափ մարտահրավերներին:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։