«Թմկաբերդի առումը» պոեմը Հովհ. Թումանյանի հանրահայտ գործերից մեկն է, որի շատ հատվածներ անգիր գիտեն ամենատարբեր մասնագիտությունների տեր մարդիկ: Սակայն այժմ խոսքը պոեմի ոչ թե բովանդակության կամ փիլիսոփայության, այլ Թմկա տիրուհու վարքագծի և պոեմի ամենաինտրիգային հատվածի մասին է, թեև բոլոր նշված խնդիրները սերտորեն շաղկապված են, ավելին՝ մեկը պայմանավորված է մյուսով: Իհարկե, բոլոր թումանյանագետները և ընդհանրապես տարբեր գրականագետներ հանգամանորեն անդրադարձել են այդ խնդրին, ոմանք տիրուհու դավաճանությունը փնտրել են կնոջ անկայուն ու փոփոխական էության, ոմանք՝ նրա կենարար և միաժամանակ կործանարար բնույթի, փառասիրության, մարմնական գեղեցկության և հոգևոր աղքատության և այլ հանգամանքների մեջ: Այսուհանդերձ, կարծես նման փաստարկները բավարար չեն տիրուհու վարքագիծը համոզիչ դարձնելու համար, թեև բոլոր վարկածներն էլ մոտ են ճշմարտությանը և տրամաբանական են, բայց, չգիտես ինչու, ինչ-որ բան կարծես թերի է մնում:
Նախ՝ նկատենք, որ Թումանյանը դիպաշարը ներկայացնում է աշուղների «միջնորդությամբ», նրանց խոսքի միջոցով, որն արտաքուստ նվազագույնի է հասցնում հեղինակային վերաբերմունքի պահը: Աշուղները երկուսն են. պոեմի սյուժեն ներկայացնող աշուղը իբրև ուսանելի դաս «սիրուն տիկնանց և ջահել տղերքին» ավանդում է բարի գործի և անարատ մարդ լինելու գաղափարը, մյուսը շահի ուղարկած աշուղն է, որը Թմկա տիրուհու սրտում արթնացնում է փառասիրության տենչը: Պատումն առաջ տանող աշուղը արևելյան շքեղ պատկերներով ներկայացնում է Թմկա տիրուհու անզուգական գեղեցկությունը և Թաթուլի վրա այդ գեղեցկության թողած արբեցնող ազդեցությունը: «Նըրա սիրովն է հարբած էն հըսկան,//Նըրա ժպիտն է քաջին ուժ տալի», նրա վարդաշուրթ մաղթանքներն են հաղթանակ բերում Թաթուլին և այլն: Կարճ՝ Թաթուլի ներշնչանքի աղբյուրը իր գեղեցկուհի կինն է: Առաջին հարցը, որ ծագում է, այն է, թե Թմկա տիրուհու համար Թաթուլը ևս սիրո անսպառ աղբյո՞ւր է, արդյոք փոխադարձ կամ համարժե՞ք է նրանց սերը: Իհարկե, համարժեքության հարցը բարդ է. ֆրանսիական առածն ասում է՝ մեկը սիրում է, մյուսը այտն է դեմ տալիս: Աշուղի խոսքով՝ գեղեցկուհի կինը Թաթուլի համար «սիրո հնոց, կրակ ու բոց…» է, իսկ ո՞վ է Թաթուլը կնոջ համար, անհայտ է, բայց դա կարևոր է կնոջ հետագա վարքագիծը ըմբռնելու համար: Իհարկե, այստեղ կա մի նրբություն. Արևելքում կնոջ զգացմունքներին առանձնապես կարևորություն չէր տրվում, և գուցե բնական է, որ աշուղն այդ մասին լռում է: Այնուամենայնիվ, այս առումով շատ հետաքրքրական է, որ պոեմի առաջին անգամ առանձին գրքով լույս տեսնելուց (1909) հետո Մամբրե Մատենճյանը գրախոսւթյուն է գրում (1910), որտեղ իր հիացմունքն է արտահայտում հատկապես պոեմի վերջին դրվագների, իր խոսքով ասած՝ «խնջույքի, բերդի առումի և շահի տխրության» տեսարանների առիթով: Նա նաև որոշ դիտողություններ է անում, որոնք ոչ բոլորն են ճիշտ և մանավանդ ընդունելի Թումանյանի համար, բայց որոշ դիտողություններ էլ մտածելու տեղիք են տալիս: Նա գրում է. «…Թաթուլի և իր կնոջ հարաբերությունները սկզբից մինչև վերջ խիստ սառն են ու անկապ, կարծես, միասին չեն ապրում»[1]: Մատենճյանի այս դիտողությունը կասկած է ծնում. իսկապես, ինչպե՞ս է կինը կռվի ճանապարհում ամուսնուն, անհայտ է: Մի պահ հիշենք, թե ինչպես է «Իլիականում» Անդրոմաքեն Հեկտորին ճանապարհում Աքիլլեսի դեմ կռվելու: Հոգեբանական այդ պահի՝ ամուսնուն կենաց ու մահի պայքարի ճանապարհող կնոջ պատկերը կարող էր ինչ-որ բան հուշել Թմկա տիրուհու զգացումների մասին, բայց Թումանյանը, արդեն մտապատկերում ունենալով իրադարձությունների վախճանը (պոեմի հիմքում ընկած ավանդությունն էր դա թելադրում), գիտակցաբար խուսափել է զգացմունքային տեսարաններից, որոնք պետք է հակասեին տիրուհու հետագա վարքագծին: Իհարկե, կռվի ճանապարհելու տարբերակներ կան. քաջալերել ամուսնուն՝ սպասելով հաղթանակի, տագնապել նրա կյանքի համար՝ որոշակի հուզմունք արտահայտելով, տիրապետել սեփական հույզերին, թաքցնել զգացմունքները և այլն: Այս պահի, թերևս գիտակցված, բացակայությունը թեական է դարձնում տիրուհու կողմից փոխադարձ սիրո հանգամանքը: Գուցե դա կարող է երկրորդական թվալ, բայց սիրո բացակայությունը լուրջ հիմք է դավաճանության համար, թեև Թմկա տիրուհին ոչ միայն Թաթուլին, այլև իր մյուս հայրենակիցներին է դավաճանում:
Երկրորդ հանգամանքը աշուղի երգի թողած ազդեցությանն է վերաբերում: Աշուղը Շահի անունից, ավելի ճիշտ՝ նրա պատվերով թագուհու թագ է խոստանում տիրուհուն («Խոստացիր նըրան իմ ոսկի գահը…») և ցանկալի հեռանկարներ գծում տիկնոջ համար.
Մեզ պես տըկար մարդ է նա էլ՝//Սիրուններին միշտ գերի.//Քո ճակատին թագ է վայել՝ …// Լինիս շքե՜ղ թագուհի…:
Քունը փախչում է տիրուհու աչքերից, և ներքին հոգեկան պայքարից նրա դեմքը դառնում է դալուկ, տխրադեմ: Ոչ մի խոսք այն մասին, որ նա տագնապում էր Թաթուլի կյանքի համար, նրան սոսկ մտահոգում էր «դավաճան գործի ամոթը խորին»: Եթե Թումանյանը գրեր «դավաճանության ամոթը խորին», միանշանակ կարող էր ընկալվել, թե խոսքն ամուսնական դավաճանության մասին է, բայց «դավաճան գործ» արտահայտությունը կարծես ընդլայնում է դավաճանության շրջանակը: Ոչ ոք Թումանյանից ավելի լավ չգիտեր բառի աժեքը, որի համար մի բառը մի աշխարհ է, և թեև չի կարելի «գործ» բառից արհեստականորեն «գործարք» ենթադրել, բայց և հնարավոր չէ ձերբազատվել գործարքի զուգահեռից: Իրականում էլ Թաթուլի հետ զոհ են դառնում և՛ բազմաթիվ քաջեր, և՛ ի վերջո, ընկնում է Թմուկ բերդը: Եվ ահա, Շահի հետ գործարքի մեջ մտնելու միտքն իսկ արդեն դավաճանություն է և հուշում է Թմկա տիրուհու՝ ոչ միայն Թաթուլին, այլև նրա քաջ զինակիցներին չսիրելու մասին: Խոսուն է նաև այն դրվագը, որ երբ աշուղը դավաճանության էր մղում Թմկա տիրուհուն, այդ պահին զուգահեռ ընթանում էին մարտերը.
Գոռում են, դողում Թըմկա ձորերը,//Կանգնած է Թաթուլ Շահի հանդիման,// Զարկում են, զարկվում դուշման զորքերը,//Արյունը հոսում էն Քըռի նման:
Ուրեմն՝ «դավաճան գործ» արտահայտությունը իմաստային ընդգրկման առումով միանգամայն ճիշտ է ընտրված, մանավանդ որ պոեմի ամբողջ բարոյախոսությունը վերաբերում է բարի գործով անմահ հիշատակ թողնելուն: Այնուամենայնիվ, պոեմի ամենավճռական, հոգեբանական խորք ունեցող և ինչ-որ չափով ոմանց առեղծվածային թվացող հատվածը Շահի և Թմկա տիրուհու հանդիպման տեսարանն է: Իհարկե, մտքում անգամ տիրուհին չէր կարող սիրել չտեսած մարդուն, նրան դավաճանության մղողը փառասիրությունն է: Ակամա մտածում ես, որ Թաթուլին սիրելու դեպքում չէր դավաճանի, Շահին էլ առանց ճանաչելու չէր կարող սիրել, հետևաբար կա՛մ սիրո զգացումը նրա համար որևէ արժեք չուներ, կա՛մ նրա չքնաղ տեսքը թաքցնում էր անսեր մի սիրտ: Ուղղակի զարմանալի է, որ հոգեբանական նուրբ դիտողություններով հայտնի Ա. Տերտերյանը կարող էր գրել. «Թմկաբերդի տիրուհին գուցե մի ավելի բարձր սիրո կարոտով անձնատուր է լինում Շահին, հրապուրված վերջինիս կողմից ուղարկված աշուղի թովիչ ներբողներին»[2]: Նախ՝ տիրուհին անձնատուր չի լինում Շահին (հավանաբար Տերտերյանը նկատի ունի հոգեբանական համակերպումը այդ մտքին) և ապա՝ Շահի նկատմամբ սերը չէ, որ կնոջը մղում է դավաճանության, այլ թագուհի դառնալու հեռանկարը: Տերտերյանն այն կարծիքին է, որ իսկական սերը կարող է մոլորվել, բայց ոչ դավաճանել, այս դեպքում էլ, նկատի ունենալով տիրուհու վերջին պատասխանը Շահին՝ Տերտերյանը գտնում է, որ ի վերջո, սերը հաղթում է: Դա դեռ կտեսնենք: Մ. Մկրյանը Թմկա տիրուհու և Շահի պահվածքում միմյանց նկատմամբ բացահայտ ատելություն է տեսնում. «…Թմկա տիրուհին և Շահը, ինչպես երևում է, իրար հանդիպելուց առաջ միմյանց նկատմամբ լցված էին ամենաայրող ատելությամբ»[3]: Երկուստեք նույն ատելությունն է տեսնում նաև Հր. Թամրազյանը. «Գիշերային ոճիրից հետո տեղի է ունեցել հոգեբանական շրջադարձ. նրանք արդեն ատում են իրար»[4]: Էդ. Ջրբաշյանը խորացնում և ընդլայնում է Մկրյանի դիտողությունը՝ մի կողմից բերելով բազում օրինակներ այլ ժողովուրդների ավանդություններից ու դրանց գրական մշակումներից, մյուս կողմից տիրուհու՝ Շահին տված սպանիչ պատասխանի մեջ տեսնում է վերջինիս արթնացած խիղճը և Թաթուլի անձի ու սիրո ուշացած գնահատականը: Մինչ այժմ եղած կարծիքներից ամենաամբողջականը Էդ. Ջրբաշյանինն է: Ի դեպ՝ Ջրբաշյանը հակադրվում է Տերտերյանի այն մտքին, թե «Թմկաբերդի տիրուհին յուր Թաթուլին կորցնելուց հետո ավելի ուժգին է սկսում նրան սիրել…»՝ ասելով. «Բայց ի՞նչ սիրո մասին կարող է խոսք լինել, երբ հենց ինքն է կործանել Թաթուլին…»[5]: Ափսոս, որ այս հպանցիկ դիտարկումը Ջրբաշյանը չի խորացնում:
Սակայն Շահի և Թմկա տիրուհու փոխադարձ ատելության հանգամանքը մեզ համոզիչ չի թվում: Փորձենք բացատրել: Իհարկե, Թումանյանն իր թեթևակի հուշումներով մնացածը թողել է ընթերցողի երևակայությանը: Մտքում արդեն իր սև գործը վճռած գեղեցկուհին այն իրականացնելիս, այսինքն՝ խնջույքի ժամանակ հաղթած զինվորներին հյուրասիրելիս, նրանց խմիչք առաջարկելիս իրեն պահում է անկաշկանդ և բարձր ինքնատիրապետումով: Դա նկատել է նաև Մկրյանը: Օրեր առաջ, երկար խորհելիս, երբ Թմկա տիրուհին որոճում էր դավաճանությունը, չէր կարող չպատկերացնել հետևանքները: Երբ նա մտածում էր դավաճանության և ամոթի մասին, պետք է մտածեր նաև զոհերի մասին, ուստի՝ խիղճը հետո հազիվ թե արթնանար: Իսկ այն, որ միտքը պարզվում է մի ակնթարթում, դա Շահի հարցման արդյունք է: Ոճիրը կատարելիս տիրուհու մտքում պատկերանում էր թագուհու թագը, և երբ նա, Շահի հետ հեռակա գործարքի իր բաժինը կատարած, հանդիպում է Շահին, ակնկալում է իր կատարած գործի հատուցումը: Մինչդեռ աշխարհի ունայնության, կյանքի անցողիկության և կնոջ մատուցած բաժակին չհավատալու մասին խորհող Շահի մտքերն ընթանում են այլ ուղղությամբ, և նա դառնությամբ դիմում է դավաճան կնոջը՝ «մատնիչ սևաչյա» անվանելով և ծաղրանքով հարց է տալիս. «Մի՞թե Թաթուլը քաջ չէր ու սիրուն»: Շահի հարցման մեջ ոչ թե ատելություն է, ինչպես նշում են հարգարժան գրականագետները, այլ անսքող արհամարհանք ստոր արարք գործած կնոջ նկատմամբ: Ատելությունը ավելի ուժեղ զգացում է, իսկ այս դեպքում Շահը չի ատում իր մեղսակցին, որի միջոցով հաղթության է հասել, պարզապես հեգնում ու արհամարհում է նրան: Իհարկե, կարող էր նաև ատել իբրև իր ստորության վկայի, բայց այս նախնական հարցման մեջ «աշխարհի բանը խորհող» Շահին դեռևս հարցի փիլիսոփայական կողմն է հետաքրքրում: Պատմությունը ցույց է տալիս, որ դավաճանին չեն ներում հենց նրա դավաճանությունից օգտվողները, որոնք ոչնչացնում են իրենց ստորության վկաներին: Շահի մտքով չէր էլ անցել Թմկա տիրուհուն թագուհի դարձնել: Վերջինիս պատասխանը քննարկելուց առաջ մեզ մի հարց է տանջում. ի՞նչ կպատասխաներ տիրուհին, եթե Շահն իսկապես նրան թագուհու թագն առաջարկեր: Հազիվ թե հրաժարվեր: Շահի հեգնական վերաբերմունքը սթափեցնում է տիրուհուն, և նա բազմանշանակ պատասխան է տալիս.
Քաջ էր ու սիրուն քեզնից առավել,//Մի բարձր ու ազնիվ տղամարդ էր նա.//Կնոջ մատնությամբ ամրոց չէր առել,// Չէր եղել կյանքում երբեք խաբեբա…
Մեր տպավորությամբ, Թմկա տիրուհու պատասխանն առաջին հերթին իր նկատմամբ արհամարհանքի դիմաց վրեժի արտահայտություն է, Շահին նվաստացնելը, նրան ստորադասելը Թաթուլին: Այո՛, Թմկա տիրուհին բոլոր հիմքերն ուներ Շահին ատելու, և միայն այս պահին է նա հասկանում և գնահատում կորցրածի արժեքը: Տիրուհու պատասխանի մեջ նաև սեփական մեղքի գիտակցումն է, իր խաբված լինելը, որի պատճառը Շահն է, ուրեմն առավել ևս ատելի: Այդ պատասխանի ենթատեքստում նաև ինքնախոստովանություն է և ինքնադատապարտում: Գուցե նաև խիղճն է արթնանում մյուս անմեղ զոհերի համար: Եվ ամեն ինչ կորցրած կնոջ համար մահն արդեն ցանկալի էր, և նա իր պատասխանով գնում է այդ մահվանն ընդառաջ:
«Թմկաբերդի առումը» պոեմում Թմկա տիրուհու կերպարի՝ կենտրոնական տեղ գրավելու շնորհիվ պոեմը հարստանում է հոգեբանական խորքով ու նաև այլ առումներով: Գործողությունները դառնում են երկպլան, չարի և բարու պայքարն ընթանում է ֆիզիկական և բարոյական մակարդակներում: Թումանյանը սոսկ բերդի անկման իրադարձության մասին չէ, որ պատմում է, նա ընթերցողին խորհելու, երևակայելու, չասվածն ընկալելու հնարավորություն է տալիս, նրան ներքաշում է մեկնաբանությունների մեջ: Տիրուհու դավաճանությամբ պայմանավորված բարոյական պարտությունը ի չիք է դարձնում իրական, առարկայական հաղթանակը: Այս տեսանկյունից Թումանյանի այս արժեքավոր ու հանրահայտ պոեմն ստանում է խիստ արդիական հնչեղություն՝ անկախ նրանից, թե բարոյական կամ հոգևոր պարտությունն ինչպիսի դրսևորումներ կունենա:
[1]․ Հովհաննես Թումանյանը ժամանակի գրաքննադատական մտքի գնահատությամբ/1890-1913/, էջ 280:
[2]․ Արսեն Տերտերյան, Երկեր, Եր., 1981, էջ 87:
[3]․ Մկրտիչ Մկրյան, Հովհաննես Թումանյանի ստեղծագործությունը, Եր., 1981, էջ 132:
[4]․ Հրանտ Թամրազյան,Հովհաննես Թումանյան. Բանաստեղծը և մտածողը, Եր., 1995, էջ292-293:
[5]․ Էդ. Մ. Ջրբաշյան, Թումանյանի պոեմները, Եր․, 1964, էջ385: