Արմատների ու վերերկրային անհունների հետ խոսող միմեսիսի անսովոր քրմուհին / Կարեն ՎԱՐԴԱՆՅԱՆ

Դեռևս անցյալ դարի իննսունականների սկզբներին եմ ծանոթացել Դարիկո Խաչատրյանի պոեզիային, երբ ռադիոեթերում աշխատելու տարիներին հնարավորություն ունեցա ներկայացնելու նրա՝ գրական մամուլում տպագրված, նաև դեռ անտիպ ստեղծագործություններից. չափածո, ապա՝ արձակ գործեր:
Հատուկ գնացել էի Գրողների միություն: Ուզում էի նոր, տաղանդավոր անունների ու նրանց ստեղծագործությունների մասին իմանալ: Հովհաննես Գրիգորյանին հանդիպեցի: «Գրական թերթ»-ը ներկայացրել էր երիտասարդ ու շատ խոստումնալից Դարիկոյի գործերից: Գրիգորյանն էր, որ առաջարկեց ուշադրություն դարձնել, «Գրական»-ի օրինակը տվեց: Եկա ռադիոտուն ու բացեցի թերթը:
Առաջին տպավորությունն էր՝ անսովոր ձեռագիր ունի:
Հիմա անցած ժամանակին հայացք ձգելով՝ համոզվում եմ, որ այդ անսովորությունը պահպանվել է. ստեղծագործական բնականոն զարգացման բերումով,- բարեբախտորե՛ն, քանզի զարգացում բոլոր դեպքերում չէ, որ նկատում ես, առավել ևս՝ բնականոն,- աշխարհընկալման՝ իրեն, մարդուն, երևույթները հասկանալու, արժևորելու, պոետական շեշտադրումներ անելու ու դրանք իր գրով բարձրաձայնելու մեջ առավել խորացել, արմատները պնդացել, հարստացել, բազմերանգ է դարձել:
Ասվածի լավագույն վկայությունն ահա «Արտացոլք»-ն է: Գեղարվեստական ստեղծագործությունը մարդկային իմացության յուրօրինակ խտացումն է դառնում, երբ խոսում է մարդու հոգու ու սրտի հետ, երբ ասելիք ունի, երբ, տվյալ դեպքում՝ ընթերցողին ավելի խորքային հայացքով մարդուն ու աշխարհը նայելուն է մղում:
«Արտացոլք»-ի մեջ երևացող բոլոր ստեղծագործություններն իրենց ներքին մղումն ունեն ու բերում են իրենց՝ զուտ խաչատրյանական փիլիսոփայությունը:
Չբացատրվող, չմեկնվող երևույթ. այստեղ յուրաքանչյուր բանաստեղծության փիլիսոփայություն քոնն է դառնում, երբ ընթերցում ու, մանավանդ, վերընթերցում ես: Հնարավո՞ր է սրան բացատրություն գտնել: Կարիք կա՞ արդյոք:
Մնում է միայն փաստել և ուրախանալ, որ մեր օրերում հազվադեպ հանդիպող երևույթի ականատեսն ու ընթերցողն ենք, ուրեմն՝ նաև վկայողը. բարձր խոսքարվեստի, պայծառ մտքի, սրատես աչքի ու սրտացավ հոգու առինքնող ուժն է այստեղ… Սա, թերևս, ամենաթանկ գնահատականն է ստեղծող, արարող մարդու գործի:
Այդպիսին է Դարիկո Խաչատրյանի պոեզիան իր ընդհանրության մեջ,- սկզբնական փուլերից սկսած ու հատկապես այսօր՝ հասունացած ասելիքով, բառը ճիշտ տեղում ու դիպուկ գործածելու հանգամանքով պայմանավորված՝ իր ետևից տանող հզոր ալիքով,- որի թափին տրվում ես հոժարակամ ու չես զղջում, քանզի խորտակման չէ, որ տանում է այդ թափը, այլ՝ մաքրման, ազնվացման, ազնվականացման,- բառարվեստի գրավող մղումով, տողից տող ավելի մեծացող հարազատության զգացողությամբ, հիշվող ու մտորելու, իմաստավորելու, երբեմն՝ թվացյալ ակնհայտը վերաիմաստավորելու տրամադրող: Պարզ պատկեր – ցանկությունն անգամ հեղինակի մոտ արտահայտման ուրույն կերպ ու միջոցներ է գտնում.
Դարը կանցնի՝ մերթ սողալով, մերթ ճախրելով անխորտակ,//Մերթ պարպելով խարխլումը ըմբռնումի երկնի տակ,//Մերթ պարպվելով ինքն իր մեջ՝ կրակնահար, հուսահատ,//Մերթ էլ դեմքը թաքցնելով արհավիրքում կարծրածածկ։//Խաչքարերը կշատանան, խռով հողը կակոսվի,//Համբերության հույս – աչքը կույր՝ պայծառ լույսից կբացվի,//Հոգնած հոգսից աստեղային, մի նրբամաշկ ընթերցող//Ձեռքը կառնի գիրքն իմ փոքրիկ ու կկարդա սրտադող… («Կտակ»)
Խորհելու մղող զուլալությունն է Դարիկոյինը, մտածելու, ունեցածը գնահատելու առիթ տվող լույսն է, բառի հարգն իմացողի մաքրությունը, հարազատի ջերմությունն է Դարիկոյինը: Ամենակարողն իր բազում կարողություններից բառակախարդանքի մեծ շնորհքը այս հայուհու սրտի ու հոգու մեջ էլ կաթեցրել է, Իր՝ Ամենազորի «Բազումք են կոչեցեալք, և սակավք ընտրեալք» ոսկե, բայց ժլատ կանոնը չխախտելով հանդերձ՝ արժեք ու արժանիք բառի, տողի, ասելիքի, թեմայի կրողի ճակատն անպայման համբուրել է ու արձակել իր վճիռը՝ արարի՛ր:
Դարիկո Խաչատրյանի արարումները յուրօրինակ երաժշտականություն ունեն: Բառերով գրված մեծածավալ սիմֆոնիաներ լինեն ասես, անգամ ծավալով ամենափոքրերը՝ մի քանի տողով երևացող խտացվածները, բյուրեղացվածերը: Ինքնատիպ, հոգու խորքերից մինչև տիեզերական անհունները սուրացող խոսքի լուսավոր երաժշտություն ունեն դրանք: Խնդրեմ, լսե՛ք.
Ցայգալույսի մեջ լվացք եմ անում՝//Բառերի՜ լվացք։//Ո՞ւմ պարանին եմ այն չորացնելու։ -//Հավքերի երամն ինձ պարան ընտրեմ,//Բառերս կախ տամ արևի լույսին՝//Ոսկեղե՜ն, մաքո՜ւր…//Այնպե՛ս եմ ուզում, որ օրը լինի՝//Բարի՜ և ավետաբեր,//Լինի կաթնագույն, լի մեղրամոմով //Ոսկե պարսերի,//Բառից խելագար լույսը վրնջա՜,//Ծառս լինի քամին,//Փոշին ամպերի հեռուներ քշվի//Հավքերի թևով,//Երանելության դարպասը բացվի//Ու… երգի հավքը՝//Հազարան հավքը իմ երազների…
Կամ՝
Քո խորքերից ես պեղում եմ//չխորտակված առագաստներ,//որ աչքերս չդատարկվեն…
Կամ՝ սա՛ լսենք.
Ծնվեցի սկիզբն ու վերջը//միաժամանակ տեսնելով//ու չունեցա իմ ժամանակը
Հեղինակն այստեղ ոչ մի կետադրական նշան չի գործածում, այո՝ ո՛չ մի: Տրամաբանական ու խորհրդանշական է՝ իբրև հենց անժամանակի խորհրդանշում. չգիտես՝ սկիզբ ունի՞, ընթացք ունի՞, դադար ունի՞, վերջ ունի՞, գնո՞ւմ է, կանգնա՞ծ է, ապրո՞ւմ է, մեռա՞ծ է… որովհետև՝ չունեցա իմ ժամանակը… Ընդամենը երեք տող, տասը բառ և՝ Մարդու Ճակատագիր, Մարդու Ողբերգություն: Մի՞թե միայն բացառիկ դեպքերում չէ, երբ խտացվածությունն այսքան ծավալուն, խոսուն ու բյուրեղացված է մեզ ներկայանում ու տեղ է հասնում, ու մեզ է պարզում Ազնիվ Պոեզիայի ողջ հմայքն ու կախարդանքը:
Խղճիս ինչպիսի՜ հանգստությամբ ու մտքիս ինչպիսի՜ բավականությամբ եմ գրում Պոեզիա կամ Բանաստեղծ բառեր-բնորոշում-որակումները: Այն, ինչ միատեղված-արտացոլված է «Արտացոլք»-ում, Պոեզիա է, ու մենք վաղուց արդեն մեր կողքին ունենք կոչումով ու նվիրումով Բանաստեղծ, քանզի նրա խոսքն այնքան է հիշեցնում պյութագորասականների հիշատակած երկնակամարների ներդաշնակության արտացոլումը: Ահա, նաև այս իմաստով՝ միանգամայն տեղին ու շատ հաջող ընտրված վերնագիր՝ «Արտացոլք»:
Ապրելուց առաջ –//Արևի մունետիկն էի։//Աստվածները խոսում էին իմ բերանով//և մարդկանց ապսպրում ապրելու մասին՝//հարց – թնջուկներ։//- Դրանք չեն լուծվել, եթե լուծվեին՝//մարդն ինքն իրեն չէր ոչնչացնի…
Սթափվելու խաչատրյանական նման հուշումներով հարուստ գիրք է մեր սեղանին: Իսկ հարստությունն ամբարվել է, անկասկած, պարարտ արմատների զորությամբ՝ Չանախչի – Զանգակատուն գյուղի արգասաբեր հողի, անտես թելերով նախնիներից ու ամենանշանավոր նախնուց՝ մեծն Սևակից եկող հզոր ճառագումների որսով, յուրովի մարսմամբ ու դրանց այնքան անշփոթելի՝ խաչատրյանական երևում-մեկնություններով: Մենք այստեղ կգտնենք հենց մեր ու մեր իրականության արտացոլքը, որով հեղինակն ու գիրքը մեզ ու մեր իրականությանն առավել հարազատ կդառնան, եթե մտածելու, եզրակացությունների հանգելու աստվածատուր ջիղը մեր մեջ վերջնականորեն չենք սպանել: Այստեղ Գեղեցիկի դասական արտահայտման բոլոր արտացոլանքներն են նաև՝ կարգն ու համաչափությունը, ռիթմն ու որոշակիությունը, ընդհանրությունը՝ բազմաձևության մեջ:
«Արտացոլք»-ը յուրօրինակ կատարսիս կարող է դառնալ՝ դարձյալ արիստոտելյան ընկալումով՝ աֆեկտները հոգուց հեռացնելու միջոց, թեկուզ՝ ժամանակավորապես, որին, սակայն, հավատացած եմ, կրկին ու կրկին է դիմելու լավ ընթերցողը: Քանզի բավական է մեկ հանդիպում Գեղեցիկի հետ, և իր բնույթով, այնուամենայնիվ, Գեղեցիկին ձգտող մարդն արդեն առանց դրա չի կարող:
ՊՈԵԶԻԱՆ –//Աստծո լռությունն է մեր սրտերի մեջ։//Վերծանում ենք//Ու մխիթարվում մեզ իսկ տրվածով,//Կերպափոխ պատմում այն հանգրվանից,//Որտեղ բառերը անձրևում են հեզ՝//Նախանշանի քողարկմամբ անտես։
Լռությունը լսելը թող խաղ ու պար չթվա: Չէ, հեշտությամբ տրվող շնորհ-ունակություններից չէ սա: Բայց… Դարիկոյի «Արտացոլք»-ը այդ բացառիկ հրավեր – հնարավորությունը մեզ, ահա, ընձեռում է:
Մեր սրտերը՝ մեզ օգնական:
Լսենք, ուրեմն, Աստծո Լռությունը՝ մեր Սրտերի մեջ…

 

Կարեն ՎԱՐԴԱՆՅԱՆ
ՀՀ վաստակավոր լրագրող,
խմբագիր, թարգմանիչ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։