ՓՈՔՐՈՒԹՅԱՆ ՃԱՀՃՈՒՄ / ՆԱՆԵ

 

 

Ե՞րբ մեր մեջ սողոսկեց, հետո տնավորվեց ու ամրացավ փոքրության գիտակցությունը, մարմաջը, բացիլը… Ամեն դեպքում, դա ավելի վաղ սկսվեց, քան մեր պարտություններն ու անկումները, որովհետև երբ մեր հոգին ամուր է, երբ մեզ մեծ ենք զգում, երբ մենք ձգվում ենք հասակով մեկ՝ մեզ պարտվել չկա. մենք նախ մեր հոգում պարտվեցինք, փոքրացանք՝ դեռ դիմացինի զենքն անգամ չտեսած՝ զենքին չէինք պարտվի:

Ու չարժե միտք չարչարել՝ հավը ձվից առա՞ջ էր, թե՞ հակառակը. միանշանակ է՝ անկումը չէր մեր փոքրության պատճառը: Պարզապես, անփույթ եղանք, միամտվեցինք, գուցե մեծամտացա՞նք՝ իսկապես ոչինչների, իսկապես փոքրերի, խարդախների, ճիվաղների, ավելին՝ ոչմարդկանց համար պաշտպան ու թիկունք կարծեցինք մեզ ու դարձանք՝ թշնամի և տկար իրարից չտարբերած… Մեր հոգու ու տան դռները մինչև վերջ բացեցինք շուն ու գելի, զավթիչի քաղցր-մեղցր լեզվի առաջ ու մեկ էլ մեզ գտանք ոտուձեռ կապկպված՝ ինչպես Գուլիվերը թզուկների կողմից, իսկ փոքրը, պուճուրը, ոչինչը մեր տան վերին գլխին բազմեց ու մնաց՝ քիչ առ քիչ մեզ դուրս մղելով մեր հող ու տնից:

Ու կամավոր փոքրությունը գնալով տիրեց մեզ, դարձանք շփոթահար, գլխիկոր, ու քանի որ եզրահանգումներ անելու հետ էլ գլուխ չունենք, շարունակեցինք նույն ոգով, նույն սխալների նույն թակարդներում ավելի ու ավելի խճճվելով… ազգովիիիի՜…

Հետո, մեր թողտվությամբ, օգնությամբ հսկայացած պուճուրների դեմ անզորության գիտակցումից, մեր մաղձն ու չարությունը մեկմեկու վրա թափեցինք՝ արյունակցի ու հարազատի վրա… փոքրի՜ պահվածք՝ կողքինին ավելի հեշտ է վնասելը, վտանգները մեծ չեն, ուժերն էլ հիմնականում հավասար են… Ահա այդքան փոքր էինք այդուհետ…

Ու հենց արյունակցի դեմ հակառակության մեջ սկսվեց անհատի, ես-ի մեծ լինելու բաղձանքի կյանք դարձնելու կռիվը, ազգային ես-ը վերափոխվեց մարդ-անհատի ես-ի վտանգավոր ուռճացմանը. թշնամուն թողած՝ մարտադաշտը մեր տան մեջ բացեցինք:

Մասնատվեցինք, բաժան-բաժան դարձանք՝ մի քանի թագավոր, մի քանի երկիր, մի քանի ճանապարհ: Ու թուլացանք, փոքրացանք ավելի ու ավելի: Թշնամուն էլ այդ էր պետք….

Իսկ օտարի հանդեպ վախը, քծնանքը, խեղճությունը դարձավ օտարամոլություն, օտարապաշտություն, մինչդեռ անունը հյուրասիրություն, հյուրընկալություն դրեցինք և նորից՝ տեսեք ինչ լա՜վն ենք՝ սիրեք մեզ… ու շարունակվեց մուրացիկի պես ափներս առաջ պահած սեր մուրալը:

Աստծո հրաշքն էր միայն մեր հատված ճանապարհը մեկ էլ բացում, որ շարունակվենք… ու շարունակվեցինք:

Փոքրացանք… ու երանությամբ, անգամ հպարտությամբ սկսեցինք աջ ու ձախ, ասես որպես ազգային «բրենդ» բարձրաձայնել, մեզ ավելի խոսքուգիր անել՝ «մի բուռ ազգ ենք», «փոքր ազգ», «փոքր երկիր» ենք. կնքեցինք մեր ճակատին անմիտ բարբաջանքը ու ավելի փոքրացանք հողով, ժողովրդով, հոգով, ճակատագրով: Փոքրությունը սովոր հուն դարձավ… ու բնական է՝ տեր կանգնեցինք նաև նրա մյուս ուղեկիցներին՝ օտար տեր փնտրելուն, բողոքով, աղերսանքով միայն հարցեր լուծել փորձելուն: Մեզ թողած, հառվեցինք հեռու-մոտիկ օտարներին. «Հասեք, փրկեք, խղճացեք, տեսեք ինչ լավն ենք»: Ջունգլիների այս խառնամբոխում չեղած բան՝ արդարություն պահանջեցինք, մեր ուժն ու ժամանակը վատնելով՝ քամիների դեմ կռիվ տվող Դոն Կիխոտի պես, ու դրա համար միշտ իրական հարվածների դեմ անպաշտպան եղանք:

Ամենաերկար ճանապարհ անցածներս, ամենահինն ազգերից, այդպես էլ չմեծացանք ու կաթնակեր մանուկ մնացինք. դրա համար հովանի ենք փնտրում, մեր շուրջը մեզ տեր կանգնողների ենք փնտրում, ու մեր բախտին այլք են տեր ու տնօրեն դառնում…

Մեծ ու փոքր ամբիոններից, գյուղամիջյան խոսքուզրույցներում քննարկումը թեժանում է մեզ քիչ կամ ավելի «սիրողների» շուրջ, ո՞ւմ փեշը բռնել որպես մի անզոր երեխա, ո՞վ մեզ մայրություն կանի: Մինչդեռ աշխարհում՝ թեկուզ ժպիտների ետևում, միայն բռունցքներով ու ժանիքներով են հարց ու գործ գլուխ բերվում: Ի՜նչ սիրելու մասին է խոսքը, ո՞ր ազգն է մյուսին սիրում, լավագույն դեպքում կարելի է համակրել, հանդուրժել, համախմբվել ընդհանուր շահերի շուրջ և ոչ ավելին։ Այդ անմիտ «ավելի»-ից են սկսվում ազգային հիմքերի խարխլումը, օտար հովերի, ապա փոթորիկների ավերը տան ներսուդրսում: Ամեն ազգ ու ժողովուրդ գիտի, որ նախ սեփական գլուխը պահելու, սեփական ողնաշարն ու բերդը ամրացնելու վրա է պետք կենտրոնանալ՝ ամեն գնով:

Շարունակվեցինք անղեկ, անծրագիր… Հրաշք է, որ Ծովից-ծով Հայաստանի երազը մնաց, բայց դա կարգին երազ էլ չէր, որովհետև երազն առանց նպատակ, ապա նաև՝ ծրագիր դառնալու չի լինում, իսկ մեզ մոտ այն այդպես էլ մնաց՝ ուղղակի գլուխգովիկություն որպես: Իրականում մենք երազելն էլ թողեցինք, կտակեցինք այլոց՝ մեր հողերի թալանով հիվանդներին: Նրանք երազեցին ու հասան, հող չունեին՝ հողի տեր դարձան… նրանցը «որտեղ ոտքդ դրեցիր՝ արդեն քոնը համարիր, քո լեզվով ու անունով կնքիրն» է։ Եվ ի ծնե փոքրերը մեծ շնչառությամբ, մեծի թափով մեծ ճակատագիր կերտեցին մերի հաշվին:

Իսկ մենք՝ Աստծուց մեր հողը, մեր լեզուն, մեր ընթացքն ստացած, հազարամյակների ընթացքում այդպես էլ չհասկացանք, թե երկիրն ինչպես են պահում: Երբ օտարները ուրիշինը վերցնելու դժվար գործն էին գլուխ բերում, մենք ընդամենը պահպաններ լինելու ու պահպանության ձևը գեթ մշակելու հավեսը չունեցանք, թուրքն իր անունո՞վ կնքեց մեր հողը, հա՛, ի՜նչ է եղել, տարբերությունը ո՞րն է. Արցախ չլինի՝ թող Ղ… լինի: Ու հայհոյանք հիշեցնող թրքաբառերը մեր շուրթերին առանք: Այդպես որ գնանք, կհասնենք՝ Հայաստան չլինի՝ Արևմտյան Ա… թող լինի… Ի՜նչ է եղել…

Փոքր բան կարծեցինք այդ պարտությունները, մերը մեեե՜ծ, շատ մեծ կռիվն է՝ Սարդարապատ, Ավարայր. երբ մեծ փողերը հնչեն՝ նոր կարթնացնեք, ու տեսեք, թե …

Իսկ մեզ ավելի շատ փոքր, աննշան թվացող, խաղաղ ժամանակների հաղթանակներով ծնկի բերեցին՝ թուրքը, ազերին, գլոբալիստները, ռուսը, մեր մեջ խցկված հայի ազգանունով օտար գործակալները, հետո արդեն… բոլորը. ամենաանատամն էլ, կորացած մեջք տեսնելով՝ քացի տալու ցանկությունն է մեջն արթնանում ու առյուծ է կտրում:

Բայց հայի ոգին ու հայի Աստվածն ամեն բանից վեր են: Թե չէ այսքան դարավոր, բայց և մանուկ ու կաթնաշուրթ, Դավթի պես մանկամիտ ու շիտակ ազգը ո՞նց գոյատևեց, հարատևեց խարդավանքների թոհուբոհում, գայլամռունչ դարերի մեջ:

Միայն թե Աստծո համբերությունը բավ է փորձենք: Օր առաջ, րոպե առաջ, ակնթարթ առաջ պետք է սկսենք փոխել մեզ, մեծանալ, հասունանալ, ազգային ծրագրով ու գիտակցությամբ առաջնորդվել, Հայ Տան ամրության հոգսով քնել ու արթնանալ: Երկրի գոյատևության կարևոր հիմքերից են՝ նրա հզորությունը, մեծությունը, բնակչության մեծաքանակությունը: Եվ այդ ինչպես է, որ միշտ մեր ընտրած առաջնորդները այդ հասարակ բանը չեն հասկանում: Մենք չգիտենք առաջնորդ ընտրելու այնքան պարզ հրամայականը՝ ամենաիմաստունը, ամենամաքուրը, ամենաազգասերը, ամենա-ն, որը հատուկենտների մեջ է լինում:

Մենք ընտրելիս առաջնորդվում ենք մեր հոգու թաքուն երազանքով, փոքրի՛ երազանքով՝ թող սրիկա լինի, աչքաբաց լինի, թալանչի լինի, որ կողքին ապահով զգանք, իսկ նա գալիս ու իր թալանն ու սրիկայությունը հենց քո գլխով է տալիս, իսկ նա գալիս ու…. պետքն էլ չէ քո երկրի այսօրն ու ապագան. այդպիսիները ազգ ու երկիր չեն ունենում, նրանցը փողն է, ու թե՝ ով ավելի շատ կտա իր ձեռքն ընկած «ապրանքին»:

Հերիք չէ՞ այդ փոքրության կաղապարում շագրենու կաշվի պես կծկվենք ու կծկվենք… Իրականում այդ մե՛նք ենք մեծը՝ ոգով, առաքելությամբ, Բարձրյալի կնիքով ու մկրտությամբ….

Այսօր Արցախում մեր հերթական քննությունն ենք բռնում. մեր մեջ թերևս մեծի գիտակցությունն իր մեջ ավելի արցախցին է պահել ու պահում. սովորենք հայի այդ, դեռևս անխաթար ակունքից, կանգնենք մեկս մեկի թիկունք թիկունքի, կռիվ տանք ամեն մի թիզ հողի համար, ամեն մի հայի՛ համար, միավորվենք, ամրանանք՝ մեր հույսը նախ մեր ու մեր Աստծո վրա դրած:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։