ՈՒ ՎՐՆՋԱՑԻՆ ՀՈՎԱՏԱԿՆԵՐԸ / Վահան ՍԱՂԱԹԵԼՅԱՆ

Saghatelyan

Մի անգամ քեզ ծառ զգա,
Կացինդ սրելուց առաջ:
Համո Սահյան

Ութսունամյա Առաքել պապը երևանաբնակ տղային ու թոռներին տեսության գնաց և հենց Երևանում էլ մի ամոթալի, մի խայտառակ պատմության մեջ ընկավ:
Երևանաբնակ տղան՝ դիպվածի ողորմածությամբ մեծ փողերի հետ ախպերացած Արգամ Առաքելիչը, հոր անակնկալ այցից խանդավառված, նրա պատվին մի արքայական խնջույք կազմակերպեց ու կանչեց իր ընկերական զարմի գրաճանաչ ու ոչ գրաճանաչ ողջ ընտրանուն: Գրաճանաչ՝ այնքան, որ այբուբենի ողջ գանձարանից երեք տառ ու այդ երեք տառով կազմված մեկ երանելի բառ հատկապես լավ գիտեին՝ փող: Եվ փողով չափագծված երկրային արքայություն: Փողով երևակված դրախտի պատկեր: Ոչ գրաճանաչ… Մեղա՜ քեզ, Տեր… Այս տեսակը նույնիսկ հայոց ոսկեղենիկ լեզվով չի սահմանվում, ու Աստված ինքն էլ նրանց տեսնելիս ամոթից գլուխը թեքում է: Առանձնապես մտածել չսիրող այս տեսակի ուղեղը տևական ժամանակ չօգտագործելուց ջրիկացել, հոսել է բռունցքի մեջ ու դարձել բռունցքի հպատակ. նրանք խփում՝ նոր են մտածում, խփելուց սեփական բռունցքների ցավով են դիմացինի ցավը չափակշռում, ձեռքերը չհասավ՝ քացով են խփում, իրենց զորեղությունը քացու ուժգնությամբ են փառաբանում, ուրիշի ձեռքից նախ խլում՝ հետո են համտեսում… Գիտեն՝ ինչ էլ անեն, ում տունն էլ քանդեն՝ մեղքը փողով հավասարակշռելու են: Փողը, կարծես թե, իր հին վարքով, տգիտությունից պիտի խրտներ ու դեպի խելքը գնար, բայց երևում է կես ճանապարհին ինչ-որ բան փոխս է ընկել, ու բթամտությունն է թամադա կարգվել փողի շքահանդեսին… Եվ վերլուծող մտքի խոհագալարը շիկացել է՝ ինչպե՞ս եղավ, այդ ի՞նչ պատահեց, որ թացն ու չորը էսպես հեշտ խառնվեցին իրար. փողն է՞լ փողով կաշառվեց, թե՞ ժամանակը դուրս թռավ իր խելքի ծիրից… Ինչ էլ լինի՝ եզրակացությունը մեկն է՝ փողի և բթամտության դաշնությունը ամենասարսափելին է բոլոր սարսափելիներից… Թեպետ վերլուծող, գնահատող միտքը յոթ շերտ ծալքով քնած է նրանց մեջ, բայց բնազդի երախով արթո՜ւն են. եթե բախտի ընծան չկտրած ձմերուկ է՝ դանակն իրենց ձեռքում է, եթե կնոջ ստվեր ու իգական բույր է՝ անկախ կարգավիճակից, միանգամից անկողնային գին են սահմանում, եթե խիղճ ու խղճմտանք է՝ իրենց սրտում չէ՝ ուրիշի կրծքի տակ են որոնում, եթե աղոթում են, Աստծուն՝ չէ, իրենց պետերին են աղոթում, եթե Աստծո տաճարում մոմ են վառում, հավատի զորությունից՝ չէ, վախենալուց են վառում, չեն ասում՝ ի՞նչ գիտես, ասում են՝ ու՛մ գիտես… Փողկապները վզներից թուլթուլիկ կախած, իբր՝ էդ անտերը չենք սիրում, բայց թե՝ հասկացեք էլի. շրջապատի տղերք ենք, մեծավորների հետ նստել-վեր կենալ կա, պաշտոնի խնդիր ու պաշտոնավորի տպավորություն կա, և հետո՝ մարդուն հիմա հագուկապով են ընդունում, հագուկապով են մեծարում, իսկ խելքը… Խելքը դամբարանային հիշողություն է, թող ունենան նրանք, ովքեր երազում են դամբարան գնալ… Եվ այդպես՝ անփութորեն պատրաստակամ, գործ ու հոգսից բեզարած, նրանք ընկերոջ ծնողի հետ տեսության գնացին: Ամառանոցի ծոցվոր ծիրանենիների շվաքում սեղաններ գցեցին ու նստեցին տևական քեֆի: «Թամադա,- իրենց կողմից դիպլոմավոր թամադա կարգվածին դիմեց մեջների անհամբերը,- այ մարդ, սոված կոտորվեցինք, դե մի բան ասա, խմենք»:
Նրանք թեպետ բոլորն էլ մի սանրի կտավ են ու հավասարապես բթամիտ, բայց մշտական թամադա կարգված այս «դիպլոմավորի» մասին արժի, որ առանձնահատուկ նշվի. նա այդ կազմի մեջ հատկապես է բթամիտ, որովհետև կարծում է, թե ինքը մնացածներից ավելի խելոք է, քանզի իրեն է վստահված «բարով տեսանքի» վերծանումը… Նա նստեց ու գրեթե շունչ չքաշած՝ նորից ոտքի ելավ. «Առաքել հոպարի բարի գալուստի կենացը,- մունետիկի պես ազդարարեց,- Առաքել հոպարը բարով է եկել»: «Հոպարի կենացը, հոպարը բարով է եկել»,- ձայնակցեց ընկերության համախոհ կազմն ու երեք անգամ բաժակ դատարկեց: Եվ հենց այդ պահից սկսած էլ ջրիկ անորոշության դարպասները կրունկների վրա ետ բացվեցին: «Քեզ լավ զգա, հեր ջան,- հուշեց Արգամը,- էս իմ ախպերությունն է. ինչի որ հասել եմ՝ իրենց օգնությամբ եմ հասել: Դու քեզ լավ զգա, որ իրենք էլ իրենց լավ զգան»: «Լավ կզգամ, ձագ ջան, ես ինձ շատ լավ կզգամ,- ուրախությունը չթաքցրեց ու զոհության փայլով պայծառացավ հայրը:- Քեզ էս շրջապատի, էս հարգանք-պատվի ու ունեցվածքի մեջ կտեսնեմ, բա լավ չե՞մ զգա»: Եվ այդ գոհության փայլը դեմքին էլ խմեց: Խմեց ու ծափերի հետ ներդաշնակ ժպտաց: Քեֆի համար մի տեսակ ամեն ինչ տրամադրող էր. Արագածից հովն իջնում էր թեթև, ծիրանը կաթում էր ծառից՝ ձեռքդ պարզիր ու հենց ծառի վրայից համտեսիր առանց ջանքի, կյանքը կարճ էր ու խմիչքը՝ շատ. քեֆի սանձից փախած բնազդին անմնացորդ տրվեցին ու մինչև լուսաբաց, հալված ուղեղների անտրամաբան տրամաբանությամբ, հոգսութախծի քիթմռութը հիմնավորապես տրորեցին:
Լուսաբացի ցոլցոլուն արևը նրանց դժվարությամբ կտրեց սեղաններից և ուրվականների նման ճոճելով՝ հանգստի տարավ: Բայց արթնացումը խումհարի հոգեմաշ թանձրությամբ օծվեց, ու նրանց մշուշոտ հայացքները, փրկության ելքով, դարձյալ շիշ ու բաժակ որոնեցին: Երանելին դեռ հիշողություն չդարձած երեկվա ցնծության թեժացումն էր, ու նրանք բջջային հեռախոսների մելամաղձոտ կանչով իրար գտան և կեսօրին դարձյալ սեղանների շուրջ հավաքվեցին: Իրենց կանանց անցած օրվա խնջույքի խանձարուրում թողեցին ու մենակ եկան՝ զուտ տղամարդկային քեֆի: «Հոպար, ցավդ տանեմ,- խումհարի մշուշներում անցած օրվա տուտը բռնեցին ու թնդացին միասին:- Կեցցե կյանքը, հոպար,- գոյության առեղծվածը փրփուրի փափկությամբ փառաբանեցին ու իրար վիզ ընկած երգեցին:- Մեր բախտը մեր բռի մեջ է, հոպար, որ պետք եղավ՝ Աստծու մոտ մեր դեսպանն էլ կունենանք,- զրահավորի անխոցելիությամբ պարծեցան ու թաքուն ենթատեքստով ցնծացին. – Ով չուզի մեր լավը…»: Եվ օրը դարձյալ մթնեց ու լուսացավ իրականի և անիրականի անգիտակից հրայրքով:
Ու թե ինչպես եղավ՝ հերթական քեֆերից մեկի ժամանակ, տղերքից մեկը, օրերի վարքուբարքին հարիր տրամաբանությամբ, մի միտք հղացավ. «Կյանքը թիկունքում թողած մարդ է, մեկ հատիկ լավի հետ տասը վատի տակ մեջք է ծռել, վաղը, մյուս օրը… Բոլորս ենք անցավոր… Ասում եմ՝ մի ջահել շիշակ գցենք ծոցը, թող արյունը փոխվի… Մի մաքուր, անմեղ գառ կապենք դեմը, որ դրախտի պատկերը, դեռ դրախտի դարպասը չտեսած, մեջն ամբողջանա: Պատկերացնո՞ւմ եք. ջահել, դեռ չթամբած քուռակ ու ծերունական խաղաղված արյուն՝ գժվելու բան է,- ասաց ու որձաձիու խրխնջոցով որովայնն ի վեր ցնցվեց – խաղաղվեց Հենդոն:- Պապը թող մեծավարի ճամփան բացի, որ մենք էդ դժվար ճամփի վրա չքրտնենք,- և խորքից հրաբխվեց ու դարձյալ խրխնջաց ամռան ցեխաջուրը մտած գոմշացուլի երանությամբ:- Հո չե՞նք թողնելու, որ պապը երաշտի մեջ չորանա,- ասաց,- անձրև է պետք՝ սելավն էլ հետը կբերենք»: Դե որ նույն խելքուվարքի տեր տղերք էին՝ իրար վռազ հասկացան, մի այնպիսի հիացմունքով արձագանքեցին, ասես իրոք դրախտի բանալին էին գտել: Մի առանձնահատուկ լրջությամբ ու կոնկրետ ծրագրով նորածին միտքը հղկեցին, մանրամասնորեն ամբողջացրին ու Արգամին հասցրին:
«Գժվել ե՞ք,- մտքի առաջին շերտում տագնապեց – եռաց Արգամը,- հասկանում ե՞ք՝ ինչ եք ասում, կրակի հետ ե՞ք խաղում»: «Գժություն չի,- ասացին,- մարած կյանքը հեքիաթ դարձնելու ցանկություն է. հեքիաթ, հեքիաթ պապս,- ասացին,- նախշուն քուռակը տակս…»: Եվ հռհռացին՝ «նախշուն քուռակը տակս…»: «Չէ,- ասաց Արգամը,- նետ, մտքներիցդ հանեք»: «Քուռակը նախշուն, պապը վաղուց անկնիկ…,- իրենց նպատակի ծուռծուկալ արահետի վրա ծավալվեցին տղերքը,- քո հերը չի՞,- բազմախորհուրդ ծիծաղեցին, բա դու ո՞ւմ ես քաշել»: «Վերջացրեք,- նրանց մտքի դեմը կոշտ ու վերջնականապես կտրեց Արգամը, դուք լրիվ եք ցնդել, իմ արև»: «Դու գործ չունես,- համառեցին,- դու հանգիստ եղիր, մանրամասն մշակված գործ է, մարդ չի իմանա»: «Հը՞,- կասկածեց Արգամը և նույն պահին էլ սթափվեց,- չի անցնի,- ասաց,- հերս էդ մարդը չի, դուք հորս լավ չեք ճանաչում»: «Հորդ փոխարեն դու մի խոսիր, պնդեցին,- մի բուռ կյանք է, ուրախությունն էլ՝ քմահաճ սիրուհի»: «Հայրս ծերացել է,- խեղճացավ Արգամը,- ծեր մարդուն փորձության չեն տանում»: «Ծերացած ձիերը գարի չե՞ն ուտում»,- սրամտեցին-խրխնջացին տղերքը: «Սատանի ձին եք հեծել,- ժպտաց Արգամը,- հերս էդ ձին նստողը չի, հերս իր ձին Աստծո երամակից է ջոկել»: «Փիլիսոփայում ես,- խուճուճ մտքից կնճռոտվեցին տղերքը,- էդ փիլիսոփայությունը մեզ համար չի. մենք կյանքից ենք խոսում, դու՝ ձիուց ու ձիավորից»: «Կխայտառակվենք,- բարձրաձայն մտածեց Արգամը,- էդ օյինները հորս համար չեն»: «Դու էս գործի մեջ չկաս,- ասացին,- դու բացակա ես»: «Դուք գիտեք,- չհամաձայնվելու նման համաձայնեց Արգամը,- բայց նայեք՝ գլխիս փորձանք չբերեք…»: «Անհոգ կաց,- հանգիստ շունչ քաշեցին-խաղաղվեցին տղերքը,- մենք մեր որոշումներում էդ ե՞րբ ենք վրիպել, որ հիմա վրիպենք»:
Փաստորեն ստացվեց այնպես, որ մի առանձնահատուկ ջանք ու եռանդ պետք չեղավ Արգամին համոզելու համար, Արգամը զարմանալիորեն հեշտ տրվեց ընկերների մութ բնազդների տարերքին ու լածիրակի անխոհեմությամբ հարթ տեղում սայթաքեց: Ինքը նորօրյա բդեշխ ու բդեշխապետ, անսահմանափակ փողերի փայլ ու զորությամբ փետրավորված, տղերքի խելքին ընկավ և իր արևին ուզեց հոր տղամարդկային կորովի շուրջը, վայելքի արքաների վարքուբարքով, հարամների հեշտանքի վայնասունով օծված մի թաքուն, մի տարաշխարհիկ պատմություն հյուսել, բայց պատվախնդրության անլույս խորշում դառնորեն վրիպեց ու ութսունամյա հորը գցեց անպատվության տոլապը…
Իրենցն արկածի թեթև խաղն էր, որ թեպետ իր մեջ թամաշայի ակնկալիք չէր թաքցնում, բայց մի հատուկ լրջություն էլ չուներ: Մտքի թնջուկում այլևս տատանում չեղավ, վճիռը միանգամից ու զվարթ ցնծությամբ կայացվեց: «Իր դժվար ժամանակից համ չառած, բայց դեռ պինդ տղամարդ է, օր ծերության ոսկորները թող մի քիչ ջահել մարմնի հրճվանքով ջերմանան»,- վերջնական որոշումը միաձայն ամփոփվեց: Թեթև որոշումը հեշտ կայացվեց, բուն գործողությունն էր դժվար լինելու, բայց թե անակնկալ փողատեր դարձածը, ամեն բան ու ամեն ինչ է փողով նժարում և փողի թիկունքից է նամուս կոչվածի ծանր խաչին նայում… Արկածի խելքին ընկան… Տնավարի, մտերմիկ անմիջականությամբ նրա շուրջը խմբվեցին, նրա միամիտ գոյությունը սատանայական քոքված աճպարարության մեջ առան ու արկածի ոգին սեղանի ճոխությամբ թևավորեցին: Քաղաքից դուրս եկան, քրիստոնյա խաղաղությամբ ծփացող օրվա հեքիաթի միջով անցան և աչք ու մտքից հեռու մի դրախտում քեֆի նստեցին: Թախծով ու ցնծությամբ շաղախված մի պայծառ ակունք էր բացվել աշխարհի վրա. ծտերը ձեն-ձենի տված մի խառը, անուշ խմբերգ էին զլել ու չափ էին տալիս աշխարհի ալեկոծ հևքին, դուդուկի ծիրանաբույր ոգին քրքրում-քանդում էր դարդ ու թախծի ջլերը, փողի հոտն առած մատուցողուհիների խատուտիկ վտառը խմիչքի գոլորշիներում լողում ու ուռկանավորվելու տենդով էր բռնվում… Ինչ-որ մի պահի տղերքից մեկը երկիմաստ բանաձևեց. «Առաքել հոպար, կյանքը ոտքերիս տակ փռված կանաչ դրախտ է, մենք հո երկնքի հավքի պես վրայից չե՞նք թռչելու: Մենք էսօրվա լույսի տերն ենք,- փիլիսոփայեց,- վաղվա խավարը Աստված ինքը մեզ համար կխտացնի: Եկեք Աստծու գործը Աստծուն թողնենք ու մեր գործով զբաղվենք»: Ու հին օրերի երգը նոր օրերի«մեկնաբանությամբ» երգեց. «Հազար միլիոն փող ունենաս, մահդ եկավ՝ թողնես կերթաս…»: Առատության ոգին սանձած ու անգամ երաշտի չբեր արգանդից առատություն պեղող տղերք էին, հազար միլիոնի տմարդի բնույթը քամուն տալով իրենց համար այդ օրվա հեքիաթն էին հյուսում, և արևամարքի կախարդանքում ինքն իր մեջ վրնջացող քեֆն արդեն կապերը կտրում էր: Եվ երբ դուդուկի մելամաղձը պարեղանակի փոխվեց, տղերքից մեկը՝ մորթիներ վերամշակող արտադրամասերի ետնախորշերում ճարպակալած Գուրգեն Սմբատիչը՝ Չաղ Գուգոն, տեղից թռավ ու ցնծաց. «Հոպար, էսօր եվրոպական ծեսով ենք շարժվելու, էսօր դարդի հերն անիծելու ենք»: Եվ ոտքը գետնին խփեց, որովայնի վերուվար ալեկոծումով ինքն իրեն չափ տվեց և գնաց խենթ ու խելառ պարի…
Այդ օրվա քեֆը մարման փուլ չտանող քեֆ էր, այդ օրվա քեֆի մեջ սատանայի լայն ժպիտը բացվել ու չէր փակվելու. ինչ-որ մի պահի մատուցողուհիների աչքունքի խաղով նրանց մոտեցավ սիրո հին օրերի հրաբուխն ու նոր օրերի կավատուհին՝ տուրևառի ոգին տեղը բերող Քնարը: Սա ցանկասիրության տարփանքով հավերժ կճուճված այն քնարական Քնարն էր, որի մասին ասում էին. «Ննջարանի դուռը երբ բացես՝ վրան օքմին ա թպրտում…»: Անառակության զնդանները թեպետ մարմնական վայելքներով վաղուց էր լքել, բայց ջահել օրերի անվարտիք շեյթանը դեռ կրծքի տակ արթուն էր, դեռ չբորբոսնած կիրքը նոր գույն ու փայլով դեմքին առել, ժպտում էր: Իր նման՝ ձևերով կոտրատվեց, ասաց. «Դրախտի սպասավորը ձեզ ուշադիր լսում է…»: Եվ հուժկու կրծքերի ալեբախ ցնծությամբ քրքջաց: Գուգոն նրա հետ դուրս գնաց: Պապը ելել էր մաքուր օդի: Կավատուհին մինչև աղջկան հասնելը՝ Գուգոյի երևակայությունը գրգռեց, ասաց. «Մատղաշ, անարատ մարալ է…»: Գուգոն աղջկան տեսավ ու վերադարձավ մի քիչ տարակուսած. «Լրիվ երեխա է,- ասաց,- մի տասնվեց հազիվ լինի»: Տղերքը իրար նայեցին: «Բա մեր ուզածն ի՞նչ է, Գուգո,- միասին քրքջացին,- ինչ ուզել ենք՝ էն էլ բերել են, թե՞ դու կարծում էիր՝ Քնարին ենք ընտրելու»: Եվ նորից հռհռացին: «Ախր…,- կմկմաց Գուգոն,- ախր լրիվ…»: «Ախր-մախր չկա,- միաբերան վրա տվին,- մեր որոշումն է՝ մատղաշ, դրախտի ծաղիկ, պապը ուտի ծիծիկը…»:
Քեֆը տարաշխարհիկ վայրագությամբ սանձից փախել ու տրվել էր ապուշության քմահաճույքին և դավադրության ոգին կարիճի պես պոչը ծռել ու պապի միամիտ էությունը կալմեջ էր արել: Հին թագավորներին վայել ծեսով՝ մատուցողուհիների խատուտիկ պարսով պապին «սաունա» ուղարկեցին, իբր՝ ինքն իրեն մի լավ լողանա, և հենց «սաունայում» էլ…
…Տեսիլքն անակնկալ ծնվեց. դուռը խորհրդավոր բացվեց, մշուշներից զատված փերին հուշիկ քայլերով ներս եկավ ու շորերը կրծքին սեղմած՝ պատի տակ անշարժացավ՝ վիշապի վանդակում հայտնված ճագարի պես: Պապը տեսավ ու կարծես չտեսավ, տեսավ ու իրեն զգաց երազի պատկերում. կարծեց իրոք տեսիլք է, աչքերը մի պահ շաղվեցին, գոլորշու թանձրության մեջ կորցրին ու դարձյալ գտան աղջկան: «Մեղա քեզ, Տեր Աստված,- վախվորած խաչակնքեց պապը,- էս իրակա՞ն աղջիկ է, թե՞ աչքիս կերևա»: «Առաջ գնա,- դռան փոքր բացվածքից հուշեց կավատուհին,- շորերդ իջեցրու կրծքերիդ վրայից ու առաջ գնա,- ծերունական ծանրականջությանն ապավինելով է՛լ ավելի բարձր հուշեց կավատուհին,- դե, մի՛ շշմի, առաջ գնա»: Նրա ջանադիր պահվածքից զգացվում էր, որ գործարքը չափից դուրս յուղոտ է եղել: Քիչ էր մնում աղջկա հետևից ներս գնար և տարիների իր փորձով ու հմտությամբ պապի եռանդը անձամբ տեղը բերեր, որ նետաձիգի աղեղը անհրաժեշտ չափով պրկվեր, ու նետը թիրախին հասներ ջահելական պատրանքով… Կավատուհու ձա՞յնը լսեց, աղջկա անվստահ քա՞յլը խճճեց տրամաբանության թելերը, թե՞ սատանայի քրքիջը թռավ իր սրբապիղծ ծիրից՝ պապը խայթվածի նման վեր թռավ ջրի միջից ու գոռաց. «Շորերդ հագի, շուտ…»: Կավատուհին դուռը ծածուկ վրա դրեց ու ստվերի պես անհետացավ:
Պապն ու աղջիկը իրար մեջք արած՝ հագնվում էին: Կյանքը նոր սկսողն ու կյանքի հետ հաշիվները փակածը: «Դու ծնողներ չունե՞ս,- նախատելու պես հարցրեց պապը,- բա դու ամոթ չունե՞ս»: «Հայրս մահացել է,- վախեցած-շնչակտուր զեկուցեց աղջիկը,- մայրս անկողնային հիվանդ է, դեղերը՝ թանկ… ստիպված էի… ես էսօր առաջին անգամ…»,- ու փղձկաց: Պապը լրիվ խենթացավ. ինչ-որ մի անկասելի մղում գոլորշու պես ելավ ու հրեց գլխի կափարիչը: Լարվածությունից ձեռքերը դողում էին, շորերը հագնում ու թարս էր հագնում, հանում ու նորից էր հագնում, բայց իրեն դեռ հունի մեջ էր պահում: Շորերն, ի վերջո, մի կերպ հագավ, շուռ եկավ… Աղջիկը արագ հագնվել, ան­նկատ ծլկել էր: Պապի գլուխն սկսեց պտտվել: Նստեց, շունչ քաշեց ու ելավ: Գնաց դեպի տղերքի «կուպեն»… «Էս էր, հա՞, ձեր եվրոպական ծեսը,- մտավ ու ընթացքից վրա տվեց պապը,- ձեր եվրոպականն էլ, ձեր վարող-վաստակողն էլ, հարամ շան որդիք…»: Ձեռքը գցեց սեղանի սփռոցին, ջահելական թափով քաշեց այդ ծփացող առատությունը, գետնով մեկ ցփնեց ու գոռաց. «Բորենիներ, սադայելի ծնունդներ, բա դուք երեխա չունե՞ք, ծնող ու սրբություն չունե՞ք… Կյանքը ձեզ համար եվրոպական ցիրկ է, ու ես էլ էդ ցիրկի կապիկն եմ, հա՞, շան ծիծ կերածներ…»:
Ինչ ասես ենթադրում էին, բայց դեպքերի նման շրջադարձ՝ ոչ մեկի մտքով չէր անցնում: Արանքը ճղեցին՝ ով ինչպես կարող էր. Չաղ Գուգոն աթոռի վրայից տասնվեց տարեկանի ճարպկությամբ թռավ՝«Վայ, բախտ բաժանող…», Արգամը, ապակուն կպած սառած ճանճի նման, մեջքը պատին հենած անշարժացել էր: Դեմքին գույն չկար, դեմքը՝ մեռելի դիմակ: «Հիմա կբացատրեմ, հայրիկ,- կմկմաց Արգամը,- ես հիմա քեզ ամեն ինչ կբացատրեմ»: «Ինձ մի բացատրի, մորդ շիրիմին այցի գնա ու իրեն բացատրի, թե էդ ո՞նց է լինում, որ ոմանք մարդ ծնվում ու հետո շուն են դառնում,- հունից ելավ հայրը:- Չմոռանաս ասել, որ իր սուրբ կաթը քեզ իզուր է տվել, անամոթ»: Ու ելավ: Արգամն իրեն լրիվ կորցրել էր, վարորդին մոտ կանչեց, ասաց. «Տեր կանգնի, գլխին փորձանք չբերի…»: Ու նստեց մոտակա քարին: Ծխախոտ վառեց:
Պապը գնաց դեպի կանգառը: Ծառի տակ տաքսի էր կանգնած, մոտեցավ, մեքենայի դուռը բացեց ու ծերունավարի նստեց: Վարորդը նրա կողմը շրջվել, հրահանգի էր սպասում: Պապը լռում էր: Վարորդը հազաց: Պապը նրա կողմը շրջվեց, ասաց. «Ինձ տար իմ երկիրը»: Վարորդը սևեռվել՝ ուշադիր նրան էր նայում, հետո ժպտաց, ասաց. «Որտե՞ղ է քո երկիրը, պապի ջան»: «Այնտեղ, որտեղ մարդկանց հոգիները երկնքի պես մաքուր են, աղոթքը՝ աղբյուրների պես զուլալ, որտեղ եվրոպական անվարտիք բարքերի գարշահոտը դեռ չի հասել ու ամոթը դեռ ամաչել գիտի, որտեղ շաքարը շան բերանը չեն գցում ու նամուս կոչվածին որբի տեղ չեն դնում, որտեղ մեծը մեծ է ու փոքրը՝ փոքր, որտեղ մարդը մարդ ու շունը շուն է…»: «Հոգիդ խռով է, պապի ջան,- վարորդը անկեղծորեն ազդվեց,- ո՞վ է քեզ նեղացրել, էդ ո՞ր մի շանորդու մտքով է անցել քեզ նեղացնել: Չնայած հիմա նեղացնողները շատացել են,- մտորելու նման ինքն իրեն լրացրեց,- էգուորձ, շունուգել խառնվել են իրար, ո՛չ ամոթ ունեն, ո՛չ սրբություն…»: «Իմ մեծացրած շունն ու արնամռութ գայլերը, ոհմակով շրջող բորենիները,- վարորդին լրացրեց պապը:- Ես էս բարքերի համար անհետացող ցեղ եմ, տղա ջան, ինձ տար իմ երկիրը: Փող ունեմ, խեղճ չեմ, քեզ առատ կվարձատրեմ,- ասաց ու զանգի նման իր մեջ ղողանջվեց – խնդրեց պապը,- միայն թե ինձ իմ երկիրը տար»: Այդ փխրուն, այդ խոցված սրտի առաջ վարորդը պապանձվել, մտածում էր. աշխարհն էս ի՜նչ վայրենի թափով լրբացավ, էս ինչքա՜ն հեշտ դառավ մարդու անկումը: «Կտանեմ, անպայման կտանեմ, պապի ջան,- խոստացավ վարորդը,- միայն թե արդեն շատ ուշ է. հիմա կգնանք մեր տուն, քո տարիքին տատ ու պապ ունեմ, նրանք էլ քո նման անընդհատ իրենց երկրի մասին են խոսում, կզրուցեք, սրտներդ կդատարկեք, կխաղաղվեք ու առավոտյան ես քեզ կտանեմ քո երկիրը»:
Պապը շրջվեց ու այդ օտար տղային որպես հարազատ թոռան նայեց: «Ապրի արևդ,- երախտագիտությամբ օրհնեց,- երկար արև լինես»: «Գիտե՞ս ոնց կուրախանան իմ տատն ու պապը,- երեխայի պես հրճվեց վարորդը,- հյուր ընդունելու համար խելքերն իրենցը չի»:
Պապի աչքերը տամկացել էին: Դիմապակուց դուրս՝ սլացիկ բարդուն էր նայում: Մի շուն թափով կտրեց անցավ փողոցը: Մեքենան շարժվեց տեղից:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։