Աելիտա ԴՈԼՈՒԽԱՆՅԱՆ / ԻՐԱԿԱՆԻ, ԱՆՁՆԱԿԱՆԻ ԵՎ ՀՈՐԻՆՎԱԾՔԻ ԿԱՊԸ

Արմեն ՍարգսյանԱրմեն Սարգսյանը` իմ նախկին ուսանողը, որը հիանալի ավարտական աշխատանք էր գրել Ղեոնդ Ալիշան գրականագետի մասին, 2017 թվականի ՀՀ նախագահի մրցանակին է արժանացել որպես երիտասարդ բանաստեղծ: Նրա գիրքը կոչվում է «Չկարդացած գրքերի փոխարենե:
Ժամանակակից արձակ բանաստեղծությունը գրքի հիմնական ուղղվածությունն է, նրանում տեսնում ենք մերօրյա կյանքի ռիթմը, իրականությունը փիլիսոփայորեն ըմբռնելու իմաստությունը, անձնական ընկալումները համամարդկային ձևով ներկայացնելու եզակի կարողությունը: Արմեն Սարգսյանի բանաստեղծությունները նման են նկարչական կտավների, որոնցում իշխում են և՛ իմպրեսիոնիզմը, և՛ սյուռեալիզմը:
Քեզ թողել եմ մետրոյի վագոնում
գլուխկոտրուկի կամ խաչբառի տեսքով,
վագոնից վագոն անցնող
մանրավաճառ տատիկը գտել է քեզ,
հիմա ուրիշին է առաջարկում`
գլուխը տարուբերելով
ու ոտքերը լայն բացած,
հաջորդ կայարանը` Երիտասարդական…
Գի դը Մոպասանը, Փարիզը, Ռիվոլի փողոցը, հայկական գյուղը, Երևանը կողք-կողքի դրվում են ընթերցողի առաջ: Բանաստեղծության հին թեմաները` սերը, բաժանումը, հայրենի եզերքի կարոտը, երջանկության զգացումը, գրքի դերը մարդու կյանքում, ճամփորդելը, մանկությունը, հասունացումը, բանաստեղծության ներկան ու անցյալը` սրանք և նման թեմաներ պտտվում են գրքի էջերում` ընթերցողին պարգևելով գեղագիտական հաճույք: Պարզ ընթերցողին կարող է թվալ, թե մի դժվար բան չի գրել հետևյալը.
Դողում եմ,
Դու չկաս,
ձեռքերս վառարանին եմ տանում…
Մինչդեռ այս անպաճույճ ձևակերպման մեջ տեսնում ենք տարբեր դարերում հայ բանաստեղծության մեջ եղած այն ճշմարտությունը, թե առանց սիրելիի կյանքը միանգամից ցրտում է, և ինչպես Քուչակյան հայրեններում է ասվում, առանց սիրելիի ամռանը, եթե մուշտակ էլ հագնես ու թոնրի մոտ էլ նստես, կարող է մրսես:
Բավականին թվով բանաստեղծություններ ներկայացնում են մարդու և բնության կապը: Մարդն առանց բնության ոչինչ է, և այն մարդը, որը չի զգում ծաղկի, բնության գեղեցկությունը, նա բանական արարած էլ չի: Ահա թե ինչ խորհուրդ ունի Արմեն Սարգսյանի հետևյալ բանաձևումը.
Կակաչը գլխիկը բացեց,
Ցող կաթեց ծաղկափոշուն,
ծաղկի երակը սառեց:
Հողը սպիտակել էր,
և բոլորն արդեն արթնացել էին,
բայց կակաչը լուր չուներ մարդուց…
Գյուղական կյանքի գեղեցկությունը ևս երևում է Արմենի բանաստեղծություններում: Գյուղը նկարվում է արագիլների ոտքերին սառած առավոտով, մեղուների բզզոցով, մանկության օրերի ցորենի հասկերի գույնով, տատիկի բազմագույն թելերի երանգներով:
Հին Երևանի կարոտը կա այս գրքի տողերում: Այն Երևանի, որն աչքի չէր ընկնում կենտրոնում օրեցօր ավելացող բարձրահարկ շենքերով և իր ճարտարապետությամբ առավել ազգային էր.
Երբ երկնաքերերը
քեզ բանի տեղ չեն դնում,
որովհետև նրանք վաղուց
հեռացել են մարդուց
իրենց բարձրությամբ,
երբ ոտնահետքերդ փախչում են քեզնից,
որքան էլ ամուր ես դոփում գետնին,
դու կարոտում ես Երևանը…
Արմեն Սարգսյանի պոեզիան շնչում է լավատեսությամբ ու լի է լույսով: Այն իրականի ու երազանքի միջև ստեղծում է մի հիանալի կապ` հավատալով, թե թռչող երազանքը մի օր իրականություն կդառնա, և խելացի մարդը փիլիսոփայորեն կնայի կյանքի վաղանցիկությանը, կձգտի ապրել գեղեցիկ և չի վախենա անգամ մահից: Իսկ բոլոր դեպքերում`
…միակ ճիշտ ելքը մեր լռությունն է.
բառերի բեռից փրկվել չի լինի…
Դեռևս ուսանողական տարիներին Արմեն Սարգսյանը մեծ ընթերցասեր էր ու շարունակ ավելացնում էր իր բազմագիտակությունը: Մնում է նրան ցանկանալ նորանոր բարձունքների նվաճումներ:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։