Բաց նամակ՝ Ղուկաս Սիրունյանին ՄԱՆԿՈՒԹՅԱՆ ՄՈԼՈՐԱԿՈՒՄ՝ ԵՐԳԻ ԹԵՎԵՐՈՎ / Լյուդվիգ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

xukasՍտեղծագործական դիմանկարի էսքիզներ՝ մանկական նոր գրքի ծննդյան առիթով

Բարև, հարգելի Ղուկաս.
Երբ մտորում էի՝ ինչի՞ց սկսել քեզ հասցեագրված այս բաց նամակը (որի առիթը, այնուամենայնիվ, քո մանկական նոր գիրքն է¤, որտեղից որտեղ հանկարծ կրկին վերապրեցի մեր առաջին համատեղ հանդիպումը Սարի¬Թաղի N 167 դպրոցի սաների և ուսուցիչների հետ՝ մանկապատանեկան գրականության շաբաթի օրերին£ Հիշում եմ՝ հոգիդ միանգամից փառավորվեց, երբ Սասնա ազգային հանդերձանքներով կահավորված սրահում հենց սկզբից երեխաները մեզ ողջունեցին ազգագրական երգ ու պարով, ապա և՝ քո հայրենախոս բանաստեղծություններով£ Ինքդ էլ հին կարպետով ծածկված ու նախշազարդ գորգերով շրջանակված թախտին հպարտորեն բազմած՝ այդ ինքնատիպ միջավայրում ինձ և ներկաների համար ասես ֆիդայի նախնիներիդ նորօրյա տեսապատկերը լինեիր£ Եվ այս բարձրահունչ խոսքերն էլ, իմ բարեկամ, հենց ինքդ էլ այդ օրը նրանց հետ անկեղծ ու ազնիվ զրույցով ի սկզբանե հաստատեցիր, երբ բանաստեղծական զգայացունց բնաբուխ տարերքի մեջ ներառեցիր բոլորին՝ ավանդելով մի հրաշալի «դաս» նախնյաց հիշատակներին, հայրենի եզերքին հավատարմության, մնայուն մարդկային արժեքներով առաջնորդվելու և լավ ու բարի գործերով կյանքում հետագիծ թողնելու մասին£ Այդ օրը՝ երևելի «մեծական» բանաստեղծի, նաև մանուկներին ու պատանիներին հասցեագրված հրաշալի գրքերի հեղինակի` իմ նախապես պատկերացրած քո դիմանկարը լրացվեց նոր էսքիզներով£ Ու թեև երեխաները ներկայացրին քո կենսապատումի ինչ¬ինչ դրվագներ, ինքս էլ նրանց համար վերստին «թերթեցի» ևս մի քանի էջ` սկսելով ծննդավայր Ուջան հանրահայտ գյուղից, համալսարանն ավարտելուց հետո Սևանի Գեղամավան գյուղի դպրոցում մայրենիի ուսուցիչ, մինչև կյանքի ու գործունեության մյուս կանգառները՝ Հայաստանի մշակույթի ֆոնդի աշխատակից, Ռադիոհեռուստապետկոմի մանկապատանեկան հաղորդումների խմբագրության գլխավոր խմբագիր, հայրենի Արագածոտնի մարզային «Կանթեղ» թերթի խմբագիր, ՀՀ պաշտպանության նախարարության լրատվության և քարոզչության վարչության գլխավոր խմբագիր, ապա և՝ Արցախի գյուղական դպրոցի տնօրեն ու մայրենիի ուսուցիչ, հիմա էլ՝ Հայաստանի գրողների միության գործադիր տնօրեն£
Եվ ինձ համար ոչ պակաս հաճելի էր ունկնդիրների հետ միասին անցնել քո ստեղծագործական կյանքի երկու ճամփաներով£ Երկուսում էլ թողել ես մնայուն արժեքներ£ Առաջինը «մեծերի» գրականությունն է՝ սկսած 1977¬ին ծնված «Իրիկուն բարի, դարձիր առավոտ» գրքից, մինչ այսօր շարունակվող ստեղծագործական երևելի ուղի՝ տասնյակից ավելի ժողովածուներով՝ «Ականջօղեր հայրենիքիս», «Վերջին խոսքի պես», «Բաբելոն, Բաբելոն», «Վերջին թվերը»… բոլորը չես թվի… Արդեն ճանաչված երիտասարդ բանաստեղծ՝ 1980¬ին էլ հայտնվեցիր մանկության մոլորակում՝ «Զվարթ ճամփորդներ» գրքով£ Դա ուրախ, բարի հանդիպում էր փոքրիկ ընթերցողների հետ£ Այդ մոլորակում այնուհետ համարյա անընդմեջ շարունակվեցին քո նոր հանդիպումները ոչ միայն հետաքրքրաշարժ բանաստեղծությունների, այլև զվարճալի հեքիաթների, պատմվածքների, մանրապատումների ժողովածուներով՝ «Ճանապարհորդ դեղձենին», «Աստղածաղիկ», «Հեքիաթներ», «Այծն ու կայծը», «Կորած բանալու երգը», «Հայկը և անձրևը», «Տառափնջիկ» (այս գրքի համար արժանացար ՀԳՄ Վախթանգ Անանյանի անվան մրցանակին)£ Ահա այսպես ավելի քան երեք տասնամյակի արգասավոր ճանապարհ մեր մանկական պոեզիայի և արձակի մայրուղում, ստեղծագործական հրաշալի «բերք», որին վերջերս ավելացավ քո նոր՝«Կակտուսի սերը» պատմվածքների ու հեքիաթների ժողովածուն£
Երբ ընթերցում ենք նախորդ գրքերում և այս ժողովածուում ամփոփված քո տարաժանր ստեղծագործությունները, թվում է, թե երգի ու հեքիաթի թևերով մի ուրախ, զվարճալի ու անսահման հետաքրքրաշարժ ճանապարհորդության ենք դուրս գալիս շրջապատող աշխարհում ու քո հերոսների հետ քայլ առ քայլ ճանաչում ենք բնությունը՝ ունկնդիր նրա կախարդական ձայներին, ակնդիր՝ զարմանահրաշ գույներին, հաղորդակցվում ենք բնաշխարհի գաղտնիքներին, կենդանիների, բույսերի խորհրդավոր «փոխհարաբերություններին»£ Սովորական երևույթների մեջ անսովորը տեսնելու-հայտնաբերելու, փոքրիկ ընթերցողներին ոճական պարզ, բայց ներհուն հյուսածքով այն ներկայացնելու մի բնաբուխ զարկերակ է բաբախում քո ստեղծագործությունների «սրտում»£ Երեխայի (ժամանակակից երեխայի) մտածողության ու հոգեբանության նուրբ զգացողությամբ, անսահման երևակայությամբ (չթաքցնեմ, երբեմն չափն անցնում ես) հյուսում ես քո պատումները ու այս պարագայում թերևս մանկական գրող Ղուկաս Սիրունյանին «օգնության ձեռք է մեկնում» ուսուցիչ Ղուկաս Սիրունյանը£ Ախր, քո գրքերի «անշունչ» ու շնչավոր հերոսներն էլ սովորական չեն£ Ո՞վ է լսել, որ դեղձենին ճանապարհորդ լինի£ Իսկ ահա «քո» դեղձենին հենց այդպիսին է՝ քիչ չէ, դեռ բանաստեղծությունների մի ամբողջ ժողովածուի խորագրի «իրավունք է վաստակել»£ Եվ ո՞վ է լսել, որ կակտուսը սեր խոստովանի այն աղջկան, ում ձեռքը պատահաբար ծակել է իր փշով£ Կամ կարո՞ղ ենք պատկերացնել, որ քամին լինի… հավաքարար, կատուն… վարորդ, որ աշխարհի ինչ¬որ անկյունում գոյություն ունեն Կոշիկ և Մաշիկ անուններով քաղաքներ, որ իրար հետ կարող են ընկերանալ այծ ու… կայծը, որ բանալին կարող է… երգել: Եվ այսպես` քանի՜ զարմանալի «հերոսներ» են ապրում քո գրքերում ու իրենց ոչ պակաս զարմանալի արկածներով զվարճացնում և ուրախացնում փոքրիկ, ինչու չէ՝ նաև ավելի բարձր տարիքի ընթերցողներին£ Եվ ճանապարհորդելով քո ստեղծագործության աշխարհում՝ նրանք միաժամանակ, աննկատ, առանց խրատաբանության և անհարկի միջամտության, շատ բան են սովորում, աշխարհաճանաչողության բարի դասեր առնում£ Ահա քո մանկագրական վարպետության գաղտնիքը£
Քո «մանկական ճանապարհը» սկսվել և այսօր էլ առաջին հերթին շարունակվում է… երգի աշխարհով£ Հասկանալի է, քեզ հիմնականում «մեծերի գրող» համարողներից շատերը այդ ճանապարհին թերևս այնքան էլ ծանոթ չեն£ Այս բաց նամակով առաջին հերթին այդ եմ փորձել հաստատագրել, որ դու նաև երևելի մանկագիր ես, և այդ կոչմամբ էլ հպարտորեն ներկայանում ես մանուկ ու պատանի ընթերցողներին£ Թե ինչպիսի պատասխանատվությամբ ես դու ստեղծագործում երեխաների համար՝ վկա երգի, առաջին հերթին՝ հենց նրանց հասցեագրված երգի առաքելության մասին քո «ծրագրային» բանաստեղծությունը.
Երգը թևեր ունի
Քնքուշ ու անտես,
Նա թռչում է, անցնում
Ամեն մի պատնեշ…
Ապա, ծավալվում են խոհերը, բացվում են թևավոր երգի ամենազոր ուժի ակունքները£ Այո՜, երգը «սլանում է սարով, ծաղկից ցող առնում, անցնում է դաշտով, հողից բույր առնում, արևից՝ շող, գետակից՝ կարկաչ, ուրախ խաղում է մեզ հետ բացատում կանաչ»£ Ու այսպես՝ դու հաստատում ես, որ իր«քնքուշ ու անտես թևերով ուր ասես երգը տանում է մեզ», նույնիսկ կենդանիների, բույսերի, ծաղիկների հեքիաթային «ջունգլի¬մունգլի» աշխարհը, ուր այնքան խորհրդավոր, զարմանալի բաներ են տեղի ունենում£ Համա թե երևակայություն ունես, եղբայր, ու այդ «հիվանդությամբ» վարակում ես նաև ընթերցողներին£ Ու նույնիսկ «սուտասելուկներով» փորձում ես հավատացնել, թե խնձորներն ինչպես են երկնքից կաթում («Արջի հեքիաթը»),«անցած ձմեռ բարդին ինչ բերք էր բռնել, ինչ պտուղներ՝ փամփլիկ¬մամփլիկ՝ ամեն ճյուղի վրա՝ լիք¬լիք»£ Փոքրիկը սկզբում ծիծաղում է բանաստեղծ քեռու «սուտլիկ¬մուտլիկ» հորինվածքի վրա, հետո երևի գլխի է ընկնում, որ նա պարզապես իր գիտելիքներն է փորձում ստուգել. բարդին ինչպե՞ս կարող է պտուղ տալ («Բարդու պտուղները»)£ Դեռ ընթերցողներն ուշքի չեն եկել քո հումորային¬զավեշտական պատմություններից, երբ հիմա էլ ծեր, բարի կոկորդիլոսի, դանդալոշ գետաձիու, լեզվանի աղավնու ու թռչկոտող կապիկի հետ նրանց «զվարճալի ճամփորդության» ես տանում օվկիանոսի այն կողմ՝ միասին մասնակցելու գետաձիու թոռան թոռի ծոռան ծոռի հարսանիքին£
Իրականի ու երևակայականի, իրականի ու հեքիաթայինի այս զվարթ տարերքը, որ քո ստեղծագործության ձգողական շարժիչ ուժն է, «Կակտուսի սերը» ժողովածուում ամփոփված փոքրիկ պատմվածքներում, հեքիաթներում ու բնասիրական զրույցներում նույնպես երևակվում է իսկական մանկա­գրությանը բնորոշ շերտերով£ Քո այս գրքի գլխավոր «հերոսները» նույնպես հայրենի բնությունն ու կենդանական աշխարհի բնակիչներն են՝ կարմրատոտիկ Կաքավիկը, որ երեխաներին «Կաքավիկ» երգն է սովորեցնում, նեղացկոտ Իշուկը, որը չգիտեր, որ ձմռանը գարու արտը չեն հնձում, միամիտ փոստատար Կրիան, որ երկու դար հետո մարշալ Նեյի նամակը պիտի հանձնի Նապոլեոն Բոնապարտին, Ջուն անունով մրջյունը, որ իր «լուսավոր» մտքերն է ուզում բաժանել ցեղակիցներին… Գրքում «ապրում» են նաև ուրիշ զարմանալի «բնակիչներ»՝ Պաղն ու Տաքը, Այոն ու Ոչը, Շախը և Մատը… Մի խոսքով, ղուկասսիրունյանական քո այս հեքիաթային աշխարհից դժվար է բաժանվել, որովհետև ժողովածուի վերջին՝ «Դուռն ու լուսամուտը» պատմվածքի նույն երկու «հերոսները» խորամանկորեն փակել էին դուրս գալու ճանապարհը, իսկ բանալին երևի ինքդ էիր թաքցրել£
Դե՜, ինչ, ինձ և ընթերցողներին մնում է կրկին ճանապարհորդել արդեն ծնված գրքերիդ աշխարհում և համբերատարորեն սպասել քո հաջորդ հայտնությանը մանկա­գրության մոլորակում£ Չմոռանաս՝ դուռը բաց պահել… Հուսանք, որ երկար չես սպասեցնի£

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։