ՇԱՏՐՎԱՆ, ՈՐ ԲԱՐՈՒԹՅՈՒՆ է ՑՈՂԱՇԱՂՈՒՄ ՄԱՐԴԿԱՆՑ / Լյուդվիգ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Լյուդվիգ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Բան. գիտ. դոկտոր

 

ՓՈՔՐԻԿ ԲԱՑԻԿ՝ ԳՐԱԽՈՍՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՐԵՆ

Կա այդպիսի զարմանալի շատրվան։ Չե՞ք հավատում, ձեռք բերեք մանկագիր Օլգա Դարյանի վերջերս լույս տեսած «Բարու շատրվան» գիրքը և կիմանաք, որ «ջրի վրա մի հսկա կետաձկան» և «ջրի տակ սուզանավի» նմանվող հեքիաթային շատրվանը ոչ միայն գոյություն ունի, այլև «բարություն է ցողաշաղում մարդկանց»։ Ես վաղուց ծանոթ եմ Դարյանի մանկաշխարհին՝ նրա այն ստեղծագործություններին, որ պարբերաբար տպագրվում են «Ծիծեռնակ» ամսագրում։ Տարիներ առաջ, հենց «Ծիծեռնակի» խմբագրությունում էլ ծանոթացանք, և նա ինձ նվիրեց իր առաջին՝ «Տարվա գորգերը» փոքրիկ ժողովածուն։ Ուշացումով է ծնվել այս «Շատրվանը», բայց նրանում ավելի գունագեղ են երևակվել բնաշխարհի ծաղկանկար «գորգերի»՝ իրար հաջորդող եղանակների զարմանալի այլափոխությունները։ Եվ այս նոր ժողովածուն ավելի խորքային և թեմատիկ բազմազանությամբ է ներկայանում ընթերցոդներին՝ երեք բաժիններում ներառված հեքիաթներով, պատմվածքներով, բանաստեղծություններով, բոլորն էլ նույն հասցեագրումով՝ մանկական։ Զվարթ մթնոլորտ՝ ուսուցողական-ճանաչողական, բայց ոչ խրատաբանական «դասեր»՝ երեխաների մտածողությանն ու հոգեբանությանը բնորոշ գույներով ու ձայներով և՝ պատկերավոր խոսք, շրջապատի ծանոթ երևույթները արտահայտիչ ու նորովի ներկայացնելու, զարմանք հարուցող նրբերանգներով, երևակայության թռիչքներով փոքրիկ ընթերցողների ուշադրությունը գրավելու ունակություն։ Երգող շատրվան. այո՛, լինում է, բայց մարդկանց բարություն բաժանող շատրվան՝ երևակայություն է պետք։ Երկնքում ձիո՞ւկ, մի՞թե դա հնարավոր է։ Այո՜, եթե այն ամպե ձիուկ է։ Երգեր ունեն և՛ ամառը, և՛ քամին, և՛ ձյունը։ Միայն թե ականջալուր պետք է լինել։ Մի դեպքում՝ փոքրիկ ընթերցողը պետք է «գործի դնի» երևակայությունը, մյուս դեպքերում՝ ունկնդիր լինի շրջապատող աշխարհի ձայներին կամ ուշադիր նայի ամպանկար երկնքին, և ամեն ինչ հասկանալի կդառնա, և զարմանքով կիմանա «հասարակ» ճշմարտությունը, որ «արշալույսի և մայրամուտի պահապանը… արևն է»։ Մի խոսքով, Դարյանի և՛ հեքիաթներում, և՛ պատմվածքներում, և՛ հատկապես բանաստեղծություններում առկա են իսկական մանկագրությանը յուրահատուկ հայտանիշներ՝ երևակայություն, զարմանք, պատկերավոր խոսք, արտահայտչական այլ միջոցներ։ Միայն այս ամենին զուգահեռ՝ կա անհետևողականություն հանգավորման հարցում, ինչը խաթարում է բանաստեղծության ներքին երաժշտական ռիթմի հնչողությունը։

Բայց էականն այն է, որ Օլգա Դարյանը փորձում է իր ինքնատիպ ձայնը հնչեցնել ժամանակակից հայ մանկագրության համանվագում, ուր մնայուն արժեքներ են ստեղծում Անուշ Վարդանյանը, Սաթենիկ Ղազարյանը, Գոհար Գալստյանը և այլք։ Հավատում եմ, որ նա հաջորդիվ կշարունակի «Բարու շատրվանի» բարի ավանդույթները և փոքրիկ ընթերցողներին կառաջնորդի երևակայության, զվարթ տարերքի, պատկերավոր խոսքի ճամփաներով։

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։