Վերջնականապես համոզվեցի, որ ազգս գրելու խնդիր չունի. գրում են գրեթե բոլորը ու բոլորի հավակնություններն էլ համարյա շեքսպիրյան. գրասեղանիս նոր լույս տեսած արդի հայ գրքաբուրգը` երկնառաք, երկնամուխ, երկնուղեշ… (էս ինչքա՜ն հոմանիշ ենք սովորել Ռ. Իշխանյանի ահից) մղվում է աստվածամերձ տարածքներ, մի կյանքը հերիք չէ դրանք կարդալու համար, բոլորն էլ փորձում եմ կարդալ, բայց միշտ չէ, որ «բան հոգեշահի» որոնումը վայելքի զգացողություն է պարգևում: Այդ բուրգի մեջ անպայման կան գրքեր, որ դեռ երկար մնալու են գրասեղանիս` մտքերիս անվերջ շրջապտույտում խոհերի իրենց շերտը ծնելով, աննկատ տարրալուծվելով իմ զգացական ու իմացական աշխարհում, ինձնից վերլուծություն կորզելով: Վերջերս հրատարակված այդպիսի գրքերից է Հովհաննես Երանյանի «Ողորմություն Ֆրոսյային» պատմվածքների ժողովածուն (Երևան, «Անտարես», 2013), որի կարճառոտ քննությունը կներկայացնեմ ընթերցողին:
Հովհաննես Երանյանի «Ողորմություն Ֆրոսյային» պատմվածքների ժողովածուն շարունակում է այն աշխարհայացքային և գեղագիտական միտումները, որոնք հեղինակը զարգացրել էր իր նախորդ գրքերում: Հենքային գաղափարը անհատի հոգևոր ավերակման և հետաճի հիմնախնդիրն է, ինչը սյուժետային տարատեսակ հոսքերով է կերպավորվում` անպայմանորեն հենվելով սեփական կենսամիջավայրի պարականոն զարգացումների պատվանդանին: Իսկ այդ կենսամիջավայրը նախ և առաջ արձակագրի հայրենի գյուղն է, որում ընթացող բոլոր սոցիալ-քաղաքական ցնցումները տեղային կղզիացած շարժեր չեն, այլ՝ հասարակարգային, կացութաձևային զարգացումների անդրադարձներ: Գրողի ճանաչողությունը բարձրացել է երկու հասարակարգերի համադրական ճանաչողության հենքին, ձևավորվել է աշխարհայեցողություն, որը վեր է կանգնած իրականությունը միակողմանի երևութական ցուցիչներով պատկերագրելու պարզունակությունից, նրա հայացքը պեղել է թե՛ սովետական ու պոստսովետական հայոց կեցությունների դրամատիկ շերտերը, թե՛ անհատի սոցիալական հենարանների կայունության պատրանքը: Այս իմացությունների գեղարվեստականացման իրողությունը ցավագին հոգեբարոյական տեղատվություններով լեցուն պատմվածքներն են, որոնք կազմում են վերլուծվող ժողովածուի բովանդակությունը:
«Նախաբան» խորագրի ներքո հախուռն այլաբերված պատկերներով ներկայանում է խորհրդային հորջորջվող անխորհուրդ երկրում իրենց փոքրիկ ուրախություններով հոգու տարածքները բնակեցնելու բացառիկ տաղանդով օժտված տեսակի` հայի կենսագոյության ներհակ, իրարամերժ, հաճախ որևէ տրամաբանական հիմնավորման չտրվող, բայց անպայմանորեն ինքնահաստատ, ամենաիրական լուսատուով կազմակերպվող գոյակերպը. «Նրանցը ցերեկն էր` պարզ, մի քիչ ճոռոմ ու փայլփլուն արևով: Զարկում էր երջանիկ մանուկը թմբուկին ու երգում. «Թող լինի միշտ արևը»: Նրա և նրանց երջանկությունն անմիտ էր, բայց մի՞թե այլ երջանկություն նույնպես կա: Նրանք հավատում էին միայն ցերեկով, այն էլ բարձրաձայն հնչած ձայներին` ձոն ու կոչ, իսկ շշուկները, տնքոցները, թառանչը, անգամ մեղեդին` մութի դյութանքն ու գայթակղությունն էր, որ գիշերվա հետ էլ պիտի անցներ» (էջ 5): Հերմետիկ պատնեշով դրսից մեկուսացողները արևածին ու արևապաշտ էին ի բնե` Վահագնով ու Մհերով իրենց էթնոգիտակցությունն ու արյան կազմը բաղադրած, և որքան էլ օտար հողմերը քշեին հիշողության շերտերում թաքնված արևազօծ պատկերները արի նախնյաց, միևնույնն է, էթնոգենետիկ կոդը թաքուն քրոմոսոմներ ունի պահ տված, որոնք պատեհ մի ժամի թափ են տալիս իրենց Սասունցի Դավթի նման` փրկված վերջին մաքրամաքուր բջիջը նետելով պայքարի: Արևի լույսովը ընթացող կյանքն էր այս էթնոսի իրական զգացողությունների ատաղձը և ոչ լուսնահարների ու լուսնապաշտների մթամոլ կեցության մրուրը: Թեև հեղինակի աշխարհայեցողության հիմքում նախնյաց պաշտամունքը չէ, բայց նրա ընդհանրական հոգեքննության ակունքներում լույսի երկրպագության մոռացված ծեսն է, արև-բանականության պաշտամունքը` որպես տիեզերածին դրական էներգիայի կրող և խավարի բացասական էներգիայի դեմ հավերժ պայքարող` Հայկ և Բել, Արա Գեղեցիկ և Շամիրամ, Մհեր և Մելիք, Դավիթ և Մելիք: Մեր պայքարը լուսնահարների դեմ վերջ չունի…
«Ողորմություն Ֆրոսյային» Ժողովածուի պատումների վերլուծությունը կազմավորում է հայեցակերպ, ըստ որի Երանյանի պատմվածքների հերոսը` պատանին, կինը, ամուսինը, հանրային դաշտերում տառապող հայրը, ինքնափրկվող, ինքնարարվող տեսակն է, և նրա մերժումը ուղղված է հետաճող կամ հոգևոր փրկության չտրվող տեսակին: Պատանի հերոսը («Նոր տարի»), ով ծպտված հեղինակային ես-ն է ու նրա իդեալը, ըստ էության Երանյանի ամբողջ արձակում իրացնում է իր հաղթական գոլը, կենաց կռվում նվաճողի հարվածը` ամենագեղեցիկը գոլերից, որ արձակվել էր ցավող, ուռած ոտքով: Հոգու և մարմնի տառապանքով նվաճված հաղթական հարվածի կենսաձևը գրողն առաջադրում է իր բոլոր հերոսներին և ոչ միայն մերժում կեղծ ինքնահերոսացումը («Հերոսական պատմություն կամ` մեր Քեռին»), այլ աննկատ` տեքստի ներսից ճգնում է փրկել մարմնով, հոգով, կամքով տկարներին («Վրիժառություն»):
Նրբազգաց ու հավատավոր է գրողի կատարելատիպը. Աստծով իմաստավորվող նրա գոյակերպը մեղսագործությունից խուսափելու անընդմեջ ճիգ է, մեղք, որն արտածվում է համամարդու մեղսագործությունից և ձգվում անգամ ենթադրյալ չմեղավորված հոգիներ` նրանց դարձնելով ակամա մերժվածներ և մղում ապարդյուն ապաշխարության («Բջջային»): Քրիստոնեական բարոյաբանությունը և սուրբգրային խոհ-պատումները հաճախ ներհյուսվում են հեղինակային տեքստին` շեշտադրելով Երանյանի բանարվեստի ինքնօրինակ շերտերից մեկը` ընդհանրական պատկերից եզակի մասնավոր պատկերի գեղագրումը` արտահայտված նախնական պատկերին հարազատ բառակազմով, ուղիղ և փոխաբերական իմաստների սերտ հարաբերակցությամբ: Հերոսի հոգեբարոյական կառույցը սկզբնապես դիտարկելի կամ բացատրելի չէ ներանհատական կամ իրադրական հանգամանքներով: Այսպես, «Նոր տարի» պատմվածքի տղայի պատանեկան հոգեկառույցը բարձրանում է ես-ընտանիք-գյուղի հանրույթ պարտադրանքների, չգրված, բայց էթնոմշակույթով հաստատված բարոյական նորմերի, ներանձնային անմեկնելի չարության ու ագրեսիայի դեմ անհավասար մարտում, հայր-որդի ներքին և արտաբերվող երկխոսությունը անընդհատ համազգային և քրիստոնեական վարքի սահմանումներ է ուղղում տղայի ներաշխարհ: Հայրը կարևորում է այդ պահի բարոյական նպատակադրումը` «Ամենակարևորն էն ա, որ Նոր տարվա համար պարտք չանենք», բայց պատանու երազանքի միջուկը հաղթական գոլն է. «…թե հաղթենք, ամեն մեկս երկու ձեռք գիտրի, տրուսիկ-մայկա էինք նվեր ստանալու: Լավագույններին բուցի էլ են տալու: Իմ մայկայի վրա ինը համար էր գրված լինելու, անունս, մեկ էլ մեր ազգանունը» (էջ 19): Հայր-որդի եզակի հոգեբնախոսական կապը գրողը արտածում է մեկ այլ Հայր-Որդի աստվածաբանական համակարգից, որն իր ներսում կարգավորում է անվերջորեն արտածվող նմանատիպ միկրոկարգեր, այլ տերմինով` պատկերի դեդուկցիա կամ պատկերազարգացման դեդուկտիվ մեթոդ. սեփական վարքագիծը մշակելու ճիշտ ուղին պեղելու համար տղան միտվում է արդեն սահմանված և համընդհանուր վարքի չափանիշ դարձած սահմանումներ… «Փիլիպոսն ասաց նրան. «Տե՛ր, Հորը մեզ ցու՛յց տուր, և այդ բավական է մեզ»,-կարդաց տղան` նախապես նշան արած էջը բացելով,- «Հիսուս նրան ասաց. «Այսքան ժամանակ ձեզ հետ եմ, Փիլիպոս, և ինձ չճանաչեցի՞ր, ով ինձ տեսավ, տեսավ Հորը, իսկ դու ինչպե՞ս ես ասում, թե` Հորը մեզ ցույց տուր: Այն խոսքերը, որ ես ասում եմ ձեզ, ինքս ինձանից չեմ խոսում, այլ Հայրը, որ բնակվում է իմ մեջ» (էջ 29): Աստվածաշնչյան այս պատկերից դեդուկտիվ մեթոդով կառուցվում է արտածական պատկերը` առերևույթ նույնականության հատկանիշներով` «Չե՞ս հավատում, որ ես Հոր մեջ եմ, և Հայրը` իմ մեջ»,- կրկնում է տղան` փորձելով ընկալել պատկերի հոգեբարոյական ուղերձը իրեն` իր հոր զավակին, ով կրում էր սեփական հոր պատգամը սրբացնելու ու նրան զոհաբերվելով նույնանալու քրիստոսային մղումը: Պատկերը հայտնվում է նախնական բառակազմով և ենթիմաստով, աստվածաշնչյան հերոսների հայեցակերպով` աստիճանաբար մասնավորվելով Երանյանի հերոսների` տղայի և նրա հոր ցավի, տառապանքի, միասնական հաղթական հարվածի իրացման շրջագծում` որպես Հայր-Որդի աստվածային զույգի հոգևոր նույնականության երկրային տարբերակը: Երևույթը բնորոշ է ժողովածուի պատմվածքների զգալի մասին:
Առերևույթ կենցաղային, օրակարգային խնդիրները կամ հոգևոր տեղատվությունները սահուն անցումով հեղինակը բխեցնում-հիմնավորում է արտազգային և համազգային շարժընթացներով` Եղեռն, ԽՍՀՄ փլուզում, Արցախյան գոյամարտ, դարավերջի հայոց ջարդեր և տեղահանություններ, ներգաղթ և արտագաղթ: Հերոսը կենսագոյության կանոնիկ ռիթմերից դուրս շպրտված մարդն է, որից խլել են հայրենիք, ընտանիք, նվիրական զգացողություններ, ինքնության բնական աճի խթանիչները կոպտորեն օտարված են, հերոսը հաճախ չի գտնում ինքնափրկության ուղին, և գրողն ստիպված է գեղարվեստը ծառայեցնել կյանքի հակագեղագիտական ծալքերի գեղագրմանը («Վրիժառություն»):
Մյուս կողմից այսքան ընդհանրական քննությունը կարծես ոչ մի առնչություն չունի Երանյանի բնագրի հետ, այնքան վավերական ու ճշգրիտ են շարադրված այդ պատումները. թվում է` նախնական նյութը պատմվածք դարձնելու համար հեղինակը ճիգ չի գործադրել, ուղղակի վերցրել է գրիչն ու գրի առել համագյուղացիների կյանքի պատմությունները, խոսքուզրույցը, ծնունդից մինչև մահ ձգվող անվերջ պտույտը` սրտաբուխ ու շինծու մահախոսականներով, հրեշտակներով ուղեկցվող երկնառաք ընթացքով, նյութը երկրպագելու մերօրյա մոլուցքով («Ողորմություն Ֆրոսյային», «Մահախոսի գրառումները», «Պարարտ եզը կամ մոթել New Armenia…»): Իրականում Հովհաննես Երանյանի` կենսական լիցքով բեռնված արձակը գեղագիտական թանձր շերտերից է գոյանում, նյութն ինքն է թելադրում գեղագրման կերպը` պատումը կառուցել անմակդիր սահուն շարադրանքով, ուղղակի խոսքը ոճավորել սոցիալ-տարածքային խոսվածքով, թե պատկերը շաղախել մոգական աշխարհազգացողությամբ և հումորի աշխույժ շեշտով:
Հոդվածս փորձում էի ավարտել, երբ Հովհաննես Երանյանը նվիրեց իր կեսդարյա հոբելյանը արժևորող ընտրանին` գրական հունձք, որի կշիռը մեծ գրականություն մուտքի արտոնագրով է հաստատագրվում-չափվում, իսկ Երանյանի արձակը իր երկրի մի պուճախը պատկերագրելու «մեղքով», կայուն աշխարհայացքային առանցքով, անհատական ոճի ինքնատիպ շեշտերով, լեզվական ինքնուրույն դաշտի հայտնությամբ անկեղծ գրականության որակումն արդեն ունի:
«Մարդահամարում» յուրաքանչյուր պատում միջարկվում է սկզբում ուղիղ, ապա աստիճանաբար այլաբերվող մի պատկերով` գյուղ տանող ճամփան երկկողմ եզերող բարդիների կանաչ կամարի կացնահարումով, ինչը կենսական փաստից բարձրանում է անդուռ ու անպաշտպան, բոլոր հնարավոր խորշակներից այլևս պատսպարվելու հնար չունեցող երկրի այլաբանության, և տագնապով սպասում ես, թե ուր որ է արձակագիրը իր գրական մարդահամարով դատավճիռ է ամրագրելու իր գյուղի, մեծ իմաստով` հայրենիքի ամայացման մասին: Բայց ո՛չ, գոնե իր կերպարը գրողն իրավունք չունի կիսատ թողնելու. նա իր հաստ արմատով խորը խրվել է հայրենահողի մեջ, և հորենական տունը` գյուղի առաջին փողոցի առաջին տան դուռը գոցվելու մոլորությունը չունի, իսկ առաջինն իր ետևից տանելու հատկություն ունի. դժվար կյանքով նյութ հայթայթող մերօրյա արձակագիրը նորոգել ու շենացրել է իր ու մեր տունը, որին գյուղում ասում են` էն սիրուն տունը: Շնորհավորենք հիսնամյա Հովհաննես Երանյանին ինքնության դեմ մենամարտում հաղթելու և կյանքի ու գրի դարպասը նվաճելու առթիվ:
Ամենագեղեցիկ հարվածի գեղագիտությունը / Սաթենիկ ԱՎԵՏԻՍՅԱՆ
