Տասը տարի առաջ «Գրական թերթի» 2013 թ. մարտի 8-ի (№ 6) համարում լույս է տեսել հոդվածս՝ վերնագրված Միխայիլ Դուդինի՝ Լևոն Մկրտչյանին նվիրված բանաստեղծության տողերով. «Եվ Լևոնի երազի մեջ Արարատն եմ տեսնում»: Հոդվածը գրել էի Լ. Մկրտչյանի 80-ամյակի առիթով: Անցավ ևս մեկ տասնամյակ: Իմ հոգու պարտքն է արձագանքել և նրա 90-ամյա հոբելյանին: Սակայն մտորումների մեջ էի: Չէի ուզում կրկնել ինքս ինձ. փաստորեն, 10 տարի առաջ աշխատեցի ներկայացնել Լևոն Մկրտչյանի գրականագիտական, գրական աշխատությունների (վաստակի) համարյա բոլոր էական գծերը: Եվ որոշեցի «Գրական թերթի» համար անել մի փոքր «ծաղկաքաղ» 1999 թ. լույս տեսած մի գրքից՝ վերնագրված Մ. Դուդինի նույն խոսքերով: Իսկ ենթավերնագրում նշված է. «Լևոն Մկրտչյանը իր բարեկամների հոդվածներում, կարծիքներում, նամակներում, բանաստեղծություններում» («Նաիրի» հրատ., կազմող և խմբագիր՝ Արշակ Մադոյան): Ներկայացնեմ ընթերցողին մի քանի հատված այդ գրքից:
Մագդա ՋԱՆՓՈԼԱԴՅԱՆ
Վիլյամ Սարոյան Լևոն Մկրտչյանը մեծ էրուդիցիայի տեր գիտնական է և պարզապես հաճելի մարդ, տխուր պատմություների ուրախ պատմող…
Կորնեյ Չուկովսկի Մկրտչյանին ես նախանձով էի կարդում. մտացի է, շքեղ, համոզիչ, լակոնիկ: Այսպես պետք է գրել բանաստեղծների մասին, ես չէի կարող ավելի լավ գրել: (Վ. Զվյագինցևային հղած նամակից, 1965)
Լև Օզերով «Սա Հայաստանն է» գրքի խմբագիրն ու կազմողը, ինչպես և նախաբանի հեղինակը Լևոն Մկրտչյանն է: Գրքում ցույց է տրված, թե ինչպես քսաներեք ռուս բանաստեղծներ իրենց հոգու հատակից հանել և մեզ են նվիրել Հայաստանի կերպարը: Ընթերցելով և վերընթերցելով այս գիրքը, շնորհակալության զգացումով եմ լցվում Լևոն Մկրտչյանի հանդեպ, որը հայտնի է հայկական և ռուսական բանաստեղծական խոսքի, բանաստեղծական թարգմանության արվեստի պրոպագանդման աշխատանքով: Ջերմորեն գրված նրա նախաբանում կան շատ նուրբ դիտողություններ: (1967)
Համո Սահյան Պարզ ու պատկերավոր լեզուն, շիկացած անմիջականությունը, մտերմականությունն ու պաթոսը, նյութի ակադեմիական իմացությունը, այդ բոլորի միասնությունը «Հայ պոեզիան և 19-20-րդ դարերի ռուս բանաստեղծները» գիրքը դարձնում են մի նոր արժեքավոր ավանդ մեր գրականագիտության մեջ: (1968)
* * *
Լևոն Մկրտչյանի հետ քսանամյա իմ բարեկամությունն ինձ բերել է այն հավատին, որ նա աշխարհ է եկել մարդկանց նվիրվելու և միշտ մի բան նվիրելու առաքելությամբ: Բարեբախտաբար այդ հավատը իմ մենաշնորհը չէ, այլ հավատն է բոլոր նրանց, ովքեր ինչ-որ չափով առնչվում են գրականության հետ:
…Ծանր ու ծանրակշիռ է Լևոն Մկրտչյանի վաստակը մեր մշակույթի մեջ: Փայլուն առաջաբաններով ռուսերեն հրատարակել է հայ միջնադարյան պոեզիա, նորագույն պոեզիա, Նարեկացի, Քուչակ, Երզնկացի, «Սասնա ծռեր», որի առաջաբանը իր նոր վերծանումներով նոր խոսք է հայագիտության կորիֆեյներից հետո… (1983)
Միխայիլ Դուդին Լևոն Մկրտչյանը սիրում է իր Հայաստանը և կարողանում է
մարդկանց հոգիները սիրահարեցնել նրա պատմությանը, նրա այսօրվան և վաղվա առավոտին: Նա Հայաստանի բարեկամներ պատրաստելու դասական կարգի մեծ վարպետ է: Եվ այդ «դասընթացը» նա զարմանալի արվեստով է անում:
Լևոն Մկրտչյանը տաղանդավոր է և՛ իբրև մարդ, և՛ իբրև գիտնական, և՛ իբրև գրող: Նրա հոգու այս հատկությունները, միանալով արտասովոր հաստատակամությանն ու կամքին, նրան թույլ են տալիս արժանապատվորեն կատարել այդ դժվարին գործը: Ես նրա ջանքերի շնորհիվ եմ ծանոթացել Գրիգոր Նարեկացու՝ այդ մեծ հայ բանաստեղծի հետ, որն իր «Մատյանով» արժանի է համաշխարհային փառքի:
Լևոն Մկրտչյանի կողմից հրատարակության պատրաստված գրքերի շնորհիվ (իսկ դրանց առաջաբաններն ու ընդարձակ ծանոթագրությունները դարձյալ ինքն է գրել) ես ճանաչեցի հայ դասական պոեզիան… (1983)
Չինգիզ Այթմատով Չմտածես, թանկագի՛ն Լևոն, թե ես պարապ ժամանակ եմ վատնել։ Ես կարդացել եմ «Ողբերգության մատյանը» և աշխատել եմ ինձ պաշտպանել անբասիր Նարեկացուց ի տես լիակատար ջախջախումից: …Չգիտեմ, Լևո՛ն, ինչպես երախտապարտ լինեմ քեզ, որ ուղարկել ես ինձ այս գիրքը: Բայց ես առավել ևս շնորհակալ եմ քեզանից «Ողբերգության մատյանին» կցած առաջաբանիդ համար: Եթե ասեմ, որ հաճույք ստացա առաջաբանից, ապա դա քիչ կլինի: Դու իմաստուն ես, Լևո՛ն և շատ բանով բացիր իմ ասիական աչքերը: (5.02.1978)
* * *
Լևո՛ն, սիրելի՛ս, դու այնքան բան ես անում հայոց հին գրականության վերածննդի ու փառաբանության համար, որ Աստված տա ամեն ժողովրդի այսպիսի որդիներ, ինչպես դու ես: Ահավասիկ այս անգամ դու ուղարկել ես Դավթակ Քերթող, որին դու կարծես վերստին վերածնեցիր այլալեզու ընթերցողների համար և մասնավորապես ինձ համար հայտնագործություն արեցիր:
Տղամարդու այս ողբի մեջ ողբերգությունն ու ոգու վեհությունը միաձուլվել են անկրկնելի բանաստեղծության միասնական հորձանքում: Շնորհակալություն Քերթողի համար: (12. 11.1986)
Միկոլա Բաժան Թանկագի՛ն Լևոն Մկրտչյան, պատկերացնել անգամ չեք կարող, թե որքան հրճվանք, հիացմունք և Ձեր նկատմամբ խորին երախտագիտություն առաջացրեց իմ հոգում Ձեր թանկագին նվերը: …Քուչակը հիանալի հրատարակություն է, սակայն Նարեկացին ինձ համար եղավ իմ հոգու առավել նշանակալից և կարևոր հարստությունը: Այո՛, Դուք շատ նշանակալից գործ եք կատարել, նշանակալից ոչ միայն հայոց հին գրականության անկրկնելի արժեքները ժողովրդականացնելու, այլև ամբողջ մարդկության գրականության համար, գոնե այն միլիոնավոր մարդկանց, որ կարող են կարդալ ռուսերեն: ( 22.11. 1977)
Սերգեյ Սարինյան Լևոն Մկրտչյանը ճանաչված գրականագետ է և միանգամայն տարբերակված իր ոճով ու նախասիրություններով: Գրական գործը նրա համար միաժամանակ անձնական գործ է: Մշտապես շարժման մեջ, նա գտնում է ամենօրյա իր զբաղմունքը գրական ասուլիսներում, հարցազրույցներում, գիտաժողովներում, միութենական ու միջազգային հավաքույթներում, որոնք նրա գրականագիտական հետազոտությունների ժանրային կազմը հարստացնում են դիմանկարներով, ուղեգրություններով, էսսեներով, դրանով իսկ նպաստելով մեր գրական կյանքի բովանդակության հարստացմանը: (1978)
Ելենա Նիկոլաևսկայա «…Գիրքը՝ մարմնիս, իսկ խոսքը՝ հոգուս փոխարեն»,- այսպես է ասել Գրիգոր Նարեկացին իր «Մատյանում…»: Իսկ ես համարձակվում եմ այդ խոսքերը կրկնել Լևոն Մկրտչյանի պոետական բարձր արվեստով գրված գրքերի մասին, որոնցում նա մեզ պատմում է իր կյանքը՝ ինչպես եղել է ու կա, ինչպես ապրել է ու ապրում է… (1979)